8,601 view


Հայկական ատոմակայան. 25 տարի առաջ
(հոդվածը լույս է տեսել “Արտակարգ թերթ” շաբաթաթերթի 2007 թ-ի N15 և N16 համարներում)


08.05.2015

AtomakayanՀոդվածի հեղինակն իր ներողամտությունն է հայցում ընթերցողից քանզի հնարավոր է, որ հոդվածում նշված չլինեն նկարագրված դեպքերում ընդգրկված բոլոր անձանց անունները
1982 թվականի հոկտեմբերի 15-ին ՀԱԷԿ-ում բռնկված թիվ 3 բիս կանչի հրդեհը, որը իսկապես կարող էր անկանխատեսելի, ավելի քան ծանր հետևանքներ ունենալ, խորհրդային ձևավորված ու արմատացած տրամաբանությամբ լռության մատնվեց։

Դեպքի մասին հարկ չհամարեցին իրազեկել հայ հասրակությանը. այն քննարկվեց միայն կուսակցական և կառավարական փակ շրջանակներում։ Ոչ առաջինն էր, ոչ էլ վերջինը։ Արևմուտքի լուն կարելի էր ուղտ սարքել, իսկ մեզ մոտ վթար ու աղետ չկա, հնարավոր չէ… Ինչեր ասես չէին փորձել կոծկել։ Հետագայում նույնիսկ չեռնոբիլյան աղետն էին փորձելու “տակովն անել”։ Չստացվեց, ուղտն ասեղի ծակով չանցավ։

Միայն չորս տարի անց` 1986 թվականի ապրիլի 26-ի չեռնոբիլյան մեծ աղետից հետո “հիշեցին”, այն էլ` կիսատ-պռատ, որ հայ հրշեջների և ՀԱԷԿ-ի աշխատակիցների անձնազոհ ու խելամիտ գործողությունների շնորհիվ “Մեծամորյան աղետ” հասկացությունը կենցաղ մուտք չգործեց։

Բայց գանք սկզբից։

Նախապատմություն

Հայաստանում ատոմային էլեկտրոկայան կառուցելու գաղափարն առաջին անգամ քաշեց ՀԿԿ ԿԿ-ի առաջին քարտուղար Զարուբյանը` 1964 թվականին։ Հանրապետությունում ջրային և օրգանական վառելիքի ռեսուրսների սակավության պայմաններում էլեկտրաէներգիայի անկախ ու հուսալի աղբյուր կառուցելու անհրաժեշտությունը կասկած չէր հարուցում։ Նման աղբյուրը հնարավորություն կտար, որ Հայաստանը ոչ միայն զարգացներ արդյունաբերությունը, այլև կփրկեր Սևանա լիճն էկոլոգիական աղետից։ Նախարարների խորհրդի ու ՀԿԿ կենտկոմի 1967 թվականի օգոստոսի համատեղ նիստում կայացվեց վերջնական որոշում. Հայաստանում պետք է լինի ատոմային էլեկտրակայան։

Երկու տարի անց, նույն օգոստոսին ԽՍՀՄ նախարարների խորհուրդը հաստատեց ՀԱԷԿ-ի առաջին հերթափոխի նախագիծը` ВВЭР-440 տիպի երկու էներգաբլոկով։ Գլխավոր նախագծող նշանակվեց “Ատոմջերմաէլեկտրանախագիծ” ինստիտուտի Գորկու բաժանմունքը։ Նախագծողների համար ամենալուրջ բարդությունը կապված էր ՀԱԷԿ-ի տեղակայման տարածքի սեյմսաակտիվության հետ, այն դեպքում, երբ լիովին բացակայում էր նորմատիվային բազան։
Հայկական ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը շահագործման հանձնվեց 1976 թվականի դեկտեմբերին, երկրորդը` 1980-ի հունվարին։

Պատմություն

ՀԱԷԿ-ում տեղակայված է ջրաջրային երկու էներգառեակտոր`(ВВЭР-440 водоводяной энергореактор), որոնք նախատեսված են սեյսմիկ վտանգավոր գոտիներում կառուցվող ատոմակայանների համար։ Տեղին է այստեղ նշել մեր մեծ հայրենակից, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, նախկին խորհրդային Միության Ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Պետրոսյանցի ծառայությունը հայ ժողովրդին` հետագա խոշոր աղետից խուսափելու համար։

Անդրանիկ Պետրոսյանցը ծնվել է 1906 թվականին, Տերսկի շրջանի (այժմ` Հյուսիսային Օսիա) Վլադիկավկազ քաղաքում, բանվորի ընտանիքում։ 1922-23թթ. աշխատել է Վրաստանում Հայաստանի տնտեսական ներկայացուցչական առաքիչ, 1923-25-ին` միջազգային կարմիր մարզադաշտի շինարարական ընկերության հրահանգիչ,1925-28-ին` “Արարատ” տրեստի գինու գործարանի բանվոր, հետո, մեկ տարի անց` “Ազատագրված աշխատանք” ֆաբրիկայի փականագործ։ 1929 թվականից սովորել է Մոսկվայի արտադրական-տնտեսագիտական ինստիտուտի կուրսերում, ապա` Ուրալյան մեխանիկական-մեքենաշինական ինստիտուտում։ 1933-ից անցել է աշխատանքի Սվերդլովսկի ծանր մեքենաշինական գործարանում` վարպետ, ապա`ավագ վարպետ, արտադրամասի պետ, տեխնիկական և պլանային-արտադրական բաժնի պետ, գլխավոր ինժեների տեղակալ։1939 թվականից աշխատել է ԽՍՀՄ ծանր մեքենաշինության ժողկոմատում` հասնելով ժողկոմատի տեղակալի պաշտոնին։ 1941-ին նա արդեն ԽՍՀՄ հաստոցաշինության ժողկոմի առաջին տեղակալն էր։ Պատերազմի տարիներին ղեկավար դեր է ստանձնել տանկաշինության ասպարեզում։ 1945-47 թթ. աշխատել է որպես ԽՍՀՄ նախարարաների խորհրդի (այն ժամանակ` դեռ ժողկոմատի) նախագահի տեղակալի օգնական, ապա մինչև 1953թ. արդեն նախարարների խորհրդին կից 1-ին գլխավոր վարչության պետի տեղակալ։

1953-ից անցել է աշխատանքի ԽՍՀՄ միջին մեքենաշինության նախարարությունում` զբաղեցնելով տարբեր պաշտոններ, ընդհուպ` նախարարի տեղակալ։

1962թ. փետրվարից մինչև 1965թ. Պետրոսյանցն ատոմային էներգիայի օգտագործման գծով ԽՍՀՄ նախարարների խորհրդի պետկոմի նախագահն էր։ 1965-87թթ. աշխատել է ԽՍՀՄ միջին մեքենաշինության նախարարությունում` ատոմային էներգիայի օգտագործման գծով գլխավոր վարչության պետ, ապա 1967-ից` նախարարի առաջին տեղակալ։

1987-ից` անցել է կենսաթոշակի։

Սոցիալիստական աշխատանքի հերոս է, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր։
Ա. Պետրոսյանցը կարողացել էր պնդել, համոզել և հիմնավոր ապացուցել Խորհրդային Միության էներգետիկ և քաղաքական վերնախավին, որ ՀԱԷԿ-ում պետք է տեղադրվի միայն ВВЭР-400 տիպի ռեակտոր, վերջիններիս առաջարկած РБМК (реактор большой мощности канальный) տիպի ռեակտորի փոխարեն։ Բանն այն է, որ Մոսկվայում ամենայն հավանականությամբ ավելի շատ հետաքրքրում էր ատոմակայանի հզորությունը, քան անվտանգությունը։ РБМК տիպի ռեակտորն էներգետիկների լեզվով կոչվում է “միլիոննիկ”` նրա հզորությունը ժամում մեկ միլիոն կիլովատտ է, որը երկուս ու կես անգամ հզոր է ВВЭР-440 ռեակտորից, բայց անվտանգության ապահովման տեսակետից մի քանի անգամ զիջում էր սրան։

Չլինեին Պետրոսյանցի հեռատեսությունն ու համառությունը, ի՞նչ իմանաս, ինչե՞ր կարող էին տեղի ունենալ մեզ մոտ…

ՀԱԷԿ. 25 տարի առաջ
Խաղն ամեն դեպքում կայանալու էր. պատահականության խաղը

Հայկական ատոմային էլեկտրակայանի հակահրդեհային ծառայությունն իրականացնում էր ՀԽՍՀ ՆԳՆ հրշեջ պահպանության վարչության առանձին ռազմանականացված հրշեջ մասը։ Այն կազմավորվել է 1974 թվականին։ Ստորաբաժանումը հագեցված էր ժամանակակից հրշեջ տեխնիկայով և հատուկ զինվածությամբ, ինչպես նաև հատուկ պատրաստականություն անցած մասնագիտական կադրերով։

Այս “հատուկ պատրաստականություն” կոչվածը հենց այնպես չի ձեռք բերվում, սրա համար, ի թիվս այլ միջոցառումների, անցկացվում են նաև տարբեր տեսակի և մակարդակի ուսումնավարժանքներ։

Հրդեհից մոտ 10 օր առաջ Երևան էր ժամանել նախկին Խորհրդային Միության ՆԳՆ հրշեջ պահպանության գլխավոր վարչության ատոմակայանների պահպանության բաժնի պետ, գնդապետ Միխայլովը։ Իր գործի գիտակն էր մոսկովյան գնդապետը, բայց ինչպես հետո պարզվեց` տեսաբան էր, թեորետիկ։ Ասենք, դժվար էր այն ժամանակ պրակտիկ փորձ ունենալը. ԽՍՀՄ ատոմակայաններում մինչ այդ միայն մի քանի մանր-մունր դեպքեր էին գրանցվել, որ ծածուկ պահելու մոլուցքով տարված` լուրջ քննարկումների ու վերլուծությունների առարկա չէին դարձել։ Գնդապետ Միխայլովը, հանրապետության հրշեջ պահպանության վարչության պաշտոնատար անձանց հետ 10 օրվա ընթացքում իրականացրեց ստուգումներ` ՀԱԷԿ-ի հակահրդեհային վիճակի և ատոմակայանի պահպանության ռազմանականացված հրշեջ մասի մարտունակության հարցերով։ Միխայլովի գլխավորությամբ անցկացվեց նաև հրշեջ տակտիկական ընդլայնված պարապմունք` բոլոր երեք հերթափոխների անձնակազմերի մասնակցությամբ, ներգրավելով Երևան, Էջմիածին և Հոկտեմբերյան քաղաքների հրշեջ կայազորերը։

Ստուգումներն ավարտելուց հետո, արդյունքների հիման վրա Միխայլովը կազմել էր մոտ 20-էջանոց արձանագրություն։ Անձամբ հնարավորություն ունեցա ծանոթանալ այդ արձանագրությանը։ Հիշում եմ, որ այն դրական գնահատական իր մեջ շատ քիչ էր պարունակում։ Հիմնական թերությունները վերաբերում էին փաստորեն թղթային մասին, թղթավարությանը։ Ազգայի՞ն, թե՞ մասնագիտական արժանապատվությունս (գուցե երկուսն էլ միասին) վիրավորած էի զգում. հայ հրշեջների մասին կարծիքը կարող էր ավելի դրական լիներ։

Սովորական աշնանային օրվա սկիզբ էր, սովորական աշխատանքային օր ՀԱԷԿ-ում և ռազմականացված հրշեջ մասում։ Հրշեջ մասի տեսչական կազմը, հրշեջ մասի պետ, ներքին ծառայության մայոր Նիկատիմոս Խաչատրյանի մոտ անցկացրած ամենօրյա թռուցիկ խորհրդակցությունից հետո արդեն մտել էր կայանի տարածք. . .

Այդ օրերին հանրապետության հրշեջ պահպանության վարչության պետ, ն/ծ գնդապետ Փայլակ Հակոբյանը գտնվում էր արձակուրդում, և նրա պարտականությունները ժամանակավոր դրված էին նրա տեղակալ, ն/ծ փոխգնդապետ Ռոբերտ Թադևոսյանի վրա։ Հենց նա, ստանալով ահազանգը, անմիջապես մեկնեց հրդեհի վայր և կարգադրեց, որ բարձր կանչով նախատեսված բոլոր ստորաբաժանումները, ինչպես նաև Միխայլովին օդանավակայան ճանապարհելու մեկնած աշխատակիցներն անմիջապես ներկայանան ատոմակայան։ Հիմա դժվար է ասել, թե ինչ մտածեցին օդանավակայանում գտնվողները. գուցե ուսումնավարժության շաունակությու՞նն է, իսկ եթե ոչ` ապա այս ի՞նչ զուգադիպություն է, որ ուսումնավարժությունը նոր ավարտած, դեռ մոսկովյան գնդապետն էլ այստեղ` հրդեհ է ծագում ատոմակայանում։

Իսկ որ այդ օրը Երևանի “Արարատը” Մոսկվայում մրցելու էր “Սպարտակի” հետ` ոչ մի զուգադիպություն չկար։ Պարզապես այդպես էր կազմված խաղացանկը, այնպես, որ անկախ ամեն ինչից, ինչպես Չեռնոբիլի պարագայում` մայիսմեկյան շքերթը, խաղը կկայանար…

Ահազանգ

1982 թվականի հոկտեմբերի 15-ն էր…
Ժամը 09.58-ին ՀԱԷԿ-ի պահպանության ռազմականացված հրշեջ մասի կապի կայանում ահազանգ է ստացվում հրդեհի բռնկման մասին, միաժամանակ իրարից անկախ երկու վայրում` 2-րդ բլոկի (1-ին բլոկը գտնվում էր տարեկան պարտադիր պլանային վերանորոգման մեջ) մալուխային թունելներում և 400 մետր հեռավորությամբ գտնվող հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգի պոմպակայանում։

Դեպքի վայր մեկնած ատոմակայանի պահպանության հրշեջ մասի անձնակազմի` հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգը գործարկելու և հրդեհի հիմնական օջախը հայտնաբերելու բոլոր ջանքերն անցնում են ապարդյուն։
Ատոմակայանը հոսանքազրկված էր…

Մալուխային թունելախորշում գտնվող բարձր լարման բազմաթիվ մալուխների մեկուսիչների միջոցով հրդեհի արագ տարածման պատճառով, փաստորեն շատ կարճ ժամանակում հրդեհը գրեթե անարգել տարածվում է և սարսափելի աղետի վտանգը դարձավ իրական։
Հրդեհի օջախը հայտնաբերելու համար կազմվում է առաջին գազածխապաշտպանային օղակը հետևյալ կազմով` հրշեջ մասի պետի տեղակալ, ն/ծ կապիտան Վ.Խաչատրյան, տողերիս հեղինակը`(տեսուչ,ն/ծ լեյտենանտի կոչումով) և տեսուչ, կրտսեր լեյտենատ Ա.Մելքոնյան։ Հետախուզության մեկնած օղակի անդամները գտնվում էին խիստ ծխապատված և բարձր ջերմաստիճանի գոտում,իսկ վերադարձի ճանապարհները բարդ և դժվարանցելի էին։ Մեկուսիչ հակագազի թթվածինը սահմանափակ ժամանակահատվածի հաշվարկ ուներ և հետևաբար անդառնալի մարդկային կորուստները կարող էին փաստի առաջ կանգնեցնել։ Հետախուզման հետ միաժամանակ կատարվում էին հրդեհաշիջման աշխատանքներ։
Նույնիսկ ստեղծված այս բարդ իրադրության պայմաններում հրշեջ ստորաբաժանման ղեկավարությունը, սպայական և շարքային անձնակազմը, ինչպես նաև ՀԱԷԿ-ի ղեկավարությունը և աշխատակիցները չկորցրեցին ողջախոհությունը և շարունակեցին մարտական ու կազմակերպչական միջոցառումները առավել խոշոր հրդեհը հանգցնելու գործում։

Միաժամանակ հրդեհի վայր են ժամանում Երևանից և մոտակա շրջաններից հրշեջ ստորաբաժանումներ, տագնապի ազդանշանով ոտքի ելան վարչության անձնակազմն ու ղեկավարությունը։

Վարչության պետի պաշտոնակատար Ռ.Թադևոսյանը, ինչպես հետագայում պատմեց, հրդեհի վայրում գտնվող գնդապետ Միխայլովի ներկայությունը համարել էր հրդեհաշիջման հաջողության հիմնական գրավականը։ Չէ՞ որ այստեղ էր Խորհրդային Միության ատոմային կայանների հրշեջ անվտանգության գծով թիվ 1 նեղ մասնագետը։ Սակայն նրա ձեռնարկած բոլոր միջոցառումները ոչ միայն դրական ազդեցություն չունեցան իրավիճակը շտկելու վրա, այլև` կոպիտ սխալների հետևանքով հրդեհն անարգել սկսեց տարածվել դեպի տուրբինային արտադրամաս, իսկ այնուհետև` բաց բաշխիչ սարքավորումների տրանսֆորմատորները և յուղային անջատիչները։ Ի դեպ, վերջինիս պայթյունի ժամանակ նրա վրա երևաց սնկաձև ուրվագիծ, որը ներկա գտնվող շատերի համար, կինոնկարներում ատոմային ռումբի պայթյունից առաջացած տեսիլքի տպավորություն էր թողել (տրանսֆորմատորների պայթյունից առաջացած հրդեհի բոցի բարձրությունը կազմում էր 20-25 մետր)։

Հետաքրքիրն այն էր, որ ատոմակայանի բակը միանգամից դատարկվեց ավելորդ մարդկանցից, որոնք ավելի շուտ խանգարում էին, քան օգնում։

Այդ ժամանակ հրշեջ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարն իր մոտ կանչեց մարտական տեղամասերի հրամանատարներին և հրամայեց կատարել բացառապես իր հրամանները։ Հրշեջ տեխնիկան և անձնակազմը պատրաստվեցին փրփուրային գրոհի։ Մի քանի ուղղություններով կատարած հետախուզական տվյալների շնորհիվ բացահայտվեցին հրդեհի տարածման հիմնական ուղիները և սկսվեց փրփրային գրոհը, որը և վերջակետ դրեց այդ սարսափելի հրդեհի տարածմանը։ Ի վերջո կրակն ամբողջովին մարվեց։

Առանձնահատուկ ուզում եմ նշել ՀԱԷԿ-ի նախկին գլխավոր ինժեներ, դեպքի ժամանակ կայանի լաբորատորիաներից մեկի պետ, հետագայում Պետատոմ հսկողության տեսչության պետ, հանրապետության վաստակաշատ էներգետիկ, մեծ մտավորական և մեծ հայրենասեր Վիլեն Նիկոլայի Արզումանյանի դերն ատոմակայանը մեծ աղետից փրկելու գործում։ Հրդեհի ժամանակ բացահայտվեց նրա բարձր պրոֆեսիոնալիզմը, չափազանց բարդ և անկանխատեսելի իրավիճակում գործելու սառնասրտությունը, ինքնատիրապետումը, բարդ և պատասխանատու որոշումներ ընդունելու վճռականությունը։ Ասված դրվատանքի խոսքերն արժանիորեն վերաբերվում են նաև ՀԱԷԿ-ի տնօրեն Ռոբերտ Սանասարի Ղալեչյանին, գլխավոր ինժեներ Էդուարդ Սահակի Սահակովին, Արշալույս Մելիքսեթյանին, Ռաֆայել Մարկոսյանին և շատ այլ պաշտոնատար անձանց։ Նրանք միասին քննարկում և տալիս էին հանձնարարականներ։ Հույսով ու հավատով էիր լցվում, երբ կողքից ականատես էիր դառնում այդ էներգետիկ հսկաների կողմից պարտադրված խնդիրների քննարկմանը, բանավիճելու նրանց ոճին ու ձևին, իրար նկատմամբ տածած մեծ հարգանքին, որոշում ընդունելու վստահությանն ու վճռականությանը։

Ստեղծված հրդեհաշիջման շտաբի անդամներից Է.Սահակովը և Վ.Արզումանյանը հիմնականում խորհրդակցում էին Ռ.Թադևոսյանի հետ, հայերեն լեզվով, որպեսզի չառաջացնեին գնդապետ Միխայլովի խանդը և զգալ չտային նրա անճարությանը։ Ինչևէ, նա գուցե շատ լավ մասնագետ էր,բայց. . . թեորետիկ։

Վտանգն` ինչպես կար

Իսկ ի՞նչ էր կատարվում ատոմակայանում հրդեհի բռնկումից երկու-երեք ժամ հետո…

Հրդեհը տարածում էր ստացել դեպի տուրբինային արտադրամաս, ծխապատված էին նաև կենտրոնական և գլխավոր ղեկավարման վահանակները (БЩУ, ЦЩУ)։ Անելանելի և ծանր իրավիճակ էր ստեղծվել կայանի օպերատիվ-հերթապահ անձնակազմի համար, բոլորը գործում և աշխատում էին խիստ ծխապատված գոտում։ Չնայած ստեղծված բարդ իրավիճակին` կայանի օպերատիվ-հերթապահ անձնակազմը (դեպքի վայր էին ժամանել նաև հերթափոխից ազատ անձնակազմը) կայանի հերթափոխի պետերի գլխավորությամբ, ցուցաբերելով անձնազոհություն, խիզախություն, հայրենասիրության և պատասխանատվության մեծ զգացում, չլքեց աշխատանքային-հերթափոխության տեղերը, ոչ մեկը, առանց բացառության։ Մեկը մյուսին փոխարինելով` դուրս էին գալիս միջանցք, մարդատար վերելակի մոտ, պատուհանից գլուխը դուրս հանելով մաքուր օդ շնչում և կրկին վերադառնում։

Հրշեջներն օպերատիվ հերթապահներին հատկացրեցին մի քանի թթվածնային մեկուսիչ հակագազ`(КИП-8). սա էլի ելք էր անելանելի վիճակից։
Ռեակտորային արտադրամասի պետ Անատոլի Կոպիլովը և նրա տեղակալ Ալբերտ Իզյումովը հրդեհի բռնկումից մինչև վերջ գտնվում էին ռեակտորայինում և տեղեկություներ հաղորդում շտաբին։

Ճգնաժամային իրավիճակ էր ստեղծվել ռեակտորայինում, չէին գործել ռեակտորի ղեկավարման պաշտպանիչ համակարգերը։ Ռեակտորը հսկողությունից դուրս գալու վտանգի առաջ էր. միջուկային ռեակցիան շարունակվում էր և ջերմությունը ռեակտորում շարունակվում էր բարձրանալ սահմանված չափանիշից ավելի, կարող էր առաջանալ ջերմային պայթյուն։ Այդ մասին հրշեջները տեղյակ չէին և շարունակում էին իրենց բարդ ու դժվարին աշխատանքը։
Այստեղ էր, որ լրիվ ի հայտ եկան Վիլեն Արզումանյանի և Էդուարդ Սահակովի կազմակերպչական մեծ ունակությունները և տեխնոլոգիական պրոցեսին ու շինարարական կառուցվածքին տիրապետելու գիտելիքները։ Նրանք էին, որ ճիշտ ու գրագետ գործողությունների շնորհիվ ապահովեցին ռեակտորի հովացումը…

Ռեակտորի հովացումն իրականացնելու համար պետք է ռեակտորի մեջ մղել համապատասխան քանակությամբ բոր նյութ, իսկ այն մղելու համար պետք է գործարկվեր բորի հանգույցի պոմպակայանը։ Բայց հոսանք չկար։ Որպես պահուստային էներգիայի աղբյուր ատոմակայանում կառուցված է դիզել-գեներատորային չորս կայան, որոնք գտնվում էին պոմպակայանից 350-400 մետր հեռավորության վրա։ Տնտեսական գծով գեներատորային կայանից պոմպակայանին հոսանք տալը խլում էր բավականին ժամանակ, իսկ այն աշխատում էր մեր դեմ։ Նախ հերթով փորձարկվեցին բոլոր դիզել-գեներատորները. չորսից աշխատում էր միայն վերջինը։ Իսկ պոմպակայանի մոտ առաջանում էր նոր բարդություն, մալուխը պոմպակայանին միացնելու համար պետք է բացվեր երկաթբետոնե կափարիչը, որը կշռում էր 25 տոննա։ Այն բացելու առաջին փորձը մատնվեց անհաջողության, ջարդվեց վերամբարձ կռունկի կնճիթը, երկրորդ, ավելի հզոր վերամբարձ կռունկ հայթայթելու և դեպքի վայր հասցնելու համար կրկին պահանջվում էր բավականին ժամանակ։

Շատ չանցած ռեակտորային արտադրամասից ստացվում է երկար սպասված լուրը։ Արտադրամասի պետ Անատոլի Կապիլովը կայանի ղեկավարներին հայտնում է, որ ռեակտորի ջերմությունը սկսում է կամաց-կամաց նվազել, և չեզոքացված է ջերմային պայթյունի վտանգը։

Այդ պահին հատուկենտ մարդիկ միայն հասկացան, որ Հայկական ատոմային էլեկտրակայանը փրկված է մեծ աղետից։
Եվ ոչ միայն ատոմակայանը…

Հաղթանակների օր

Այն ժամանակ գուցե նաև երիտասարդական տաքարյունությունն էր խոսում մեջս, շատ էի վիրավորված մոսկովյան գնդապետի 20-էջանոց արձանագրությունից։ Բայց ես, ասենք, երիտասարդ էի, իսկ փորձվածները՞…

Մինչև այսօր տպավորված է մնացել գնդապետ Միխայլովի շփոթված, այլայլված դեմքը, ծայրահեղ իրավիճակներում գործելու նրա անճարությունը, նա մերթ ընդ մերթ տալիս էր անմիտ, անգրագետ կարգադրություններ, անտեղի գորգոռում էր, ավելորդ լարվածություն մտցնում։

Իսկ հաջորդ օրը, երբ արդեն հետևում էին մնացել նախորդ օրվա լարվածությունն ու հոգնածությունը, երբ հրդեհաշիջմանը մասնակից հրշեջները և էներգետիկները միասին կիսվում և վերլուծում էին այդ չարաբաստիկ դեպքի մանրամասները, երբ բոլորն իրար հանդիպելիս ողջունում էին որպես հարազատի, կտրուկ փոխվել էր նաև գնդապետ Միխայլովի վերաբերմունքը հայ հրշեջների նկատմանբ։ Նա արդեն ժպիտը դեմքին, ձեռքով էր բարևում բոլորիս, հարցուփորձ անում և վերջում անպայման հեռանալուց առաջ ասում. “Ребята, всем спасибо”։ Նա, իհարկե ամբողջովին փոխեց նախկինում կազմած 20-էջանոց արձանագրությունը և ՀԽՍՀ ՆԳՆ տեղակալ Քալանթար Գրիգորյանի և հրշեջ պահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռոբերտ Թադևոսյանի հետ միասին կազմեցին պարգևատրման և խրախուսանքի արժանիների ցուցակը, որը ցավոք հետագայում, հրշեջ վարչության պետ, ն/ծ գնդապետ Փայլակ Հակոբյանի վերադառնալուց հետո ենթարկվեց փոփոխությունների. . .

Ի՞նչ իմանաս, ի՞նչ կլիներ, եթե օգնության չհասներ Ռ.Թադևոսյանի վճռականությունը։ Նա երիտասարդ չէր, արդեն մեծ փորձ ուներ, մեծ գիտելիքներ և, խորհրդակցելով հրշեջ պահպանության վարչության ղեկավար կազմից ն/ծ փոխգնդապետ Արմենակ Աշյանի, ն/ծ փոխգնդապետ Ռաֆայել Գասպարյանի, վարչության երիտասարդ աշխատակիցներ` Գևորգ Թադևոսյանի, Ավետիք Տոնոյանի, Վանիկ Դիլոյանի և այլոց հետ, հասկացավ, որ այսպես շարունակել չի կարելի։
Սթափ գնահատելով ստեղծված իրավիճակը, ցուցաբերելով սառնասրտություն և ստանձնելով մեծ պատասխանատվություն` նա ստիպված գնաց զինվորական աստիճանակարգության արդարացված խախտման և ինքնուրույն ստանձնեց հրդեհաշիջման ղեկավարի պարտականությունները` չհանդիպելով մոսկովյան գնդապետի որևէ առարկության։ Նույնիսկ գոհունակություն էր նկատվում դեմքին։

Մի խոսքով, հստակ հրահանգների, գրագետ ղեկավարման ու անձնազոհ գործողությունների շնորհիվ ժամը 17.00-ի սահմաններում հրդեհն արդեն մեկուսացված էր։

Հիմնական լուծն այդ հրդեհի ժամանակ ընկավ ատոմակայանի հրշեջ մասի գազածխապաշտպանիչ օղակների վրա։ Լավ իմանալով կայանը` նրանք առանձին-առանձին ղեկավարում էին օգնության եկած հրշեջ մասերի օղակները, որոնք հրդեհի ժամանակ հակագազերով աշխատեցին 4-5 ժամ, մի քանի անգամ փոխելով թթվածնային բալոնները։

Ժամը 17.25-ին հայտարարվեց հրդեհաշիջման ավարտ։

Ավելի ուշ ամփոփելով կատարվածը` արձանագրվեց, որ Հայկակական ատոմակայանի հրդեհի շիջմանը մասնակցել է 125 հրշեջ և 26 հիմնական ու հատուկ հրշեջ տեխնիկա։ Հրդեհի ժամանակ չարձանագրվեց հրշեջ տեխնիկայի խափանման ոչ մի դեպք, չզգացվեց հեղուկ վառելանյութի, տեխնիկական զինվածության, թթվածնային մեկուսիչ հակագազերի, հրդեհաշիջման միջոցների` ջրի և փրփրահեղուկի պակաս։ Բարեբախտաբար` հրդեհի ժամանակ չունեցանք զոհեր և վնասվածք ստացողներ։

Հրդեհաշիջմանը մասնակցեցին Երևանի, Աշտարակի, Ապարանի, Մասիսի, Էջմիածնի, Թալինի և Հոկտեմբերյանի ռազմանակացված և մասնագիտացված հրշեջ ստորաբաժանումները, հրշեջ պահպանության վարչության կենտրոնական ապարատի ողջ անձնակազմը։ Ներկա էին` ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը, կենտկոմի քարտուղար Հրանտ Ոսկանյանը, ՀԽՍՀ ՆԳ նախարար գեներալ-լեյտենանտ Եվգենի Պոտալովը, նախարարի տեղակալ Քալանթար Գրիգորյանը և այլ պետական պաշտոնական այրեր…

Ճանապարհային երթևեկության անվտանգությունը, հրշեջ մեքենաների ազատ երթևեկությունը և հասարակական կարգի պահպանումը փայլուն կերպով իրականացրեցին Հոկտեմբերյան և Էջմիածին քաղաքների ՆԳ բաժիների աշխատակիցները` միլիցիայի փոխգնդապետ Վիտալի Բոգոմազովի գլխավորությամբ։

Պայքարը կրակի հետ ավարտվեց հայ հրշեջների և ատոմակայանի աշխատակիցների փայլուն հաղթանակով։ Հետևում մնացին մաքառման ու տանջանքի ժամերը. բոլորն էլ, չնայած հոգնածությանը, համակված էին հաղթանակի բերկրանքով, հրդեհաշիջմանը մասնակից հրշեջներին շնորհավորում էին ամենքը` կայանի տնօրենից մինչև բանվոր։

Ատոմակայանի աշխատակիցներից ոչ մեկը հրդեհի մարումից հետո էլ տուն չգնաց. մինչև լուսաբաց մնացին հրշեջների կողքին։ Այսօր էլ հպարտությամբ եմ հիշում միասնության և համախմբման այն ցայտուն պահը, երբ անհրաժեշտություն առաջացավ ձգել դիզել-գեներատորային կայանից մինչև բորի մղման պոմպակայան երկարող մի քանի տոննա ծանրությամբ բարձր լարման մալուխը։ 400 մետր երկարությամբ ձգվող ճանապարհատվածին իրար կողք կողքի կանգնած` մալուխը ձգելուն օգնում էին տնօրենի տեղկալներն ու հրշեջները, գլխավոր ինժեների տեղակալներն ու կուսակցական, հասարակական կազմակերպությունների աշխատակիցները, հրշեջ պահպանության վարչության կենտրոնական ապարատի ու ջերմային սարքավորումների, քիմիական ու տուրբինային արտադրամասերի աշխատակիցները, միլիցիոներներն ու հրշեջ ստորաբաժանումների անձնակազմը, բոլոր-բոլորը, ովքեր այդ պահին ձեռքերում ուժ ունեին, դարձյալ բոլորը, պապենական եղանակով` քլունգներով ու լինգերով օգնում էին բացել պոմպակայանի կափարիչը։ Մոսկովյան գնդապետի տեսական գիտելիքներում նման բաներ չկային…

Իհարկե, լավ օրից չէր, որ ստիպված էինք դիմել պապենական մեթոդների։ Պապենական ասույթն էլ օգնության եկավ` “Գեղ կանգնի` գերան կկոտրի”։

Բայց ասում են նաև` չկա չարիք առանց բարիքի։ Ատոմակայանի հրդեհը լուրջ դաս էր։ Այն ուսանելի շատ բան տվեց։ Ձեռք բերվեց մեծ փորձ, ճշգրտվեցին և շտկվեցին մի շարք բացթողումներ, հատկացվեցին նոր հաստիքներ` հրդեհաշիջման և ահազանգման համակարգերի խումբ ստեղծելու համար, շատ կարճ ժամանակահատվածում կապիտալ վերանորոգվեց ներքին և արտաքին հակահրդեհային ջրացանցը, հրդեհապայթյունավտանգ տեղերում տեղադրվեցին ստացիոնար լաֆետային փողրակներ, կաբելային թունելախորշերում և կիսահարկերում բարձր լարման մալուխները պատնեշավորվեցին “КАММЮМ” հրակայուն նյութով, հրդեհաշիջման և ահազանգման ինքնաշխատ համակարգերը կապիտալ վերանորոգվեցին և ապահովվեցին երկու ռեժիմով աշխատելուն, օպերատիվ-հերթապահ անձնակազմի համար ձեռք բերվեցին թթվածնային մեկուսիչ հակագազեր, ատոմակայանն ապահովվեց համապատասխան քանակությամբ փրփրահեղուկով և հրդեհաշիջման առաջնային միջոցներով և այլն…

Երբ հոդվածն արդեն պատրաստ էր, կրկին հանդիպեցի հանրապետության հրշեջ պահպանության նախկին պետ, ն/ծ գնդապետ Ռ.Թադևոսյանին։ Հոդվածն ուզում եմ ավարտել նրա գնահատականով և պատմածով.

“Հրդեհից հետո ՀԽՍՀ Ներքին գործերի, ՀԿԿ կենտկոմի հետ համաձայնեցնելուց հետո երեք առավել աչքի ընկած մասնակիցներին ներկայացրեցին “Կարմիր աստղ” շքանշանի։ Սակայն ԽՄԿԿ կենտկոմի համապատասխան բաժինը չտվեց իր համաձայնությունը, և նրանք հետագայում ներկայացվեցին “Հրդեհի ժամանակ ցուցաբերած արիության համար” կառավարական պարգևի։

Իսկ մի՞թե հիմա ուշ է ըստ արժանվույն գնահատել քառորդ դար առաջ հրշեջների և ատոմային կայանի աշխատակիցների կատարած սխրանքը։ Բոլորը պետք է ստանան իրենց գնահատականը։ Սա շարքային հրդեհ չէր, և համապատասխանաբար սխրանքն էլ շարքային չէր։

Հայաստանի հրշեջները կատարեցին իրենց սրբազան պարտքը հայրենիքի և ժողովրդի առջև։ Հրամանատարական և շարքային կազմի 125 մասնակից հրշեջներն իսկական հերոսներ են։ Հատկապես` հետախուզության մասնակիցները և առաջնային գծում գրոհի դուրս եկած մարտիկները, որոնք կարող էին զոհվել և չվերադառնալ։ Սակայն ոչ մի քայլ նրանք չընկրկեցին և փառքով կատարեցին իրենց գործը”։

Հետգրության փոխարեն

1982 թվականի հոկտեմբերի 15։ Երեկոն ենթադրում էր ցուրտ գիշեր, բայց այն չզգաց ոչ մեկը։ Մոսկվայից ստացվեց ուրախալի լուր. Երևանի “Արարատը” 2։0 հաշվով հաղթել էր “Սպարտակին”։

Հրդեհաշիջման մասնակից,
“ՀՀ ԱԻՆ վտերանների խորհուրդ” հ/կ
նախագահ Ն.Հեպոյան

http://mes.am/am/veteranshistory/5917-2014-03-06-11-43-56

Առաջին անգամ ՀԱԷԿ-ի «մոռացված» հրդեհի մասին