5,002 view
Հասարակական լսումներ Արմանիսի հանքի ընդլայնման և բաց եղանակով արդյունահանման վերաբերյալ
30.03.2015
Մարտի 24-ին Արմանիսում տեղի ունեցան հանրային լսումներ: Օրակարգում Արմանիսի ոսկու բազմամետաղանոց հանքի ընդլայնումն էր 70 հեկտարով և անցումը բաց եղանակով արդյունահանման:
Հանքարդյունաբերության գլխավոր տնօրեն Դմիտրի ՈՒշկովը մասնակիցներին ներկայացրեց հանքի ընդլայնման կարևորությունը, նոր աշխատակիցների ներգրավումը, առանց որոնց հանքի աշխատանքը շահութաբեր չի կարող լինել:
Ստեփանավանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Ռոստոմ Քոչարյանը նշեց, որ շուրջ 10 տարի հանքը գործում է, բայց

Ստեփանավանը բնապահպանական վճարներից ոչ մի լումա մասհանում չի ստացել. Արմանիսի հանքը միայն վնասում է Ստեփանավանի զբոսաշրջության զրգացմանը, անասնապահությանը, հողագործությանը:

Ստեփանավանի Օրհուս կենրտոնի համակարգողը հավելեց, որ Արմանիսի ոսկու բազմամետաղանոց հանքը շահագործող ընկերությունը պարբերաբար աղտոտում է Ձորագետը, թունավոր հանքաթափոնները թափում է չնախատեսված վայրերում` ընդուպ դպրոցի բակում, այդ թափոնակույտերի վրա խաղում են երեխաները: Գյուղացիներն էլ բողոքեցին, որ ամեն ցնցման ժամանակ իրենք վերապրում են երկրաշարժի սարսափը: Նրանք պնդեցին, որ իրենց հող է պետք մշակելու և անասուն պահելու համար, հետևապես պատրաստ չեն իրենց սեփական հողակտորները տրամադրել հանքարդյունաբերությանը: Բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներ Կարինե Մովսիսյանը և Վռամ Թևոսյանը, փորձելով հանգստացնել գյուղացիներին, պնդեցին, թե հանքի հեռավորությունը գյուղից չի գերազանցում սանիտարական նորմերը։

Քննարկման ժամանակ այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչ մասշտաբի վնաս կարող է հասցնել հանքը նոր ծավալով ու եղանակով շահագործելու պարագայում: Շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ բարձրացված բազում հարցերին ի պատասխան փորձագետները հավաստիացրին, որ համաձայն նոր օրենքի այս փուլում դեռևս ՇՄԱԳ փաստաթղթի անհրաժեշտություն չկա:

Մանյա Մելիքջանյան
Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 93 315108
Էլ. փոստ. manya_lore@yahoo.com