4,496 view
Օմբուդսմենը մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման դեպքեր է արձանագրել նաև շրջակա միջավայրի ոլորտում

09.04.2015

Լուսանկարը` http://www.ombuds.am/ կայքի

Լուսանկարը` http://www.ombuds.am/ կայքի

2014թ. մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին տարեկան զեկույցում տեղ են գտել նաև շրջակա միջավայրին առնչվող հարցեր:

Բնապահպանության նախարարության իրավասությունների ոլորտում հայտնաբերված խնդիրները և գրանցված ձեռքբերումները բաժնում որպես դրական զարգացում նշվել է այն, որ նախարարությունը ձեռնարկել է համապատասխան իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի մշակումն ու քննարկումը:

Դրական զարգացում է արձանագրվել նաև ՀԷԿ-ի ոլորտում, մասնավորապես 31 ՀԷԿ-ում կատարված ստուգումների արդյունքում շրջակա միջավայրին պատճառված վնասի հատուցումը կազմել է 89.1 մլն դրամ: «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ հետ մեկնարկել է «Աջակցություն ՓՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին՝ գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ ԲՆ երկխոսության միջոցով» ծրագիր: Այսուհանդերձ արձանագրվել է, որ ՀԷԿ-երի ներդրման զարգացմանը զուգահեռ առաջացել են ջրային ռեսուրսների գերօգտագործման, գետային էկոհամակարգերի և բնակչության սոցիալական վիճակի հետ կապված խնդիրներ:

Առկա թերությունների ու խնդիրների ցանկն առավել ընդգրկուն է. մասնավորապես Օմբուդսմենն արձանագրել է, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օերնքում առկա են մի շարք բացթողումներ և թերություններ, որոնք հակասում են Հայաստանի միջազգային պարտավորություններին և խոչընդոտում են շրջակա միջավայրի արդյունավետ պաշտպանությանը: Զեկույցի այս բաժնում նշված է, որ դեռ նախորդ՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի գործողության ընթացքում Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեն իր կայացրած որոշումներում անդրադարձել էր ՀՀ օրենսդրության և պրակտիկայի անհամապատասխանությանը Կոնվենցիային և առաջարկել փոխել օրենսդրությունը՝ համապատասխանեցնելով այն Կոնվենցիայի դրույթներին: Մասնավորապես, Կոմիտեն նշել է, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման գործընթացներն, ինչպես նաև հանրային մասնակցության մեխանիզմները պարզեցման կարիք ունեն, անհրաժեշտ է վերացնել բոլոր տեսակի խոչընդոտները: Սակայն օրենսդրական փոփոխությունների հետևանքով այդ գործընթացն ավելի է բարդացվել, իսկ հանրային մասնակցությունը այդ գործընթացում` հասցվել նվազագույնի: Մանրամասն պարզաբանումներ տալով այս հարցին (Զեկույցի 169-170 էջեր) Օմբուցմենն առաջարկել է «մշակել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի փոփոխություններ և լրացումներ` այն համապատասխանեցնելու Օրհուսի կոնվենցիայի պահանջներին, ինչպես նաև քննարկման դնել օրենսդրական նախագծերի վերաբերյալ բնապահպանների ներկայացրած դիտողությունները»:

Արձանագրված մյուս թերությունը վերաբերում է առանց իրավաչափ հիմնավորման շուրջ 2 տարի «Թեղուտ» ՓԲԸ- ում բնապահպանական տեսչական ստուգումների անցկացման ձգձգմանը, ինչով խախտվել է քաղաքացիների՝ պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը: Այս կապակցությամբ Օմբուդսմենն առաջարկել է. «Ողջամիտ ժամկետներում ապահովել «Թեղուտ» ՓԲԸ-ում օրենքով սահմանված կարգով անհրաժեշտ ստուգումների իրականացումը, ինչպես նաև վերահսկել Թեղուտի հանքավայրի շահագործումը ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան»:

Զեկույցի համաձայն Բնապահպանության նախարարությունն իր իրավասության շրջանակներում չի ձեռնարկել բնապահպանության ոլորտում խախտումների կանխարգելման արդյունավետ միջոցներ, ինչպես նաև չի իրականացրել անհրաժեշտ քանակությամբ բնապահպանական տեսչական ստուգումներ` բացահայտելու և կանխելու հնարավոր խախտումները: Այս հարցով Օմբուդսմենն առաջարկել է. «Բնապահպանական տեսչական ստուգումներն իրականացնել Բնապահպանական պետական տեսչության տարեկան ծրագրին համապատասխան, ներառել ստուգվող օբյեկտների հնարավորինս լայն շրջանակ, ինչպես նաև արդյունավետ միջոցներ ձեռնարկել իրավախախտներին պատասխանատվության ենթարկելու և խախտումների պատճառները բացահայտելու ու կանխարգելելու ուղղությամբ»:

Հաջորդ խնդիրը վերաբերում է մի շարք բողոքների արձանագրմանը, այդ թվում` Թուխմանուկի հանքավայրի պոչամբարի նախագծի և շրջակա միջավայրին առնչվող այլ հարցերի վերաբերյալ որոշումների ընդունման իրավաչափության, հասարակական լսումների ոչ պատշաճ կազմակերպման կապակցությամբ: Առաջարկվել է. «Բացառել հասարակական լսումների կազմակերպման ընթացակարգերի խախտումները` ապահովելու շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության ներկայացված նախագծերին, նախագծային փաստաթղթերի պատշաճ քննարկումը, ազդակիր համայնքի լիարժեք ներգրավումը այդ ընթացակարգին»:

Հաջորդիվ նշվում է Քաջարանում օդի մեջ առկա մեծ քանակությամբ փոշու խնդիրը, ինչը խախտում է բազմաթիվ անձանց՝ իրենց առողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում ապրելու իրավունքը, որի վերաբերյալ առաջարկվել է հնարավոր սեղմ ժամկետներում Քաջարան քաղաքում իրականացնել օդում փոշու թույլատրելի չափերի առկայության մոնիտորինգ և փոշու թույլատրելի սահմանաչափի խախտում հայտնաբերելու դեպքում, անհապաղ ձեռնարկել համապատասխան միջոցներ:

Թերություններ նկատելով նաև ապօրինի անտառահատումների առնչությամբ, զեկույցում առաջարկվում է ձեռնարկել արդյունավետ կանխարգելիչ միջոցներ անօրինական ծառահատումների կանխման նպատակով, ինչպես նաև ուժեղացնել վերահսկողությունը հատկապես հատուկ պահպանվող տարածքներում անտառահատումների դեպքերը բացառելու նպատակով:

Մարի Չաքրյան
Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու