6,476 view
Բնապահպաններն առաջարկում են, որ նավթի և գազի պաշարներ որոնող «Բլեքսթերզ էներջի Արմենիա»  ՍՊԸ-ն փոփոխություն մտցնի ԲՆ և ԷԲՊՆ հետ իր պայմանագրում
23.02.2015
Տեղեկանալով, որ «Բլեքսթերզ էներջի Արմենիա» ՍՊԸ-ն նավթի և գազի որոնողական աշխատանքներ է ցանկանում իրականացնել նաև Սևանի ավազանում, Գեղարքունիքի մարզի, ինչպես նաև մայրաքաղաքում գործող ՀԿ-ների և բնապահպան ակտիվիստների կողմից բազմաթիվ հեռախոսազանգեր ու նամակներ էին ստացվել Գավառի ու Երևանի Օրհուս կենտրոններ. հատկապես, որ Սյունիքում 6-րդ տեղամասում նմանատիպ աշխատանքների գնահատման հայտի շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հասարակական լսումներն անցկացվել էին հենց Կապանի Օրհուս կենտրոնում և Օրհուս կենտրոնների կայքում հրապարակվել էր

որոշակի տեղեկատվություն այդ մասին: Սակայն Գեղարունիքի մարզում անցկացված հասարակական լսումների մասին Օրհուս կենտրոնի համակարգողն օրեր անց էր միայն տեղեկացել՝ բնականաբար հնարավորություն չունենալով լսումներին մասնակցել և ներգրավել առավել մեծ թվով քաղաքացիների:

Այսպիսով Երևանի Օրհուս կենտրոնը, հանրության պահանջով, նախաձեռնեց հանրային քննարկում՝ հրավիրելով շահագրգիռ բոլոր կողմերին («Բլեքսթերզ էներջի Արմենիա» ընկերության ղեկավարությանը, Բնապահպանության և Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների, ԵՊՀ Երկրաբանաաշխարհագրական ֆակուլտետի ու Կայուն զարգացման կենտրոնի, ինչպես նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչներին):

«Բլեքսթերզ էներջի Արմենիա» ՍՊԸ-ի ֆինանսական և ադմինիստրատիվ տնօրեն Քրիստինե Վարդանյանը ներկայացրեց Գեղարքունիքի մարզում 2015-2016թթ. 4-րդ պայմանական տարածքում երկրաբանական հետախուզական աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն:

Բնապահպաններին ու գիտնականներին առավելապես հետաքրքրում էր, թե ընկերությունն ինչ նպատակով է իրականացնում այդ աշխատանքները: Խաչաձև հարցերի արդյունքում պարզ դարձավ, որ արդյունաբերական պաշար հայտնաբերելու դեպքում՝ արտադրական նկատառումներով:

Սակայն ընկերության ֆինանսական և ադմինիստրատիվ տնօրեն Քրիստինե Վարդանյանն ու երկրաֆիզիկոս Գեորգի Ասլանյանը նշեցին, որ իրենք շատ օգտակար գործ են անում Հայաստանի համար՝ արժեքավոր հետազոտության արդյունքում ստացված տվյալները հաշվետվության տեսքով հանձնելով արխիվ: Բացի այդ այս պահին հորատման, առավել ևս արդյունահանման մասին ոչ մի խոսք էլ չի գնում և բնապահպաններն իրենց խոսքը կարող են ասել հաջորդ փուլում՝ հորատման աշխատանքների վերաբերյալ հասարական լսումների ժամանակ:

Սակայն բնապահպանները խորհուրդ տվեցին ի սկզբանե հեռու մնալ Սևանից, քանի որ այնտեղ ոչ մի հորատման աշխատանք չի կարող անգամ ուրվագծվել: Ընկերության ներկայացուցիչները մեջբերեցին Սևանի մասին օրենքը և հավաստիացրին, որ ընկերության գործունեությունը Սևանի ավազանում երկրաբանահետախուզական աշխատանքներինց այն կողմ չի անցնի: Իրավաբան Արթուր Գրիգորյանը նշեց, որ բանավոր հավաստիացումները բացարձակապես իրավական հիմք չեն հանդիսանում և առաջարկեց փոփոխություն մտցնել պայմանագրում, իրավաբանորեն հստակ ձևակերպել նպատակը. 4-րդ տեղամասում՝ Գեղարքունիքի մարզում լոկ ուսումնասիրման աշխատանքներ են իրականացվում ընդհանուր երկրաբանական իրավիճակը պարզելու համար, թե՝ հետագայում ընդերքօգտագործման նպատակով: Մասնակիցներից շատերը ևս միացան այդ առաջարկին, որ պայմանագրում անպայման նշվի, որ ընկերությունը պարտավորություն է վերցնում առ այն, որ Գեղարքունիքի մարզում պաշար հայտնաբերելու դեպքում, այն չի արդյունահանելու: Ի պատասխան՝ ընկերության տնօրենը խորհուրդ տվեց իրենց առաջարկները ներկայացնել Բնապահպանության նախարարությանը:

Մարի Չաքրյան
Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու
Էլ. փոստ aarhusnews@gmail.com