5,657 view
Ի զարմանս Ֆիոլետովոյի բնակիչների՝ գյուղի հարևանությամբ հանքի շահագործման հարցը վերջնական լուծում չի ստացել
16.03.2015
Մարտի 13-ին Ֆիոլետովոյում տեղի ունեցավ հանդիպում, որին մասնակցեցին համայնքի 80 ներկայացուցիչներ, համայնքապետ Պավել Նովիկովը, ներկայացուցիչներ Լոռու մարզպետարանից, Երևանից` ի դեմս Ռուսների իրավունքների պաշտպանության կենտրոնի, Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգողը, այլ մասնակիցներ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ֆիոլետովո գյուղի խնդիրները` ռուսական դպրոցի ուսուցումը բարելավելու նպատակով բարձր որակավորում ունեցող ուսուցիչների ներգրավման, գյուղում մանկապարտեզ ստեղծելու և այլ հարցեր:
Առանձնակի ուշադրություն դարձվեց գյուղի բնակելի տներից ընդամենը մի քանի հարյուր մ հեռավորության վրա ոսկու հանքի շահագործման նախագծին:

Հիշեցնենք, որ «Գրեյդ Ռեդմետ» ՍՊԸ-ն մտադիր է հանքավայրը շահագործել բաց եղանակով, 5,2 հեկտար տարածքի վրա, հանքից 1,3 կմ հեռավորության վրա կուտակել մինչև 3 մլն խմ ծավալի լցակույտեր՝ 5 տարի շարունակ, տարեկան 37 հազար տոննա հանքաքար արդյունահանելու մտադրությամբ:Այդ պատճառով վերջին մի քանի ամիսներին խաթարվել է մոլոկանների անդորրը: Ֆիոլետովոյի բնակիչները ճարահատյալ սույն թվականի հունվարին դիմել էին ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի դեսպան Անդրեյ Սորոկինին և ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին՝ հանքի շահագործման կասեցման գործում աջակցելու խնդրանքով: Վերջիններս հանդիպում էին ունեցել Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հետ, որից հետո հանքի կառուցումը կասեցվել էր:

Սակայն օրերս կայացած այս հանդիպմանը ՀՀ Նախագահի աշխատակազմին կից Հայաստանի ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների համակարգող խորհրդի ներկայացուցիչ Իվան Սեմյոնովը նշեց, որ Ֆիոլետովոյում հանքի շահագործման հարցը վերստին բարձրացվել է: Նրա խոսքով այժմ հանքի կառուցման փաթեթը գտնվում է ՀՀ նախագահի մոտ և մոտ օրերս խնդիրը լուծում կստանա՝ հավանական համարելով համայնքի վերջնական խոսքի հաշվի առնումը:

Սույն ելույթը շատ զարմացրեց համայնքապետին ու գյուղացիներին, քանի որ նրանք արդեն իսկ նախագծի վերաբերյալ հայտնել են իրենց բացասական կարծիքը, որ չեն պատրաստվում հանձնել իրենց պապական բերրի հողերը, թույլ չեն տա աղտոտել հարազատ գյուղի ջուրը, օդը, հողը, չեն պատրաստվում հեռանալ իրենց տներից, շարունակելու են աշխատել՝ ստեղծելով բարիք մեր երկրի ժողովուրդի համար:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգողն անհրաժեշտության դեպքում արաջարկեց կենտրոնի աջակցությունը՝ համայնքի բնակիչների իրավունքները պաշտպանելու գործում, կոչ արեց լինել զգոն և ուժեղ, ամենօրյա աշխատանք տանել համայնքի անվտանգության պաշտպանության համար:

Լոռու մարզպետարանի ներկայացուցիչները ևս նշեցին, որ ոչ ոք չի կարող հանքը շահագործել առանց համայնքի համաձայնության:

Այսուհանդերձ ֆիալետովոցիների շրջանում անհանգստության նոր ալիք բարձրացավ և նրանք մտադիր են հետամուտ լինել խնդրի վերջնական լուծման գործում:

Մանյա Մելիքջանյան
Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 93 315108
Էլ. փոստ. manya_lore@yahoo.com