4,991 view

Ծովակում ստեղծվում է 33 հեկտար անտառ

22.04.2015
Վերջին տասնամյակներում կլիմայի փոփոխությունները, մարդածին և տեխնածին այլ գործոնները իրենց բացասական ազդեցությունն են ունեցել շրջակա միջավայրի վրա՝ պատճառ դառնալով զգալի տարածքներով արոտավայրերի և անտառների դեգրադացման և հողերի էռոզացման: Նշված բացասական հետազդեցությունների վերացմանը կամ մեղմանն է ուղղված ՄԱԶԾ-ԵՄ «Կլիմա Իստ. Հայաստանում տեղական համայնքների համար կլիմայի փոփոխության նվազեցման և հարմարվողականության օգուտները ցուցադրելու նպատակով արոտավայրերի և անտառների կայուն կառավարում» պիլոտային ծրագիրը:

Ծրագրի շրջանակում Գեղարքունիքի մարզում մեկնարկել է անտառատնկման խոշոր ծրագիր, որն իրականացվելու է 33 հեկտարի վրա՝ 2 տեղամասերում: Օրերս Ծովակի գյուղապետարանում կայացած հանդիպման ժամանակ բնակիչներին անտառաստեղծման մեկնարկած այդ քայլերի մասին իրազեկեցին ՄԱԿ-ի «Կլիմա Իստ պիլոտային ծրագիր Հայաստանում» ծրագրի տեխնիկական առաջադրանքի ղեկավար Արամ Տեր-Զաքարյանը և անտառատունկ իրականացնող «Երիտասարդ անտառաբույծների միավորում» ՀԿ նախագահ, անտառագետ, կենսաբանական գիտությունների դոկտոր Անդրանիկ Ղուլիջանյանը: Ըստ Արամ Տեր-Զաքարյանի` Ծովակում իրականացվող անտառատնկման այս խոշոր ծրագրին հաջորդելու են դաշտամիջյան ճանապարհների հիմնանորոգման և արոտների բարելավման ու կառավարման հանրօգուտ ծրագրերը: Անդրանիկ Ղուլիջանյանն էլ իր հերթին տեղեկացրեց, որ Ծովակում նախատեսված է ստեղծել 33 հեկտար անտառ, որից 18 հեկտարը` Ծովակի հարավարևելյան եզրին, 15 հեկտարը՝ Սևանա լճի ափից 0,5 կմ հեռավորությամբ: Անտառատնկումից հետո Ծովակին մերձակա անտառի խնամքն ու հետագա կառավարումն իրականացնելու է Ծովակի գյուղապետարանը, Սևանա լճին մերձակա տեղամասի անտառի խնամքը՝ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը:

«Սևանա լճի ջրերի բարձրացման հետևանքով մենք Գեղարքունիքի մարզում արդեն կորցրել ենք 1800 հա անտառ, իսկ առաջիկա տարիներին այդ թիվը հասնելու է 3800 հա-ի: Այժմ մենք անտառային գոտի պետք է հիմնենք ծովի մակարդակից 1903,5 մետր բարձրության նիշերից վեր, որոնք այլևս չեն լինի ջրածածկման վտանգի գոտում»,-նշեց Անդրանիկ Ղուլիջանյանը: Նրա խոսքով հիմնականում տնկվելու են պտղատու վայրի ծառատեսակներ, որպեսզի տարիներ անց բնակիչները նաև պտուղներից օգտվելու հնարավորություն ունենան: Ընտրվել են բարձր կպչողականություն ունեցող տնկիներ, որոնց լավ խնամքի դեպքում կարող է և հարյուր տոկոսանոց արդյունք ապահովվել: «Տնկվող յուրաքանչյուր ծառ պետք է խնամվի ու աճեցվի ամենայն սիրով ու սրբությամբ, քանի որ այս նոր անտառը պետք է հավերժացնի Հայոց ցեղասպանության զոհերի սուրբ հիշատակը, մեկդարյա տարելիցը»,- ավելացրեց նա:

Ծովակի գյուղապետ Գարիկ Հակոբյանը վստահեցրեց, որ յուրաքանչյուր ծովակցի մասնակից կլինի դաշտապաշտպան անտառաշերտի ստեղծմանը, ամեն մի տնկի սիրով կջրի ու կխնամի, իսկ գյուղապետարանը կհոգա հետագա խնամքի ու պահպանության հետ կապված բոլոր խնդիրները:

Հանդիպման ավարտին մասնակիցները տեղափոխվեցին նախատեսված տարածք: Ծառատունկի օրհնության կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի Վարդենիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Տարոն քահանա Հունանյանը: «Երիտասարդ անտառաբույծների միավորում» ՀԿ անդամները բանվորների հետ անցկացրին ուսուցողական առաջին գործողությունները:

Յուրաքանչյուր հա-ի վրա աճեցվելու է մինչև հազար ծառ: Ծրագրի ավարտը նախատեսված է 2016 թ. հոկտեմբերին:

Խոսրով Խլղաթյան
Գավառի Օրհուս կենտրոնի փորձագետների խորհրդի անդամ