8,255 view
Հասարակական լսումների մասնակիցները համաձայնություն են տվել «Բլեքսթերզ էներջի Արմենիա» ՍՊԸ-ի կողմից 2015-16թթ. ընթացքում Սյունիքի մարզում նախատեսվող երկրաբանահետախուզական աշխատանքների կատարմանը
28.01.2015

Kapan_28_01_15_12015թ. Կապանի Օրհուս կենտրոնում կայացավ հանրային լսում «ՀՀ Սյունիքի մարզում 2015-2016թթ. 6-րդ պայմանական տարածքում նավթի և գազի երկրաբանական հետախուզական աշխատանքների գնահատման հայտի շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ» թեմայով: Օրակարգում՝ իրազեկել հանրությանը և ՏԻՄ-երին «Բլեքսթերզ էներջի Արմենիա» ՍՊԸ-ի կողմից 2015-2016 թթ. ընթացքում Սյունիքի մարզում նախատեսվող երկրաբանահետախուզական ուսումնասիրությունների մասին և ստանալ նախնական համաձայնություն, ներկայացնել ընկերության շրջակա միջավայրի, առողջության և անվտանգության պահպանման քաղաքականությունը:

«Բլեքսթերզ էներջի Արմենիա» ՍՊԸ-ի ֆինանսական տնօրեն Քրիստինե Վարդանյանը և երկրաֆիզիկոս Գեորգի Ասլանյանը Սյունիքի մարզպետարանի, Կապանի քաղաքապետարանի, ՀԿ-ների և ԶԼՄ –ների ներկայացուցիչներին, Սյունիքի մարզի 5 համայնքների ղեկավարներին ներկայացրեցին 2015-2016 թթ. ընթացքում Սյունիքի մարզում նախատեսվող երկրաբանահետախուզական աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն: Մասնակիցների հարցերին երկրաֆիզիկոսը տվեց մասնագիտական սպառիչ պատասխաններ և պարզաբանումներ: Լսումներին մասնակցում էր նաև «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի փորձագետ Զարուհի Զուռնաչյանը:

Շրջակա միջավայրի, առողջության և անվտանգության պահպանման քաղաքականության ներկայացման ընթացքում նշվեց, որ այս փուլում հորատման, պայթեցումների աշխատանքներ չեն տարվելու, բնականաբար շրջակա միջավայրին վնասներ չեն հասցվելու, ուստի և մարդկանց առողջությանն սպառնացող ոչ մի վտանգ և ռիսկային գործոններ չկան:
Kapan_28_01_15_2Այն հարցին, թե նշված 12 համայնքներում երկրաբանական հետախուզական աշխատանքներում ընդգրկվելու են տեղական համայնքներից աշխատողներ, Քրիստինե Վարդանյանը պատասխանեց, որ Սյունիքում առաջին փուլում իրականացվելու են սեյսմոտեստավորման աշխատանքներ: Հետազոտական աշխատանքների արդյունքները բավարարելու դեպքում միայն իրականացվելու են սեյսմոհետախուզական աշխատանքներ, որոնք կիրառվում են ապարների գոյացումների մակերևութային կառուցվածքը քարտեզագրելու համար:

Սեյսմիկ հետախուզական աշխատանքների դեպքում բավականին աշխատողներ, հիմնականում բանվորական և սպասարկող անձնակազմ, կընդգրկվեն համայնքներից:

Մասնակիցները, հաշվի առնելով, որ հետախուզական աշխատանքները շրջակա միջավայրին և մարդկանց առողջությանը վնաս չեն հասցնելու, առաջարկեցին տալ համաձայնություն «Բլեքսթերզ էներջի Արմենիա» ՍՊԸ-ի կողմից 2015-2016 թթ. ընթացքում Սյունիքի մարզում նախատեսվող երկրաբանահետախուզական աշխատանքների (ուսումնասիրությունների) կատարման համար:

Կապանի Օրհուս Կենտրոնն աջակցեց հանրային լսման կազմակերպմանը ոչ միայն տարածքի տրամադրմամբ, այլև՝ էլեկտրոնային ներքին ցանցով Սյունիքի 12 համայնքներին և ՀԿ-ներին 7օր առաջ տրամադրելով տեղեկատվություն և հրավեր հանրային լսման վերաբերյալ, ինչպես նաև հեռախոսով նրանց լրացուցիչ հիշեցնելով կայանալիք լսումների մասին:

Աշոտ Ավագյան
Կապանի Օրհուս Կենտրոնի համակարգող
Հեռ. ( 374) 93 79 59 21
Էլ. փոստ info_kapan@aarhus.am, kapan.aarhus@mail.ru