11,272 view

Ամուլսարի հանքավայրի շահագործումն անօրինական է և անթույլատրելի.
ՄԱՍ ԱՌԱՋԻՆ

16.03.2015

Expert_16_03_3Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման վերաբերյալ խոսվում է շատ վաղուց: Կան շահագործման կողմ, այնպես էլ դեմ դիրքորոշում ունեցողներ, որոնցից յուրաքանչյուրը փորձում է իր տեսակետը հիմնավորելու համար ներկայացնել փաստարկներ: Ես պատկանում եմ այն խմբին, որը դեմ է Ամուլսարի շահագործման նախագծին՝ այն համարելով նախ և առաջ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող, տնտեսական առումով վնասակար, սոցիալական, էկոլոգիական և մշակութային տեսանկյունից՝ անհամաչափ մեծ ռիսկեր պարունակող: Նպատակ ունենալով հարցերը դիտարկել բացառապես իրավական և մասնագիտական հարթության վրա՝ առաջիկա մի քանի հոդվածներով փորձելու եմ հնարավորինս բազմակողմանի և օբյեկտիվ կերպով ներկայացնել այն խնդիրները, որոնց առկայությունը, իմ գնահատմամբ, Ամուլսարի շահագործումը դարձնում են անթույլատրելի և անօրինական:

Նախքան բուն նյութին անցնելը, անհրաժեշտ եմ համարում նշել, որ Ամուլսարի շահագործման հայտ ներկայացրած ընկերությունն իսկապես կատարել է բավականին բարձր որակի ՇՄԱԳ, ինչը բնորոշ չէ մինչ այժմ Հայաստանում իրականացված հանքարդյունաբերական նախագծերին: Սրանով հանդերձ, սակայն, գեղեցիկ փաթեթավորման տակ գտնվում է բովանդակային առումով շատ խոցելի և ամենևին ո՛չ պատասխանատու նախագիծ, որի իրականացումը պարզապես անօրինական է: Ընդգծեմ նաև, որ հարցը ոչ այնքան նախագծի տեխնոլոգիական խնդիրներն են կամ ընկերության պրոֆեսիոնալիզմի նկատմամբ անվստահությունը, որքան նախագծի տեղանքի առանձնահատկությունները, որն անհնարին է դարձնում օրինական կերպով ընդերքշահագործումը՝ առաջացնելով ընդհուպ մինչև ազգային անվտանգությանը սպառնացող, չափազանց մեծ ռիսկեր:
Expert_16_03_1
Հետևապես, Ամուլսարի շահագործումը որևէ կերպ չի կարող տեղավորվել «պատասխանատու հանքարդյունաբերություն» հասկացության շրջանակներում՝ այն չի համապատասխանում հռչակված՝ «կատարողական ստանդարտներին» ու դրանցում ամրագրված՝ ազգային օրենսդրությանը պահանջներին, որոնց մասին խոսում են հանքավայրի շահագործման ջատագովություն իրականացնող միավորները՝ Համաշխարհային բանկի մեջ գործող Միջազգային ֆինանսական կորպորացիան, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի դիվանագիտական ներկայացուցչությունները և այլք՝ դրանով իրենց վրա վերցնելով շատ մեծ անհատական պատասխանատվություն՝ այդ թվում նախագիծը սկսվելուց առաջ տարվող գործընթացների համար…

Առանձին իրավական խնդիր է նաև այն, որ այդ ՇՄԱԳ-ին տրված դրական փորձաքննական եզրակացությունը ոչ թե օրենքին համապատասխան իրականացված փորձաքննական փաստաթուղթ է, այլ, իմ գնահատմամբ, ներկայացված ՇՄԱԳ հաշվետվության շատ սեղմ կոնսպեկտ, որը, որպես վարչական ակտ, ենթակա է վիճարկման բոլոր իրավական եղանակներով՝ ներառյալ դատական կարգով:

- Ինչպես ամբողջ հանքարդյունաբերական սեկտորի, այնպես էլ մանավանդ Ամուլսարի հիմնախնդիրն իր մեջ պարունակում է մի քանի բաղադրիչներ, որոնցից յուրաքանչյուրին պետք է հանգամանալից անդրադառնալ: Սկսեմ իրավիճակի նկարագրությունից. սույն հոդվածի շրջանակներում կներկայացնեմ տեղանքի նկարագրությունը, որից բխում է նախագծի օրինականության վիճարկելիությունը, այդ վայրում բաց եղանակով հանքավայրի շահագործման և հատկապես ցիանային եղանակով հանքաքարի կորզման անթույլատրելիությունը: Իրավիճակի ընդհանրական նկարագիրը տալուց հետո, վեր հանված հարցերից յուրաքանչյուրին կանդրադառնամ առանձին վերլուծական հոդվածով:

- Այսպես, հանքավայրի տեղանքը գտնվում է Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի սահմանագծին՝ Ջերմուկ քաղաքից մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա, Գնդեվազ, Սարավան, Սարալանջ, Կեչուտ, Ուղեձոր և Գորայք համայնքների հարևանությամբ՝ 5-7 կիլոմետր հեռավորության վրա և զբաղեցնում է շուրջ 6,600 հեկտար տարածք: Կույտային տարրալվացման հարթակը (հանքաքարի հարստացման ֆաբրիկա), որտեղ պետք է ցիանային եղանակով հանքաքարից կորզվի ոսկին, գտնվում է Գնդեվազ համայնքի տարածքում՝ բնակելի տներից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա: Այստեղ իրավական գնահատման է ենթակա բնակավայրին այդքան մոտ հանքահարստացնող ֆաբրիկա կառուցելու և հատկապես ցիանային եղանակով հանքահարստացման թույլատրելիությունը, ինչպես նաև նախագծի բացասական էկոլոգիական ազդեցության ամբողջ գոտու որոշումը:

- Տարածքային առումով ամենասուր իրավական խնդիրը, թերևս, հանքավայրի շահագործման ազդեցության գոտին որոշելն է, քանի որ ազդակիր ճանաչված համայնքների բնակիչներն իրավունք են ստանում մասնակից լինել շահագործման նախագծի հանրային քննարկումներին և ունեն Օրհուսի կոնվենցիայի 2-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված իրավունք՝ դատական կարգով վիճարկելու կայացվելիք որոշումների օրինականությունը: Հաշվի առնելով, որ Ամուլսարը գտնվում է Սևանա լճի ջրահավաք ավազանում, իսկ «Որոտան-Արփա» հիդրոտեխնիկական համալիրի տարածքը նույնիսկ հանդիսանում է Սևանա լճի անմիջական ազդեցության գոտի՝ Ամուլսարի շհագործման համար ազդակիր համայնքներ պետք է ճանաչվեն նաև Սևանա լճի ամբողջ ավազանում գտնվող համայնքները: Այդպիսի պահանջով թե՛ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին, և թե՛ ներկայիս նախարար Արամայիս Գրիգորյանին բազմիցս դիմել են լճի ազդեցության գոտում գտնվող համայնքների բնակիչները: Երկու դեպքում էլ դիմումները բավարարում չեն ստացել, մինչդեռ Սևանա լճի ջրահավաք ավազանում գտնվելն ինքնին իրավական հիմք է Սևանի վրա հնարավոր ազդեցությունը գնահատելու համար, ինչն իր հերթին անհերքելի իրավական հիմք է հանդիսանում լճին հարակից համայնքներն ազդակիր ճանաչելու համար: Քանի որ այս հիմնախնդիրն ունի շատ տարողունակ իրավական բովանդակություն, Սևանին հարակից հաայնքն ազդակիր ճանաչելու վերաբերյալ առավել մանրամասն կանդրադառնամ հաջորդիվ հոդվածներում:
Expert_16_03_2
- Հանքավայրի շահագործման (ներառյալ ենթակառուցվածքները) տարածքից մոտ 6 կիլոմետր հեռավորության վրա գտնվում է Հայաստանին պատկանող ջրի պաշարներով ամենամեծ՝ Սպանդարյանի ջրամբարը, որտեղ կարող է ամբարվել մինչև 260 մլն. խորանադր մետր ջուր: Մյուս կողմում՝ մոտ 4.5 կիլոմետր հեռավորության վրա գտնվում է Կեչուտի ջրամբարը, որտեղ կուտակվող ջուրն Արփա-Սևան թունելով հոսում է դեպի Սևանա լիճ: Ամուլսար լեռան տարածքում են գոյանում նաև ջրահոսքեր, որոնք սնուցում են Որոտան, Արփա և Դարբ գետերը, որոնք տարբեր նպատակներով օգտագործվում են ինչպես ՇՄԱԳ-ի ենթարկված տարածքում, այնպես էլ այդ տարածքից դուրս՝ կոնյակի և գինու համար օգտագործվող խաղողի այգիները ոռոգելու համար: Արփան և Որոտանը սնուցում են նաև Սևանա լիճը, ինչի համար էլ Ամուլսարի տարածքը հանդիսանում է Սևանա լճի վրա ազդեցության գոտի: Այսպիսով, Ամուլսարի հանքավայրի և դրա հարակից տարածքները հանդիսանում են Սևանա լճի ջրահավաք ավազանի մասը՝ լճի վրա անմիջական և ոչ անմիջական ազդեցության ռեժիմներով: Այստեղ ևս մեկ հակիրճ իրավական անդրադարձ կատարեմ՝ մանրամասն իրավական վերլուծությունը թողնելով հաջորդ հոդվածի համար՝ «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն, Սեւանա լճի ջրհավաք ավազանի մասն են կազմում նաև Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարները, Արփա և Որոտան գետերի ջրհավաք ավազանները՝ մինչև Կեչուտի ջրամբար»:

- Հանքավայրի և ֆաբրիկայի միջև է գտնվում մոտ 22 կիլոմետր երկարություն ունեցող Սպանդարյան-Կեչուտ թունելը, որը կառուցվել է, որպեսզի Սպանդարյանի ջրամբարում կուտակվող Որոտան գետի ջրերից տարեկան շուրջ 160 մլն. խորանարդ մետր ջուր տեղափոխվի Կեչուտի ջրամբար, իսկ այնտեղից՝ Սևանա լիճ: Այստեղ հարկ է նշել, որ ՀՀ կառավարությունը 2013 թվականին հաստատել է «Սևանա լճի ջրահավաք ավազանի տրածքային հատակագծման նախագիծը», որի համաձայն «Սևանա լճի վրա անմիջական ազդեցության գոտին ընդգրկում է ավազանի մաս կազմող Արփա և Որոտան գետերի վերին հոսանքների ջրհավաք ավազանները, Որոտան-Սևան հիդրոտեխնիկական համալիրի երկայնքով և թունելի առանցքից 3000-ական մետր լայնությամբ շերտագիծը, Կեչուտ և Սպանդարյան ջրամբարներն իրենց ջրհավաքներով»: Այսպիսով, հանքավայրի շահագործման ազդեցության գոտու որոշ հատվածներ հանդիսանում են Սևանա լճի անմիջական ազդեցության գոտիներ: Թե ինչպիսի ռեժիմ է օրենքով սահմանված Սևանա լճի անմիջական ազդեցության գոտում տնտեսական գործունեություն իրականացնելու համար (խնդիրը միայն հանքանյութ վերամշակող օբյեկտների տեղակայումը չէ, ինչի մասին նշված է նախագծի ՇՄԱԳ-ում), կանդրադառնանք նախագծի իրավական վերլուծության հատվածում:

- Ինչպես նշվեց, Ամուլսարից մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա գտնվում է Ջերմուկ առողջարանային քաղաքը: Այստեղ անհրաժեշտություն կա իրականացնել մանրակրկիտ իրավական և տնտեսական հաշվարկ, թե հանքավայրի շահագործումն ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի համախառն ներքին արդյունքի ավելացման, երկարաժամկետ կտրվածքով տնտեսական օգուտների և վնասների տեսանկյունից: Որքան էլ փորձ է արվել գնահատելու էկոհամակարգային ծառայությունների վրա բացասական ազդեցությունը և դրանով պայմանավորված՝ բնակչության եկամուտների նվազումը, այնուհանդերձ շահագործման հայտ ներկայացրած ընկերության ՇՄԱԳ-ում չկան ուսումնասիրություններ նախագծի պատճառած վնասների վերաբերյալ: Չկա բավարար տեղեկատվություն տնտեսական օգուտների և վնասների հարաբերակցության վերաբերյալ: Այս համատեքստում, այլընտրանքային տնտեսական գնահատման է ենթակա Ամուլսարի շահագործման հետևանքով Ջերմուկի միջազգային հեղինակության անկման, ազդեցության ենթարկվող գետերով ոռոգվող խաղողի այգիների վրա հնարավոր բացասական ազդեցություն, գինու և կոնյակի արտադրության և դրանց որակի անկման ռիսկերը, որոնք ՇՄԱԳ-ում գնահատված չեն, ինչպես նաև երկարաժամկետ հեռանկարում տուրիզմի, գյուղատնտեսության վրա ազդեցության հարցերը:

- Տարածքում կան բուսական և կենդանական աշխարհի հազվագյուտ և ոչնչացող տեսակներ: Չնայած ՀՀ կառավարության՝ վերջերս ընդունած որոշման իմաստով՝ թույլատրվում է հանքավայրի շահագործման տարածքից տեղափոխել հազվագյուտ և ոչնչացվող բուսատեսակները, սակայն այդ որոշումը ենթակա է դատական կարգով վիճարկման, քանի որ այն հակասում է ինչպես ՀՀ ընդերքի մասին օրենսգրքին, այնպես էլ բուսական և կենդանական աշխարհների մասին օրենքներին: Լուծում տրված չէ նաև Ամուլսարի տարածքի հետ առնչվող՝ հազվագյուտ և ոչնչացվող կենդանատեսակների խնդրին:

- Ի վերջո, Ամուլսարում գտնվել են մշակութային արժեքավոր գտածոներ, որոնց մասին շատ քիչ է խոսվում: Այդ գտածոների վերաբերյալ տվյալները թեև հանրայնացված չեն, սակայն մեր ձեռքին առկա են բավարար ապացույցներ այդ տարածքում գտնված մշակութային ժառանգության ոչնչացման հարցը իրավաբանորեն ձևակերպելու և հանքավայրի շահագործման անօրինականության հերթական հիմնավորում առաջ քաշելու համար:

Հոդվածաշարի այս մասն ամփոփելով նշեմ նաև, որ Ամուլսարի հանքավայրի շահագործումը, ի թիվս իրավական, տնտեսական, սոցիալական, մշակությին և այլ խնդրահարույց կետերի, ունի շատ խորքային մի խնդիր, որն անհնարին է դարձնում սոցիալական պատասխանատվության՝ հռչակված նպատակը: Այն արդեն իսկ առաջացրել է միջհամայնքային և ներհամայնքային սուր կոնֆլիկտ, որը գնալով միայն էլ ավելի է խորանալու, և որի համար անմիջականորեն պատասխանատվություն են կրում նաև անհամաչափ համառությամբ Ամուլսարի նախագծի ջատագովությամբ զբաղվող միջազգային ու օտարերկրյա կառույցները:

Արթուր Գրիգորյան, իրավաբան