12,051 view

Խաչաղբյուր 2 ՓՀԷԿ-ի նախագիծը փոփոխությունների է ենթարկվել՝ ի վնաս բնության

19.02.2014
Փետրվարի 17-ին Տավուշի մարզի Գետահովիտ համայնքում տեղի ունեցան <<Մեգաէներջի>> ՍՊԸ կողմից ներկայացված <<Խաչաղբյուր-2>> ՓՀԷԿ-ի փոփոխված աշխատանքային նախագծի հասարակական լսումները: Գետահովիտ գյուղի բնակչությունը, որը նախկինում իրեն դրսևորում էր բնության անաչառ պաշտպանի դիրքերից, ներկա քննարկմանն այդքան էլ ակտիվություն չցուցաբերեց: Գետահովիտ համայնքի 2024 բնակիչներից քննարկմանը ներկա էին ընդամենը 10-ը, Ենոքավան համայնքն էլ ներկայացնում էր միայն գյուղապետը:
ՀՀ ԲՆ <<Բնապահպանական փորձաքննություն>> ՊՈԱԿ-ի փորձագետ Զ. Զուռնաչյանի մեկնաբանությամբ
նախագծում թերություններ չեն գրանցվել, պարզապես <<Մեգաէներջի>> ընկերությունը ներկայացրել է նախագծային փոփոխություններ, որոնք ամփոփված են ներկայացված փորձաքննական փաստաթղթերում:
Ըստ ներկայացված նախագծի <<Խաչաղբյուր-2>> ՓՀԷԿ օբյեկտի նախագծի նպատակն է օգտագործել Պաղջուր գետի 1088.5/863մ նիշերի միջև 225.5մ անկումը, որը 122սմ տրամագիծ ու 3400մ երկարություն ունեցող ճնշումային խողովակաշարով Պաղջուր գետի մնացորդային ելքերը կմոտեցնի նախատեսվող ՓՀԷԿ-ի շենքին: Սա նշանակում է, որ նախագծում ոչ թե փոփոխություններ են իրականցվել, այլ նոր նախագծահաշվարկային պլան է ներկայցվել, ըստ որի նախկինի համեմատ խողովակաշրը երկարացվում է ևս 1 կմ-ով, իսկ ճշումային խողովակաշարի հնարավորությունները՝ կրկնապատվում:

Ըստ փորձագիտական եզրակացության <<Գետի ավազանի ընդերքը երկրաբանական տեսակետից կազմված է տարբեր տեսակի լավաներից, հիմնականում` բազալտներից: V-աձև հովիտների լանջերը ծածկված են դելյուվիով>>: Սակայն նշված չէ, որ ամբողջ խողովակաշարն անցնում է V-աձև լանջերի ստորոտներով, որտեղ տեկտոնական բավական բարձր խախտումների պայմաններում շինարարական աշխատանքները, ծանր տեխնիկայի օգտագործումը և միկրոֆլորայի փոփոխությունը խստիվ արգելվում է:

Փորձագետների կարծիքով <<Խաչաղբյուր 2>>-ի գործարկումից հետո արդեն ակնհայտ կլինեն նախագծային այն շեղումներն ու սխալները, որոնց հետևանքով տուժելու ենք մենք: <<Ուսումնասիրվող գոտուն բնորոշ են մոտ 126 ողնաշարավոր կենդանիներ՝ 36 կաթնասուն, 52 թռչուն, 29 սողուն և երկկենցաղ, 9 տեսակի ձկներ: Տարածքին բնորոշ են <<Կարմիր Գրքում>> գրանցված հետևյալ տեսակները՝ <<ծալքաշրթունք լայնականջ չղջիկը, անդրկովկասյան գորշ արջը, կովկասյան անտառակատուն, բեզոարյան այծը, սովորական սպիտակագլուխ անգղը, ժայռային կեռնեխը, իրանական կապուտափողը, իրանական սովորական ճոճհավը>>: Մինչդեռ նույն այդ նախագծի տվյալների բաժնում նշված է նաև. <<Անմիջապես ՓՀԷԿ-ի կառուցվածքներին հարող տարածքում բացակայում են էնդեմիկ, հազվագյուտ, անհետացող կամ անհետացման եզրին գտնվող կենդանիները>>:

Այստեղ հակասություն է առաջանում, եթե գետը շրջակա բուսակենդանաբանական աշխարհի պահպանման միակ և առաջնային գրավականն է, ապա ինչպես է, որ ՀԷԿ-ը և դրա ինֆրաստրուկտուրաները չեն ազդում կենդանական աշխարհի էնդեմիկ տեսակների պահպանության վրա:

Դավիթ Ղազարյան

Իջևանի Օրհուս կենտրոնի համակարգող

Հեռ. /374 93/00 70 10, /374 93/ 30 50 07

Էլ. փոստ info_ijevan@aarhus.am, david.ghazaryan.83@mail.ru