4,539 view
Համայնքներում հանքարդյունաբերության հետ կապված թունավոր նյութերի ազդեցությունը կարելի է հասցնել նվազագույնի: Ալավերդի

14.04.2015
Ապրիլի 13-ին Ալավերդու Օրհուս կենտրոնի նախաձեռնությամբ, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի (ՀԱՀ) պատասխանատու հանքարդյունաբերական կենտրոնի և Կովկասի բնապահպանական ՀԿ-ների ցանցի (CENN) հետ համագործակցությամբ, տեղի ունեցավ սեմինար «Հանքարդյունաբերության ռիսկերը շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա» թեմայով:Նպատակն էր հանրայնացնել տարածաշրջանում իրականացված հետազոտության արդյունքները՝ համայնքներում հանքարդյունաբերության հետ կապված թունավոր նյութերի ազդեցությունը նվազագույնի հասցնելու ձգտումով:

Ռուզաննա Գրիգորյանը, ով երկար տարիներ աշխատել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Հանրային առողջապահության ֆակուլտետում որպես գիտաշխատող, սեմինարի մասնակիցներին ներկայացրեց Ալավերդի և Ախթալա համայնքների հողի նմուշների հետազոտման արդյունքները՝ համեմատելով դրանք Երևանի Էրեբունի թաղամասի նմուշառումների արդյունքների հետ: Ճիշտ է Էրեբունիում էլ վիճակը բարվոք չէ, սակայն Ալավերդու և Ախթալայի տարածաշրջանում մի շարք ծանր մետաղների քանակությունը հողի վերին շերտերում մի քանի անգամ գերազանցում է թույլատրելի սահմանը, հողի նմուշներում, կապարի քանակությունն, օրինակ, գերազանցում է առավելագույն թույլատրելի սահմանը (400 մգ/կգ):Հետազոտվել է նաև 4-6 տարեկան երեխաների արյան մեջ կապարի մակարդակը, քանի որ դրա ազդեցությունը երեխաների մոտ առավել արագ է արտացոլվում: Արդյունքում Ախթալա և Ալավերդի համայնքներում արյան մեջ կապարի առկայությամբ պայմանավորված առողջական ռիսկերը երեխաների մոտ զգալիորեն բարձր են:

Սեմինարի մասնակիցների կազմը խիստ բազմազան էր՝ Ալավերդի, Ախթալա, Թեղուտ, Ճոճկան, Մեծ Այրում համայնքների ՏԻՄ ներկայացուցիչներ և բնակիչներ, Ավագանու անդամներ, Վորդ Վիժն Հայաստանի Ալավերդու ՏԶԳ-ի, Երիտասարդների ակտիվ խմբերի, ԶԼՄ (Հետք, տեղական Անկյուն գումարած 3 և Արմենիա TV հեռուստատեսություններ), ՀԿ-ների անդամներ, ուսուցիչներ, բարձր դասարանների աշակերտներ, ընդհանուր թվով՝ 45 մասնակից: Հետևապես բանախոսը մանրամասնեց թե՛ նմուշառման մեթոդների, թե՛ լաբորատոր հետազոտության, թե՛ կիրառված գործիքների վերաբերյալ առաջացած բոլոր հարցերը:

Հողերի նմուշառման սխեման ըստ սեկտորների

Հողերի նմուշառման սխեման ըստ սեկտորների

Տվյալները և կիրառված մեթոդները թույլ են տալիս ենթադրել, որ ՍԹՔ-ների գերազանցումները ոչ թե էնդեմիկ են, այլև արտաքին ազդեցությունն են կրում, բայց վիճակը դեռևս դառնալի է: Ռուզաննա Գրիգորյանը ներկայացրեց նաև այն պաշտպանիչ միջոցառումները, որոնց միջոցով կարելի է մեղմացնել առողջության վրա ծանր մետաղներով պայմանավորված ռիսկերը: Օրինակ, քանի որ դրանք փոշու միջոցով են տարածվում, անհրաժեշտ է բնակարաններն առավել հաճախ փոշեզերծել, եթե ընտանիքում կան գործարանում աշխատող և արտահագուստ կրող անդամներ, ապա ուշադիր լինել և առավել հաճախ լվանալ այն և այլն:ՀԱՀ պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը մինչ այս հետազոտության արդյունքների մասին ներկայացրել է բոլոր նախարարություններին, պետական կառույցներին և համայնքներին:

Ալավերդու Օրհուս կենտրոնը, կարևորելով տեղեկատվության հանրայնացումը արձագանքել է հետազոտողների սեմինար-հանդիպում կազմակերպելու պատրաստակամությանը:

ՀԱՀ հետազոտության արդյունքներ

Մասնակիցների ցուցակ

Մարի Չաքրյան
Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու
Էլ. փոստ. aarhusnews@gmail.com