3,664 view
Ստեփանավանի Մայակովսկի թաղամասի բնակչությունը պատասխանատուներից պահանջում է անվտանգ միջավայրի ապահովում

07.05.2015

Stepanavan_07_05Ապրիլի 26-ին Ստեփանավանի Օրհուս կենտրոնը ահազանգ է ստացել Մայակովսկի թաղամասի բնակիչներից: Նրանք պնդում են, որ Ստեփանավանի Մայակովսկի փողոցում աղբահանությունը կատարվում է ոչ լիարժեք, ամբողջ փողոցը աղբակույտերի է վերածված, որոնց միջով ամեն օր դպրոց են գնում երեխաները, որոնցում հաճախ շներ են թափառում: Աղբակույտերը վտանգ են ներկայացնում բնակչության, հատկապես` երեխաների համար` որպես համաճարակի աղբյուր, ինչի վտանգը մեծանում է եղանակի տաքացմանը զուգահեռ:

«Աղբի մեջ խեղդվում ենք»,- ասում են բնակիչները, առանձնատներից աղբահանությունը շատ վատ մեխանիզմով է կատարվում, մարդիկ տեղեկացված չեն աղբահավաք մեքենայի մոտենալու մասին: Առաջարկում են, որ աղբահանության ժամանակացույցը տեղադրվի Ստեփանավանի քաղաքապետարանի կայքում, որ մարդիկ գոնե իմանան, թե երբ է աղբի մեքենան գալու:

Բնակիչները մեջբերում են ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ օրենքի Հոդված 431_ը`«Աղբահանության աշխատանքները ժամանակին չկազմակերպելը, չսահմանված վայրում աղբ թափելը, աղբահանության համար անհրաժեշտ պայմաններ չապահովելը», ըստ որի. «Աղբահանության աշխատանքները ժամանակին չկազմակերպելն առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
Stepanavan_07_05_2Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումը կրկին անգամ կատարելը մեկ տարվա ընթացքում առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով»:

Փաստորեն Ստեփանավանի Մայակովսկի փողոցում մեծածավալ աղբակույտեր են առաջացել` վերածելով տարածքը վարակի տարածման միջավայրի, ստեղծելով վտանգ մարդու առողջության համար: Ոտնահարված են կանանց և երեխաների իրավունքները:

Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգող Մանյա Մելիքջանյանը հանրության խնդրանքով նամակ է հղել Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանին` խնդրանքով միջամտել վերը նշված խնդրի լուծմանը, ապահովել համայնքի անվտանգությունը:Stepanavan_07_05_1.1

Քաղաքացիները վստահ են, որ ՏԻՄ-ը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի, ՀՀ կողմից վավերացված Օրհուսի կոնվենցիայի պահանջով ևս էկոլոգիական խախտումների դեպքում պետական մարմինները պետք է գործեն անհապաղ:

Մանյա Մելիքջանյան
Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 93 315108
Էլ. փոստ` manya_lore@yahoo.com