4,109 view
Ահազանգ. Դիլիջանում ծորակներից անորակ ջուր է հոսում

13.04.2015

Dilijan_13_08Վերջին օրերին Դիլիջանում խմելու ջրի ծորակներից պղտոր և տհաճ հոտով ջուր է հոսում: Այս երևույթը նորույթ չէ դիլիջանցիների համար: Նրանք այդ մասին բազմիցս բարձրաձայնել են, սակայն՝ անօգուտ: Հերթական անգամ դիլիջանցիները չեն ցանկանում հանդուրժել նման անբարեխիղճ վերաբերմունքն իրենց և քաղաքի հյուրերի նկատմամբ:

Դիլիջանի հանրության խնդրանքով, Օրհուս կենտրոնը նամակով դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, Ջրային տնտեսության պետական կոմիտեին և «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ ղեկավարությանը:

Նամակում մասնավորապես ասված է, որ խմելու ջրի որակի անկման պարբերական դարձած այս երևույթն ուղղակիորեն ազդում է համայնքի բնակչության, ինչպես նաև հազարավոր զբոսաշրջիկների առողջության վրա, խարխլում է համայնքային անվտանգությունը: Խմելու որակյալ ջուրը ներկա ու ապագա սերունդների առողջության նախապայման համարելով՝ դիլիջանցիները պահանջում են պարտավորեցնել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին, կատարել իր պարտականություններն ըստ արտոնագրի, վերանայել Դիլիջան համայնքի ջրամատակարարման համար գոյացող վարձավճարի չափը, պարտավորեցնել պատասխանատուներին կազմակերպել բնակչության առողջության համապարփակ հետազոտություներ, պարտավորեցնել պատասխանատուներին փոխհատուցում տրամադրել բաժանորդներին պատճառված անհարմարության և վնասների համար:

Մարի Չաքրյան
Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու
Էլ. փոստ. aarhusnews@gmail.com