3,686 view

Մայիսի 8-ին Արմանիսի ոսկու բազմամետաղանոց հանքի ընդլայնման նախագծի վերջին հանրային լսումներն էին

11.05.2015
Արմանիսի ոսկու բազմամետաղանոց հանքի ընդլայնման վերջին հանրային լսումներին մասնակցեցին «Սագամար» ՓԲԸ-ի տնօրինությունը, Ստեփանավանի քաղաքապետարանի, Լոռու մարզպետարանի ներկայացուցիչները, Արմանիսի հանրությունը, Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգողը:
Լսումները սկսվեցին «Սագամար» ՓԲԸ-ի նամակի մեկնաբանությամբ` ուղղված Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանին: Նամակում նշվում է, որ 2014 թվականի հուլիսին «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնի» մասնագետները «Սագամար»

ընկերության և հարակից տարածքում իրականացրել են ճառագայթային մոնիթորինգ: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ճառագայթման ֆոնի միջին արժեքը կազմում է 0,069 ռենտգեն, որը զգալիորեն ցածր է անվտանգ համարվող միջին ֆոնից (0,15-0,2ռենտգեն): Երևանում, օրինակ, բանախոսների պնդմամբ ճառագայթման ֆոնի միջին արժեքը կազմում է 0,17, այսինքն՝ 2,5 անգամ բարձր, քան հետազոտված տարածքում:
Սակայն Արմանիսցիները չհանմաձայնվեցին՝ պնդելով, որ չեն հավատում ուսումնասիրության արդյունքներին, քանի որ դրանց չեն մասնակցել ո՛չ գյուղացներ, ո՛չ էլ ներկայացուցիչներ ՏԻՄ-ից:«Սագամար» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գ. ՈՒշկովը պատասխանեց, որ իրենք ամեն ինչ անում են, որ հետազոտությունները լինեն ճշգրիտ, իսկ հետազոտության եզրակացության ակտը գտնվում է քաղաքապետարանում: Քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Ռ. Քոչարյանը նշեց, որ իրենց մեղքով է, որ ակտը չի ներկայացվել հանրությանը՝ պարտավորվելով տրամադրել այն:Գյուղացիներից շատերը նշեցին, որ վերջին տարիներին իրենց առողջական վիճակը վատթարացել է, ունեն գլխացավեր, ճնշման բարձրացում: Հանքի ներկայացուցիչները պնդեցին, որ գլխացավերը և ճնշման բարձրացումը առաջանում են տարիների ընթացքում և ոչ մի կերպ չեն կարող կապված լինել հանքի շահագործման հետ:
Գ. ՈՒշկովն անցավ հողերի գնման և փոխանակման հարցին, քանի որ հանքի ընդլայնման համար հարկավոր է մոտավորապես 200 հեկտար հողամաս:

Սակայն սեփականատերերը միաձայն հրաժարվեցին վաճառել հողամասերը՝ պատճառաբանելով, որ հողն է իրենց ապրուստի միակ միջոցը: Բացի դրանից պատճառաբանեցին, որ ընդլայնման դեպքում հանքի փոշին կավելանա և վնաս կպատճառի գյուղին: Ընկերության գլխավոր տնօրեն Գ. ՈՒշկովը պատասխանեց, որ չեն պատրաստվում բռնությամբ վերցնել հողատարածքները:

Քանի որ Բնապահպանության նախարարության ներկայացուցիչները ոչ մի խոսք չասացին ՇՄԱԳ նախագծի ուսումնասիրության ու եզրակացության մասին, Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգողը հարց ուղղեց նրանց, թե ինչո՞ւ ՇՄԱԳ ուսումնասիրության փաստաթուղթն ըստ կարգի մեկ ամիս առաջ չի տեղադրվել կայքում, ինչո՞ւ մեկ օրինակ չի ուղարկվել քաղաքապետարան՝ խնդրելով ծանոթանալու համար իրեն տրամադրել ձեռքի տակ եղած օրինակը: Սակայն ԲՆ ներկայացուցիչները մերժեցին տրամադրել փաստաթղթի պատճենը՝ պատճառաբանելով. «Չնայաց ՇՄԱԳը կատարված է, սակայն չենք տեղադրել կայքում, չենք ուղարկել քաղաքապետարանին, Ձեզ էլ չենք կարող տրամադրել, քանի որ հողերը դեռևս չեն վաճառվել»:

Օրհուս կենտրոնի համակարգողը հարցրեց, թե արդյոք ՇՄԱԳ –ում ուշադրություն է դարձվել ջրհավաք տարածքներին, քանի որ այդ տարածքի աղբյուրների ջրերն են մատակարարվում մի շարք համայնքների՝ որպես խմելու ջուր: Կարևորելով հարցը ԲՆ ներկայացուցիչը պատասխանեց, որ իրենք չունեն համապատասխան ջրաբանական քարտեզներ:

Լսումները շենքում ավարտվեցին, սակայն մասնակիցները դրսում երկար շարունակեցին քննարկել անավարտ հարցերը:

Մանյա Մելիքջանյան
Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 93 315108
Էլ. փոստ manya_lore@yahoo.com