12,432 view

Հայաստանում հիդրոէներգետիկայի ոլորտի կայուն զարգացման հեռանկարները

ԵԱՀԿ Եևանյան գրասենյակի Տնտեսական ու բնապահպանական ծրագրերի բաժինը նախաձեռնել էր Հայաստանում հիդրոէներգետիկայի ոլորտի կայուն զարգացման հեռանկարները խորագրով միջոցառում, որին մասնակցեցին ոլորտի հետ առնչություն ունեցող գրեթե բոլոր օղակների ներկայացուցիչները: Այն անցկացվեց Հայաստանի Ամերիկյան համալսարանում՝ փետրվարի 20-ին:
ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Ա. Սորոկինը, ողջունելով ներկաներին, նշեց, որ ԵԱՀԿ-ն անվտանգության ու համագործակցության հարցերը շոշափում է բոլոր տեսանկյուններից, այդ թվում և մարդու բարենպաստ շրջակա միջավայր ունենալու իրավունքի:
Էկոլոգիայի ոլորտում առաջնահերթությունը տրվում է Օրհուսի կոնվենցիայի իրականացմանը, քանի որ այն համակարգում է բնական ռեսուրսների նկատմամբ իրավունքները, կանաչ էկոնոմիկա հասկացության կառուցվածքի կրողն է և տեղաբնակչությանը ռեսուրսների հասանելիության իրավական երաշխիքներ է տալիս: Նա նշեց, որ բնական պաշարների մատչելիության թեման դարերի ընթացքում անկյունաքարային է եղել ինչպես պետության ու հասարակության համար, այնպես էլ փիլիսոփայության տեսանկյունից՝ մեջբերելով ռուս նկարիչ, փիլիսոփա, գրող և հրապարակախոս Նիկոլայ Ռերիխի համոզմունքը. ռեսուրսների օգտագործումից ստացված շահույթը պետք է ուղղվի կրթության, առողջապահության կարիքներին ու մարդկանց կյանքի որակի բարձրացմանը:

ՀՀ Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Ս. Պապյանը, Տարածքային կառավարման նախարարի տեղակալ Ա. Բախշյանը, Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Ա. Գալստյանը ողջունելով նախաձեռնությունը՝ խոսեցին Հայաստանում հիդրոէներգետիկայի զարգացման կարևորության ու ոլորտի խոցելի կողմերի՝ օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտության, վերահսկողության ու մոնիթորինգի կատարելագործման անհրաժեշտության, նախագծերի ու իրականության անհամապատասխանության մասին: ՀՀ ԷԲՆ Վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ Դ. Ստեփանյանը ներկայացրեց, որ հանրապետությունում 2013թ. արտադրված 7մլրդ 710մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիայի արտադրանքի 28%-ն ապահովել են հիդրոէներգետիկ պաշարները, որ ոլորտը զարգանում է բավականին արագընթաց տեմպերով:

Գավառի Օրհուս կենտրոնի համակարգող Լ. Ասոյանն էլ խոսուն նկարների ու փաստերի միջոցով ներկայացրեց ՓՀԷԿ-երի կառուցման ընթացքում և արդյունքում բյության նկատմամբ հաշվեհարդարը, թե ինչպես են ոչնչացվում էկոհամակարգերը, ինչպես են նախագծերում նկարագրված ձկնանցարանները փոխարինվում նեղլիկ խոսովակներով, ինչպես բնությանը հասցված վնասը չի վերականգնվում անգամ անօրինական ՓՀԷԿ-երի շինարարությունները կասեցնելու դեպքում:

Լ. Ասոյանի զեկույցն արժանացավ պետական պաշտոնյաների, մասնավորապես ՏԿՆ ներկայացուցիչ Ա. Բախշյանի քննադատությանը, քանի որ իր մեջ մեղադրական տոն էր պարունակում: Ա. Բախշյանն էլ իր հերթին մեղադրեց մեր հասարակությանը, որ ի տարբերություն Նորվեգիայի, որտեղ սաղմոսը պաշտամունքի առարկա է, մենք մեր կարմրախայտի արժեքն ու համը հավուր պատշաճի չենք գնահատում: Ներկաներին ցնցեց Ն. Նահապետյանի հայտարարությունն այն մասին, որ ՀԷԿ-երը բացարձակապես վնաս չեն հասցնում բնությանը: Անգամ անկախ փորձագետ Ս. Մինասյանի գիտականորեն հիմնավորված փաստարկները նրան հակառակում չհամոզեցին:

Համահայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) ներկայացուցիչ Մ. Խաչատրյանը բարձրաձանեց, որ ՀՀ կառավարության կողմից այս ոլորտի զարգացման նպատակով ընտրած ոչ ճիշտ ռազմավարությունն ու վարած անհեռատես քաղաքականությունը, ինչպես նաև փոքր ՀԷԿ-երի զանգվածային կառուցումն ու անվերահսկելի շահագործումը, առաջ են բերել բազմաթիվ բնապահպանական և սոցիալական խնդիրներ, հանրության տարբեր շերտերի միջև ի հայտ են եկել շահերի բախումներ: Հիմնավորելով վերոնշյալ փոստարկներով՝ ՀԲՃ-ի ներկայացուցիչները հանդես եկան ՓՀԷԿ-երի առաջ բերած խնդիրների լուծման կոնկրետ առաջարկներով:

Չցանկանալով բնապահպանական խնդրի շուրջ մեկնաբանություն անել՝ “Խազեր” ՀԿ-ի փորձագետ Ա. Գաբրիելյանը քաղաքացիական հարց բարձրացրեց բառացիորեն հետևյալ կերպ. Երկարատև ու մինչ օրս ընթացող լճացման մթնոլորտում այնուամենայնիվ ուրախ եմ նշել, որ մեր հասարակությունը, հատկապես երիտասարդությունը, զարթոնքի նշաններ է ցույց տալիս: Ուստի մի այլ՝ քաղաքացիական բնույթի հարց կցանկանայի բարձրացնել ու լսել կարծիք ու մեկնաբանություններ: ԵԱՀԿ-ի պրն դեսպանը իր ելույթում մի կարևոր միտք հայտնեց, որ “закон должен обеспечить сохранность не только природы, но и духовной среды, в состав которой входит справедливость”. Թեև պարոն դեսպանը ներկա չէ, այնուամենայնիվ իմ հարցը կտամ՝ ներկաների ուշադրությունը հրավիրելու խնդրանքով: ՓՀԷԿ-ի կառուցման ու շահագործման նախաձեռնող սեփականատերը կատարում է բոլոր ծախսերը, այնուհետև էլեկտրաէներգիայի վաճառքի միջոցով հետ բերում այդ գումարները՝ պլյուս շահույթը՝ լիցենզիայով սահմանված 15 տարվա ընթացքում: Պայմանականորեն ընդունում ենք, որ ոչ մի խարդախություն այդ ընթացքում չկա: Մյուս կողմից էլ. Էներգիայի սպառողը բոլոր նշված ծախսերը (վարկի վերադարձը իր տոկոսներով, կառուցման ու շահագործման ծախսերը, շահույթը և այլն) իր մուծումների միջոցով փակում է: Հարց է առաջանում, ինչո՞ւ այդ բոլորից հետո ՀԷԿ-ի սեփականատերը շարունակում է մնալ այդ օբյեկտի սեփականատեր: Չե՞ որ սպառողները, այսինքն, բնակիչները փաստորեն գնել են այդ օբյեկտը: Արդյո՞ք դա արդար է: Բնական է, որ սա միայն էներգետիկային ու փոքր ՀԷԿ-երին չի վերաբերում: Արդյո՞ք այս հանգամանքը չէ պատճառը, որ տեղի է ունենում ֆինանսական կապիտալի հետևողական բևեռացումը ու բնակչության օտարումը իր երկրից ու մասնավորապես բնությունից: Հարց հնչեց նաև, թե ինչո՞ւ է փեքր ՀԷԿ համարելու շեմի վերին սահմանը 15 մգՎտ հզորությունից բարձրացվել մինչև 30 մգՎտ ու, թե քանի ՀԷԿ է մտել այդ ցանկի մեջ:

Բարձրացվեցին նաև այլ հարցեր, որոնց ժամանակի սղության պատճառով մեկ առ մեկ արձագանքելու հնարավորություն չընձեռնվեց: Պայմանավորվածություն ձեռքբերվեց դրանցից յուրաքանչյուրը մասնագիտական քննարկման առարկա դարձնել՝ լուծումները գտնելու նպատակով:

Մարի Չաքրյան

Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու

Հեռ. 010 551364

Էլ. փոստ aarhusnews@gmail.com