5,918 view
Կապանի «Շրջակա միջավայրի և բնակչության առողջության պահպանման» ծրագրում ներառվել են քաղաքացիների առաջարկները
11.03.2015
2015թ. Կապանի քաղաքապետարանի դահլիճում կայացավ «Շրջակա միջավայրի և բնակչության առողջության պահպանման» բնապահպանական ծրագրի հանրային քննարկումը, որը կազմակերպվել էր օրենքով սահմանված կարգով: Բացման խոսքով հանդես եկավ փոխքաղաքապետ Ռուդոլֆ Սարգսյանն՝ ակնկալելով ակտիվ մասնակցություն: Նա ներկայացրեց նաև Դավիթ Բեկ թաղամասում գտնվող լքված հանքուղու մուտքի դարպաս տեղադրելու և հանքուղուց դուրս եկող դեղին ծանր մետաղներով աղտոտված ջրերի հեռացման համար կիսաքանդ դիտահորը վերանորոգելու վերաբերյալ Կապանի Օրհուս կենտրոնի կողմից 2015թ.

մարտի 4-ին քաղաքապետին ուղղված նամակը: Խնդիրն այն է, որ անձրևոտ օրերին աղտոտված ջրերը լցվում են քաղաքի փողոցները: Փոխքաղաքապետը հայտնեց, որ ստեղծված է աշխատանքային խումբ՝ խնդիրը տեղում ուսումնասիրելու համար, ապա հրավիրեց ՀԿ-ների ներկայացուցիչներին ու մասնագիտությամբ շինարար-ճարտարագետներին հանրային քննարկումն ավարտելուն պես Դավիթ Բեկ թաղամաս այցելելու և տեղում խնդրի լուծումն որոշելու համար:

«Շրջակա միջավայրի և բնակչության առողջության պահպանման» բնապահպանական ծրագրի մանրամասները ներկայացրեց քաղաքապետարանի արտաքին կապերի և ծրագրերի բաժնի պետ Ավետիկ Համբարձումյանը: Տեղի ունեցավ ակտիվ քննարկում:

Քաղաքի տարածքով հոսող գետերի հուների մաքրման վերաբերյալ Օրհուս կենտրոնի համակարգողն իր ելույթում ասաց. «2014թ. փետրվարի 22-ին «ԴՓՄԿ» ՓԲԸ-ի աշխատողների, քաղաքապետարանի, Կապանի Օրհուս կենտրոնի, «Վերադարձ» քաղաքացիական շարժում ՀԿ-ի մասնակցությամբ կազմակերպվեց ջրի համաշխարհային օրվան նվիրված շաբաթօրյակ, Վաչագան գետի քաղաքի կենտրոնական մասի հունը մաքրվեց, սակայն այսօր նույն աղտոտվածությունն է: Նույն վիճակում է Ողջի գետի հունը: Ծախսվում են մեծ գումարներ, մեծ տեխնիկան մտցվում է գետը, հունը մաքրվում, սակայն մեկ տարի հետո նույն պատկերն է»: Նա առաջարկեց ձեռք բերել անվավոր պլաստմասե աղբարկղեր և խիստ հրահանգել, որ Կապանի կոմունալ տնտեսության աշխատակիցները գետափնյա փողոցների աղբը գետը չլցնեն, քանի որ այսօր հրահանգավորված է փողոցի փոշեաղբը լցնել գետը, աշխատողներն էլ ամեն ինչ լցնում են գետը: Առաջարկությունն ընդունվեց, և տեղում կոմունալ տնտեսության պետը մի քանի շարժական աղբամաններ ձեռք բերելու հանձնարարական ստացավ:

ՀԿ-ների ներկայացուցիչներն առաջարկեցին սահմանել տուգանքներ աշնանը տերևները վառողների, փողոցները աղտոտողների նկատմամբ, գետափնյա փողոցներում տեղադրել տեսախցիկներ, Կապանի հեռուստաընկերությունների ներկայացուցիչներն էլ հայտնեցին իրենց պատրաստակամությունը քաղաքի սանիտարական մաքրության վերաբերյալ հաղորդումներ պատրաստելու, աղտոտողների լուսանկարները հեռուստատեսությամբ ցուցադրելու վերաբերյալ:

«Կայուն զարգացում» ՀԿ-նախագահ Արմեն Փարսադանյանն առաջարկեց բյուջեից կամ այլ աղբյուրներից միջոցներ հայթայթել Կապանի շրջակա միջավայրի ու առողջապահական խնդիրների հետազոտություններ կատարելու նպատակով:

Ներկայացված ծրագիրը հավանության արժանացավ՝ ընդունելով առաջարկությունները, որոնք կարող են ներկայացվել գրավոր ձևով մեկ շաբաթվա ընթացքում:

Ավարտից հետո փոխքաղաքապետի, օգնականների, քաղաքաշինության բաժնի աշխատողների և ՀԿ-ների մասնակցությամբ մեկնեցինք Դավիթ Բեկ թաղամաս, ինչպես նշված, այնպես էլ մակերևութային ջրերի հետ կապված այլ խնդիրներն ուսումնասիրելու համար:

Աշոտ Ավագյան
Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 93 79 59 21
Էլ. փոստ info_kapan@aarhus.am , kapan.aarhus@mail.ru