10,891 view

Սևանա լճի հարակից տարածքները հանդիսանում են Ամուլսարի հանքավայրի շահագործման «ազդակիր համայնքներ»
ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ

23.03.2015

Քարտեզը` www.mnp.am կայքի

Քարտեզը` www.mnp.am կայքի

Նախորդ տարվա օգոստոսի 25-ին Ջերմուկին հարակից Գնդեվազ գյուղում տեղի ունեցան Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ: Այստեղ կրկին հիշեցնենք, որ Ամուլսարի շահագործման հայտ ներկայացրած ընկերությունը նա պատրաստվում է իրականացնել Հայաստանում նախադեպը չունեցող, սոցիալական և էկոլոգիական ամենաբարձր չափանիշներին համապատասխանող ծրագիր: Այս կապակցությամբ, արձանագրենք, որ այդ օրը հարակից համայնքներից նախապես Գնդեվազ էին բերվել Ամուլսարի հանքավայրում աշխատելու հավակնություն ունեցող և շահագործմանը կողմ հանդես գալու «թրեյնինգ» անցած մարդկանց հոծ բազմություն, ինչն առաջացրեց սուր միջհամայնքային վեճ վերջիններիս և Գնդեվազի բնակիչների միջև, քանի որ դահլիճում այլևս նստելու տեղ գրեթե չկար: Նշված հանրային քննարկումն, ըստ էության, կազմակերպված էր ոչ թե բովանդակային քննարկում անցկացնելու, այլ օրենքով սահմանված հերթական փուլն անցնելու համար, ինչն անում են նաև ամենևին ո՛չ «պատասխանատու հանքարդյունաբերությամբ» զբաղվող՝ նույնպիսի օֆշորային ընկերությունները:Ամուլսարի նախագծում Գնդեվազի նշանակությունը շատ մեծ է, քանի որ հանքաքարի վերամշակման ֆաբրիկան կառուցվելու է այդ համայնքին անմիջապես հարող տարածքում, և այդ ծրագրի տնտեսական, առողջապահական և մնացած բացասական ազդեցությունները իրենց մաշկի վրա ամենաշատը զգալու են հենց գնդեվազցիները: Հետևապես, թեև այս հանքարդյունաբերական ծրագրի ազդակիր համայնքներ են համարվում նաև Սրավան և Գորայք գյուղերը, Գնդեվազում անցկացվող քննարկումներին պետք է նախ և առաջ մասնակցեն հենց գնդեվազցիները, ոչ թե ընտրակեղծիքների ժանրի պրիմիտիվ մեթոդներով տեղից-տեղ տարվեն ընկերության պոտենցիալ աշխատակիցները: Իսկ եթե այդպես կարևորում եք բոլոր ազդակիր համայնքների մասնակցությունը հանրային քննարկումներին, ուրեմն ստիպված կլինեք ներգրավել իսկապես բոլոր համայնքները՝ ներառյալ Սևանա լճի ավազանը:

Այս համատեքստում եկեք քննարկենք մեկ առանցքային իրավական հիմնախնդիր, որը վերաբերում է Ամուլսարի շահագործման ազդեցության գոտու որոշմանը. ի վերջո, ո՞ր համայնքների վրա կարող է տարածվել այդ նախագծի բացասական ազդեցությունը և ինչպիսի՞ իրավական պարտավորություններ են կրում պետությունն ու շահագործման հայտ ներկայացրած ընկերությունը այդ համայնքների բնակիչների առջև: Ստորև կներկայացնեմ իրավական հիմնավորումներ, որ Սևանա լճի ավազանին հարակից համայնքները ևս պետք է Ամուլսարի ծրագրով ճանաչվեն որպես ազդեցություն կրող համայնքներ և ներգրավվեն նախագծի հանրային քննարկումներին:

Նախքան Ամուլսարին անցնելը, փորձեմ հնարավորինս հակիրճ ներկայացնել համայնքներն «ազդակիր» ճանաչելու իմաստն ու իրավական բովանդակությունը, որպեսզի ընթերցողների համար հասկանալի լինի խնդրի կարևորությունը և այն առավելությունները, որոնք ունեն ազդակիր համայնքների բնակիչները որոշումների կայացման վրա ազդելու հարցում: Այսպես, Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապրելու իրա առողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում: Այսինքն, դա սահմանադրական իրավունք է, որը համապատասխան պետական մարմինների համար առաջացնում է պարտավորություն ապահովելու դրա պատշաճ իրականացումը (ի դեպ, ներկայումս հաստատված սահմանադրական «բարեփոխումների» հայեցակարգում՝ մարդու առողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում ապրելուիրավունքը՝ որպես մարդու ԻՐԱՎՈՒՆՔ հանված է՝ այն փոխարինելով որևէ չափելի պարտվորություն չնախատեսող, ԻՐԱՎՈՒՆՔ չամրագրող դեկլարատիվ բառակույտով, ինչը, թերևս, այլ քննարկման թեմա է):

Սահմանադրական նորմին զուգահեռ, առողջ և բարեկեցիկ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը գործնականում իրականացնելու համար օրենսդրությամբ նախատեսված են նաև անհրաժեշտ իրավական գործիքներ: Մասնավորապես, Հայաստանի կողմից վավերացված Օրհուսի կոնվենցիայով, ինչպես նաև «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով (հետայսու՝ ՇՄԱԳ օրենք) ամրագրված է, որ շրջակա միջավայրին առնչվող հարցերում հանրությունն իրավունք ունի մասնակցելու որոշումների կայացմանը, ինչպես նաև վիճարկելու կայացված որոշումների օրինականությունը՝ ընդհուպ մինչև դատական կարգով: Որոշումների կայացմանը մասնակցելու հիմնական մեխանիզմը արդյունաբերական նախագծերի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներն են, որոնց ժամանակ գործունեությունը նախաձեռնող ընկերությունը և պետական պատասխանատու սուբյեկտները հանրությանը ներայացնում են ծրագիրը և քննարկում դրա հնարավոր օգուտներն ու վնասերը համայնքի ու պետության համար: Թեև համայնքի բնակիչների համաձայնությունը կամ անհամաձայնությունը չունի պարտադիր իրավական ուժ, սակայն նրանցից յուրաքանչյուրն իրավասու է բազմաթիվ օգտվելու իրավունքի կրողի համար սահմանված բազմաթիվ գործիքներից: Մասնավորապես, ներպետական ու միջազգային դատական ատյաններում վիճարկելու վարչական մարմինների կայացրած ակտերը, գործողությունն ու անգործությունը՝ որպես սուբյեկտիվ իրավունք՝ միաժամանակ պահանջելով իր առողջությանը կամ գույքին պատճառված վնասի հատուցում:

Որպեսզի այդ իրավունքը չլինի խիստ վերացական, իսկ ազդեցության անմիջական կրող համայնքների բնակչության կարծիքն իրավաբանորեն ավելի արժևորված լինի, Օրհուսի կոնվենցիայով և ՇՄԱԳ օրենքով սահմանված են «ազդակիր համայնք» հասկացությունը: ՇՄԱԳ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն, ազդակիր համայնք է հանդիսանում այն համայնքի (համայքների) բնակչությունը, որի շրջակա միջավայրի վրա կարող է ազդեցություն ունենալ որևէ նախատեսվող գործունեություն: Օրինակ, եթե Գնդեվազ համայնքը կամ Սևանի ավազանին հարակից համայնքները ճանաչվում են որպես Ամուլսարի շահագործման համար ազդակիր համայնքներ, ապա այդ համայնքի բնակչությունն օժտվում է վերը նշված գործիքակազմից՝ ապահովելու համար առողջ և բարեկեցիկ շրջակա միջավայրում ապրելու՝ իր սահմանադրական իրավունքը:

Այստեղ մի փոքր էլ բացենք իրավական տերմինները և ընդգծենք երկու չափազանց կարևոր դրույթ. առաջին՝ համայնքն ազդակիր է ճանաչվում ոչ թե նրա համար, որ ծրագիրն իրականացվում է դրա վարչական տարածքում, այլ որովհետև տվյալ գործունեության հետևանքով այդ համայնքի բնակչությունը փաստացի ազդեցության է ենթարկվում: Այսինքն, եթե ապացուցվում է, որ Ամուլսարի ծրագրի ազդեցությունը կարող է տարածվել նաև Սևանա լճի էկոհամակարգի վրա կամ կարող է հանգեցնել Ջերմուկ քաղաքի կենսամիջավայրի փոփոխությանը, ապա որպես ազդակիր համայնքներ պետք է ներգրավվեն նաև լճին հարակից համայնքների և Ջերմուկի բնակչությունը: Եվ երկրորդ՝ օրենքի իմաստով, նշված իրավունքներով օժտված են ոչ թե համայնքերը՝ որպես վարչատարածքային միավորներ, այլ դրանց բնակչությունը՝ որպես ֆիզիկական անձիք: Այս դրույթը պետք է շատ հստակ տարանջատել համայնքի անունից հանդես գալու իրավազորությունից: Այստեղ ոչ թե համայնքի ղեկավարն է իրավասու հանդես գալու համայնքի անունից, այլ համայնքի յուրաքանչյուր բնակիչ՝ որպես սուբյեկտիվ սահմանադրական իրավունք:

Այսպիսով, պարզեցինք, որ «ազդակիր համայնք» ճանաչվելը շատ կարևոր է իրավունքը պաշտպանելու գործիքներից արդյունավետ օգտվելու տեսանկյունից: Պարզեցինք նաև, որ համայնքը «ազդակիր» ճանաչելու չափորոշիչը վարչատարածքային սկզբունքով չի որոշվում՝ դրա համար համայնքը պետք է որևէ կերպ ազդեցության ենթարկվի նախատեսվող գործունեության հետևանքով: Ազդեցության ենթարկվող համայնքների քանակը պայմանավորված է գործունեության տեսակից, տեղանքից և այլ հարցերից: Ելնելով նախագծի ազդեցության տիրույթից՝ ազդակիր բնակչության թիվը կարող է տատանվել մի քանի տասնյակից մինչև հարյուր հազարավոր մարդիկ, որի օրինակները բերված են Օրհուսի կոնվենցիայի կատարողական ուղեցույցում (The Aarhus Convention Implementation Guidance, second edition 2013, pages 46-49):

Մասնավորապես Ամուլսարի պարագայում բացասական ազդեցությունը կարող է դրսևորվել ինչպես կենսամիջավայրի պայմանների փոփոխության, (մթնոլորտային օդի, ջրի, հողի, լուսավորության, աղմուկի և այլ բաղադրիչների որակի վատթարացման տեսքով), տնտեսական գործունեությանը վնասելու (Ջերմուկի առողջարանային համբավի, տուրիզմի, ազդեցության ենթարկվող գետերով ոռոգվող հողերի վրա որակական կամ քանակական առումով բացասաբար ազդելով), սոցիալալան վիճակը վատթարացնելու (մարդկանց առողջության, հանգստի, բնակարանի արժեքի համար բացասական պայմաններ ստեղծելու), ինչպես նաև ավելի գլոբալ՝ Սևանա լճի վրա ազդեցությամբ (լճի ջրերի ռադիացյոն ֆոնի բարձրացման, Որոտան-Արփա թունելի փլուզման, սեյսմիկ ռիսկերի վտանգով) և այլ դրսևորումներով: Միայն փաստը, որ բացահանքի շահագործումն իրականացվելու է Սևանա լճի ջրահավաք ավազանում, արդեն իսկ անհերքելի իրավական հիմք է Սևանի վրա հնարավոր ազդեցությունը հիմնավորված համարելու և առնվազն Սևանի ավազանին հարակից համայնքները ազդակիր ճանաչելու համար: Պետք է հասկանանք, որ անգամ Որոտան-Արփա թունելի վրա հնարավոր ազդեցությունը կամ, օրինակ՝ Արփա գետից շահագործման նպատակով ջուր վերցնելու հանգամանքն արդեն իսկ հանդիսանում է ազդեցություն Սևանի վրա: Հանքարդյունաբերական ընկերությունը իր ՇՄԱԳ հաշվետվության մեջ փորձել է խուսափել Սևանի վրա ազդեցության հիմնախնդրից, ինչը, սակայն, ոչ թե հարցի լուծում է հանդիսանում, այլ շատ ավելի խոցելի է դարձնում ընկերության իրականացրած ՇՄԱԳ-ի և դրա համար տրված պետական փորձաքննական եզրակացության օրինականությունն ու մասնագիտական հիմնավորվածությունը: Բարեբախտաբար, Սևանի հարցում առկա հսկայածավալ օրենսդրական դաշտը թույլ չի տալիս պարզունակ հնարքներով «չեզոքացնել» Սևանի վրա ազդեցության խնդիրը և բաց եղանակով մետաղական հանքավայր շահագործել, հետն էլ հանքաքարը հարստացնել հենց Սևանի ջրահավաք ավազանում:

Ինչպես հասկացանք, Ամուլսարի աշխարհագրական դիրքի պատճառով հանքավայրի բացասական ազդեցությունը տարածվելու է շատ մեծ տարածքի վրա: Հիմա հասկանանք, թե ինչպե՞ս պետք է այդ տարածքում տեղակայված համայնքները ճանաչվեն ազդակիր և օգտվեն օրենսդրությամբ սահմանված իրավունքներից: Սկսենք նրանից, որ համայնքների ազդակիր լինելը որոշում է բնապահպանության նախարարությունը: Միաժամանակ, որևէ արդյունաբերական նախագծի շրջանակներում ազդակիր չճանաչված համայնքի անդամներն իրավասու են սեփական նախաձեռնությամբ դիմելու նախարարին՝ պահանջելով իրենց համայնքը կոնկրետ նախագծի շրջանակներում ճանաչել որպես ազդակիր: Հայաստանի գործող օրենսդրությունը հստակ չի կարգավորում, թե ի՞նչ հիմնավորումներ պետք է ներկայացվեն՝ համայնքն ազդակիր ճանաչելու համար, սակայն պրակտիկայում կան նախադեպեր:

Նույն Ամուլսարի շահագործման շրջանակներում արդեն իսկ առկա են շատ սկզբունքային ու ռազմավարական նշանակության զարգացումներ՝ համայնքներն ազդակիր ճանաչելու հարցում: Մասնավորապես, Ջերմուկ քաղաքի բնակիչ Վիկտորիա Գրիգորյանը դեռևս 2012 թվականին դիմել է բնապահպանության նախարարին՝ խնդրելով իր համայնքը ճանաչել որպես ազդակիր և համայնքի բնակիչներին մասնակից դարձնել Ամուլսարի նախագծով հանրային քննարկումներին հիմնավորելով, որ հանքավայրի շահագործման հետևանքով Ջերմուկ առողջարանային քաղաքը կրելու է էական տնտեսական վնասներ որպես առողջարանային և տուրիստական կենտրոն: Նույնպիսի պահանջով նախարարին է դիմել նաև Սևան քաղաքի բնակիչ Աննա Շահնազարյանը, սակայն երկու դեպքում ել ստացել են մերժում: Այնուհետև տիկին Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել վարչական դատարան՝ վիճարկելու համար նախարարի որոշումը, սակայն դատարանը հրաժարվել է հայցը վարույթ ընդունել և դատական կարգով քննել այն հիմնավորմամբ, որ Հայաստանի օրենսդրության համաձայն համայնքի անունից դատարանում կարող է հանդես գալ համայնքի ղեկավարը կամ ավագանին (թիվ ՎԴ/3431/05/13 վարչական գործ):

Վերևում արդեն նշեցի, թե ինչպիսի իրավական ռեժիմ է նախատեսված համայնքն ազդակիր ճանաչելու համար, այնպես որ՝ այս հարցի շուրջ դատական գործընթացներ դեռ առջևում են: Ավելացնեմ նաև, որ Սևանի ավազանի համայնքները ներկայացնող 18 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները արդեն իսկ՝ անցյալ տարվա դեկտեմբերին, նամակով դիմել են Ամուլսարի նախագծում բաժնեմաս ունեցող միջազգային ֆինանսական կառույցներին (Համաշխարհային բանկի՝ Միջազգային ֆինանսական կորպորացիյին՝ IFC և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին EBRD) նրանցից պահանջելով հանքավայրի շահագործման հայտ ներկայացրած ընկերությունից ահանջել, որ վերջինս հետ կանչի նախագիծը և գործընթցին մասնակից դարձնի Սևանա լճին հարակից 40 համայնքների բնակչությանը: Նամակը ձևակերպված է շատ գրագետ՝ հղում անելով IFC-ի Կատարողական ստանդարտներին, որոնց ընկերությունը պարտավոր է հետևել:

Այդ նույն ստանդարտների համաձայն, նախագիծը չի կարող իրականացվել, եթե այն հակասում է ներպետական օրենսդրությանը: Իսկ թե քանի՞ կետով է այն հակասում մեր օրենսդրությանը և որո՞նք են դրանք, կանդրադառնամ հաջորդիվ հոդվածներում: Իսկ «ազդակիր համայնքի» հիմնահարցի քննարկումն այսքանով համարենք ավարտված: Այս հարցով իրական օգտակար աշխատանքը, որը պետք է առաջիկայում անենք, այդ համայնքներին իրավական և կազմակերպչական առումով օգնելն է, որպեսզի իրենց համայնքները Ամուլսարի ծրագրով ճանաչվեն որպես ազդակիր: Ասում եք՝ «պատասխանատու հանքարդյունաբերություն» և «IFC-ի Կատարողական ստանդարտնե՞ր»… Շատ բարի, դուք ասացիք: Հիմա տեսնենք, թե ո՞րն է «սոցիալական պատասխանատվության» ձեր վերջին հանգրվանը:

Արթուր Գրիգորյան