11,848 view

Հակահրդեհային տագնապ

20.04.2015

Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան մասը՝ Հայաստանի Հանրապետությունը սակավահող, սակավանտառ, քարքարոտ երկիր է, բնութագրվում է չոր ցամաքային կլիմայով ու լեռնային կտրտված ռելիեֆով: Ի լրումն՝ այս երկրում քայքայման բնական գործընթացներն ավելի զորեղ են և ակտիվ, իսկ բնագոյացման գործընթացներն ավելի թույլ են ու սակավ: Ուստի մենք պարտադրված ենք խնամքով պահել, պահպանել բոլոր կողմերից սահմանամերձ այս երկիրը (առայժմ դա է մեր միակ հենարանը), այլապես՝ կհայտնվենք օրհասական վիճակում: Քարքարոտ Հայաստանի լեռնային անտառները թեև սակավ են, բայց օժտված են բնություն ստեղծող, բնություն հարստացնող ու կարգավորող շնորհներով: Անտառը ոտքի վրա աշխատում է՝ բարելավելով բնական պայմանները, հարստացնելով մեր քարեղեն երկիրը նաև այլ բնական ռեսուրսներով (http://aarhus.am/?page_id=8108), մարդու հանգստի և գործունեության այլ հնարավորություններով: Սակայն հաճախակի գերհատումներից բացի Հայաստանի անտառներին պատուհասում են նաև հրդեհները:
Աղետների ռիսկերի կառավարման փորձը ցույց է տալիս, որ անտառային հրդեհների ավելի քան 95%-ն առաջանում են մարդու անշրջահայաց գործունեության հետևանքով: Անվերահսկելի խարույկները, բուսականության այրումը, ծխախոտի, լուցկու կամ բոցհանիչի կայծը տարերայնորեն տարածվում են անտառային տարածքում: Երաշտի պայմաններում, քամու ուղեկցությամբ հրդեհները լափում են ոչ միայն անտառը, այլև՝ հսկայական վնաս են պատճառում մոտակա տնային տնտեսություններին, այրելով նաև այգիները, խոտի խրձերը, վնասելով ու վտանգելով ենթակառույցները: Անտառային հրդեհներ կարող են ծագել նաև բնական պատճառներով (կայծակ): Բայց վիճակագրությունը պարզում է, որ բնական հրդեհներն ավելի սակավ են, քան մարդկային գործոնի առաջացրածը: Նույն մարդկային գործոնները Երկիր մոլորակում համատարած Կլիմայի Փոփոխություն են առաջացրել, որի պատճառով անտառային հրդեհներն այլևս դուրս են եկել սեզոնային սահմաններից:

Գետնատարած հրդեհ

Գետնատարած հրդեհ

Անտառային հրդեհները լինում են գետնատարած, վերնատարած (գագաթային) և ստորգետնյա:

Գետնատարած հրդեհների ժամանակ այրվում է անտառների մերձգետնյա բուսածածկը՝ 50-150 սմ բոցի բարձրությամբ: Տարածման արագությունը 0,5-1,5 կմ/ժամ, երբեմն մինչև 6 կմ/ժամ արագությամբ գետնատարած հրդեհները շրջանցում են խոնավ մասերը: Սովորաբար գարնանն են լինում, երբ չորանում է դյուրավառ շերտի վերին մասը: Հրդեհի խորանալուց այրվում են ծառերի արմատները և կեղևը, անտառային թփուտները:

Վերնատարած հրդեհ

Վերնատարած հրդեհ

Վերնատարած անտառային հրդեհներն ավելի հաճախ պատահում են լեռնային անտառներում՝ բռնկվում են ծառերի սաղարթը, տերևները, կրակը տարածվում է թեք լանջերով, որին նպաստում է քամին: Հրդեհը տարածվում է ոստյուններով կամ հոծ պատերով, երբեմն 100 կմ/ժամ արագությամբ: Ծառերի սաղարթից բացի բոցը տարածվում է նաև մերձգետնյա՝ հողածածկով: Սաղարթով կրակը տարածվում է 8-25 կմ/ժամ արագությամբ, քամին ցրում, տարածում է կայծեր, այրվող ճյուղեր ու չոր խաշամ, որոնք հիմնական օջախից հարյուրավոր մետրեր առաջ ստորին հրդեհի նոր օջախներ են ստեղծում:

Ստորգետնյա անտառային հրդեհներն առաջանում են տորֆահողերում, տարածվում են օրական 2-10 մ արագությամբ, այրվում է անտառային հողերի տակ 30 սմ խորությունից ներքև գտնվող տորֆի շերտը: Շատ վտանգավոր են և բարդ հրդեհաշիջում են պահանջում: Սովորաբար այրվում է մինչև խոնավ շերտերին հասնելը:

2 կմ2 մակերեսից ավել տարածքի ընդգրկման դեպքում անտառային հրդեհը համարվում է խոշոր: Այս դեպքում անտառային հրդեհների ուրվագիծն անկայուն է՝ պայմանավորված քամու ուղղությամբ, ուժգնությամբ, մոտակա ջրային հոսքերի, ջրամբարների սահմաններով: Խոշոր անտառային հրդեհների դեպքում առաջանում են ծխի ընդարձակ գոտիներ, նվազում է տեսանելիությունը, մեծաքանակ սաղարթի այրումից առաջացող գազերի պատճառով հաճախակի են թունավորումները: Այս հրդեհների մոտ 90 %-ն առաջանում են մարդկանց կողմից հակահրդեհային կանոնները չպահպանելու պատճառով, ամպրոպի ժամանակ կայծակի բռնկման, տորֆի ինքնաբռնկումների հետևանքով (օդի բարձր ջերմաստիճանի, անձրևների տևական բացակայության դեպքում):

Անդրբայկալյան երկրամաս, 2015թ. մարտի 19-ապրիլի 18.

Անդրբայկալյան երկրամաս, 2015թ. մարտի 19-ապրիլի 18.

Անտառի կրած վնասները չափվում են լիակատար, համատարած, մասնակի աստիճաններով: Այս չափումների փոխարեն հարկ է ժամանակին կանխել անտառային հրդեհները, վնասազերծել հրդեհների օջախները, տեղայնացնել ծագած հրդեհները: Այլապես՝ նպաստավոր կլիմայական գործոնների ազդեցությամբ այդ հրդեհներն արագորեն վերածվում են լայնածավալ, անվերահսկելի կործանիչ ուժի, որի դեմ անզոր է ամենակատարյալ հակահրդեհային տեխնիկական: Հատկապես վերջին տարիներին Ավստրալիայում, Հունաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում և այլ երկրներում պարբերաբար մոլեգնող անտառային հրդեհները սպառնում են բազմաթիվ բնակավայրերի, ոչնչացնում տնային տնտեսությունները, պատճառելով ոչ միայն տնտեսական, այլև մարդկային կորուստներ: Այս տարվա մատի 19-ին Անդրբայկալյան երկրամասում սկսված անտառային ու տափաստանային հրդեհներն ուժեղ քամու պատճառով նետվել են դեպի բնակելի տները, ամառանոցային ավանները՝ ամբողջովին ոչնչացնելով ավելի քան 500 տուն: Ապրիլի 14-ին 24 հազ.հա ընդգրկող անտառային հրդեհների 99 օջախներից հրշեջները հասցրեցին տեղայնացնել միայն 10-ը՝ 1,5 հա տարածքով, բայց այդ ընթացքում հրդեհներն ընդգրկեցին 36 հազազար հեկտար, զոհվեցին 23 մարդ: Հարկ է նշել, որ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են 1850 հրշեջ, այդ թվում՝ 253 պարաշյուտիստ-դեսանտայիններ, 402 միավոր տեխնիկա՝ 108 հրշեջ մեքենայով (www.tass.ru/proisshestvia/1900843): Սակայն մարելու փոխարեն հրդեհներն ավելի ընդարձակվում են`ապրիլի 17-ի դրությամբ ըդնգրկելով 120 հազ.հա անտառներ (https://news.mail.ru/incident/21757754/?frommail=1 ): Ամենաբարդ իրավիճակը Չիտայի մարզում է, որտեղ մոլեգնում են հրդեհի 20 օջախներ, հրդեհների տարածմանը նպաստում է չոր եղանակը՝ մինչև 20 մ/վրկ. քամու պոռթկումներով: Արդեն պարզվել է, որ Անդրբայկալյան հրդեհների հիմնական պատճառը մարդկային գործոնն է: Ռուսատանում պարբերաբար մոլեգնող անտառային հրդեհները լուրջ սպառնալիք են բնակչության համար՝ այրման պատճառով ածխաթթու գազի, ծծմբային անհիդրիդի, ցնդող ածխաջրածինների, շմոլի, մոխրի մերձգետնյա զանգվածային արտանետումներն ու բարձր ջերմությունը համատեղ վնասում են շրջակա բազմահազար բնակչության առողջությունը: Բժշկության և բնապահպանության ոլորտների ռուսական մի շարք գիտական կենտրոնների «երկարատև հետազոտությունները ցույց են տվել, որ ինտենսիվ անտառային հրդեհների ժամանակ այդ տարածաշրջաններում 3-4 անգամ ավելացել է բժշկական շտապ օգնության դիմողների քանակը, իսկ մահացությունն ավելացել է 10-13 անգամ» (www.meteo.am):

Ակնհայտ է, որ անտառային հրդեհների ծագման դեպքերում Հայաստանի բնական գործոնները նույնպես կարող են լայնածավալ թափ հաղորդել կրակի բոցերին: Իսկ հրշեջ խմբերը, արտակարգ իրավիճակների այլ կազմավորումները որքան էլ կազմակերպված, այնուամենայնիվ՝ հակահրդեհային պայքարը խթանելու ռուսական հնարավորությունները չունեն (ավելի քան 1800 հրշեջներ հարյուրավոր պարաշյուտիստներով, 400 միավոր տեխնիկա 108 հրշեջ մեքենայով) և այդ ամենի գործադրումը հնարավոր է, որ անարդյունք անցնի: Առավել քան նպատակահարմար է միջոցներն ու ջանքերը կենտրոնացնել անտառային հրդեհների նախնական կանխարգելման ուղղությամբ: Այլապես՝ ստիպված կլինենք բազմապատիկ անգամ վճարել չվերականգնվող առողջության, կորցրած տնտեսության, վտանգված ենթակառույցների, ոտքի վրա մոխրացած անտառի բնություն հարստացնող ու կարգավորող անգին հատկությունների կորստյան համար: Եվ այդ ամենը հետագայում լրացվում է նաև հրդեհների հետևանքների նորանոր խնդիրներով՝ Կլիմայի Փոփոխությունից խոցելիության «ավելի գործնական» պաշարով:

Հարկ է նկատի ունենալ, որ ՀՀ անտառներում հրդեհների մարման յուրահատուկ դժվարություններ կան, որոնցով պայմանավորված բարդանում են հրդեհաշիջման աշխատանքները.

1. Դժվար է հրդեհի առաջնային օջախի վաղ հայտնաբերումը, հատկապես լայնածավալ անտառային զանգվածներում;
2. Որոշ դեպքերում հնարավոր չէ ապահովել հրշեջ խմբերի արագ հասանելիությունը հրդեհի վայր՝ հրդեհի օջախը մի քանի տասնյակ կմ հեռու է հրշեջների տեղակայման վայրից;
3. Բացակայում են հատուկ տեխնիկայի և հրդեհաշիջման միջոցների (ջրի) անհրաժեշտ քանակը հրդեհի մոտակայքում (ՀՀ լեռնային գետերն ամառային ամիսներին սակավաջուր են),
4. Հրդեհվող տարածքները դժվար հասանելի են և թեք տեղանքի, ճանապարհի բացակայության պայմաններում հրդեհաշիջման աշխատանքները կատարվում են լրացուցիչ խնդիրներ հաղթահարելով:
Հաճախ հրշեջները դեպքի վայր են հասնում մինչև 30 րոպեի ընթացքում, սակայն թեք տեղանքը, քամին, անտառային համասեռ ու չոր զանգվածն արագորեն այրվում են՝ տարածվելով ու ավելի բարդացնելով հրդեհաշիջման աշխատանքները, որոնց իրականացումը ճանապարհի առկայության դեպքում ավելի արդյունավետ կլիներ: Անտառները հակահրդեհային միջոցներով ապահովելով հնարավոր է նախօրոք և արագ կանխել անտառային հրդեհների մեծ մասը: Այն տարածքներում, որտեղ ջրային հոսքերը սակավ են կամ չկան՝ հարկ է կառուցել համապատասխան տարողությամբ ջրամբար (որտեղ ամբարված ջրի ծավալը պետք է համապատասխանի 1000 մ3/հա հաշվարկին), անտառում արգելափակիչ գոտիներ և անջրպետներ ստեղծել, ապահովել սարքին հակահրդեհային հիդրանտի, կրակմարիչների առկայությունը, նաև՝ նախնական ոռոգման հնարավորությունը: Իսկ մշտական հսկողությունը, պատասխանատու անձնակազմի ուսուցումը, շրջակա բնակչության իրազեկումը միջոցառումներ են, որոնց միջոցով հնարավոր է ավելի կազմակերպված և նախօրոք կանխել անտառային հրդեհների մեծ մասը: Օրինակ՝ հարկ է անհապաղ հակահրդեհային ոռոգում կատարել, երբ՝
• մի քանի օր շարունակ օդի ջերմաստիճանը սահուն կերպով բարձրանում է՝ զգալի գերազանցելով ջերմաստիճանային միջին սահմանները,
• անտառային կենսաբազմազանությունն անսովոր անհարմար վարք է դրսևորում,
• անտառային տապի պատճառով մարդը չի կարողանում հանգստանալ, …

Եթե նույնիսկ պահանջվի պարբերաբար միլիոն խորանարդ մետր ջուր ծախսել այդ ոռոգման համար, այնուամենայնիվ դա ավելի գերադասելի է, քան հրդեհաշիջման համար պահանջվող ջրի բազմապատիկ քանակներն ու բոլոր միահամուռ բայց իզուր ջանքերը, հազարավոր հեկտար անտառային էկո-համակարգի, մարդկային ու տնտեսական կորուստները: Եթե վատագույն դեպքում՝ խոնավ անտառներն այրվում են, համենայն դեպս հրդեհը մի կերպ՝ բավական դանդաղ է տարածվում, որի շնորհիվ հնարավոր է հրդեհաշիջումն ավելի արդյունավետ կատարել: Սակայն անտառի հակահրդեհային ոռոգման կարևորությունն ու արդյունավետությունն ինչպես հարկն է չի գնահատվել ոչ միայն Հայաստանում (որտեղ ահռելի են ջրամատակարարման կորուստները, որոնք Սևանի պահպանության խնդրին չեն զիջում), այլև ջրի առատությամբ հայտնի երկրներում՝ Ռուսատանում, ԱՄՆ-ում, նույնիսկ՝ խոնավ Ինդոնեզիայում, Թայլանդում:

Ծագման դեպքում անտառային հրդեհներն առաջնահերթ մարվում են անտառտնտեսությունների և անտառները տնօրինող այլ կազմակերպությունների կողմից, որոնք պարտավոր են նախ և առաջ մշտական հսկողություն սահմանել: Անտառապահը պարտավոր է մշտական շրջայցերի միջոցով հայտնաբերել և հանգցնել հրդեհները: Անհրաժեշտության դեպքում անտառապահներին պետք է օգնեն շրջակա բնակչությունը, օգնում են նաև կամավորների խմբերը: Արագ հրդեհաշիչման նպատակով անտառտնտեսությունները պետք է ունենան իրենց մասնագիտացված ստորաբաժանումները՝ հրշեջ ավտոցիստեռնով, բեռնատար մեքենայով, սայլակով, մոտոցիկլով ու շարժական պոմպերով: Անտառի մեծությամբ ու հրդեհի վտանգով պայմանավորված գործում են նաև հրշեջ կայաններ, ավիացիոն տեխնիկա, հակահրդեհային այլ կազմավորումներ: Հակահրդեհային միջոցների և հրդեհաշիջման արդյունավետությունը պայմանավորվում են հրշեջ անձնակազմի վարպետությամբ, հրդեհի տեսակով ու մասշտաբներով, կլիմայական գործոններով, կարևոր է նաև տեղանքը, մոտակա բնակչության ու կամավորների կազմակերպված օգնությունը: Խոշոր հրդեհների դեմ պայքարում շատ կարևոր են հրշեջ կազմավորումների, տեղական ինքնակառավարման մարմինների, արտակարգ իրավիճակների պատասխանատուների, մասնագետների և կամավորների փոխհամաձայնեցված գործողությունները: Նոր բռնկված հրդեհը հնարավոր է մարել կրակի եզրերը ձաղկելով կամ վրան հող լցնելով: Ձաղկելու համար կարելի է օգտագործել 1-2 մ երկարություն ունեցող սաղարթաշատ ճյուղեր, թեկուզ՝ խոնավ հագուստ: Կարևոր է գործողությունների արագությունը և արդյունավետությունը: Կիրառվում են նաև հրդեհաշիջման արգելափակիչ կամ հանքայնացված շերտերը և ակոսները, ջուրը կամ կրակմարիչ քիմիական լուծույթները: Հատկապես արդյունավետ է հրդեհաշիջումը ջրով, որը գոլորշիանալով մեծ քանակությամբ ջերմություն է կլանում՝ մարելով այրման գոտու բարձր ջերմությունը և արգելափակելով թթվածնի մուտքն այրման շրջան: Առավել արդյունավետ է ջրի անձրևաշիթային սփռումը: Անտառային հրդեհների կանխարգելման նպատակով անտառներում և հարակից տարածքներում ԱՐԳԵԼՎՈւՄ Է`
• այրել գյուղատնտեսական մնացորդները կամ խոզանը,
• խարույկ վառել,
• օգտագործել վառվող լուցկի, բոցհանիչ, ծխախոտ կամ գետնին գցել դրանց մնացորդները,
• դյուրավառ նյութերով ներծծված թղթերը և շորի կտորները թողնել անտառում,
• արևի տակ ապակի թողնել,
• մեքենայի շարժիչի աշխատանքի ժամանակ բաքը լիցքավորել վառելիքով,
• իրականացնել անտառի պահպանության նպատակին հակասող շինարարություն, կուտակել շինարարական, կենցաղային աղբ կամ այլ թափոններ,
• խախտել ոռոգման ռեժիմը
• վնասել հակահրդեհային միջոցները:
Անտառային հրդեհների կանխարգելման նպատակով անտառներում և հարակից տարածքներում հարկ է

ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԱՊԱՀՈՎԵԼ՝

• վերը նշված արգելքների վերաբերյալ ակնառու պաստառների առկայությունը,
• շրջակա բնակչության իրազեկումը և կազմակերպումը,
• հրդեհների կանխարգելման միջոցների՝ կրակմարիչների, ջրավազանի, հակահրդեհային հիդրանտի և այլ տեխնիկայի առկայությունը՝ սարքին, աշխատանքային վիճակում,
• նախնական հակահրդեհային ոռոգումը՝ եղանակային պայմաններին համապատասխան,
• հրշեջ խմբերի տեխնիկական հագեցվածությունը, արագ հասանելիության հնարավորությունները,
• տարբեր կազմավորումների փոխհամաձայնեցված գործողությունները,…
Հարկ է նաև նախօրոք կազմակերպել հրշեջ խմբերի, ՏԻՄ համակարգի, անտառտնտեսությունների, այլ կազմավորումների անձնակազմերի վարժանքը և ուսուցումը, ինչպես նաև՝ սահմանել նշված միջոցառումների իրականացման հսկողության ցուցիչներ և պատասխանատուներ:
expert_20_04Ի ԳԻՏՈւԹՅՈւՆ. 1998 –2013 թ.թ. ՀՀ-ում այրված անտառային տարածքները կազմում են 2875,3 հա, որից 2323,9 հա անտառածածկ է: ՀՀ անտառային տարածքները 2014 թ. դրությամբ կազմել են ընդամենը 333 հազար հա (www.ecolur.org/news/forest): 1998 թ. դրությամբ այս թիվը կազմել է 470 հազար հա (2010 թ. դրությամբ ՀՀ անտառային տարածքները կազմել են 370600 հա): 16 տարվա ընթացքում 137 հազ.հա անտառային տարածքի կորուստը սարսափելի «շռայլություն է» չոր ցամաքային կլիմայով, լեռնային կտրտված ռելիեֆով բնութագրվող սակավահող երկրում (տարեկան միջինը 8562,5 հա արագությամբ):

Այդ կորուստը Կլիմայի Փոփոխության անցանկալի, անվերահսկելի գործոններով ազդում է հողային ու ջրային ռեսուրսների, բնական համակարգերի, մարդու կենսագործունեության վրա, հատկապես մեծացնելով երկիրը կերակրող գյուղատնտեսության խոցելիությունը:

Սրբուհի Հարությունյան
Էկո-փորձաքննության խորհրդատու
2015 թ. ապրիլի 19.