12,044 view

Ահազանգ Մելիքգյուղից

meliq

12.02.2014
Փետրվարի 11-ին Ապարանի Օրհուս կենտրոնը Արագածոտնի մարզի Մելիքգյուղ համայնքի մի խումբ բնակիչներից ահազանգ ստացավ մարդու բնապահպանական իրավունքի խախտման փաստի վերաբերյալ:
Ահազանգի պատճառը «Մեգո-Գոլդ» ՍՊԸ-ի կողմից փետրվարի 10-ին հրավիրված Թուխմանուկի ոսկու հանքավայրի նոր` 3-րդ պոչամբարի շինարարության նախագծի Երևանում անցկացված հասարակական լսումն էր:
Գյուղի բնակիչները վրդովված էին, որ իրենց չեն տեղեկացրել լսումների մասին, որ իրենց առողջությանն ու բարեկեցությանն անմիջապես առնչվող կարևորագույն այդ հարցի` պոչամբարի նախագծի հասարակական լսումներն անցկացվել են ոչ թե իրենց` ազդակիր համայնքում, այլև նախագծող կազմակերպության երևանյան գրասենյակում:
Հարկ է նշել, որ 2006թ-ից «Մեգո Գոլդ» ընկերությունը իրականացնում է Մելիքգյուղի անմիջական հարևանությամբ գտնվող Թուխմանուկի ոսկու հանքավայրի շահագործում, կառուցվել են հարստացուցիչ ֆաբրիկա, երկու պոչամբար:
2012թ-ին «Մեգո Գոլդ» ընկերության կողմից ՀՀ Բնապահապանության նախարարություն բնապահպանական փորձաքննության ներկայացվել է ոսկու հարստացուցիչ ֆաբրիկայի նոր` 3-րդ պոչամբարի շինարարության աշխատանքային նախագիծ, ինչն առաջ է բերել համայնքի բնակչության անհանգստությունն ու դժգոհությունը, քանի որ հանքավայրի, հարստացուցիչ ֆաբրիկայի և պոչամբարների շահագործումը պատճառ էր դարձել մի շարք բնապահպանական (օդի, խմելու և ոռոգման ջրերի, արոտավայրերի աղտոտում) ու սոցիալական (ընկերությունը ժամանակին չի կատարում աշխատավարձերի վճարման, գյուղում սոցիալական ծրագրերի իրականացման, վարձակալված հողի հարկի վճարման, պոչամբարների ռեկուլտիվացման պարտավորությունները) խնդիրների առաջացման:
2013թ մայիս ամսին ՀՀ Բնապահապանության նախարարությունը շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական բացասական եզրակացություն է տվել «Մեգո Գոլդ» ընկերության կողմից փորձաքննության ներկայացված Թուխմանուկի ոսկու հարստացուցիչ ֆաբրիկայի նոր պոչամբարի աշխատանքային նախագծին: Այս տարի «Մեգո Գոլդ» ընկերությունը կրկին երրորդ պոչամբար կառուցելու հայտ է ներկայացրել, սակայն, օրենքով նախատեսված ընթացակարգը խախտելով, հանրային լսումներն անցկացնում է իրենց համայնքին ու շրջակա միջավայրին առնչվող տեղեկատվություն ստանալու և որոշումների ընդունման գործընթացին լիարժեք մասնակցելու բնակիչների իրավունքը անտեսելով, սահմանափակում նախատեսվող ծրագրի վերաբերյալ տեսակետներ ու կարծիքներ արտահայտելու, դիտողություններ ու առաջարկություններ կատարելու հնարվորությունը:

Նատալյա Մանուկյան

Ապարանի Օրհուս կենտրոնի համակարգող

Հեռ.` /374 252/ 6 23 60, /374 94/ 22 49 26

Էլ.փոստ info_aparan@aarhus.am, aarhusaparan@mail.ru