7,122 view

Պոչամբարի կառուցման նպատակով հողերի նշանակության փոփոխության շուրջ համայնքային հասարակական քննարկում Մեծ Այրումում

12.02.2015
2015թ.-ի փետրվարի 12-ին Լոռու մարզի Մեծ Այրում համայնքում հասարակական քննարկում էր կազմակերպվել համայնքի ղեկավարի, ավագանու և բնակիչների նախաձեռնությամբ: Մասնակցում էին նաև հանրապետական և տեղական ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, «Կանաչների միություն» ՀԿ նախահագ Հակոբ Սանասարյանը, Համահայկական Բնապահպանական ճակատի ակտիվիստները, Ալավերդու Օրհուս կենտրոնի համակարգողը, «Ախթալայի ԼՀԿ» ներկայացուցիչ Գագիկ Շահնազարյանը:
Ախթալայում ԼՀԿ-ի թափոնավայրերը գտնվում են տեսանելիորեն խայտառակ ու խիստ վտանգավոր

վիճակում և վաղուց արդեն ենթակա չեն շահագործման: Այդ պատճառաբանությամբ դեռևս 2014թ. դեկտեմբերին «Ախթալայի ԼՀԿ»-ն կառավարությանն առաջարկել է տրամադրել 40 հա հողատարածք, որն ըստ էության ներկայիս «Նահատակ» պոչամբարի ձորի շարունակությունն է: Առաջարկված հողատարածքի մի մասը պատկանում է Ճոճկան, մյուս մասը՝ Մեծ Այրում համայնքներին: Նշված հողատարածքները գյուղատնտեսական նշանակության հողեր են՝ արոտավայր, մացառուտ, ցաքուտ: Հողերի նշանակությունը գյուղատնտեսականից արտադրականի փոխելու վերաբերյալ Ճոճկանում արդեն համայնքի ավագանին որոշում է կայացրել (Օրհուս կենտրոնը տեղեկատվական հարցում է ուղարկել մարամասներին ծանոթանալու նպատակով), իսկ Մեծ Այրումում հունվարի 29-ին ավագանու նիստում այդ հարցը մեծ աղմուկ է բարձրացրել, քանի որ ավագանին ներկայացրել է հարցի վերաբերյալ բնակիչների անտեղյակության մասին:

Նշված ժամանակահատվածում համայնքի բնակիչները և ավագանու անդամները ակտիվ կապի մեջ են եղել Օրհուս կենտրոնի հետ, ստացել տեղեկատվություն իրենց հուզող հարցերի վերաբերյալ: «Հանայնքային զարգացման և աջակցության» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանի հետ, ով տվյալ համայնքի բնակիչ է և ավագանու անդամ, պատրաստվել են տեղեկատվական թերթիկներ և բաժանվել բնակչության շրջանում: Տեղի հասարակությունը ինֆորմացիայի մեծ պակաս ունի, պատշաճ տեղեկացված չէ ընթացող գործընթացի վերաբերյալ:

Փետրվարի 12-ին կազմակերպված քննարկմանը թեև համայնքի ղեկավարը նշեց, որ բացի համայքնի բնակիչներից ոչ ոքի չի հրավիրել, այդ թվում նաև ԶԼՄ-ներին, ինքն է ղեկավարում, և ինքն է որոշում իր համայքնի անելիքները, այնուամենայնիվ հնարավոր եղավ մասնակցել ու հարցեր ուղղել, բնակիչների կողքին լինել: Համայնքի ղեկավար Սահակ Նազարյանը տեղեկացրեց, որ հարցի և դրա շուրջ քննարկման վերաբերյալ իր համայնքի 131 տնտեսություններ մեկ առ մեկ տեղեկացվել են, որպեսզի հետագայում չկարողանան առարկել տեղյակ չլինելու մասին: Այնուհետև ներկայացրեց հարցը, խոսեց կառուցվող պոչամբարի նախագծի մասին և հորդորեց բնակիչներին հանդես գալ առաջարկներով ու հարցերով: Քննարկումն ընթացավ բավականին աղմկոտ, քանի որ կոնկրետ հարցերի վերաբերյալ բավարար չափով հասարակությունը ինֆորմացիա չուներ: Նախապես պատրաստված տեղեկատվական թերթիկները «Հանայնքային զարգացման և աջակցության» ՀԿ կողմից այնուամենայնիվ բաժանվեցին:

Օրհուս կենտրոնի համակարգողի այն հարցին, թե ինչ նախագծի մասին է խոսքը, գյուղապետը պատասխանեց, որ խոսվում է ենթադրյալ նախագծի մասին: «Ախթալայի ԼՀԿ»-ի ներկայացուցիչը ներկայացրեց, որ հողատեսքի փոփոխության նպատակը պոչամբարի կառուցումն է, սակայն դա դեռ երկար գործընթաց է, դեռ հետազոտություններ են պետք: Իսկ բնակիչներից մեկի այն առաջարկին, որ խնդրում են ռեկուլտիվացնել նախկին պոչամբարները, նա պատասխանեց, որ խնդրելու կարիք չկա, քանի որ դա ԼՀԿ-ի պարտականությունն է և վստահեցրեց, որ անպայման կանեն, քանի որ ներկայիս ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում բնապահպանական հարցերին: Վերջինիս խոսքերը արժանացան բուռն ծափահարությունների:

Մեծ Այրումի ավագանու անդամներից մեկը, ով նախկին գյուղապետն է եղել, օրինակ բերեց հարևան Ճոճկան գյուղի ավագանու միաձայն որոշումը հողատեսքի փոփողության վերաբերյալ և համագյուղացիներին առաջարկեց «չխայտառակվելու» համար իրենք նույնպես կողմ լինեն այդ հարցին:

Հարց բարձրացվեց նաև պոչամբարի ձորով անցնող աղբյուրի տեղափոխման վերաբերյալ, պատասխան հնչեց, որ այդ հարցով արդեն իսկ զբաղվում են, շուտով համայնքը ջրի խնդիր չի ունենա:

Քննարկման մասնակիցներին հուզեց համայնքի փախստական մի բնակչուհու խոսքը, որ մտահոգված էր իր զավակների ապագայով, հայրենասիրությամբ, նա համաձայնեց Հակոբ Սանասարյանի այն մտքի հետ, որ հողը հավերժականորեն տալիս ենք, սակայն մենք միայն շահում ենք վնաս ու անառողջ ապրելակերպ:

Չնայած թեժ ու աղմկոտ քննարկմանը, անհասկանալի մնացին համայնքի բնակիչների մոտեցումներն ու մտադրությունները հիմնական հարցի շուրջ՝ հողի նշանակությունը փոխել, թե՝ չփոխել, նոր պոչամբարի կառուցում պետք է, թե՝ ոչ, եթե հներն աչքների առջև վատթար վիճակում են ու սպառնալիքն օրեցօր մեծանում է:

Օրհուս կենտրոնի համակարգողի մասնագիտական ու խորհրդատվական աջակցության կոչին համայքնի ղեկավարը և երիտասարդ բնակիչները դրական արձագանքեցին և վերջում առաջարկեցին շարունակել համագործակցությունը, կազմակերպել տեղեկատվական և ուսուցողական սեմինարներ, որպեսզի հանրությունը պատկերացնի խնդիրների էությունը:

Օրհուս կենտրոնը լրացուցիչ տեղեկատվություն ստանալու նպատակով դիմել է Մեծ Այրում և Ճոճկան համայնքների ղեկավարներին:

Անուշ Էվոյան
Ալավերդու Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 60 645 295 -ներքին 191
Էլ. փոս. info_alaverdi@aarhus.am, anushevoyan@rambler.ru