3,897 view
ԵՊՀ Էկոլրագրողները Օրհուս կենտրոնում

07.04.2015
Աշխատանքային ժամը բնապահպանության նախարարությունում վաղուց ավարտվել էր, իսկ Երևանի Օրհուս կենտրում դեռ աշխուժություն էր. կենտրոն էին հյուրընկալվել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի էկոլոգիական լրագրության դասընթացի ուսանողները: Հանդիպումը նախաձեռնել էր ԵՊՀ դասախոս Արփի Հարությունյանը:

Կենտրոնի աշխատակից Սիլվա Այվազյանի ջերմ ընդունելությունից և կլոր սեղանի շուրջ ուսանողների տեղավորվելուց հետո սկսվեց ծանոթությունը կառույցի ու դրա գործունեության հետ:

Հայաստանում առաջին Օրհուս կենտրոնը բացվել է 2002թ.՝ ՀՀ բնապահպանության նախարարության և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն: Այժմ Օրհուս կենտրոններ կան Հայաստանի գրեթե բոլոր մարզերում, բացի Արմավիրից: Չկա նաև ԼՂՀ ում, որքան էլ որ կա դրա անհրաժեշտությունը: Թե ինչու չկան կենտրոններ վերոնշյալ տարածքներում, տիկին Այվազյանը պարզաբանեց, որ խնդիրը քաղաքական ու ֆինանսական է:

Այս կենտրոնների դերը բնապահպանական խնդիրներին անդրադառնալն է, ինֆորմացիոն հասանելիություն ապահովելը և հասարակության ուշադրությունը հրավիրելը ոլորտի խնդիրներին: Կենտրոնները կազմակերպում են նաև քննարկումներ և ապահովում շահագրգիռ զանգվածների մասնակցությունը որոշումների ընդունմանը: Հարցումներ են ուղղում պատկան մարմիններին՝ հասարակությանը մտահոգող խնդիրների շուրջ: Կառույցի գործունեությունը հրապարակային է և հասանելի ոլորտով հետաքրքրվողներին: Այս հանդիպումն էլ յուրօրինակ քննարկում էր ուսանողներին հուզող հարցերի շուրջ: Ակտիվ հարցուպատասխանի արդյունքում ուսանողների մոտ ձևավորվեց ամբողջական պատկերացում կենտրոնի գործառույթների մասին: «Առաջին բանը, որ իմացա, կենտրոնի անունն է, այն, որ մեզ մոտ կա նման կառույց: Իմացա նաև, որ շրջակա միջավայրին առնչվող նյութեր գրելու համար կարող եմ դիմել և ստանալ աջակցություն, ինչը ինձ հիմա անհրաժեշտ է»,- ասաց խմբի ուսանող Արաքս Առաքելյանը:

Հանդիպմանը հրավիրված էր նաև ՀՀ բնապահպանության նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժնի պետը, ով ջերմ զրույց ունեցավ ուսանողների հետ և պատրաստակամություն հայտնեց շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման հարցում, ինչպես նաև առաջարկեց նրանց մասնակցությունը ոլորտին առնչվող խնդիրների լուծման գործընթացին:

Երևանի Օրհուս կենտրոնի համակարգողը նույնպես առաջարկեց իր աջակցությունը ԵՊՀ ուսանողներին էկոխնդիրները լուսաբանելու և տեղեկատվություն հավաքագրելու հարցում: Հանդիպմանը ուսանողներին բաժանեցին գրքեր ոլորտում կատարված ուսումնասիրությունների մասին, որոնք նույնպես կօգնեն սկսնակ լրագրողներին ոլորտի գրագետ ու դիպուկ լուսաբանման համար:

Ազատուհի Խաչատրյան
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի