12,234 view

ԱՆՎՏԱՆԳՈւԹՅԱՆ ՊԱՀԱՆՋԱՐԿ

07.04.2015

Բոլորը մեկում

Բոլորը մեկում

Սոցիալիզմի դարաշրջանում ճշգրիտ, տեխնիկական գիտությունների զարգացմանը նպաստող առաջատար գիտահետազոտական ինստիտուտներ կային Հայաստանում, որը հայտնի էր նաև ինժիներների բարձր մակարդակով: Ինչպես ԽՍՀՄ ամբողջ տարածքում, Հայաստանում ևս գիտատեխնիկական զարգացումն ու տեխնոլոգիական առաջընթացը նախ և առաջ բնությանը հաղթելու իմաստով էին օգտագործվում, իսկ անցումը տնտհաշվարկին կատարվեց առանց համապատասխան նախադրյալների՝ վերևից թելադրվող տարերային հրամաններով: Անտեսվեցին դեպի շուկայական հարաբերությունների զարգացում տանող հիմնական օրինաչափություններն ու սկզբունքները: Հետևաբար՝ մինչ օրս արդիական, հրատապ, բայց օդում կախված է մնացել անվտանգության ապահովման պահանջարկը, թեև տնտեսապես ավելի ձեռնտու և հեշտ է կանխել վնասաբեր գործողությունները, քան՝ վերացնել դրանց վնասակար հետևանքները:

Թթու բնություն

Թթու բնություն

Անկախությունից հետո մինչ օրս Հայաստանում պետական ամենաբարձր մակարդակով շարունակվում է <աղքատ երկիր ենք, առողջ ապրելու իրավունք չունենք> քարոզչությունը՝ պետականորեն անտեսելով այն բնական հենքի անվտանգությունը, որի վրա գոյատևում է երկիրը, անտեսելով նաև բնակչության առողջությունը՝ որպես պետության առաջնակարգ հարստություն: Թեև ներկայացվող հոդվածը վերաբերում է նախկին ԽՍՀՄ տնտեսության վտանգավորությանը, բայց ժամանակի հեռվից այն առավել արդիական ու հրատապ է հնչում: Ինչպես նախկինում, այսօր էլ անվտանգության բազմաթիվ պահանջները խախտվում են պետական տարբեր մակարդակներում, կրկնելով նախկին կայսրության սխալները: Սխալներ, որոնց հետևանքով ձևավորվել է էկոլոգիական խախտումներով հարուստ և տեխնիկական վտանգներով հագեցած տնտեսություն, որի սովետական նմանակը վաղուց արդեն քսանհինգամյա հանգուցյալ է: Ահավասիկ՝Կայսրությունը քայլում է սեփական կործանմանն ընդառաջ՝ դեպի 1991 թ.

Ոչ հեռու անցյալում սովետական գիտնական ակադեմիկոս Ն.Մոիսեևը պարզ հաշվարկներով ապացուցեց, որ ԽՍՀՄ տնտեսական զարգացման տենդենցները պահպանելու դեպքում արդեն հաջորդ հարյուրամյակի սկզբում էկոլոգիական իրավիճակի աղետալի վերափոխումների՝ դեգրադացիայի հետևանքով երկրին սպառնում են գենետիկ խեղումները, այնուհետև՝ դանդաղ և տանջալի մահը: Բայց չի բացառվում, որ մեր վերջը կգա ավելի շուտ և հանկարծակի՝ արագահաս ու լայնածավալ տեխնոգեն աղետների պատճառով: Գուցե էկոլոգիական խախտումների դեպքում մարդը հնարավորություն ունենա առողջությունը կորցնել աստիճանաբար, իսկ տեխնոգեն աղետների դեպքում խիստ հավանական է ակնթարթային կործանումը: Համենայն դեպս որոշ էկոլոգիական ու տեխնիկական աղետների հետևանքները համեմատելի/ համարժեք են պատերազմների հետևանքներին, ավերիչ զենքի գործադրմամբ առաջացած կորուստներին: Փորձը ցույց է տալիս՝ բոլոր այն երկրներում, որոնք անտեսում են տեխնոլոգիական առաջընթացի հակվածությունն աղետների հավանականությանը, բացասական հետևանքներ են ստանում որպես արդյունք: Բավական է հիշել ԱՄՆ-ում Թրի Մայլ Այլենդ, Ուկրաինայում Չեռնոբիլի, ԳՖՀ-ում Համմի ատոմային էլեկտրակայանների վթարները, Հնդկաստանում Բհոպալի և Շվեյցարիայում Բազելի քիմիական կոմբինատների վթարները, Տակուայի նավթի պահեստների պայթյունը և հրդեհը՝ Վենեսուելայում, Չելենջերի վթարն ԱՄՆ-ում, խոշոր երկաթգծային աղետներն Արզամասում, Սվերդլովսկում, …. Այս ողբերգական իրադարձությունները տեղի են ունեցել երկրագնդի տարբեր մասերում ու տարբեր ժամանակներում և էկոնոմիկայի գիտա-տեխնիկական զարգացման ու տեխնոլոգիական անկատար առաջընթացի հագեցվածության հետևանք են: Ինչպիսի կատարելագործում էլ որ ապահովվի, ինչպիսի ստուգողական համակարգեր էլ տեղադրվեն, երբեք հնարավոր չէ լիարժեք կանխատեսել հավանական վթարների աղետներն էներգետիկայում, հանք-արդյունահանող և արդյունաբերության այլ ոլորտներում, տրանսպորտում: Այստեղ վթարների աղետների պատճառները բազմատեսակ են, դրանք և բնական և մարդկային գործոններն են (երկրաշարժ ու ցունամի, ջրհեղեղ, նախագծման, տեղադրման թերություններ, կառուցվածքի դեֆեկտ, ….): Ըստ փաստացի տվյալների՝ արտակարգ իրավիճակների 45 %-ը ԱԷԿ-ներում, ավիա-աղետների 60 %-ը, ծովային աղետների 80 %-ը պայմանավորված են մարդկային գործոններով: Ակադեմիկոս Լեգասովի կարծիքով ռիսկի օբյեկտներում վթարների ավելի քան 60 %–ը տեղի է ունենում սպասարկող անձնակազմի անփութության, սխալների և ցածր որակավորման պատճառով: Կառուցվածքային թերություններով կամ տեխնոլոգիական դեֆեկտներով բացատրվող վթարները նույնպես պայմանավորված են մարդկանց՝ նախագծողների, ինժիներների, տեխնոլոգների, բանվորների սխալներով: Վերջին տասնամյակում տեխնոսֆերայի ընդարձակումն առանձին երկրներում առաջ է անցել <մարդկային գործոնի> զարգացումից, բարդ տեխնիկական համակարգեր ստեղծող մարդկանց որակավորումը, պատասխանատվությունը և կարգապահությունը չեն բավարարում անվտանգության ապահովման պահանջները: Այդ մասին է վկայում նաև խոշոր տեխնոլոգիական աղետների վիճակագրությունը դարասկզբից մինչև 1988 թվականը: Այդ աղետների 56 %–ը տեղի ունեցան 1967-88 թ.թ. ընթացքում, այդ թվում՝ 1/3 մասը՝ միայն 80-ական թվերին: Միաժամանակ մեծանում է արդյունաբերական աղետների ավերիչ-կործանիչ ուժը: 1980-88 թ.թ. բաժին է ընկնում 20-րդ դարի արդյունաբերական աղետների ժամանակ զոհվածների 47%-ը և վիրավորվածների ավելի քան 40 %-ը:

1986 թ. ապրիլի 25-ի լույս 26-ի Չեռնոբիլի ԱԷԿ-ում տեղի ունեցած գիշերային իրադարձություններն ԽՍՀՄ-ը դարձրին <դարի տեխնոլոգիական աղետի> համաշխարհային ռեկորդակիր: Միաժամանակ վտանգվեց ԽՍՀՄ գոյությունը ոչ միայն որպես մեծագույն տերություն, այլև՝ մարդկանցով բնակեցված տարածք: Հրապարակայնության գործընթացների ընդլայնումը երկրում նպաստեց Չեռնոբիլի աղետի լուսաբանմանը: Պարզվեց, որ մենք բոլորս ապրում ենք հսկայական ականապատ դաշտում, որը տարածվում է Բրեստից մինչև Կուրիլյան կղզիներ, Կուշկայից մինչև Նոր երկիր: {Պետք է մշտապես հիշել, որ համարյա նույն ժամանակ Հայաստանում <հաջողությամբ> խուսափեցինք չեռնոբիլյան աղետի կրկնությունից` Կոլսկի թերակղզուց օգնության հասած մասնագետները կարողացան վնասազերծել հայկական ԱԷԿ-ում ստեղծված արտակարգ իրավիճակը:} Բացի դրանից տարբեր ժամանակներում երկրի 15 ձեռնարկություններում տեղի ունեցան տեխնոլոգիական վթարներ, որոնք ըստ միջազգային չափանիշերի բնութագրվեցին որպես Դարի Աղետներ: 1970-88 թ.թ. գրանցվել են ավելի քան 150 ծանր վթարներ, որոնցից յուրաքնաչյուրը շղթայական ազդեցությամբ կարող էր աղետալի հետևանքի վերաճել: ԽՍՀՄ նախարարների խորհրդի արտակարգ իրավիճակների պետական հանձնաժողովի տվյալների համաձայն՝
• 1988 թ. երկրի տնտեսությունում 790 խոշոր վթարներ տեղի ունեցան:
• Տարեկան երկրում արձանագրվում են խմբակային տրավմատիզմի մոտ միլիոն դեպքեր:
• Դժբախտ դեպքերից, թունավորումներից և տրավմաներից տարեկան զոհվում են 250-260 հազար մարդ:
Պաշտոնական մակարդակով ընդունվեց, որ տրանսպորտային և արտադրական վթարայնությամբ ԽՍՀՄ առաջ է անցել աշխարհի շատ երկրներից: 1989 թ. հուլիսի 2-ին Советская Россия թերթում ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահի տեղակալ Վ.Խ.Դոգուժիևը գրել է. – արտակարգ իրավիճակների հայրենական ցուցանիշերն արտասահմանյան տվյալների հետ համեմատելով՝ հպարտանալու պատճառներ չենք հայտնաբերի: Օրինակ՝ մեր լեռնահանքային ոլորտում տրավմաները յոթ անգամ ավելի շատ են, քան՝ այլ երկրներում: Աստիճանաբար ձևավորվեց ընդհանուր պատկեր, որով պարզվեցին էկոնոմիկայի այն ոլորտները, որոնք ավելի են հակված տեխնոլոգիական աղետներին և, հատկապեսՙ մեծ են մարդկային ու տնտեսական կորուստները: Դրանցից է հատկապես՝ երկաթուղային տրանսպորտը: 1988 թ. Արզամասի և Սվերդլովսկի երկաթուղային խոշոր վթարները ցնցեցին ամբողջ երկիրը: Զոհվեցին ավելի քան 100 մարդ, 300-ը հոսպիտալացվեցին, բժշկական օգնություն ցուցաբերվեց հարյուրավոր մարդկանց: Միայն Արզամասի վթարն ավելի քան 100 մլն.ռուբլու վնաս պատճառեց; Մարդկանց առողջության և կյանքի համար վտանգավոր են նաև քիմիական արդյունաբերության ձեռնարկությունները: 1989 թ. մարտին տեխնոլոգիական վթար տեղի ունեցավ Լիտվայի Իոնավա քաղաքի <Ազոտ> արտադրական միավորումում՝ որոտաց հեղուկ ամյակի պահեստարանի պայթյունը: Հազարավոր տոննա թունավոր նյութը հայտնվելով օդում՝ մինչ 80 մ բարձրության վրա 10 կմ2 ամպ առաջացրեց: Դա արդեն երրորդ վթարն էր այդ ձեռնարկությունում, նախկին վթարներն անցան առանց զոհերի; Իսկ երրորդ վթարն ութ մարդու կյանք տարավ, տասնյակ մարդիկ հոսպիտալացվեցին, 40 հազար մարդ տարհանվեցին դեպի անվտանգ գոտիներ: Վնասներն ավելի շատ կլինեին, եթե քամին դեպի քաղաք փչեր: Հաճախակի են նաև նավթի, գազի, նավթամթերքի տեղափոխման խողովակների վթարները: Միայն Ռուսաստանում տեղի ունեցան ավելի քան 300 վթարներ, որոնց պատճառով տուժեցին 200 մարդ, զոհվեցին 85 մարդ: 1989 թ. հունիսի 3-4-ին Ուֆայի տակ որոտաց Արևմտյան Սիբիր-Ուրալ-Պովոլժիե մթերատար խողովակաշարը: Պայթյունի էպիկենտրոնում հայտնվեցին երկու մարդատար գնացք: Դժոխային կրակներում ողջ-ողջ այրվեցին հարյուրավոր մարդիկ: Միայն այդ աղետից հետո հայտնի դարձավ, որ խողովակաշարն անցյալում էլ աղետալի նշաններ է ցույց տվել, բայց դրանք մնացել են առանց ուշադրության: Խողովակաշարային տրանսպորտում տեղի ունեցած վթարները և արտակարգ իրավիճակները պարզորոշ ցույց տվեցին, որ նույնիսկ առանձին տեխնոլոգիական աղետները կարող են մասամբ կամ լիովին տնտեսական կաթվածի հասցնել ամբողջ երկրին: Ուֆայի աղետից հետո շարքից դուրս եկավ Արևմտյան Սիբիրից օրական 13,5 հազար տոննա հեղուկ գազ տեղափոխող մայրուղին՝17 հազ.տ/օր հզորությամբ: Տարբեր աստիճանի վնասներ կրեցին նավթաքիմիական համակարգի 641 ձեռնարկություններ՝ մի քանիսը նույնիսկ կանգ առան, մյուսներն աշխատեցին կես հզորությամբ: Միայն 1989 թ. երրորդ եռամսյակում հեղուկ գազի մատակարարումն արդյունաբերությանը կրճատվեց 25 %–ով, բնակչությանը՝ 6 %-ով, իսկ արտահանումը կրճատվեց 60 %: Դժվար է պատկերացնել, թե ինչ տեղի կունենա սովետական ահռելի երկրի էկոնոմիկայի հետ, եթե միաժամանակ մի քանի մայրուղիներ կտրվեն:

Երկար ժամանակ մեզ սովորեցրել են ուրախանալ նրանով, որ հնգամյակից հնգամյակ սեփական երկրի արտադրողական ուժերն ենք խթանել՝ ամրացնելով կոմունիզմի նյութատեխնիկական բազան: Էկոնոմիկայում կապիտալ ներդրումների զանգվածով վաղուց արդեն ԽՍՀՄ-ը <առաջ է անցել ամբողջ երկրագնդից>: Արդյունքում առկա է հիմնական արտադրական ֆոնդերի ներշնչող գերաճ. – միայն 1970-88 թ.թ. համադրելի գներով դրանք 531 մլրդ.ռուբլուց աճեցին 1808 մլրդ.ռուբլի, այդ թվում՝
• Արդյունաբերությունում – 255-ից մինչև 883 մլրդ.ռուբլի,
• Գյուղատնտեսությունում – 106-ից մինչև 354 մլրդ.ռուբլի,
• Տրանսպորտ և կապ – 117-ից մինչև 378 մլրդ.ռուբլի:
Միայն թե այդ թվերը ոչ մեկին չեն ուրախացնում թեկուզ հենց այն պատճառով, որ <երջանկության ավտոմատ աճ> տեղի չի ունենում: Տնտեսության էքստենսիվ, ծախսատար աճը տանում է դեպի տեխնոսֆերայի անվերահսկելի հիպերտրոֆ ընդարձակման, որն իր հերթին հղի է <դժբախտության ավտոմատ աճով>: Սահմանափակ տարածքներում տեղի է ունենում էներգետիկ հզորությունների, տոքսիկ նյութերի, բարձր ջերմության ու ճնշման, տարատեսակ ճառագայթման, վիբրացիայի, աղմուկի կուտակում ու խտացում, որոնք տեխնոլոգիական աղետների գործոնններն են: Հատկանշական է, որ էկոնոմիկայում հիմնական արտադրական ֆոնդերի տպավորիչ աճը տեղի է ունենում բարոյական և ավելի վտանգավոր ֆիզիկական ծերացման առաջընթացի ֆոնին: ԽՍՀՄ վիճակագրության պետական կոմիտեի տվյալներով 1970 թ. 26 %–ից հիմնական ֆոնդերի մաշվածությունը 1988 թ. հասել է մինչև 46 %-ի: Հիմնական ֆոնդերի ֆիզիկական դրությունը վատացնող գործոններից է համարվում շինարար-մոնտաժային աշխատանքների ցածր որակը և մեքենա-սարքավորումների ցածր հուսալիությունը: Հաճախակի են դեպքերը, երբ 1, 2 տարվա թողարկումից հետո ձեռնարկությունը սկսում է հնանալ ու <անպետքանալ>, նույնիսկ ամբողջությամբ կանգ է առնում՝ բազմաթիվ թերությունների պատճառով: Դրությունը հաճախ ավելի բարդանում է արտադրական հզորությունները ծայրահեղ ուժասպառման ռեժիմով օգտագործելու՝ վերևի հրահանգներով, սպասարկող անձնակազմի ցածր՝ տեխնիկա-ջարդող <որակավորումով>, պահեստամասերի, ֆինանսների, վերանորոգման միջոցների բացակայության պատճառներով: Նավթաքիմիայում սարքավորման համարյա 1/3-ը 100 % մաշվածություն ունեն, ավտոմոբիլային արտադրությունում այդ ցուցանիշը 20 % է, քիմիական մեքենաշինությունում և սարքաշինությունում այն կազմում է 15 %: Այսպիսով հիմնական ֆոնդերի զգալի մասը շարունակում է գործել մեր տնտեսությունում՝ լինելով ինքնամաշված, Կ.Մարքսի խոսքերով <ինչպես բնության ձրի ուժ>: Բայց այդ ձրին անընդհատ ջարդվելու, պայթելու, քայքայվելու <բնական> հակումներ ունի:

Չնայած արդյունաբերական շինարարությունը սահմանափակելու, սառեցնելու կուսակցական ու կառավարական բազմաթիվ որոշումներին ու երդումներին՝ 1985 թ. ապրիլից գերատեսչությունների ներդրումային նվաճումները շարունակվեցին կրկնապատիկ էներգիայով: Անհավատալի ակտիվ են հատկապես վառելիքա-էներգետիկ համալիրի գերատեսչությունները: Պլանավորվեց 93 խոշոր ՀԷԿ-երի կառուցում՝ հարթավայրային գետերի վրա: Ծավալվեց ատոմային էներգետիկ ռեակտորների մոնտաժը՝ 30 շինարարական հրապարակներում: Նավթաքիմիայի գերատեսչությունները հետ չմնացին: Առաջին հերթ մղվեցին Տյումենի, Գուրևի մարզերի նավթագազաքիմիական համալիրների նախագծերը, Աստրախանի գազակոնդենսացիոն համալիրի երկրորդ և հաջորդող հերթերի, Մերձ-Ամուրի քիմիական գործարանների, Կալուշում պոլիվինիլքլորիդի արտադրության նախագծերը: Պլանավորվեցին նավթատար ու գազատար խողովակաշարերի հազարավոր կիլոմետրեր: Սակայն բազմաթիվ էներգետիկ, արդյունաբերական և տրանսպորտային օբյեկտներ սկսում են կառուցել առանց նախագծերի սոցիալ-տնտեսական, էկոլոգիական լուրջ հիմնավորումների: Նախագծերի նույնիսկ նախնական ուսումնասիրությունը ցույց է տալիս այդ ձեռնարկումների կասկածելի բնույթը սոցիալ-տնտեսական հանապազօր պահանջների տեսանկյունից: Գործնականում ամբողջովին անտեսվում են ապագա ձեռնարկությունների հնարավոր էկոլոգիական հետևանքները, ակնհայտ են տեխնոլոգիական անվտանգության չափանիշերի ապահովման միջոցների անբավարարությունը, տեղաբաշխման ու տեղադրման խնդիրների անմտածված՝ չհիմնավորված բնույթը: Ատոմային էներգետիկայի ոլորտի նախագծերը դիտարկելով, պարզվում է, որ դրանք բոլորը հիմնված են կասկածելի հուսալիության ռեակտորների վրա: Նախագծերում չեն նախատեսվել ռադիոակտիվ թափոնների վնասազերծման և ԱԷԿ կազմաքանդման խնդիրների գործնական լուծումները: Հավուր պատշաճի ողջամտորեն չեն մշակվել միջուկային էներգետիկ օբյեկտների անվտանգ շահագործման հարցերը, մշտական էկո-մոնիթորինգի, հուսալի բժշկական օգնության կազմակերպումը՝ տարաբնույթ արտակարգ իրավիճակների առաջացման դեպքերում:
Հույժ ցանկալի և հրատապ է անդրադարձը միջուկային էներգետիկ օբյեկտների տեղադրմանը: Այն տպավորությունն է, որ կարծես թե միջուկային գերատեսչությունները հատուկ նպատակադրվել են <ականապատել> երկրի կենսական կարևոր շրջանները: Գործող ու կառուցվող ԱԷԿ-ները տեղադրված են խոշոր քաղաքների մոտակայքում, գետերի ակունքներին, որոնց գերակշիռ մասը գտնվում է Վոլգայի ավազանում: Եղած տվյալները ցույց են տալիս, որ ԱԷԿ-ները հազվադեպ բացառություններով տեղադրված են տեկտոնիկ ճեղքերի անմիջական հարևանությամբ, տեկտոնիկ բլոկների եզրերին, հատկապես՝ հարավ-ուկրաինական, Զապորոժիեի, բելոռուսական, Կոստրոմայի, Կալինինի, հարավ-ուրալյան, հարավ-կովկասյան, Վորոնեժի ջերմամատակարարման ատոմակայանները: Տագնապ են հարուցում Գորկիում, Արխանգելսկում, Վորոնեժում կառուցվող ջերմամատակարարման խիստ թանկ ատոմականները, որոնք գտնվում են քաղաքների անմիջական հարևանությամբ: Գորկու ԱԷԿ-ի վթարի դեպքում աղետի 30 կմ-ոց գոտում է հայտնվում ամբողջ արդյունաբերական քաղաքը, որն իրականում կործանարար հարված կլինի ԽՍՀՄ ամբողջ տնտեսության համար: Իսկ Վորոնեժի ԱԷԿ-ի աղետի դեպքում արդյունաբերական ձեռնարկություններից բացի երկիրը կզրկվի նաև կենսատու սևահողերից: Մի շարք դեպքերում անտեսվում է ՋԷԿ-երի կամ քիմիական արտադրությունների մոտակայքում ԱԷԿ-ներ կառուցելու արգելքը: Իսկ ինչու զարմանալ ? Պարզվում է, որ միջուկային էներգետիկ օբյեկտների կառույցն ու սարքավորումը հնարավոր է ոչ միայն առանց սոցիալ-տնտեսական, էկոլոգիական փորձաքննության, այլև՝ առանց հաստատված նախագծերի: Թաթարական ԱԷԿ-ի սարքավորման վրա ծախսվել է ավելի քան կես միլիարդ ռուբլի, իսկ հաստատված նախագիծ չկա: Դրա հետ միասին նորանոր վտանգներ են ի հայտ գալիս, որոնք մտահոգվելու տեղիք են տալիս. – ապագա ԱԷԿ-ի հրապարակը հատվում է ակտիվ տեկտոնիկ ճեղքվածքով, իսկ ոչ հեռու անցյալում սեյսմիկ բարվոք նկարագրով երկրամասում 6 բալանոց երկրաշարժ գրանցվեց: Գիտնականներն ու մասնագետները համարում են, որ աղետի դեպքում միջուկային պատանդների դերում կարող է հայտնվել Թաթարիայի խիտ բնակեցված արդյունաբերական շրջանը, որտեղ գտնվում են երկու հսկա ավտոգործարան, մեծ քիմիայի ութսուն ձեռնարկություն, Նիժնեկամսկի ՀԷԿ-ը: Հետաքրքիր է, որ ԱԷԿ-ի շինարարությունը սկսելուց առաջ քննարկվեց տեղաբաշխման 26 տարբերակ, բայց արդյունքում ընտրվեց համարյա ամենավտանգավոր տարբերակը՝ Բելյաչկա նախկին գյուղի տեղում: ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի գերատեսչական հանձնաժողովի, մասնագետների լուրջ առարկություններն անտեսելով, ԱԷԿ-ի շինարարությունը շարունակվում է նույն տեմպերով: Իսկ առհասարակ հարկավոր է արդյոք թաթարական ԱԷԿ-ը և մի նոր Չեռնոբիլ չի դառնա արդյոք ? ?

Կարծես թե բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ մոտ ապագայում տեխնոլոգիական աղետների քանակի մեծացումը և լայն ընդգրկումը հիմնավոր ռիսկեր են: Դա պայմանվորված է էկոնոմիկայի հապճեպ անցումով ձեռնարկությունների տնտհաշվարկին, շուկայական հարաբերություններին: Շատ հնարավոր է, որ ծանր արդյունաբերությունը, տրանսպորտը և մի քանի այլ ճյուղեր, որոնք ֆոնդերի դանդաղ շրջանառությամբ, ցածր շահութաբերությամբ և վնասակարությամբ են բնութագրվում, կզրկվեն նյութական, մարդկային, ֆինանսական ռեսուրսներից, որոնք կձգտեն դեպի շահութաբեր՝ առևտրի ոլորտներ: Ծանր արդյունաբերությունը, տրանսպորտը և կապիտալ ներդրումներ կլանող ու էներգատար այլ ճյուղեր ենթակա են առանց ռեսուրսների, առանց որակյալ մասնագետների մնալու ռիսկին, իսկ դա նշանակում է վթարների աղետների ամենամյա պլանային <գերակատարումներ>: Այդ առթիվ ԽՍՀՄ Պետական Լեռնային Տեխնիկական Հսկողության քիմիական, նավթաքիմիական և նավթավերամշակման արդյունաբերության հսկողության վարչության գլխ.ինժիներ Մ.Բեսչաստնովը գրում է. – Քիմիական ոլորտում աշխատողների հիմնական մասը ժամանակակից տեխնիկայի սպասարկմանը չբավարարող ցածր գիտելիքով մարդիկ են (Պրավդա, 15.11.1989 թ.): Քիմիական և այլ ռիսկային ոլորտների կադրային ապահովվածությունը վաղը կարող է ավելի վատանալ: Շահույթի մեծացման համար ձեռնարկությունները կձգտեն ամեն կերպ տնտեսել՝ կապիտալ և շահագործման, ընթացիկ վերանորոգման ծախսերի, աշխատավարձի հաշվին, լրացուցիչ ռիսկեր ստեղծելով մարդկանց առողջության և կյանքի համար: Արդեն նախագծման փուլում սկսվում են անթույլատրելի նահանջները ստանդարտներից: Իոնավայի Ազոտ ձեռնարկության վթարից հետո կատարված փորձաքննությունը ցույց տվեց, որ ռեզերվուարի տանող/կրող սալիկն ուներ ընդամենը 400 մմ երկաթ-բետոնի հաստություն՝ նվազագույն 700 մմ-ի փոխարեն: Եզրակացություն – եթե այդ ստանդարտի խախտումը չլիներ, աղետը տեղի չէր ունենա կամ կլիներ նվազ կորստաբեր վթար:

Մեր հանրությունը ցավոք չափազանց դանդաղ է գիտակցում, որ 20-րդ դարի վերջում երկրին սպառնում են ոչ այնքան ամերիկյան իմիջներն ու թրայդենթները, որքան սեփական ականները՝ ԱԷԿ-ները, քիմիական գործարանները, խողովակաշարերը, նաև այլ տեխնոլոգիական ու էկոլոգիական աղետների բարձր ռիսկի օբյեկտները: Հարց է առաջանում – ինչու ջանքեր գործադրել զինաթափման համար ? եթե աշխարհի ցանկացած երկիր, նույնիսկ՝ ԽՍՀՄ ոչնչացումը ցանկացող մի խումբ մարդիկ ի վիճակի են իրագործել իրենց պլանները՝ առանց պատերազմ հայտարարելու, նույնիսկ՝ առանց որևէ տեսանելի թշնամական քայլեր ձեռնարկելու: Բավական է ԱԷԿ-ների, արդյունաբերական օբյեկտների, ենթակառուցվածքների լավ պլանավորված վթարների իրագործումը, որ մենք առհասարակ դադարենք գոյություն ունենալ: Պետության ճշմարիտ անվտանգության ապահովումն անհնար է առանց հաշվի առնելու վերը նշված հանգամանքը: Վերջապես ժամանակն է դադարեցնել <քաղաքացիական> զենքի զինանոցների խթանումը, սեփական երկրի, ժողովրդի նպատակաուղղված կործանումը: Առաջնահերթ հարկ է ռիսկային օբյեկտների նոր շինարարության մորատորիում (գոնե մոտակա մի քանի տարին), որի համար առաջարկվում է նաև կոմպրոմիսային տարբերակ – նման օբյեկտների շինարարությունը սկսել միայն հանրաքվեներից հետո՝ հանրությանն իրազեկելով նախագծերի բոլոր լավ ու վատ կողմերի մասին: Բոլոր դեպքերում նախագծերը սոցիալ-տնտեսական, տեխնոլոգիական, էկոլոգիական փորձաքննությունների ենթակա են՝ իրազեկ և անկողմնակալ փորձագետների ներգրավմամբ: Հարկ է, որ բարձր ռիսկի օբյեկտների նախագծերի էկոլոգիական, տեխնոլոգիակական փորձաքննությունների եզրակացությունները հաստատվեն համապատասխան հանրային քննարկումների արդյունքում: Իսկ էկոնոմիկայում արդեն գոյություն ունեցող արդյունաբերական հզորությունների գերակշիռ մասն անհապաղ կատարելագործման, վերազինման կարիք են զգում՝ ստուգիչ սարքերի, տեխնոլոգիական գործընթացների ղեկավարման ավտոմատ համակարգերի ներդրմամբ: Այդ նպատակով պահանջվող տասնյակ միլիարդավոր ռուբլիները կարելի է ձեռք բերել՝ ռիսկի նոր օբյեկտների շինարարությունը կրճատելու հաշվին: Գոյությունը պահպանելու որևէ շանս ունենալու համար հարկ է ներդրումային քաղաքականությունն անհապաղ ու շեշտակի շրջել դեպի անվտանգություն: Շատ է քննադատվել ԽՍՀՄ էկոնոմիկայի հանքային ուղղվածությունը, որը սնանկացնում է երկիրը՝ վերածելով համաշխարհային էկոնոմիկայի հումքի մատակարարի: Երկրագնդի բնակչության 5,7%-ով ԽՍՀՄ-ը թողարկում է համաշխարհային շուկայի էլեկտրաէներգիայի 16%-ը, պողպատի 22 %-ը, նավթի 27 %-ը, բնական գազի 42 %-ը: 1988 թ. միայն վառելիքաէներգետիկ համալիրի զարգացման համար տրամադրվել է բոլոր արդյունաբերական կապիտալ ներդրումների 20 %-ը: Միաժամանակ՝ նույնիսկ արևմտյան չափանիշերով՝ վառելիքա-էներգետիկ բոլոր ոլորտները և արտադրությունները մեծ վտանգ են շրջակա միջավայրի համար և բնութագրվում են տեխնոլոգիական աղետների էկոլոգիական հետևանքների բարձր ռիսկերով: Ցավոք, տնտեսական ու քաղաքական ներկա պատկերացումները ձևավորվել են ավելի <հողեղեն> հաշվարկներով՝ անտեսելով անվտանգությունը, որն էլ հանգեցրել է հումքային, վառելիքաէներգետիկ համալիրների իրական գերածախսերին ու կեղծ հաղթարշավին:

Ակնհայտ փաստ է, որ անհապաղ ու շեշտակի շրջադարձը դեպի անվտանգություն՝ տեղի չունեցավ և կայսրությունը դադարեց գոյություն ունենալ: Տարբերություն կա՞ սեփական կործանմանը հասած այս քսանհինգամյա հանգուցյալ տնտեսության և ՀՀ այսօրվա տնտեսության միջև ? Միակ տարբերությունը հետևյալն է. – Աղետների վատագույն դեպքերում ռուսները կարող են մասամբ գոյատևել իրենց երկրի ներսում՝ Սիբիրից մինչև Կամչատկա: Մենք՝ հայերս երկրի ներս չունենք, մեր երկիրը սահմանամերձ է բոլոր կողմերից և մեր ամենավերջին՝ սահմանային հենարանն է:
Եթե անցյալն է մեզնից վրեժխնդիր լինում, մենք ում ենք սպառնում և ինչու ?

Սրբուհի Հարությունյան
Էկո-փորձաքննության խորհրդատու
2015 թ. ապրիլի 5.

Սկզբնաղբյուրներ
Նախկին ԽՍՀՄ Наука и техника, Бюллетень техники безопасности, Химия и жизнь, Советская Россия, Правда պարբերականների 1986-1991 թ.թ հրատարակություններ: