5,006 view
Թուրքիայի երիտասարդ բնապահպանները Երևանի Օրհուս կենտրոնում
02.03.2015
21-րդ դարի առաջնորդների ֆորում կազմակերպությունը փետրվարի 24-28-ը հյուընկալել էր Թուրքիայի երիտասարդ բնապահպանների՝ Հայաստանի և Թուրքիայի երիտասարդ բնապահպանների հարթակ ծրագրի շրջանակում, որի նպատակը երկու երկրների միջև շրջակա միջավայրի ոլորտում խաղաղ համագործակցության կայուն դաշտ ստեղծելն է:
Հայաստան այցելության շրջանակում թուրք երիտասարդները եղան նաև Երևանի Օրհուս կենտրոնում: Կենտրոնի համակարգող Սիլվա Այվազյանը ներկայացրեց ոչ միայն Երևանի, այլև Հայաստանի մյուս 14 Օրհուս կենտրոնների

ստեղծման պատմությունը, նպատակներն ու խնդիրները, գործունեության սխեման: Նշեց մի քանի դրական օրինակներ, երբ հասարակության պայքարի արդյունքում հաջողվել է փոփոխել շրջակա միջավայրին վերաբերող այս կամ այն որոշումը, այդ թվում՝ Ջրվեժի անտառպարի ամբողջականության պահպանման, Շիկահողի արգելոցով ավտոճանապարհի անցկացման, Թռչկան ջրվեժի փրկության, Հրազդանի երկաթահանքի շահագործման կասեցման վերաբերյալ և այլն:

Հյուրերը նշեցին, որ իրենք մի քանի անգամ Թուրքիայի կառավարությանը փորձել են համոզել միանալ Օրհուսին կոնվենցիային, սակայն նրանց ջանքերը հաջողությամբ չեն պսակվել: Տեղեկացրին, որ իրենց երկրում հասարակական լսումներն անցկացվում են ոչ թե հանրությանը նախապես տեղյակ պահելու ու նրանց առաջարկներն ու դիտողությունները հաշվի առնելու, այլև գործունեության ծավալվման մասին ուղղակի տեղյակ պահելու համար:

Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատուն նշեց, որ այդ առումով Հայաստանում բավականին առաջընթաց կա, սակայն լսումներին հանրության իրական մասնակցությունը մեծամասամբ հաջողվում է Օրհուս կենտրոնների, քաղաքացիական նախաձեռնությունների ու ՀԿ-ների ակտիվ անդամների իրազեկ լինելու և հանրության ներգրավման ուղղությամբ աշխատանք տանելու շնորհիվ:

Հյուրերին հետաքրքրում էին նաև կողմ երկրներում Օրհուսի կոնվենցիայի իրականացմանը հետևող մարմնի առկայությունն ու մոնիթորինգի իրականացման մեխանիզմները: Օրհուս կենտրոնների ներկայացուցիչները տրամադրեցին համապատասխան տեղեկատվություն, մանրամասնեցին կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեին դիմելու կարգը և կոնվենցիայի դրույթների իրականացման ապահովման վերաբերյալ կոմիտեի կայացրած որոշումների կարևորությունը տվյալ երկրի համար:

Թուրքիայի երիտասարդ բնապահպանները հույս հայտնեցին, որ իրենց կհաջողվի համոզել կառավարությանը, որ հանրության էկոլոգիական իրավունքներն ապահովող այս փաստաթուղթը գործի դրվի նաև Թուրքիայում: Այս համատեքստում նաև հետագա համագործակցության կոչ արեցին, որը Հայաստանի Օրհուս կենտրոնների ներկայացուցիչները սիրով ընդունեցին:

Հանդիպումն անցավ ջերմ, երկուստեք ուսուցանող ու խաղաղ մթնոլորտում:

Մարի Չաքրյան
Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու
Էլ. փոստ aarhusnews@gmail.com