4,195 view

Բնության փետրավոր ներկայացուցիչներին նվիրված դասընթաց Ապարանում

05.05.2015
Հինգ տարի է, ինչ Ապարանի Օրհուս կենտրոնը համագործակցում է «Հայաստանի թռչունների պահպանման միություն» ՀԿ-ի հետ: Ապրիլի 29-ին Հայաստանի թռչունների պահպանման միությունը (ՀԹՊՄ) Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Օրհուս կենտրոնի հետ համատեղ կազմակերպեց հերթական հանդիպումը քաղաքի ավագ դպրոցի սաների և մանկավարժական կոլեկտիվի անդամների հետ: Այցելության ընթացքում ներկայացվեցին «Գարնանն Ընդառաջ» և «Տարվա թռչուն» կրթական ծրագրերը:
«Գարնանն ընդառաջ» նախագծի նպատակն է երեխաների շրջանում բարձրացնել թռչունների

և կենսաբազմազանության կարևորության գիտակցումը, պարզաբանել թռչունների` որպես բնական միջավայրի կարևոր բաղադրիչի դերն ու նշանակությունը, խրախուսել երեխաների հետաքրքրությունը բնության, չվող թռչունների և այլ կենդանատեսակների պահպանության հանդեպ:

Դասընթացի մասնակիցները տեղեկություն ստացան գարնան հինգ տեսակների՝ Գյուղական ծիծեռնակի, Սև մանգաղաթևի, Սպիտակ արագիլի, Սովորական կկվի և Ոսկեգույն մեղվակերի մասին: Նպատակն էր՝ հետաքրքրություն մտցնել դպրոցականների, մեծահասակների և բնությունը գնահատողների շրջանակներում, հոգատարություն սերմանել բնության փետրավոր ներկայացուցիչների հանդեպ:

«Տարվա թռչուն» կրթական ծրագիրը մեկնարկել է 2009թ-ից և ունի հետևյալ նպատակը՝ սևեռել Հայաստանի բնակչության ուշադրությունը թռչունների և նրանց բնադրավայրերի պահպանման խնդիրներին: Բոլոր երեխաներին, ինչպես նաև նրանց ծնողներին և ուսուցիչներին առաջարկվեց մասնակցել չվող թռչունների վերադարձի դիտումներին, որոնց միջոցով երեխաները կստեղծեն այս թռչնատեսակների ամենամյա ճամփորդության իրական քարտեզը:

Աշակերտները տեղեկացան նաև «Գարնանն Ընդառաջի» շրջանակներում անցկացվող մրցույթների մասին.
1. Լավագույն կոմիքսի մրցույթ՝ «Հաղթահարելով դժվարությունները» խորագրով,
2. «Լավագույն Գարնանն Ընդառաջ» մրցույթ:

Աշակերտներին ներկայացվեց նաև 2015 թ. խորհրդանիշ թռչնատեսակը՝ Ներկարարը, որի մասին դպրոցականներն իմացան բազում հետաքրքիր տեղեկություններ: Այցի վերջում անցկացվեց վիկտորինա, որի հաղթողները ստացան խրախուսական նվերներ:

ՀԹՊՄ-ը իր շնորհակալությունն է հայտնում Ապարան քաղաքի Օրհուս կենտրոնին տարիներ շարունակ մեզ հետ համագործակցելու համար:

Մարիաննա Դանիելյան
Արևիկ Ավետիսյան
Հայաստանի թռչունների պահպանման միություն (ASPB)
Էլ. փոստ. armbirds@yahoo.com