3,869 view
Օրհուս կենտրոնների գործողություններն ուղղված կլինեն պետական մարմինների և ՔՀԿ-ների Օրհուսի կոնվենցիայի իրականացման կարողությունների ամրապնդմանը
02.04.2015
ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ «Բլեջան» ՀԿ կողմից մեկնարկել է «Աջակցել կառավարությանը և քաղաքացիական հասարակությանը բնապահպանական խնդիրները լուծելու գործում` ամրապնդելով պետական մարմինների և ՔՀԿ-ների Օրհուսի կոնվենցիայի իրականացման կարողությունները» ծրագիրը:
Մարտի 31-ին Երևանի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ ծրագրի մեկնարկային հանդիպումը ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ներկայացուցիչների և Հայաստանի Օրհուս կենտրոննեի համակարգողների մասնակցությամբ:

Հանդիպման մասնակիցներին ողջունեց ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի Տնտեսական ու բնապահպանական հարցերով պատասխանատու Օլիվեր Մակքոյը` կարևորելով այս տարիների ընթացքում ԵԱՀԿ դերը Օրհուս կենտրոնների կայացման գործում: Նշեց, որ այս ընթացքում փոփոխություններ են տեղի ունեցել ժողովրդավարության զարգացման, օրենսդրության, շրջակա միջավայրի նկատմամբ մոտեցումների, քաղաքացիական հասարակության զարգացման առումով, հետևապես Օրհուս կենտրոններն էլ, որպես համայնքային անվտանգության ապահովման նպատակով ստեղծված կառույցներ, կառուցվածքային և ռազմավարական փոփոխությունների կարիք ունեն:

Օլիվեր Մակքոյը կարևորեց կենտրոններրի անկախությունը` նշելով, որ այս տարի կենտրոնները մասնագիտական աջակցություն կունենան մշակելու ուղեցույցներ ապագայի համար: ԵԱՀԿ հրավերով միջազգային փորձագիտական խումբը կգնահատի կենտրոնների աշխատանքը, թե ինչքանով են դրանք նպաստում Հայաստանում ժողովրդավարության զարգացմանն ու թե ինչ անելիքներ կան դեռ գտնելու դրանց դերը ՏԻՄ-երի գործունեության շրջանակում: Բանախոսը կարևորեց ՏԻՄ-երի թափանցիկության ու հաշվետվողականության հարցերը` կենտրոնները դիտարկելով ոչ թե որպես արձագանքող, այլև լուծումներ առաջարկող կառույցներ:

Գյումրու Օրհուս կենտրոնի համակարգող Գևորգ Պետրոսյանը նշեց, որ մեր երկրում ՏԻՄ համակարգը ճիշտ է օրենքով անկախ է, բայց իրականում զգալի է միակենտրոն կառավարման համակարգի ազդեցությունը:
Հետևապես այդ համակարգում այնպիսի լուծումների առաջարկումը, որոնք միանշանակ ընդունելի կլինեն, այնքան էլ դյուրին չէ: Այս պնդումը նա հիմնավորեց ՏԻՄ-երի նկատմամբ այն պետական վերահսկողության կայացած համակարգի բացակայությամբ, որը հետևողական կլներ ՏԻՄ-երի բյուջեների կատարողականների վերաբերյալ մինչ օրս բացահայտված բազմապիսի խախտումների շտկմանը և պատժի մեխանիզմներ կկիրառեր սխալ ծախսերի կամ կառավարման արմատացած թերությունների համար:

ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի Տնտեսական ու բնապահպանական հարցերով պատասխանատու Օլիվեր Մակքոյն ակնկալում է կենտրոններին տեսնել պրոակտիվ, ինքնակազմակերպված, որոնք կկարողանան ինքնուրույն գտնել ֆինանսական միջոցներ իրենց պահպանման համար: Եղեգնաձորի Օրհուս կենտրոնի համակարգող Նարեկ Բեգլարյանը, կարևորելով կենտրոնների ռազմավարության վերանայումը, առաջ քաշեց դրանց կարգավիճակի հարցը, այդ առումով կարևորելով միջազգային փորձագետների խորհրդատվությունը: Այլ ելույթ ունեցողներ ևս նշեցին, որ կենտրոնների հետագա զարգացման հարցերն ՕԿ-ների համակարգողների վրա թողնելն այնքան էլ տրամաբանական չէ, քանզի ի սկզբանե կենտրոններն ստեղծվել են պետական լիազոր մարմինների անմիջական մասնակցությամբ, որոնք պետք է ակտիվ ներգրավված լինեն նաև առկա խնդիրների լուծման գործընթացքում:

Քննարկվեցին ծրագրի իրականացման ընթացքին վերաբերող աշխատանքային մի շարք հարցեր: Ծրագրի ղեկավար Լիաննա Ասոյանը ներայացրեց ծրագրի նպատակը, այն է՝ նպաստել շրջակա միջավայրի լավ կառավարմանն ու համայնքային անվտանգության ապահովմանը՝ Հայաստանի Օրհուս կենտրոնների միջոցով շահագրգիռ կողմերի ներգրավմամբ տեղական և ազգային մակարդակներում աջակցելու տեղեկատվության տարածմանը, որոշոմների կայացմանը հանրության մասնակցությանը և արդարադատության մատչելիությանը շրջակա միջավայրին վերաբերող հարցերում: Որպես այս տարվա սկզբունք նշեց անհատի կարևորումը, քանի որ փոփոխություն բերողը հենց անհատներն են և նրանց համար կենտրոնները պետք է լինեն ուղղորդող քամի ՝ տրամադրելով մատչելի և ճիտ տեղեկատվություն, բարենպաստ պայմաններ ստեղծելով հավատալու, որ նույնիսկ մեկի մասնակցությունը կարող է շատ բան փոխել:

Ծրագրի արդյունքներին հասնելու ճանապարհը հստակ ուրվագծված է ժամանակացույցով սահմանված գործողություններով և աշխատանքի հստակ բաժանմամբ: Տրված են հանձնարարականներ առաջիկա ամիսների համար, ստեղծված են նախապայմաններ արդյունավետ աշխատանքի համար:

Ծրագրի ղեկավար Լիաննա Ասոյանը, անչափ կարևորելով ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ շոշափված հարցերը կենտրոնների կայունության պահպանման առումով, նշեց, որ այս տարվա կարևորագույն անելիքներից մեկը տարիների գործունեության վերագնահատման հենքի վրա Օրհուս կենտրոնների նոր ռազմավարության մշակումը պետք է լինի և շահագրգիռ կողմերի հետ միասին ժամանակի պահանջներին համարժեք լուծումների առաջարկումը:

Մարի Չաքրյան
Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու