9,550 view

Դյուցազուն լեռների լանջերին

30.03.2015

Արծաթափայլ որոր

Արծաթափայլ որոր

Ցանկացած ջրահավաք ավազան ձևավորվում է ջրբաժան բարձունքներով: Սևանի ջրահավաք ավազանի ջրբաժանները բնությունը ձևավորել է խիստ նպատակային ուղղվածությամբ՝ դեպի Սևանա լիճ: Մինչ 2003 թ. Արփա-Սևան ջրատարը չի գործել տևական ժամանակ, որի ընթացքում Սևանա լիճը կարողացել է սպասել, շունչ քաշել ջրահավաք ավազանի բնական ջրագոյացման և ջրային հոսքերի ուղղորդման շնորհիվ:
Սևանի ջրահավաք ավազանը կազմում է 4891 կմ2, առանց լճի հայելու՝ 3475 կմ2: Սևան Ազգային Պարկի տարածքը կազմում է 1473, 43 կմ2, առանց լճի հայելու՝ 225,85 կմ2 , Սևան Ազգային Պարկի պահպանական գոտին կազմում է 3429,20 կմ2           (www.sevanpark.am): Եվս մեկ անգամ ուսումնասիրենք Սևանի տեղադիրքը. – Սևանա լիճը գտնվում է հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում, այն Կովկասի բարձր լեռնային ամենամեծ քաղցրահամ լիճն է: Սևանա լճի ջրահավաք ավազանը ձևավորվել է երկրակեղևի կառուցվածքի խզման գոգավոր կենտրոնական իջվածքում, որի եզրերով դեպի վեր են բարձրացել Արեգունի, Սևանի, Վարդենիսի, Գեղամա լեռնաշղթաները: Այս լեռնազանգվածները բնութագրվում են յուրահատուկ՝ ցայտուն կտրտված ռելիեֆով, մեծաքանակ ջրային հոսքերի հուներով, որոնք ձևավորվել և ուղղորդվել են դեպի լիճ՝ հենց այդ լեռնաշղթաների՝ ջրբաժան բարձունքների շնորհիվ:

Ներկայացնում եմ այն դյուցազուններին, որոնք Սևանա լճի ջրահավաք ավազանի պահապաններն են, ջրագոյացման երաշխիքն են ու ջրբաժան սահմանները.
Գեղամա լեռնաշղթան Սևանա լճի արևմտյան կողմի բարձրավանդակն է: Ունի միջօրեականին մոտ ուղղություն: Կազմված է կավճի և պալեոգենի տարասեռ և պլիոցենի ու չորրորդականի հրաբխային գոյացումներից: Ջրբաժան գոտին 2800-3000 մ բարձրության ալիքավոր սարավանդ է՝ բարձրացող հրաբխային կոներով (Աժդահակ, Սևկատար, Մազազ, Արմաղան, …) և էքստրուզիվ մնացորդային գմբեթներով (Սպիտակասար, Գեղասար, Գնդասար): Առավելագույն բարձրություն ունի Աժդահակը՝ 3598 մ: Արևմտյան լանջերը զառիկող են, աստիճանաձև իջնում են դեպի Արարատյան գոգավորություն, առաջացնելով Միջին Հրազդանի և Կոտայքի նախալեռնային գոտին՝ Հատիս, Գութանասար, Մենակսար, Մեծ Լճասար, Փոքր Լճասար, … հրաբուխներով: Հարավ-արևմուտքում անջատվում է Ողջաբերդի սեղանաձև լեռնաբազուկը: Արևելյան լանջերը ալիքավոր են, մեղմ թեքություն ունեն և աստիճանաբար ձուլվում են Մերձսևանյան լավային սարավանդներին: Հարավային բարձրադիր մասը մասնատված է գետահովիտներով ու կիրճերով, պահպանվել են անթրոպոգենի թարմ հրաբխային ձևերը: Լավային հոսքերը 15-20 կմ լեզվակներով մուտք են գործել Ազատ, Հրազդան, Արգիճի, Խոսրով գետահովիտներ՝ առաջացնելով բազմանկյուն սյունաձև առանձնացումներ: Լեռնալանջերի կտրվածքներից բխում են բազմաթիվ աղբյուրներ (Քառասունակն, Ակունք, Լիճք): Անթրոպոգենի սառցապատումների հետքերը՝ կարերի, տրոգների և մորենների ձևով պահպանվել են գետահովիտների վերին մասերում: Սառցադաշտերն ունեցել են 15-20 կմ երկարություն (Գավառագետի տրոգային հովիտ): Գութանասարի, Սպիտակասարի, Գեղասարի, Հատիսի շրջակայքում կան օբսիդիանի և պեռլիտի զգալի պաշարներ: Տարեկան միջին տեղումները 500-900 մմ, ձյունածածկի հզորությունը՝ 30-100 սմ: Գեղամա լեռնաշղթայի արևմտյան լանջերից սկզբնավորվում են Ազատ, Վեդի, Գետառ գետերը, արևելյան լանջերից դեպի Սևանա լիճ են հոսում Գավառագետ, Ձկնագետ, Արգիճի, Բախտակ, …. գետերը: Լճերից նշանավոր է Ակնան {1.Ս.Բալյան}
Վարդենիսի լեռնաշղթան Սևանա լճի և Արփա գետի ավազանների ջրբաժանն է: Արևմուտքից արևելք ձգվում է Գնդասար լեռնազանգվածից մինչև Արցախի հրաբխային բարձրավանդակի հյուսիս-արևմտյան մասը և Արևելյան Սևանի լեռնաշղթան: Երկարությունը մոտ 60 կմ, առավելագույն բարձրություն ունի Վարդենիս լեռը՝ 3522 մ: Կամարաձև լեռնաշղթա է: Պալեոգենի հրաբխածին-նստվածքային շերտերով բաղկացած ծալքաբեկորավոր հիմքը ծածկված է երիտասարդ հրաբխային հզոր գոյացումներով: Հյուսիսային լանջերն աբրազիոն դարավանդներով ցածրանում, ձուլվում են Սևանի լճամերձ հարթավայրին, կտրտվելով Կարճաղբյուր, Ալուչալու, Վարդենիս, Աստղաձոր, Մարտունի, Մասրիկ գետերի V-աձև հովիտներով, որոնք ունեն 600-900 մ խորություն: 3200-3300 մ բարձրությունների վրա կան հարթված հին մակերևույթներ, որոնց վրա արևելյան մասում բարձրանում են բազմաթիվ հրաբխային կոներ՝ Վարդենիս, Սանդուխտասար 3454 մ, …: Ռելիեֆին բնորոշ են թմբամորեններն ու քարակարկառները: Հարավային լանջերը զառիթափ ու ժայռոտ են՝ կտրտված Եղեգիսի ու նրա վտակների հովիտներով: Դրանք առանձնացնում են մի շարք լեռնաբազուկներ: Երիտասարդ հրաբխային ձևերից է Սմբատասարը՝ 3025 մ: Լեռնալանջերից բազմաթիվ աղբյուրներ են բխում: Զարգացած են սողանքա-փլվածքային երևույթները: Ջրբաժան գոտին նեղ է, կտրտված տաշտաձև խոր հովիտներով: Կան ռելիեֆի սառցադաշտային և էրոզիոն ձևեր: Վարդենիսի լեռնաշղթայում է Սուլեմայի լեռնանցքը: Տարեկան միջին տեղումները 450-900 մմ {1. Խ.Նազարյան}:
Սևանի լեռնաշղթան գտնվում է Սևանի ավազանի արևելյան մասում, Քաշաթաղ և Հինալ լեռնագագաթների միջև: Անհամաչափ, ծալքաբեկորավոր լեռնաշղթա է: Երկարությունը մոտ 50 կմ է, առավելագույն բարձրությունը՝ 3317 մ: Կազմված է կավճի հրաբխածին և կարբոնատային ապարներից: Հյուսիս-արևելյան լանջերը երկար են, հարավ-արևմտյան լանջերը՝ կարճ ու զառիթափ, մասնատված 500-600 մ խորությամբ V-աձև գետահովիտներով, որոնց մեծ մասը սելավաբեր են {1.Դ.Պողոսյան}:
Արեգունի լեռնաշղթան Փոքր կովկասի լեռնաճյուղն է Սևանա լճի հյուսիս-արևելյան ափին: Ձգվում է Սևանի լեռնանցքից մինչև Քաշաթաղ լեռնագագաթը: Երկարությունը՝ ավելի քան 50 կմ, ամենաբարձր գագաթը՝ Կարկտասար 2740 մ: Արեգունի լեռնաշղթան կազմված է կավճի նստվածքայինև էոցենի հրաբխածին-նստվածքային ապարներից: Բաղկացած է երկու՝ միմյանց զուգահեռ, անհամաչափ լանջերով միջին բարձրության շղթաներից, որոնք իրարից բաժանվում են Դրախտիկ և Բարեբեր գետերի հովիտներով: Շղթաների հարավ-արևմտյան լանջերը զառիթափ են և կարճ, հյուսիս-արևելյան լանջերը երկար են, աստիճանակերպ ու մասնատված: Լեռնակատարները թույլ ալիքավոր են և հարթ: Այստեղ է Ճամբարակի հովիտը Սևանի ավազանին կապող լեռնանցքը 2170 մ բարձրության վրա: Տարեկան միջին տեղումները հարավ-արևմտյան լանջերին 350 մմ, հյուսիս-արևելյան լանջերին՝ 500 մմ {1. Լ.Զոհրաբյան}:
Սևանի գոգավորության երկարությունը կազմում է 120 կմ, լայնությունը՝ 70 կմ: Ամենացածրադիր մասը զբաղեցնում է Սևանա լիճը: Տիրապետող են լավային սարավանդներն ու հրաբխային կոները: Գեղամա և Վարդենիսի լեռնաշղթաներից արտավիժած լավաները գոյացրել են քարքարոտ բլուրներ: Լավային հոսքերը տեղ-տեղ խորանալով լճի մեջ գոյացրել են հրվանդաններ ու ժայռոտ խորշեր; Սևանի գոգավորության արևելյան մասը կտրտված մակերևույթով ծալքաբեկորավոր լեռների շրջան է՝ կազմված նստվածքային և հրաբխա-նստվածքային ապարներից: Այստեղ լեռնաշղթաները լճահայաց կողմում զառիթափ լանջեր ունեն, ջրբաժանը լճափից հեռու է 1-2 կմ: Հովիտները կարճ են, ոչ խորը և ունեն V-աձև ջրահավաք ավազաններ: Սևանի գոգավորությունում կան կուտակումային հարթավայրեր (Ձկնագետի, Գավառագետի, Արգիճիի, Մասրիկի և այլ գետերի հովիտներում), որոնցից առավել խոշորը Մասրիկի դաշտն է: Օգտակար հանածոներից կան պեռլիտ, օբսիդիան, հրաբխային խարամ, բազալտ, անդեզիտ, հրակայուն ապարներ, քրոմիտներ, սնդիկ {1.Գ.Գրիգորյան}:
Սևանա լիճը սնուցող 28 բնական հոսքերից առավել խոշոր են Գավառագետը, Արգիճին, Վարդենիսը, Կարճաղբյուրը, Մասրիկը, Դրախտիկը, Ձկնագետը: Հրաբխային վայրերում մակերևութային հոսքը սակավ է: Կան բազմաթիվ աղբյուրներ, հատկապես՝ Գեղամա լեռների արևելյան լանջերին Գավառ, Լիճք բնակավայրերի մոտ, հանքային ջրերի ելքեր կան Ձկնագետի, Արգիճիի հովիտներում, Արտանիշ թերակղզում ու Մասրիկի դաշտում: Մեծ Սևանում լճային նտվածքներն ավելի քան 1000 մ հզորություն ունեն (դիատոմիտի և ավազի տիղմ, կրաքարային ավազ, մերձափնյա ավազներ ու կոպիճ): Փոքր Սևանը համեմատաբար երիտասարդ գոյացություն է, որտեղ լճային նստվածքները (կարբոնատային կուտակումներ, հատկապես՝ ժայռային գրունտների վրա) սակավազոր են: Մինչ մակարդակի արհեստական իջեցումը ջրի թափանցիկությունը 21 մ էր, մակարդակի իջնելուց հետո՝ 10-15 մ, վերջին տվյալների համաձայն ջրի պարզությունը 4,5 մ է {3.}: Մակարդակի յուրաքանչյուր մետրի բարձրացման համար անհրաժեշտ կլինի 1,3 մլրդ.մ3 ջուր {1.Հ.Գաբրիելյան}:
Սևանի ջրահավաք ավազանի ընդհանուր բնութագրերը ջրբաժան սահմաններից մինչև լճի հատակն ապացուցում են, որ Սևանի ջրահավաք ավազանում և հարակից գոտիներում բացակայում են ածխաջրածինների (նավթ, գազ) գոյացման նախադրյալները: Պարզ ու բնական տրամաբանությամբ՝ հնարավոր չէ նավթի գոյացումն այնտեղ, որտեղ ժամանակն ու բնական գործոնները հղկում, բյուրեղացնում, ստեղծում են օբսիդիան ու բազալտ, պեռլիտ ու քրոմիտներ, …(հետևաբար իզուր են Բլեք Սթերզ էներջի ընկերության ծախսերն ու ջանքերը, որին տրված ԲՓ 09 փորձանք-եզրակացության պատճառով այսօր բարձր ռիսկի տակ են հայտնվել հատկապես՝ Ձկնագետ, Արգիճի, Վարդենիս գետերի ջրագոյացման պայմանները):
Ի սկզբանե Սևան Ազգային պարկը հիմնադրվել է 1978 թ. Սևանա լճի ջրբաժանների սահմաններում՝ որպես բարդ կառուցվածքով պահպանվող տարածք՝ բաղկացած Սևանի ավազանի տարբեր ֆունկցիոնալ գոտիներից, որոնց փոխներգործությունն ապահովում է տարածաշրջանի էկոլոգիական կայունությունը: Սևան ԱՊ սահմաններում ընդգրկել է 4850 կմ2 տարածք (որից 3650 կմ2 ցամաք, 1200 կմ2 ջրային մակերևույթ)՝ 1898-3597 մ բարձրությունների վրա {1. Գ.Սուխուդյան}: Սակայն այսօր գործող Սևան Ազգային Պարկ ՊՈԱԿ-ի www.sevanpark.am պաշտոնական կայքում այսօրվա Սևան ազգային պարկը զբաղեցնում է ընդամենը 1473, 43 կմ2, որի գերակշիռ մասը՝ 1247, 58 կմ2 լճի հայելին է, 225,85 կմ2 ցամաքը: Ինչի հիման վրա ?, երբ է տեղի ունեցել թվերի այս խաղը ? պարտավոր է պատասխանել բնապահպան նախարարությունը:
4850 և 1473,43 անհասկանալի տարբերությունը սողանցք է նույն այդ բնապահպան նախարարության համար՝ ՀՀ ԲՀՊՏ օրենսդրության և Սևանա լճի մասին ՀՀ օրենքի պահանջներն անտեսելու և ընդերք-օգտագործման նախագծերին կանաչ ուղեգրեր շնորհելու համար: Այդ պատճառով առաջանում են անվերադարձ, բարձր, զգալի ռիսկեր, որոնք բնութագրվում են բացասական ազդեցությամբ՝ լիճը սնուցող բնական ջրային հոսքերի վրա: Իսկ դա իր հերթին մեծագույն սպառնալիք է Սևանա լճի համար: Այդպիսի մեծագույն սպառնալիք է ԲՓ 09 փորձաքննական եզրակացությունը Սևանա լիճը սնուցող Ծակքար, Արգիճի, Վարդենիս գետերի և դրանց վտակնների համար: Անվիճելի է, որ Սևանա լճի անվտանգության հիմնական երաշխիքը ջրահավաք ավազանի բնական ջրային հոսքերն են, որոնք ձևավորվում և ուղղորդվում են դեպի լիճ՝ ջրբաժան բարձունքների շնորհիվ:
Ուստի հարկ է շտկել կատարված սխալը՝ ընդարձակել Սևան Ազգային Պարկի սահմանները՝ ընդգրկելով նաև ջրբաժան բարձունքները, որը կհամապատասխանի Սևանի ջրահավաք ավազանի բնական սահմաններին: Առավել խոցելի վայրերում արգելավայրի ռեժիմ սահմանելով (հատկապես՝ գետերի, գետակների ակունքներում)՝ հնարավոր կլինի կարգավորել և սահմանափակել այն գործողությունները, որոնք արգելավայրի կարգավիճակին չեն համապատասխանի: Միաժամանակ՝ բնապահպան նախարարությունում կզրկվեն օրենսդրության բնապահպանական պահանջներն անտեսելու սողանցքերից: Այդ կերպ ընդարձակելով բարենպաստ բնական գործոնների ներգործությունն ամբողջ ջրագավաք ավազանում՝ հնարավոր կլինի նվազեցնել բարձր ռիսկերը (արգելակել ընդերք-օգտագործման ցանկացած հայտ, նույնիսկ՝ երկրաբանական ուսումնասիրություն), որի շնորհիվ հնարավոր կլինի պահել, պահպանել Սևանը սնուցող զարկերակների ջրագոյացման կարողությունները՝ ապահովելով Սևանա լճի անվտանգության երաշխիքները:
ՀՀ բնապահպան նախարարություն, դուք պարտավոր եք ինչպես հարկն է ուսումնասիրել Իրանի Ուրմիա լճի և ամբողջ ջրահավաք ավազանի կործանման պատմությունը http://www.ir.undp.org/content/iran/en/home/presscenter/articles/2015/02/11/undp-iran-releases-video-on-lake-urmia/ և կանխել, նվազեցնել, սահմանափակել, մեղմացնել, կարգավորել նախագծերի անվերադարձ, բարձր, զգալի ռիսկերը՝ նախաձեռնողներին ներկայացնելով հիմնավոր պահանջներ և տրամադրելով բնապահպանորեն հիմնավոր փորձաքննական եզրակացություններ: Բնապահպան նախարարություն՝ ինչ որ վերաբերում է Սևանի ջրահավաք ավազանին, նույնն է վերաբերում նաև Արփա, Որոտան գետերի ավազաններին:

Սրբուհի Հարությունյան
Էկո-փորձաքննության խորհրդատու
2015 թ. մարտի 27.

Սկզբնաղբյուրներ
1. Հայկական Սովետական Հանրագիտարան, խմբ.կոլեգիա՝ Վ.Հ.Համբարձումյանի նախագահությամբ, 1976-1985 թ.թ.
2. www.Sevanpark.am
3. http://hy.wikipedia.org/wiki/Սևանա լիճ