12,746 view

Պատասխանատվության շրջանակներ

15.02.2015

Pordzageti ankyun_024Ցանկացած նախաձեռնություն, որն էկոլոգիական ռիսկեր է պարունակում, հարկ է կարգավորել` հաշվի առնելով այն միջավայրը, որտեղ իրականացվելու է նախաձեռնությունը և այն իրավական բազան, որի հիման վրա կայացվում են որոշումները, կատարվում է գործունեության հսկողությունը: Իրավական բազան իր հերթին ձևավորվում է առաջնահերթ հաշվի առնելով երկրի բնական միջավայրի, բնակչության առողջության խնդիրները, միջազգային պարտավորությունները, մարդու էկոլոգիական իրավունքի իրացման պահանջները, գործող օրենսդրության փորձը: Շուկայական հարաբերությունների պայմաններում առաջնահերթ կարևորվում է նախաձեռնությունների էկո-անվտանգության ապահովումը՝ տնտեսապես ավելի ձեռնտու և հեշտ է կանխել վնասաբեր գործողությունները, քան թե՝ միջոցներ ծախսել դրանց հետևանքները վերացնելու համար: Հետևաբար հարկ է ձգտել նախագծերի հնարավոր ազդեցության լիարժեք գնահատմանն ու կարգավորմանը՝ որոշումների կայացման գործընթացներում: Այդ նպատակով էկո-փորձաքննության հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը պետք է օժտված լինի պարզ և չափելի որակ-քանակային հստակություն ապահովող պահանջներով՝ ազդեցության նախնական գնահատման, ռիսկերի սահմանումների, մեղմացնող միջոցառումների, էկո-մոնիթորինգի վերաբերյալ: Բայց մեր իրականությունում հաճախակի են այս ամենի անտեսումները:

Հարկ է նշել, որ էկո-փորձաքննության ոլորտում մեր կազմակերպության բազմամյա գործունեության շնորհիվ, ոլորտի խնդիրների վերաբերյալ տեղեկատվությունը մենք <ստանում ենք> ինքնաբերաբար: Որպես ռեսուրս մեզ միայն ժամանակ է հարկավոր՝ ներկայացված օրինագծի տեքստին ծանոթանալու և որոշակի առաջարկներ ձևակերպելու համար, քանի որ տարիների փորձի համեմատական վերլուծությունը, բնական միջավայրի նկարագիրը, որոշումների կայացման գործընթացների մասնակիցների խնդիրներն արդեն առկա են: Նույն փորձի շնորհիվ ժամանակին մենք առաջարկներ ենք ներկայացրել ՀՀ անտառային օրենսգրքի, բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման ինքնահսկման մասին օրենքի, Ընդերքի մասին օրենսգրքի, Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերի վերաբերյալ: Թե որքանով են այդ առաջարկները հաշվի առնվել կամ մերժվել՝ հնարավոր է պատկերացում կազմել արդեն ընդունված ու վավերացված օրենքների տեքստերով: Համենայն դեպս ինձ հայտնի չէ որևէ դեպք (գոնե`թվարկված օրինագծերի վերաբերյալ), երբ առաջարկների հեղինակներին ողջամիտ ժամկետներում ներկայացվեն առաջարկները մերժելու հիմնավորումներ:

Կարևոր մի հանգամանք. – Նշված նախագծերի վերաբերյալ առաջարկների մշակման ընթացքում անխուսափելի զգացվում էր Էսպո-Կոնվենցիայի կանխարգելիչ, կարգավորիչ դրույթների ներդրման հրատապությունը ոչ միայն բնապահպանության ոլորտում, այլև՝ երկրի տնտեսության տարբեր ոլորտները կարգավորող օրենքներում: Էսպո-Կոնվենցիայի վավերացման շնորհիվ ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում ՇՄԱԳ ընթացակարգերի ներդրումը պահանջված է դեռևս 1997 թվականից: Տնտեսական զարգացման նպատակ հետապնդող ընդերք-օգտագործողները, գյուղատնտեսության, քաղաքաշինության, քիմիական, շինանյութերի, էներգիայի արտադրության և այլ ոլորտների նախաձեռնողներն առաջնորդվում են իրենց հիմնական գործունեության ոլորտները կարգավորող օրենսդրությամբ և էկո-խախտումների կանխարգելման հրատապությունը գիտակցում են ոչ լիարժեք: Բազմաթիվ նախաձեռնողներ, խուսափելով բարձր ռիսկերը նվազեցնող բնապահպանական միջոցառումներ պլանավորել (արտադրության ինքնարժեքը մեծանում է), էկո-փորձաքննության ընթացքում ամբողջովին ենթակա են եղել բնապահպանության նախարարության չարաշահումներին, քանի որ գործող օրենսդրությունում բացակայել են ազդեցության գնահատման –կարգավորման որոշակի պահանջները: 18 տարի շարունակ էկո-փոորձաքննության լիազոր մարմինը նախաձեռնող-գործարարներին փորձաքննական եզրակացություններ է հանձնել ՇՄԱՓ1 օրենքի 7-րդ հոդվածով և 15-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահանջների բացակայության պայմաններում: Եվ փորձը ցույց է տալիս, որ չարաշահումների հետևանքով նախագծերի տնտեսական գրավչությունն ավելի նվազել է (իրական ինքնարժեքը սպասվածից ավելի է մեծացել):

Ուստի նախաձեռնությունների էկո-անվտանգության ապահովման հիմնական օրենքից բացի, անհրաժեշտ է Էսպոյի կանխարգելիչ-կարգավորիչ դրույթներն ընդգրկել նաև տնտեսական տարբեր ոլորտները կարգավորող ճյուղային օրենսդրությունում: Դա նախաձեռնողներին հնարավորություն կտա հստակ պատկերացնել՝
• Ինչու և ինչ է պահանջվում իրենց նախաձեռնության բարձր ռիսկերը նվազեցնելու համար (իրենց հրավիրած փորձագետների ուսումնասիրության շրջանակները) ?
• Որոնք են այն առաջնահերթ խնդիրները, որոնց լուծումով իրենց նախաձեռնությունը կդառնա համեմատաբար անվտանգ և ընդունելի կլինի բոլոր կողմերի համար ?

Pordzageti ankyun_022Պետք է խոսոտովանեմ, որ այս երկու խնդիրները պարզելու նպատակով բազմիցս ինչպես հարկն է <տնտղել ու քրքրել եմ> ՀՀ օրենսդրությունը: Պարզվել է, որ հողերի, ջրերի, մթնոլորտային օդի, կենսաբազմազանության և մարդու առողջության պահպանության ընդհանուր պահանջները ՀՀ օրենքներում առկա են, բայց էկո-խախտումների կանխարգելիչ դրույթներ, նախաձեռնությունների հնարավոր ազդեցության կարգավորման և էկո-անվտանգության ապահովման պահանջներ ունեն միայն բնապահպանության ոլորտի որոշ ակտեր, անտառային օրենսգիրքը և Ընդերքի մասին օրենսգիրքը և այն էլ՝ ոչ հստակ, ընդհանուր ձևակերպումներով:

ՇՄԱԳՓ2 օրենքի նախագծի թերությունները բազմիցս ներկայացվել են ՀՀ բնապահպանության նախարարներին, ՀՀ Ազգային Ժողովին և www.aarhus.am կայքի փորձագետի անկյունում, բայց արդեն կայացած փաստ է՝ որքան առաջարկները պարզ, հստակ և չափելի են, հիմնավոր ու պահանջված են, այնքան ավելի համառությամբ են դրանք անտեսվում՝ հինգերորդ-անիվ պաշտոնյաներից սկսած մինչև Սահմանադրության երաշխավոր: Պետք է տեղեկացնեմ, որ մեր բաց նամակի վերաբերյալ (http://aarhus.am/?page_id=6161) ՀՀ նախագահից որևէ պատասխան չէինք սպասում: Մեր բաց նամակում հիմնավորված էր, որ օրենսդրական քաղաքականությունն ընթացել է երկրի Սամանադրության, միջազգային պարտավորությունների խախտումներով, ուստի 2014 թ. հուլիսի 23-ին ՀՀ նախագահն այն … վավերացրեց: Հետաքրքիր պատասխան ենք ստացել ՀՀ սահմանադրական դատարանից (կից ներկայացվում է): Բայց հերթական անգամ ստիպված եմ արձանագրել, որ ստացված պատասխանը մեր ներկայացրած բաց նամակի բովանդակության հետ որևէ տրամաբանական կապ չունի:

Պետք է խոստովանեմ, որ օրենսդրական բարեփոխումներին մասնակցելու դառը փորձ արդեն կար: Կարծում եմ, որ Օրհուս-կենտրոնների և մարդու էկո-իրավունքի իրացման հայկական փորձով հետաքրքրվող ցանկացած քաղաքացու համար ուսանելի կլինի նաև Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի նախագծի վերաբերյալ մեր ներկայացրած առաջարկների հաշվառման պատմությունը: Հանրահայտ է ընդերք-օգտագործման բարձր և բարդ ազդեցությունը բնական համակարգերի, շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա: Բայց միաժամանակ՝ աշխարհագրական, տնտեսական ու տեխնիկական հստակ և չափելի բնութագրերի շնորհիվ ընդերք-օգտագործման նախագծերի ազդեցության ուսումնասիրությունն ավելի դյուրին է, բնապահպանական միջոցառումների հիմնավորվածությունը և ծախսերն ապահովելը՝ նույնպես: Ընդամենը հարկ է, որ լեռնահաքային ոլորտի օրենսդրությունում համապատասխան՝ որակ-քանակային հստակություն ապահովող չափելի պահանջներ ընդգրկվեն՝ վերը թվարկված երկու խնդիրները պարզելու նպատակով: Ուստի 2011 թ. Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի բարեփոխման նախագիծը լավ հնարավորություն էր Էսպոյի կանխարգելիչ-կարգավորիչ դրույթները ՀՀ լեռնահանքային ոլորտում ներդնելու համար: Այդ նպատակով համապատասխան առաջարկներ ներկայացրեցինք նախագծի հեղինակներին, այդ թվում նաև՝ նախագծերի հնարավոր ազդեցության գնահատման, արգավորման պահանջները (ՇՄԱԳ-նախագծի բովանդակություն) օրինագծի տեքստում ընդգրկելու վերաբերյալ:

Մեր առաջարկները ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում անմիջապես չմերժեցին, չանտեսեցին, այլ … հրավիրեցին հարցազրույցի: Այդ ընթացքում որքան հնարավոր է պարզաբանեցի ՇՄԱԳ-նախագծերի բովանդակության վերաբերյալ պահանջների առկայության հրատապությունն ու օգտակարությունը ոլորտի օրենսդրությունում հատկապես՝ նախարարության պաշտոնյաների և ընդերք-օգտագործողների համար (վերը թվարկված երկու խնդիրներն ավելի մանրամասն և բազմակողմանի ներկայացնելով): Լեռնահանքային ոլորտը կարգավորող օրենսդրությունում ՇՄԱԳ-նախագծերի բովանդակությանը ներկայացվող հիմնավոր պահանջների առկայության շնորհիվ ընդերք-օգտագործման յուրաքանչյուր դեպքում մութ, անորոշ Էկո-փորձաքննությունը լուսավորվում է՝ վերածվելով պարզ ու թափանցիկ գործընթացի:

Ուստի հասկանալի է, թեև ընդունելի չէ՝ ինչու օրինագծի հեղինակները մեր առաջարկներն ուղարկեցին ՀՀ բնապահպանության նախարարություն՝ հայցելով բնապահպանության շահագրգիռ գերատեսչության կարծիքը կամ համաձայնությունը: Այդ կարծիք/համաձայնությունը ներկայացվեց մեկ ու կես տողով՝ բնապահպան նախարարության հինգերորդ անիվը մեր առաջարկներում պեղել, գտել էր և սխալ էր համարել <բնություն և շրջակա միջավայր> արտահայտությունը … ընդամենը: Սակայն առիթից օգտվելով Ընդերքի օրենսգրքի նախագծի հեղինակները որոշեցին սխալ համարել ՇՄԱԳ-նախագծերի բովանդակության առկայությունը լեռնահանքային ոլորտի օրենսդրությունում: Արդյունքում՝ ընդերք-օգտագործման նախագծերի դեպքում (և առհասարակ)
• Նախաձեռնողները սկզբնապես չեն պատկերացնում ինչու և ինչ է պահանջվում իրենց նախաձեռնության բարձր ռիսկերը նվազեցնելու համար (չեն կարող հասկանալ՝ իրենց հրավիրած փորձագետներն իսկապես ազդեցության ուսումնասիրություն են կատարում, թե՝ թուղթ են մրոտում) ?
• պարզ ու հիմնավորված չեն այն առաջնահերթ խնդիրները և դրանց լուծման միջոցները (բարձր ռիսկերը նվազեցնող, մեղմացնող միջոցառումներն ու մոնիթորինգի ցուցիչները), որոնց շնորհիվ նախագծերը կդառնան համեմատաբար անվտանգ և ընդունելի:

2014 թ. հուլիսի 23-ին վավերացված ՇՄԱԳՓ օրենքի թերությունները հայտնի են բոլոր նրանց, ովքեր որևէ կերպ մասնակցել են այդ օրինագծի <բարեփոխմանը> – բացակայում են նախագծերի հնարավոր ազդեցության գնահատման և կարգավորման պարզ, հստակ, հիմնավոր ու չափելի պահանջները: Իսկ դա օրենսդրության խիստ հարմարավետ չքավորությունն է որոշ պաշտոնյաների արդյունավետ չարաշահումների նպատակով:

Բայց այնուամենայնիվ ՀՀ վավերացրել է Էսպո-Կոնվենցիան, Կիևի ՌԷԳ Արձանագրությունը և Աարհուսի կոնվենցիան: Ուստի կենսագործունեության միջավայրի որակի պատասխանատվության զգացումով օժտված ցանկացած մարդ կարող է ձգտել, հետամուտ լինել ՀՀ Սահմանադրության, երկրի ստանձնած միջազգային պարտավորությունների անմիջական կատարմանը՝ անտեսելով – Սահմանդրությունը կատարյալ չէ, օրենսդրությունը թերի է, այս կամ այն դրույթը տեղին չէ և այլ անհիմն փաստարկներ (նույն այս փաստարկները մեր պաշտոնյաներին բոլորովին չեն խանգարում էկոլոգիապես ակնհայտ վնասակար որոշումների կայացնելիս):

Սահմանադրության 10-րդ հոդվածով սահմանված է որ պետությունն ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը և վերականգնումը, բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործումը: Ուրեմն պետական ցանկացած կարգի պաշտոնյա պարտավոր է որոշումներ կայացնել նշված սահմանադրական նորմին համաատասխան՝ առաջնահերթ կարևորելով բնապահպանական, անտառային, գյուղատնտեսական հողերի, ԲՀՊՏ3-ների, բնական ջրամբարների և ջրային հոսքերի պահպանությունը՝ այդ պահպանությանը ստորադասելով մնացած թվացյալ տնտեսական օգուտներն ու զարգացումները: Տնտեսական ինչ զարգացման մասին է խոսքը, եթե գործունեությունն ակնհայտորեն հանգեցնում է բնական ռեսուրսների հյուծմանը ?

Հայաստանում գործող ցանկացած կարգի պետական պաշտոնյա աշխատավարձ է ստանում հարկատուների միջոցներից, ուստի պարտավոր է ողջամիտ ժամկետներում պատասխանատու և արձագանքող լինել այդ հարկատուների կենսագործունեության միջավայրի որակի ապահովման նկատմամբ: Հատուկ պետական պաշտոնյաների համար ներկայացնեմ ավելի մանրամասն.
• բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման,
• էկո-համակարգերի հավասարակշռության պահպանության,
• կենսաբազմազանության պահպանության,
• մարդու առոջության պահպանության,
• որոշումների կայացման գործընթացներում հանրության լիիրավ մասնակցության
վերաբերյալ ցանկացած սահմանադրական դրույթի և երկրի ստանձնած միջազգային պարտավորությունների իրագործումը ցանկացած կարգի պետական պաշտոնյայի առաջնահերթ խնդիրն է (ոչ միայն բնապահպանության ոլորտում)՝ հինգերորդ անիվներից սկսած մինչև Սահմանադրության երաշխավոր: Խոսքը հետևյալ սահմանադրական դրույթների մասին է.

ՀՀ Սահմանադրություն (ընդունվել է 1995 թ. հուլիսի 5-ին, լրամշակվել է 2005թ. նույեմբերի 27)

Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև՝ Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց միջոցով, …
Հոդված 3. – ..Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան: Պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:
Հոդված 10. Պետությունն ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը:
Հոդված 31. – … Սեփականության իրավունքի գործադրումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց , հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը:
Հոդված 33.2. Պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում բնապահպանական տեղեկատվությունը թաքցնելու կամ դրա տրամադրումը մերժելու համար:
Հոդված 48. Պետության հիմնական խնդիրները տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում …. 10) իրականացնել ներկա և ապագա սերունդների բնապահպանական անվտանգությունն ապահովող քաղաքականություն:
Հոդված 89. Կառավարությունը … 5) իրականացնում է պետական քաղաքականությունը գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սոցիալ-ապահովության և բնության պահպանության բնագավառներում.
ՀՀ վավերացրած միջազգային համաձայնագրերը տես՝ Օրհուսի կոնվենցիա (http://aarhus.am/?page_id=384):

Սրբուհի Հարությունյան
Էկո-փորձաքննության խորհրդատու
2015 թ. Փետրվարի 14.

Հապավումներ
1. ՇՄԱՓ օրենք – ՀՀ օրենքը Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին, ՀՀ ԳԽ որոշում 1996 թ. նոյեմբերի 20, ՀՀ նախագահի վավերացում 1996 թ. դեկտեմբերի 12.
2. ՇՄԱԳՓ օրենք – ՀՀ օրենքը Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին, ՀՀ ԱԺ 2014 թ. հունիսի 21-ի որոշում, ՀՀ նախագահի վավերացում 2014 հուլիսի 23.
3. ԲՀՊՏ-ներ – բնության հատուկ պահպանվող տարածքներ