6,711 view
Արմանիսի հանքավայրն ընդլայնվում է
02.03.2015
Արմանիսի հանքավայրը Հայաստանի ամենախոշոր ոսկի-բազմամետաղային հանքավայրերից մեկն է: Այն տեղակայված է Լոռու մարզում` Ստեփանավան քաղաքից 7.5 կմ դեպի արևմուտք և Արմանիս գյուղից 1.5 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Հանքավայրը Ստեփանավան քաղաքի հետ կապված է 7.5 կմ-ոց ասֆալտապատ ճանապարհով: Տեղանքը Բազումի լեռնաշղթայի ստորոտում է, բացարձակ բարձրությունը կենտրոնական հատվածում մոտ 1400-1620 մ է, ծայրամասերում` մինչև 1400 մ: Ջրային զանցը կազմում են Չքնաղ և Դեբեդ գետերը:
Հանքային կազմով և ձևավորման պայմաններով հանքավայրը պատկանում է բազմամետաղային

ֆորմացիային` ոսկու և արծաթի հարաբերականորեն բարձր պարունակությամբ: Հետազոտական աշխատանքների արդյունքում հանքավայրում հայտնաբերվել է հանքաքարերի 3 բնական տեսակ` պղինձ-ոսկու, պղինձ-բազմամետաղային և ոսկի-բազմամետաղային, որոնք հանքավայրի ընդհանուր պաշարների համապատասխանաբար 16%, 34% և 50%-ն են կազմում:

Արմանիսի ոսկի-բազմամետաղային ստորգետնյա հանքավայրը շահագործվում է «Սագամար» ՓԲԸ-ի կողմից: Հանքի շահագործումը սկսվել է 2004-ին և մինչև 2011թ. ինտենսիվ շահագործվել է:

Փետրվարի 23-ին Արմանիսում կազմակերպվեց հանրային քննարկում հանքի տարածքի և բաց հանքի ընդլայնման նախագծերի վերաբերյալ: Քննարկմանը մասնակցում էին Ստեփանավանի փոխքաղաքապետը, ճարտարապետը, Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգողը, ներկայացուցիչներ Բնապահպանության նախարարությունից, Արմանիսի բնակիչներ, Արմանիսի ոսկու բազմամետաղանոց հանքի տնօրենը, փոխտնօրենը, երկրաբանը, էկոլոգը և այլն:

Հանքի երկրաբանը ներկայացրեց նոր նախագիծը, ըստ որի հանքավայրի տարածքը կնդլայնվի 70 հեկտարով, որից 40 հեկտարը դեպի Արմանիս, 30 հեկտարը՝ դեպի ՈՒրասար: Հետագայում ֆաբրիկայի նոր մասը կաշխատի բաց եղանակով: Այնուհետև ելութ ունեցավ ֆաբրիկայի փոխտնօրեն Արկադի Յակովլևիչը՝ նշելով, որ իրենք հետագայում պարտավորվում են առավելագույնս նվազագույնի հասցնել ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Նրա խոսքով հետագայում ֆաբրիկան կաշխատի ամենաժամանակակից սարքավորումներով, նաև կլինեն ճանապարհները ջրող ավտոմեքենաներ:

Մասնակիցների մոտ արաջացան մի շարք հարցեր: Փոխքաղաքապետ Ռոստոմ Քոչարյանը պահանջեց, որ ճանապարհները չփակվեն և խոշոր եղջերավոր կենդանիները կարողանան առանց արգելքների տեղաշարժվել դեպի արոտավայրեր: Օրհուս կենտրոնի համակարգող Մանյա Մելիքջանյանն առաջ քաշեց բնավճարների, գրունտային ջրերի արտահոսքի, ընդլայնման տարածքում էնդեմիկ տեսակների առկայության և ծառահատումների հետ կապված մի շարք հարցեր: Բոլոր հարցերին տրվեցին համոզիչ պատասխաններ, սակայն դեռևս ՇՄԱԳ փաստաթուղթն ուսումնասիրության փուլում է: Համակարգողը հիշեցրեց նաև այն փաստը, որ Արմանիսի դպրոցի բակն աղտոտվել էր սնդիկով և ծանր մետաղներով հագեցած հանքաթափոններով, որոնք չնայած հեռացվել են, բայց դպրոցի բակը հիմնահատակ չի մաքրվել թունավոր նյութերից:

«Սագամար» ՓԲԸ տնօրինությունը հեշտությամբ ներկայացրեց հանքի նոր նախագիծը, նոր ֆինանսների ներդրումները, հանքի ընդլայնումը, հեռանկարները: Սակայն հարց է արաջանում, թե Արմանիսի բնզակիչները ինչպես կվերաբերվեն այն փաստին, որ պետք է հեռանան իրենց հարազատ տներից: Դրա համար կկազմակերպվեն հանրային քննարկումներ հետագայում:

Մանյա Մելիքջանյան
Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 93 315108
Էլ. փոստ. manya_lore@yahoo.com