12,582 view

Ահազանգի հետքերով. հանդիպում Մելիքգյուղի բնակիչների հետ

15.02.2014
Փետրվարի 15-ին Արագածոտնի Մելիքգյուղ համայնքում տեղի ունեցավ աննախադեպ բազմամարդ քննարկում գյուղի բնակիչների, գյուղապետարանի աշխատակիցների և բնապահպանական կազմակերպությունների` <<Էկոլոգիական իրավունք >> ՀԿ, Էկոլոգիական հասարակական Դաշինք ի անդամ ՀԿ-ների, Ապարանի Օրհուս կենտրոնի, ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: Հիշեցնեմ, որ օրերս Մելիքգյուղի մի խումբ բնակիչներից բնապահպանական կազմակերպությունները ահազանգ էին ստացել «Մեգո- Գոլդ» ՍՊԸ-ի կողմից փետրվարի 10-ին և ԲՆ-ի կողմից փետրվարի 12-ին հրավիրված Թուխմանուկի ոսկու հանքավայրի նոր` 3-րդ պոչամբարի շինարարության
նախագծի հասարակական լսումների պատճառով: Գյուղի բնակիչները տեղեկացված չեն եղել հասարակական լսումների մասին, դրանք անցկացվել էին ոչ թե իրենց` ազդակիր համայնքում, այլ Երևանում: Ուստի մելիքգյուղցիները զրկվել էին իրենց համայնքին անմիջապես առնչվող կարևորագույն հարցի վերաբերյալ դիրքորոշում, կարծիք հայտնելու և առաջարկութուններ անելու հնարավորությունից ու իրավունքից: Բացի այդ «Մեգո գոլդի» նոր նախագծի հանրային լսումներն անցկացվել էին օրենքով սահմանված ժամկետների խախտմաբ` միանգամից երկու հանրային լսում ընդամենը մեկ օր ընդմիջումով և համապատասխան կառույցներն ու կազմակերպությունները նախագիծը գնահատելու և իրենց դիտողությունները հայտնելու համար ունեին ոչ թե 30 օր, ինչպես նախատեսված է օրենքով, այլ ընդամենը մեկ օր ժամանակ:

Հանդիպման ժամանակ բնակիչները բնապահպաններին հարցեր ուղղեցին իրենց համայնքին առնչվող որոշումների ընդունման գործընթացին մասնակցելու իրենց իրավունքի, հասարակական լսումների անցկացման կարգի, առաջարկությունների ու կարծիքների արձանագրման, ինչպես նաև հանքի, ֆաբրիկայի ու պոչամբարների համայնքի ու բնության վրա բացասական ազդեցության, 18 մլն տոննա ոսկու հաստատված պաշարների շահագործման հավաստիության, հանքի շահագործման բաց և փակ եղանակների, առանց նախկին երկու պոչամբարիների ռեկուլտիվացիայի համայնքապետարանի կողմից հողահատկացման իրավասության և այլ հարցերի վերաբերյալ: Բնակիչները ստորագրահավաք կազմակերպեցին՝ պահանջելով, որպեսզի հանքը շահագործող ընկերությունը պոչամբարի նախագծի շուրջ հասարակական լսումներ կազմակերպի ոչ թե Երևանում, այլ հենց Մելիքգյուղում՝ բնակիչների մասնակցությամբ, որ մարդիկ կարողանան իրենց կարծիքը հայտնել նախագծի վերաբերյալ: Գյուղապետարանի մոտ անցկացվող քննարկման ու ստորագրահավաքի ժամանակ գյուղ եկավ «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի տնօրեն Ա. Պողոսյանը։ Համայնքի վրդովված բնակիչները պոչամբարից արտահոսքերի, փլուզումների, վթարների, ջրերի աղտոտման, հողի բերքատվության անկման, աշխատավարձերի չվճարման և այլ խնդիրների մասին ուղղակի հարցերի տարափ ուղղեցին նրան: Ա. Պողոսյանը հավաստիացրեց, որ հանքավայրի շահագործումը բնապահպանական խնդիրներ չի կարող առաջացնել և որ ընկերությունը կատարելու է ստանձնած պարտավորությունները: Քննարկումը չափազանց բուռն էր, մի շարք հարցերին Ա. Պողոսյանի տված պատասխանները առաջ բերեցին բնակիչների զայրույթը, շատ հարցեր էլ մնացին անպատասխան, անավարտ մնաց նաև քննարկումը, քանի որ վեճ սկսվեց հանքում աշխատողների ու չաշխատողների միջև:

Նատալյա Մանուկյան

Ապարանի Օրհուս կենտրոնի համակարգող

Հեռ.` /374 252/ 6 23 60, /374 94/ 22 49 26

Էլ.փոստ info_aparan@aarhus.am, aarhusaparan@mail.ru