4,913 view

Մեծ Այրումի բնակիչները պահանջում են հաշվի նստել իրենց կարծիքի հետ

28.03.2015
Մեծ Այրում համայնքի բնակիչները դեմ են իրենց հողերում պոչամբարի կառուցմանը և պահանջում են դադարեցնել գործընթացը քանի դեռ «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ն չի լուծել հին պոչամբարի ռեկուլտիվացման խնդիրները և չի առաջարկել համայնքի առողջապահական ու բնապահպանական խնդիրները լուծելու փոխհատուցման որևէ եղանակ: Այս մասին համայնքի բնակիչները բաց նամակով տեղեկացրել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ԱԺ բոլոր պատգամավորներին, ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերով մշտական հանձնաժողովին, ՀՀ հանրային խորհդրին, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավարին, ՀՀ Բնապահպանության նախարարին և Մեծ Այրում համայնքի ավագանու անդամներին:

Համայնքի բնակիչները Մեծ Այրումի ՏԻՄ-ից ու ավագանու անդամներից պահանջում են նաև հարգել իրենց կարծիքը, մասնակցային կառավարման սկզբունքներն ու անհապաղ անվավեր ճանաչել Ավագանու 2015թ. փետրվարի 26-ի հապճեպ որոշումը:

Նամակի տակ ստորագրել են Մեծ Այրում համայնքում առկա ընտրողների ավելի քան 60%-ը:
Տեղեկացնենք, որ համայքնում քաղաքացիական նախաձեռնող խումբը տարեսկզբից ակտիվ քայլեր է ձեռնարկել հանրությանը խնդրի մասին իրազեկելու ուղղությամբ՝ համագործակցելով Ալավերդու Օրհուս կենտրոնի հետ` ստանալով մասնագիտական խորհրդատվական աջակցություն նաև սույն նամակի պատրաստման ընթացքում:

Մարի Չաքրյան
Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու
Էլ. փոստ aarhusnews@gmail.com