4,863 view
Չնայած բնապահպանների Սևանա լիճն իսպառ կորցնելու մտավախություններին, մեկնարկել է Սևանա լճում իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրը

22.04.2015

gavar_22.04.2.1Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի տարածքում մեկ ամսից ավել է, ինչ սկսվել և լայն թափով ընթանում են Սևանի իշխանի մայրական կազմի հիմնման և մանրաձկան արտադրության ժամանակակից բուծարանի կառուցման աշխատանքները: Ինչպես տեղեկացանք «Սևանի իշխան» ՓԲԸ խորհրդի նախագահ, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի վարիչ Համբարձում Համբարձումյանից, Սևանի իշխանի պահպանությանը և վերարտադրությանը զարկ տալու նպատակով կառուցվելու է 3 գործարան: Այս տարվա ընթացքում ավարտին կհասցվի մանրաձկան արտադրության գործարանի շինարարությունը, հաջորդ տարիների ընթացքում՝ մայրական կազմի բուծման և վերամշակման գործարանները: Սևանի իշխանի մայրական կազմի համար նախատեսված մանրաձուկն այժմ պահպանվում է Գյումրիում և Շորժայի փորձարարական ցանցավանդակային ձկնաբուծարաններում:

Մեր զրուցակցի գնահատմամբ սա հեռանկարային ու արդյունավետ ծրագիր է, որը, բացի Սևանի իշխանի երբեմնի պաշարները վերականգնելը, ենթադրում է մի քանի հազար աշխատատեղերի բացում: «Սևանի իշխանի վերարտադրության և ձկնաբուծության զարգացման հիմնադրամը կարգավորելու է ողջ գործընթացը, իսկ ծրագրի իրականացումը՝ Սևանա լճի կենդական աշխարհի պահպանության և վերարտադրության խնդիրը»,-նշեց Համբարձում Համբարձումյանը՝ մատնանշելով, որ յուրաքանչյուր տարում Սևանա լիճ է բաց թողնվելու մի քանի տասնյակ անգամ ավելի Սևանա իշխանի մանրաձուկ, քան մինչ այժմ ՀՀ պետբյուջեի միջոցներով գնված և լիճ բաց թողնված մանրաձկան տարեկան քանակությունն է:

Լիաննա Ասոյան
Գավառի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 77 76 46 41
Էլ. փոստ. blejanli@gmail.com