4,316 view

Մեծ Այրում գյուղի խմելու ջրի միակ աղբյուրը կարող է մնալ պոչերի տակ

19.04.2015
Ախթալայի հանքաքահարստացման կոմբինատի Նահատակ պոչամբարն այսօր սարսափազդու է. բա որ խմելու ջրի միակ աղբյուրը մնա պոչերի տա՞կ…

Երեկ այցելեցինք Ախթալայի հանքաքահարստացման կոմբինատի
(ԼՀԿ) պոչամբար, որտեղ վերջին ամիսներին շրջանառվում է գյուղական Մեծ Այրում և Ճոճկան համայնքների 40 հա մակերեսով հողերի վրա ևս մեկ պոչամբար կառուցելու հարցը:
Մեծ Այրում գյուղի գյուղապետ Սահակ Նազարյանը, մեզ տեսնելով պոչամբարի մոտ, մոտեցավ և մեղմ ասած շատ հմուտ սկսեց իրերն ու երևույթների

հաջորդականությունը խառնել՝ մեղադրելով լրատվամիջոցներին ու ակտիվ բնապահպաններին սուտ լուրերի տարածման մեջ: Նա ակնհայտ հույս ուներ մեզ ապակողմորոշել՝ հենվելով այն փաստի վրա, որ հողերի գործառնական նշանակությունը փոխված չէ՝ շարունակ հեռացնելով մեզ այն մտքից, որ առանց հիմնավորման` առանց հասարակական ու մասնագիտական քննարկումների ու նաև առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) դրական եզրակացություն ունենալու, արդեն ձեռնամուխ են եղել գյուղատնտեսական նաշանակության հողերի կատեգորիայի փոխմանը: Չի հիմնավորվում, թե ինչպե՞ս պետք է կառուցվի մի պոչամբար, եթե ֆաբրիկայի աշխատանքի առանձնահատկություններն ու պոչամբարի կառուցումը մեկ անբողջական պրոցեսի իրար հաջորդող փուլեր են և բնապահպանության նախարարությունը այս 3-ի միաժամանակյա ազդեցությունն է, որ պետք է գնահատի ՇՄԱԳ փաստաթղթով, իսկ հին պոչամբարը դեռ ռեկուլտիվացված չէ:

Ավելացնենք նաև, որ ըստ Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին ՀՀ օրենքի, հանքարդյունաբերությունը արտադրական վտանգավոր օբյեկտ է և հանքավայրի շահագործուման համար ՀՀ կառավարության 711 Ն որոշումով (ընդունված 06 մայիսի 2010 թ.) համալիր փորձաքննություն է պահանջվում:
Մեզ պարզ դարձավ, որ Գյուղապետի համար կարևոր են գյուղական բյուջեի վրա ավելացումները, իբր խոստացված Ախթալայի ԼՀԿ-ի կողմից, սակայն հայտնի չէ, արդյո՞ք այդ խոստումները բավական են, որ գյուղատնտեսաական նշանակության հողերն ընդմիշտ կորչեն պոչամբարների տակ, արդյոք իրականում գնահատված են այն կորուստերն ու ռիսկերը, որոնք կկրի Մեծ Այրում համայնքը իր հարևանությամբ ունենալով թույներով ու ծանր մետաղներով լցված չռեկուլտիվացված պոչամբար: Ի՞նչ երաշխիք կա, որ ԼՀԿ-ն կլուծի համայնքի պրոբլեմները, թե՞ կառաջացնի նորերը՝ վերացնելով գյուղական մշտական աշխատատեղերը, աղտոտելով հողն ու ջուրը:

Քիչ անց պարզ դարձավ, որ վախով մոտեցած գյուղացիները, ովքեր դժգոհ են, որ գյուղի անմիջական հարևանությամբ, այն էլ գյուղատնտեսական հողերի վրա պոչամբարներ կառուցվեն, հնարավորինս դուրս են թողնվում իրազեկումից, չեն կանչվում ժողովներին: Գյուղապետը ինքն է որոշում ում կանչել:

Նահատակի պոչամբարն այսօր սարսափազդու է` պոչերի խողովակը հեռացվել է արգելապատնեշից մոտ 40 մ՝ գերլցված պոչամբարում տեղ խնայելու համար, սակայն պոչերը բաձր ճնշման տակ մոտ 10մ բարձրությունից թափվում են ոչ թե պոչամբար, այլ զարնվում են կիրճի քարքարոտ լանջին, ցրվում ու վերածվում փոշենման մանրագույն կաթիլների, որի մի մասը անշուշտ տարածվում է օդում ու հեռանում դեպի շրջակա միջավայր, դեպի անմիջական հարևանությամբ գտնվող բնակավայրի այգիների ու դաշտերի վրա:

Նահատակի պոչամբարի հարևանությամբ գտնվող Մեծ Այրում գյուղում խմելու ջուրը ձեռքով կամ էշով բերվում է կիրճում գտնվող միակ աղբյուրից, ուր արդեն հասնում են պոչերը, գյուղացիները խիստ անհանգստացած են, բա որ աղբյուրը մնա պոչերի տա՞կ…

Գրետա Գաբրիելյան
Քիմիկոս, անկախ փորձագետ