6,012 view
Կապանի Օրհուս կենտրոնի առաջարկով ՏԻՄ-ի կողմից ձեռնարկված քայլեր շրջակա միջավայրի խնդիրների լուծման ուղղությամբ
12.03.2015
2015թ. մարտի 10-ին Կապանի քաղաքապետարանի դահլիճում կայացած «Շրջակա միջավայրի և բնակչության առողջության պահպանման» բնապահպանական ծրագրի հանրային քննարկման ավարտից հետո, որտեղ փոխքաղաքապետը ներկայացրել էր Կապանի Օրհուս կենտրոնի նամակը` Դավիթ Բեկ թաղամասի լքված հանքուղու մուտքի դարպասի տեղադրման և հանքուղուց ծանր մետաղներով աղտոտված գրունտային ջրերի կանոնավորված հեռացման և կիսաքանդ դիտահորի վերականգնման վերաբերյալ, փոխքաղաքապետի, օգնականների, քաղաքաշինության բաժնի աշխատողների և ՀԿ-ների մասնակցությամբ կազմվեց

աշխատանքային խումբ, ովքեր մեկնեցին Դավիթ Բեկ թաղամաս, վերոնշյալ և մի շարք այլ խնդիրներ ուսումնասիրելու նպատակով: Տեղում ծանոթանալով իրավիճակին, կատարվեցին բազմաթիվ առաջարկություններ: Ընդունվեց, որ անհրաժեշտ է.

1. Վերանորոգել հանքուղու մուտքի դիտահորը և մաքրել այն:
2. Հանքուղու ներսում կառուցել փոքր ջրահավաք հոր:
3. 200մմ տրամագծով պլաստմասե խողովակով ջրերը ուղղել դիտահոր:
4. Դրսի դիտահորը փակել:
5. Կառուցել և տեղադրել մետաղական ճաղաշարե դարպաս:

Այնուհետև աշխատանքային խումբը գնաց մոտակա բարձրահարկ շենքերի մոտակայքում գտվող նախկին հանքերի «դատարկ» ապարների հսկայական հողաթմբի մոտ, որտեղից անձրևոտ օրերին մեծ քանակությամբ դեղին գույնի, ծանր մետաղներով աղտոտված հողախառը ջրեր են հոսում շենքերի բակով և լցվում փողոց: Խմբին մոտեցան բազմաթիվ բնակիչներ, ավելի մանրամասը ներկայացնելով խնդիրը, կատարելով առաջարկություններ, հայտնելով իրենց պատրաստակամությունը օգնելու, աջակցելու, մասնակցելու խնդրի լուծմանը: Նրանք նշեցին, որ նշված խնդիրը տարիներ առաջ բազմաթիվ անգամ բարձրացրել են, սակայն անարդյունք: Այցի մասնակիցները քննարկելով այս խնդիրը, արդյունքում կանգնեցին երկու տարբերակի առջև.

1. Այդ տարածքի ստորգետնյա մասով` բավականին խորն անցնում է ձորակի ջրահեռացման լոգը: Որոշվեց գտնել նրա տեղը և մակերևութային անձրևաջրերը ուղղել խողովակաշարով դեպի լոգ: Նախկինում մեծ տեխնիկայով փորձել են, սակայն չեն գտել լոգը:

2. Այդ հատվածում կառուցել նոր մակերևութային լոգ բետոնե 1մ տրամագծով խողովակներից և միացնել այդ լոգին Սպանդարյան փողոցի ճանապարհի վրա: Այս տարբերակը նույնպես շատ հարմար է, չնայած առաջին տարբերակի հետ համեմատ ծախսատար է:

Փոխքաղաքապետ Ռ. Սարգսյանը տեղում հանձնարարեց քաղաքաշինության պետ Ա. Ստեփանյանին զբաղվել այս խնդիրներով: Փոխքաղաքապետը բնակիչներին խոստացավ նաև, որ խնդիրը անպայման կլուծեն որևէ տարբերակով և բնակիչների անմիջական օժանդակությամբ:

Աշոտ Ավագյան
Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 93 79 59 21
Էլ. փոստ info_kapan@aarhus.am , kapan.aarhus@mail.ru