11,198 view

«Պատասխանատու հանքարդյունաբերությու՞ն», թե՞ սովորական կոռուպցիա
ՄԱՍ ԵՐՐՈՐԴ

01.04.2015

Expert_16_03_5Դեռևս նախորդ տարվա մարտին մի խումբ հեղինակավոր կառույցներ՝ Համաշխարհային բանկը, ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Կանադայի և Գերմայիայի դեսպանությունները, Երևանի Մարիոթ հյուրանոցում կազմակերպեցին «Պատասխանատու հանքարդյունաբերություն» խորագրով միջազգային գիտաժողով, որն ուղեկցվեց քաղաքացիական հասարակության կողմից կազմակերպված բողոքի ակցիաներով և բնապահպանության նախարարին հայոց աշխարհի զուլալ գետերի ջուրը խմելու՝ հայտնի առաջարկությամբ:

Անշուշտ, կան հիմնավոր կասկածներ, որ այդ գիտաժողովի մեծ մասը նվիրված էր հենց Ամուլսարի նախագծի գովազդին, բայց հիմա այդ մասին չէ, որ ուզում եմ խոսել: Գիտաժողովի ընթացքում հանրային սեկտորի ներկայացուցիչները, օրենսդրական դաշտի և ոլորտի կառավարման խնդիրները առաջ քաշելով, հիմնավորեցին, որ այսպիսի պայմաններում Հայաստանում չի կարող լինել պատասխանատու հանքարդյունաբերություն: Խնդիրը ոչ թե ոլորտում ներգրավված ընկերությունների լավ կամ վատ լինելն է, այլ համակարգը, որի պայմաններում նրանցից որևէ մեկը չի կարող նորմալ աշխատել՝ անգամ եթե իսկապես այդպիսի նպատակ ունենա:

Բոլորս հրաշալի գիտենք, որ մեր հանքարդյունաբերության ոլորտը գրեթե ամբողջությամբ գրանցված է ներգրավված է օֆշորներում, ինչը թույլ է տալիս, օրինակ՝ բնպահպանության նախկին նախարար, իսկ այժմ օրենսդիր մարմնի տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի ղեկավար Վարդան Այվազյանին, Սահմանադրության կոպտագույն և անթաքույց խախտմամբ, սեփականության իրավունքով տիրապետել տասնյակ հանքավայրերի: Դեռ լկտիությունն էլ բավարարում է բաց տեքստով հայտարարել, որ լավ է անում՝ տղա եք, դուք էլ արեք: Գիտենք նաև, թե ի՞նչ հարաբերություններ են գործում Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանի և «պատասխանատու հանքարդյունաբերությամբ» զբաղվելու հայտ ներկայացրած՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման ախորժակ ունեցող, մեկ այլ օֆշորային ընկերության միջև: Օրենսդիր և գործադիր իշխանության սերտաճումը մասնավոր բիզնեսի հետ անխուսափելիորեն՝ աքսեոմատիկ օրինաչափությունների ուժով հանգեցնում է ոլորտում համակարգային կոռուպցիայի ծաղկմանը:

Այսպիսով, պատասխանատվությունից խոսելիս նախ պետք է վեր հանել ու հաղթահարել այն համակարգային խոչընդոտները, որոնք պատճառ են հանդիսանում պատասխանատու հանքարդյունաբերության բացառման համար, հետո նոր խոսել հերթական օֆշորային ընկերության «պատասխանատու» լինելու և մյուսներից «խիստ» տարբերվելու մասին: Այժմ ներկայացնեմ ընդամենը մեկ խորհրդանշական փաստ՝ որպես ապացույց այսօրվա համակարգի պայմաններում «պատասխանատու հանքարդյուանբերության»՝ օբյեկտիվորեն անհնարինության և վերևում նշված՝ կոռուպցիայի անխուսափելիության մասին:

Օրենսդրական արգելքների «պատասխանատու» հաղթահարումը.
Կրկին վերադառնանք Ամուլսարի շահագործման հարցի շուրջ 2014-ի օգոստոսի 25-ին Գնդեվազում տեղի ունեցած հանրային քննարկմանը: Այդ քննարկման ընթացքում ընկերության ներկայացուցիչների պատասխաններից իմացանք, որ ընդամենը 25 օր առաջ՝ հուլիսի 31-ին, Հայաստանի կառավարությունն ընդունել է որոշում՝ թույլատրելով հանքարդյունաբերական գոտիներից տեղափոխել Կարմիր գրքում գրանցված բուսատեսակները դեպի այլ վայրեր՝ բուսաբանական այգիներ, հատուկ պահպանվող տարածքներ և այլն: Թվում է, թե շատ տեղին որոշում է, ի՞նչ խնդիր կարող է այստեղ լինել: Իսկ իրականում այդ որոշմամբ հնարավոր է դառնում շրջանցել օրենսդրությամբ սահմանված արգելքները՝ հազվագյուտ և անհետացող բուսատեսակների աճելավայրերում ընդերքի շահագործում իրականացնելու վերաբերյալ՝ դրանով չեզոքացնելով Ամուլսարի շահագործման օրենսդրական բացարձակ արգելքներից մեկը՝ տարածքում Կարմիր գրքում գրանցված բուսատեսակների առկայությունը:
Այստեղից էլ իրավունք ունենք բխեցնելու հետևություն, որ ոչ թե Ամուլսարի «պատասխանատու հանքարդյունաբերության» նախագիծ է համապատասխանում Հայաստանի օրենսդրությանը, այլ օրենսդրությունն է համապատասխանեցվում նախագծին, բայց շատ անհեթեթ ձևով, քանի որ իրականում այդ որոշումը հակասում է թե՛ ընդերքի մասին օրենսգրքին, և թե՛ «Բուսական աշխարհի մասին» օրենքին: Հիմա՝ հերթով:

Նախ, ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 26-րդ հոդվածի համաձայն՝ «Ընդերքի առանձին տեղամասերի օգտագործումն արգելվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ազգային անվտանգության ապահովման, մարդկանց կյանքի և առողջության, պատմամշակութային արժեքների կամ շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից, եթե հայցվող ընդերքի տեղամասի վրա գտնվող հողամասում կան`
1) գերեզմաններ.
2) բնության, պատմության և մշակույթի հուշարձաններ.
3) Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված բույսեր կամ կենդանիների բնակատեղիներ, ինչպես նաև եթե տվյալ տարածքով անցնում են կենդանիների միգրացիոն ուղիներ»:
Օրենսգրքի նորմը մեջբերել եմ ամբողջությամբ, որպեսզի պարզ դառնա, թե ի՞նչ համեմատելի իրավիճակներ են նախատեսված տվյալ վայրում ընդերքօգտագործումն արգելելու համար, և ցույց տալու, թե քանի՞ կետով է Ամուլսարի շահագործման տարածքը ընկնում այս արգելքների տակ: Հիշեցնեմ, որ մշակութային ժառանգության օբյեկտների մասին տվյալները կներկայացվեն հաջորդ հոդվածներում:

Հաջորդ արգելքն այն է, որ «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ «Արգելվում է ցանկացած գործունեություն, որը հանգեցնում է Հայաստանի Հանրապետության բույսերի կարմիր գրքում գրանցված տեսակների թվաքանակի կրճատմանը և դրանց աճելավայրերի վատթարացմանը»:

Ինչպես տեսնում ենք, երկու իրավական ակտեր, որոնք ունեն ավելի բարձր իրավական ուժ քան կառավարության որոշումն է, ուղղակի և իմպերատիվ կերպով ամրագրում են արգելք այնպիսի տնտեսական գործունեության՝ և մասնավորապես հանքարդյունաբերության, եթե տվյալ ՏԱՐԱԾՔՈՒՄ առկա են նշված բուսատեսակները: Մեջբերված նորմերի իմաստով, արգելվում է վնասել ՏԱՐԱԾՔԸ, որտեղ աճում են այդ տեսակները: Օրենքի պաշտպանության տիրույթում գտնվում է համապատասխան ռելիեֆ, միկրոկլիմա և այլ հատկանիշներ ունեցող տարածքը, որը հնարավորություն է ստեղծում այդ տեսակներին աճելու, և ոչ թե հենց այդ բուսատեսակները, որոնք իբր կարող են տեղափոխվել այլ՝ ավելի պաշտպանված տարածք:

Հետևապես, կառավարության կողմից սահմանված նորմը, որով թույլատրվում է որևէ ՏԱՐԱԾՔԻՑ տեղափոխել Կարմիր գրքում գրանցված բուսատեսակները, առնվազն վերաբերելի չէ Ամուլսարի նախագծին: Իսկ այն հանգամանքը, որ այդ որոշումը կայացվել է Գնդեվազում տեղի ունեցած հանրային քննարկումից մոտ մեկ ամիս առաջ, կարող է կրկին հիմնավոր կասկածներ առաջացնել կառավարության և «պատասխանատու հանքարդյունաբերողների» միջև կոռուպցիոն գործարքների մասին, քանի որ ընկերությունը հրաշալի գիտեր, թե որոնք են հանրության կողմից իր առջև պարբերաբար դրվող օրենսդրական խոչըդոտները:

Ամփոփելով ուսումնասիրության այս հատվածը՝ ուզում եմ հատուկ ընդգծել, որ խնդիրը տվյալ դեպքում միայն բուսական աշխարհի պաշտպանությունը չէ, որը շատ դեպքերում հանրության լայն շրջանակների կողմից բավարար չափով չի արժևորվում: Խնդիրը նաև քաղաքական ռեսուրսի չարաշահումն ու կարևոր իմաստ ունեցող տերմինների նենգափոխումն է՝ դրանք ծառայեցնելով կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործընթացներին: Նույն «պատասխանատու հանքարդյունաբերություն» եզրույթը, ասոցացվելով Ամուլսարի հանքավայրի շահագործման այս գործընթացի հետ, ընկալվում է որպես մանիպուլյատիվ հնարք՝ գեղեցիկ փաթեթավորման տակ թաքցնելով նույն անօրինական ու կոռուպցիոն գործելաոճը:

Ամուլսարի նախագծի տնտեսական, առողջապահական և մշակութային ասպեկտներին կանդրադառնանք հաջորդիվ:

Արթուր Գրիգորյան