13,995 view

Հարմարավետ չքավորություն

26.01.2015
1992 թ. Ռիո դե Ժանեյրոյում կայացավ <Շրջակա միջավայր և զարգացում> ՄԱԿ-ի համաշխարհային գագաթաժողովը (UNSED), որտեղ միջազգային հանրությունը ճանաչեց բնապահպանական խնդիրների գերակայությունը՝ ընդունելով մի շարք հիմնարար փաստաթղթեր, այդ թվում՝ Կլիմայի փոփոխության ՄԱԿ շրջանակային կոնվենցիան (UNFCCC) և Կենսաբանական Բազմազանության մասին կոնվենցիան (CBD), ինչպես նաև՝ երկրներին ներկայացված երկու հիմնարար փաստաթղթեր՝ Օրակարգ 21 և Ռիոյի Հռչակագիր {1.}:
Երկրագնդի կենսաբանական պաշարները կենսական անհրաժեշտություն են մարդկության գոյության,

տնտեսական զարգացման և սոցիալական ապահովության համար: Ուստի միջազգային հանրությունը հատուկ նշանակություն է տալիս կենսաբազմազանության պահպանության հիմնախնդիրներին, քանի որ ԿԲ ցանկացած տեսակի կորուստը կարող է լուրջ ազդեցություն թողնել բնական էկո-համակարգի հավասարակշռության, առողջ կենսամիջավայրի, մարդկության կայուն զարգացման վրա: Ուստի “Գիտակցելով կենսաբազմազանության մեծ նշանակությունը էվոլյուցիայի և կյանքն ապահովող կենսոլորտի համակարգերի պահպանման համար, …նշելով, որ անհրաժեշտ է կանխատեսել, կանխարգելել և հիմքում վերացնել կենսաբազմազանության զգալի կրճատման կամ կորստի պատճառները …” (կարևորելով ևս 20 սկզբունք ու նորմ) 1992 թ. հունիսի 5-ին Ռիոյում ընդունվեց Կենսաբազմազանության մասին կոնվենցիան:

Երկիր մոլորակը կարող է կլանել տարեկան 15 մլրդ տոննա ածխաթթու գազ, սակայն մարդկությունն արտադրում է 120 մլրդ տոննա: Այս էական տարբերությանը գումարվեց նաև ջերմոցային էֆեկտ առաջացնող մյուս գազերի ազդեցությունը, և Երկիր մոլորակի կլիմայական հաշվեկշռիռը խախտվեց: Կլիմայի Փոփոխությունը նոր և անակընկալ խնդիրներ առաջացրեց աշխարհի համարյա բոլոր երկրներում (ԿՓ վնասներ են կրում և զարգացած երկրները և չքավոր երկրները): Անխուսափելի անհրաժեշտություն էր կրճատել ջերմոցային գազերի արտանետումները, և 1992 թ. հունիսի 5-ին Ռիոյում ստորագրվեց նաև Կլիմայի Փոփոխության շրջանակային կոնվենցիան:

Միջազգային կարևորության ջրաճահճային տարածքների, հատկապես ջրլող թռչունների բնադրավայրերի պահպանության նպատակով դեռևս 1971 թ. ստորագրվել է Ռամսարի կոնվենցիան:
Մեծ հեռավորությունների վրա օդի միջսահմանային աղտոտվածության մասին կոնվենցիան ընդունվել է Ժնևում դեռևս 1979 թ. Այս կոնվենցիայի գործադրման նպատակով ընդունվել են ևս երեք միջազգային համաձայնագրեր.
• Արձանագրություն ծանր մետաղների վերաբերյալ
• Արձանագրություն Կայուն Օրգանական աղտոտիչների մասին
• Արձանագրություն թթվայնացման, էվտրոֆացման և գետնամերձ օզոնի մասին
1985 թ. Վիեննայում ընդունվել է Օզոնային շերտի պահպանության մասին Կոնվենցիան, որին կից 1987թ. Մոնրեալում ստորագրվել է Արձանագրություն Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին:
1989 թ. Բազելում ընդունվել է Վտանգավոր և այլ թափոնների միջսահմանային տեղափոխման և հեռացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին Կոնվենցիան:
1992 թ. Հելսինկիում ընդունվել է Արտադրական վթարների միջսահմանային ազդեցության մասին Կոնվենցիան:
1998 թ. Դանիայի Աարհուս քաղաքում կայացած միջազգային համաժողովի ընթացքում ստորագրվել է Էկոլոգաիական տեղեկատվության հասանելիության, որոշումների կայացմանը հանրության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին Կոնվենցիան:
1992 թ. Հելսինկիում ստորագրվել է Միջազգային լճերի և միջսահմանային ջրային հոսքերի պահպանության և օգտագործման մասին Կոնվենցիան, որին կից՝ Արձանագրություն Ջրի և առողջության մասին:
1994 թ. Փարիզում ստորագրվել է Անապատացման դեմ պայքարի մասին Կոնվենցիան:
1998 թ. Ռոտերդամում ստորագրվել է Միջազգային առևտրում առանձին վտանգավոր քիմիական նյութերի և պեստիցիդների վերաբերյալ նախնական հիմնավորված համաձայնության ընթակարգի կիրառման Կոնվենցիան
2001 թ. Ստոկհոլմում ընդունվել է Կայուն Օրգանական Աղտոտիչների մասին Կոնվենցիան: ……
Նախաձեռնությունների էկոլոգիական անվտանգության ապահովման նպատակով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և կարգավորման հիմնարար դրույթներն ամրագրվել են Անդրսահմանային համատեքստում Շրջակա Միջավայրի վրա Ազդեցության Գնահատման մասին ՄԱԿ ԵՏՀ կոնվենցիայում {4.}, որը ստորագրվել է Ֆինլանդիայի Էսպո քաղաքում 1991թ. փետրվարի 25-27-ին (համառոտ՝ Էսպո-Կոնվենցիա, ԷԿ կամ ՇՄԱԳ Կոնվենցիա):

Այնուհետև պլանների, ծրագրերի, քաղաքականության՝ հեռանկարային և լայն ընդգրկում ենթադրող նախաձեռնությունների ազդեցության վերաբերյալ հարկ եղավ ավելի որոշակի պահանջներ մշակել, որոնք ամրագրվեցին 2003 թ. Կիևում ստորագրված Ռազմավարական Էկոլոգիական Գնահատման Արձանագրությունում {4.} (համառոտ՝ ՌԷԳ Արձանագորւթյուն):
Այս միջազգային համաձայնագրերը թելադրում են նախաձեռնությունների էկո-անվտանգության ապահովման հիմնական քաղաքականությունը՝ հետևյալ սկզբունքներով.
1. Նախագծերի ազդեցության վերաբերյալ որոշումները պետք է լինեն առաջնահերթ և թելադրող, առանց որի որևէ նախագծի իրականացման թույլտվություն չպետք է տրվի, ֆինանսավորումը պետք է մերժվի:
2. Որոշումների կայացման գործընթացներում առաջնահերթությունը պետք է տրվի բժշկական-կենսաբանական անվտանգությանը՝ մարդու առողջ և անվտանգ կենսագործունեությունն ապահովելու նպատակով:
3. Նախագծերի քննարկումը պետք է լինի թափանցիկ՝ հաշվի առնելով հանրային կարծիքը, ոչ-մասնագիտական շարժառիթներով հանրությանը քննարկումներից մեկուսացնել չի կարելի:
4. Նախագծերի ազդեցության վերաբերյալ էկո-փորձաքննությունը պետք է լինի անկախ՝ քննվելով այն մասնագետների կողմից, ովքեր որևէ պարտավորությունով կապված չեն նախագծի հեղինակի, պատվիրատուի կամ կատարողների հետ:
5. Էկո-փորձաքննությունը պետք է գիտականորեն համակողմանի հիմնավորված բնույթ ունենա՝ հաշվի առնելով հնարավոր բացասական ազդեցությունները մարդու առողջության, էկոլոգիական համակարգերի հավասարակշռության, բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման, տնտեսական զարգացումների վրա և օպտիմալ տարբերակի ընտրությունն այդ հիմքի վրա, սահմանելով մոնիթորինգի հիմնավոր ցուցիչներ՝ գործունեության ընթացքում ազդեցությունը կառավարելու, վերահսկելի դարձնելու նպատակով {6.}:

Վերը նշված սկզբունքների կենսագործումն ապահովելու նպատակով մշակվել են նաև նախագծերի հնարավոր ազդեցության գնահատման և կարգավորման ընթացակարգեր, որոնք մասնագիտական հիմնավորվածության շնորհիվ
• նպաստում են նախաձեռնության հնարավոր ազդեցության լիարժեք գնահատմանը,
• կանխում են բնապահպանական կորուստները և ապահովում էկո-անվտանգությունը,
• սահմանում են հսկողության ցուցիչներ՝ գործունեության ընթացքում ազդեցությունը կարգավորելու նպատակով {6.}:
Եվրոպական Տնտեսական Հանձնաժողովի (համառոտ՝ ԵՏՀ) անդամ երկրները Էսպոյի դրույթները պետք է գործադրեին մինչ Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը՝ բոլոր այն դեպքերում, երբ հնարավոր է նշանակալի անդրսահմանային ազդեցություն: Այդ նպատակով ներդրվեցին նոր ազգային կանոններ կամ գոյություն ունեցողները հարմարեցվեցին ՇՄԱԳ գործընթացի դյուրին զարգացման նպատակով, հատկապես՝ անդրսահմանային ազդեցության դեպքերում: Որոշ երկրներ որոշեցին ԷԿ դրույթների ընդգրկմամբ լրացնել գույություն ունեցող ՇՄԱԳ օրենսդրությունը, մյուս երկրները որոշեցին մշակել օրենքներ, որոնք անդրսահմանային ազդեցության մասով կվերացնեն երկրի ՇՄԱԳ օրենսդրության թերությունները:

Էսպո-Կոնվենցիան ուժի մեջ մտավ 1997 թ. սեպտեմբերին՝ ընդունման, վավերացման կամ միանալու վերաբերյալ 16-րդ փաստաթութը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ի պահ տալուց 90 օր հետո: Այնուհետև Կողմերի առաջին հանդիպումը կայացավ հաջորդ մայիսին՝ Օսլոյում (Նորվեգիա), որտեղ ընդունվեց համարձակ բայց և իրական աշխատանքային պլան, որի ուշադրության կենտրոնում ԷԿ դրույթների արդյունավետ գործադրման խնդիրն էր: Աշխատանքային պլանն ընդգրկում էր նաև աշխատանքային հանդիպումների անցկացում՝ երկկողմ և բազմակողմ համագործակցության, հանրության մասնակցության, ՇՄԱԳ ոլորտի վերջին նվաճումների վերաբերյալ՝ Էսպոյի դրույթների գործադրման նպատակով և կապելով այն ՄԱԿ ԵՏՀ այլ կոնվենցիաների հետ: Ընդունվեց նաև Էսպո-Կոնվենցիայի գործադրման երկարաժամկետ Ռազմավարության նախարարների դեկլարացիան:
Գործադրման ընթացքում պարզվեցին Էսպո-Կոնվենցիայի հնարավորությունները և մեծ ներուժով օժտվածությունը: Այն Կողմերին պարտավորեցնում է «անդրսահմանային ազդեցության ենթադրող նախաձեռնության մտադրության դեպքում լուրջ մտահոգվել ազդեցությանը ենթակա երկրին հասանելի հետևանքների վերաբերյալ»: Փաստորեն հիմքում ԷԿ-ը միջոց է, որն օգնում է Կողմերին համագործակցել, համատեղ քննարկել հիմնախնդիրները, փոխանակել կարծիքներն ու փորձը {4.}:

ԷԿ գործադրման տասնամյա փորձի հիման վրա անհրաժեշտություն առաջացավ որքան հնարավոր է կանոնակարգել գնահատման գործընթացները քաղաքական որոշումների, պլանների, ծրագրերի ազդեցության վերաբերյալ: Այդ նպատակով 2003 թ. մայիսի 21-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ստորագրվեց ՇՄԱԳ կոնվենցիային կից Արձանագրությունը՝ Ռազմավարական էկոլոգիական գնահատման մասին (համառոտ՝ ՌԷԳ):
ՌԷԳ-ը էկոլոգիական, տնտեսական, սոցիալական գործոնների հավասարակշռված հաշվառման գործընթաց է՝ պլանների, ծրագրերի վերաբերյալ որոշումների կայացման գործընթացներում՝ նախօրոք առավելագույն չափով իրազեկելով հանրությանը և հաշվի առնելով հանրային կարծիքը: ՌԷԳ միջոցով հանրությունը հնարավորություն է ստանում մասնակցել իր կենսագործունեության վրա հնարավոր ազդեցություն գործող հեռանկարային, լայն ընդգրկուն պլանների, ծրագրերի քաղաքականության ձևավորման գործընթացներում և ներգործել դրանց կայացման վրա:

Այսպիսով միջազգային համաձայնագրերը մարդուն հնարավորություն են ընձեռում մասնակցել առողջ շրջակա միջավայրում ապրելու իր էկոլոգիական իրավունքի իրացմանը՝ սկսած որոշումների կայացման նախնական փուլերից:
ՀՀ պատվիրակությունը երկրի նախագահի գլխավորությամբ 1992 թ. մասնակցել է ՄԱԿ-ի «Շրջակա միջավայրի և զարգացման» գագաթաժողովին (UNSED)՝ ստորագրելով Կլիմայի փոփոխության ՄԱԿ շրջանակային կոնվենցիան (UNFCCC) և Կենսաբանական Բազմազանության մասին կոնվենցիան (CBD), ինչպես նաև՝ հավանություն է տվել երկու հիմնարար փաստաթղթերին՝ Օրակարգ 21 և Ռիոյի Հռչակագիր: Ռիոյի գագաթաժողովում և դրանից հետո ՀՀ վավերացրել է մի շարք միջազգային կոնվենցիաներ և դրանցից բխող արձանագրություններ, այդ թվում՝ ՀՀ 1993 թ. սեպտեմբերի 5-ին միացել է Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պահպանման մասին ՅՈւՆԵՍԿՕ-ի կոնվենցիային (Փարիզ, 1972 թ.)՝ որպես ԽՍՀՄ իրավահաջորդ: Այնուհետև Հայաստանի էկոլոգիական օրենսդրությունը ձևավորվեց 1992 թ. Ռիոյի «Շրջակա միջավայր և զարգացում» գագաթաժողովում ընդունված հիմնարար փաստաթղթերի և այլ միջազգային համաձայնագրերի ընդունմամբ՝ հաշվի առնելով բնապահպանական խնդիրների գերակայությունը {1}:
Իսկ բնապահպանական խնդիրների պակաս Հայաստանում չի զգացվում՝ բնությունն ինքնին արդեն խնդիր է ՀՀ բնակչության համար, քանի որ որոշ «գործարարներ» շահագործում են այդ բնությունը՝ րոպեական շահը գերադասելով հանրային հարատև օգուտներից: Փորձեմ համառոտ ներկայացնել ՀՀ բնական միջավայրի նկարագիրը և խնդիրները.

Հայաստանի Հանրապետությունը գտնվում է Եվրասիայի կովկասյան տարածաշրջանում՝ հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում: Փոքր լեռնային երկիր է՝ 29,740 հազար կմ2 առանց Արցախի: Բնորոշ են չոր մայրցամաքային կլիման, երկրաբանական բարդ կառուցվածքը և բարձունքային գոտիականությունը: ՀՀ ներկա տարածքը կազմավորված է
• Փոքր Կովկասի հյուսիսային և հյուսիս-արևելյան լեռնաշղթաների համակարգով,
• Հայկական հրաբխային բարձրավանդակով և
• այն հարավ-արևելքից գոտևորող Մերձարաքսյան լեռնաշղթաներով {8.}:
Բուսակենդանական տարբեր մարզերի սահմանագծում գտնվելու շնորհիվ Հայաստանի տարածքում ձևավորվել են հարուստ կենսաբազմազանություն և բնական էկո-համակարգեր՝ հազարամյակներ շարունակ առողջ բնական միջավայրում կենսագործունեության բավարար պայմաններ ապահովելով բնակչության համար: Հայաստանի ԿԲ-ը հարուստ է տնտեսապես արժեքավոր, հազվագյուտ և էնդեմիկ տեսակներով: Չնայած փոքր տարածքին Հայաստանում հայտնաբերված են մոտ 3600 տեսակ բարձրակարգ ծաղկավոր բույսեր, ավելի քան 17500 կենդանատեսակ, այդ թվում՝ 536 ողնաշարավոր: Հայաստանի կենդանիների Կարմիր Գրքում գրանցված են միայն ողնաշարավոր 99 տեսակներ, որոնցից 6-ը ընդգրկված են միջազգային Կարմիր ցուցակում {2.}:

Բարձրակարգ բույսերի խտությամբ Հայաստանը առաջնակարգ է աշխարհում՝ ավելի քան 100 տեսակ 1 կմ2 վրա: Բույսերի մոտ 2000 տեսակ օժտված են սննդարար, կերային, եթերայուղատու, դեղատու, ներկատու, մեղրատու, խեժատու հատկանիշերով, մի շարք կենդանիներ մորթատու, մսատու և այլ հատկանիշեր ունեն: Այդ հատկությունների շնորհիվ ֆլորա-ֆաունայի օգտագործման աստիճանը բարձր է, որը սակայն չի համակարգվում: ՀՀ բույսերի Կարմիր Գրքում ընդգրկված են 386 տեսակներ՝ ֆլորայի 12 %–ը: 35 արժեքավոր բուսատեսակներ անհետացել են Հայաստանի տարածքից, այժմ անհետացման ենթակա են մի շարք այլ բուսատեսակներ:
Կենսաբազմազանության պահպանությունը Հայաստանում իրականացվում է բնության հատուկ պահպանվող տարածքներում, որտեղ ընդգրկված են ֆլորա-ֆաունայի տեսակային կազմի 60-70 %–ը, այդ թվում՝ հազվագյուտ, անհետացման եզրին գտնվող, վտանգված և էնդեմիկ տեսակների գերակշիռ մասը: Բնության հատուկ պահպանվող տարածքների ՀՀ համակարգում ընդգրկված են 3 պետական արգելոցներ՝ Խոսրովի անտառ, Շիկահող, Էրեբունի; 2 ազգային պարկեր՝ Սևան և Դիլիջան; 28 արգելավայրեր և 231 բնության հուշարձաններ: ՀՀ ԲՀՊՏ-ների ընդհանուր մակերեսը կազմում է 308 000 հա {2.}, որը կազմում է երկրի տարածքի շուրջ 10 %–ը (առանց Սևանա լճի մակերեսի՝ 6%):

Հայաստանը լեռնային կտրտված ռելիեֆ ունի, ուստի անտառները խիստ կարևոր նշանակություն ունեն երկրի համար՝ նպաստելով հողապահպանությանն ու հողառաջացմանը, ջրային ռեժիմի կարգավորմանը, նպաստում են կենսաբազմազանության հարստացմանը, մթնոլորտային հավասարակշռության պահպանությանը, կլիմայի բարելավմանը, մարդկանց առողջությանը և հանգստին, նաև՝ տուրիզմի զարգացմանը:

Բնակլիմայական գործոններով պայմանավորված Հայաստանի տարածքում հողառաջացման և ջրագոյացման գործոնները թույլ են, իսկ հողատարման և ջրային ռեժիմի խախտումներն ավելի ակտիվ են: Հարկ է որ այս հանգամանքը կարևորվի որոշումների կայացման հիմքերում, սակայն իրականում … գյուղատնտեսական և անտառային հողերի բազմաթիվ հեկտարների կորուստներ են արձանագրվում լեռնահանքային գործունեության, շինարարության, էներգետիկ և արդյունաբերական այլ նպատակներով, որը հանգեցնում է հումուսով հարուստ բուսահողի կորստին, բնական էկո-համակարգերի խախտումներին:

Բազմամյա և չհամակարգված մարդկային գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում ընթացել է կենսառեսուրսների գերօգտագործման, բնական միջավայրի աղտոտման եղանակներով, հանգեցնելով բնական հավասարակշռության խախտումների, դրանով ավելի խոցելի դարձնելով բնությանը, հետևաբար նաև՝ մարդուն: Բնական միջավայրի վրա անբարենպաստ ազդեցության դրսևորումներն են՝
• Գյուղատնտեսական հողատեսքերի դեգրադացիա, էրոզիա, աղակալում, գերխոնավացում,
• Բնական կերահանդակների բուսածածկի քայքայում, առաջնային արժեքավոր բույսերի անհետացում, ագրեսիվ տեսակների բազմացում,
• Վնասատուների և հիվանդությունների տարածում,
• Դաշտերի աղտոտում արդյունաբերական և կենցաղային հոսքաջրերով ոռոգման հետևանքով,
• Վնասակար արտանետումների աղտոտումներ
• Անտառածածկի կրճատում և ջրային ռեժիմի խախտումներ, անապատացման երևույթներ
• Բնական տարածքների աղտոտում ծանր մետաղներով, կենցաղային թափոններով, ….
(թվարկումը շարունակելի բնույթ է կրում հատկապես Կլիմայի Փոփոխությամբ պայմանավորված) Բնական հավասարակշռության խախտումներն ակնհայտ և անվերադարձ են ՀՀ ապիական, մերձալպյան գոտիներում, անտառներում և հարակից գոտիներում, բնության հատուկ պահպանվող տարածքներում և հարակից գոտիներում:
Ալպիական և մերձալպյան մարգագետիններ – Հայաստանի ալպիական գոտին զբաղեցնում է երկրի տարածքի 30 %-ը՝ 833 000 հա {11}, որի գերակշիռ մասը՝ 629 000 հա {2} լեռնամարգագետնային հողեր են՝ մերձալպյան և ալպյան գոտիներում: Բնակլիմայական խիստ պայմանների պատճառով {3.} ալպիական լանդշաֆտներում բնական համակարգերը հեշտ խոցելի են և դժվար վերականգվող: Անասունների վաղ արածեցման հետևանքով արոտավայրերում բույսերը չեն հասցնում ծաղկել, կերաբույսերի գեներատիվ ըմձյուղներն ամբողջովին ուտվում են, սերմնաբույսերի քանակը նվազում է, գեներատիվ բազմացումը դադարում է: Բուսածածկից բացի որակազրկվում է նաև հողային ծածկույթը՝ ավելանում է չորայնությունը, քարքարոտությունը, կրկին հանգեցնելով բուսական անցանկալի փոփոխությունների: Այդ ամենից արոտավայրերում ակտիվանում է դեգրադացիան, որը հեղեղների ժամանակ ինտենսիվ լվացման է ենթարկվում բարձր թեքություններում {8.}:

Անտառներ և հարակից գոտիներ – Վերջին հարյուրամյակի ընթացքում ՀՀ անտառային տարածքները կրճատվել են 2 անգամ: Փորձագիտական գնահատումների համաձայն՝ անտառահատումները երեք անգամ գերազանցում են բնափայտի տարեկան ընթացիկ աճը {2}: Գերհատումներն անտառներում առաջացրել են հողերի էրոզիա և անապատացում, բնական սելավների ակտիվացում, անտառի հիդրոլոգիական ռեժիմի խախտում, անտառային էկո-համակարգերի դեգրադացիա, բույսերի քանակ-որակային փոփոխություններ՝ ծառուտները կորցրել են բնական վերականգնման ունակությունը, կենդանիների գոյության պայմանները՝ բնադրավայրերն ու ապրելավայրերն անհետացել են, որի պատճառով կենդանական աշխարհն աղքատացել է, … (անտառների վիճակի մասին ավելի մանրամասն՝ {2} և www.aarhus.am/փորձագետի անկյուն/ Երկրաշեն արժեքներ)
Բնության հատուկ պահպանվող տարածքներ և հարակից գոտիներ – Հայաստանի ԲՀՊՏ ընդհանուր տարածքի 54 %–ը կամ առանց Սևանա լճի՝ 91 %–ը զբաղեցնում են անտառային էկո-համակարգերը {2.}, որոնց օգտագործումը կարգավորվում է ԲՀՊՏ-ների մասին ՀՀ օրենքով, սակայն վերը նշված բացասական փոխություններն անտառներում բացասական ազդեցություն են թողնում ամբողջ համակարգի վրա: Որոշ արգելոցներում ակնհայտորեն խախտվում են ԲՀՊՏ-ների մասին ՀՀ օրենքի պահանջները, առանձին արգելավայրեր իրականում չեն համապատասխանում օրենքով սահմանված կարգավիճակին {3.}, ԲՀՊՏ-ների պաշտպանիչ գոտիներում տնտեսական գործունեությունը չի կանոնակարգվում:

Կլիմայի Փոփոխության հետևանքով Հայաստանի ջերմաստիճանային գործակիցը զգալիորեն բարձր է միջազգային միջինից, որով պայմանավորված վերը նկարագրված խնդիրներն ավելի են բարդանում՝ Կլիմայի Փոփոխությունը հանգեցնում է բնական էկո-համակարգերի խոցելիության խորացմանը:
1. ԿՓ-ով պայմանավորված ջերմաստիճանի բարձրացումը, ջրի մատչելիության նվազումը և արտակարգ երևույթների հաճախացումն ավելի խորացնում են գյուղատնտեսության խնդիրները {9.};
2. Ջերմաստիճանի բարձրացումն առավել արտահայտված է ամառային շրջանում, որը հանգեցրել է երաշտների տևողության և ուժգնության աճին, վտանգավոր օդերևութաբանական երևույթների (կարկտահարություն, ուժեղ քամիներ, հորդառատ ու սելավաբեր անձրևներ,…) հաճախականության աճին {10.};
3. Բնական գետ-ավազանների և ջրամբարների խոցելիության հետևանքով ակտիվացել են անապատացման գործընթացները {3};
Այս պատճառներով բարձրանում է հատկապես գյուղատնտեսության ռիսկայնությունը, իսկ ՀՀ բնակչության ավելի քան 44 %-ը {9.} զբաղված է հենց գյուղատնտեսական գործունեությամբ:
Հարմարվողականության սուղ պայմաններում ԿՓ վտանգում է նաև մարդու առողջությունը:

Էկոլոգիական իրավիճակը բնակավայրերում, բնակչության առոջություն – ՀՀ բնակավայրերի մեծ մասում առկա են բազմաթիվ էկոլոգիական խնդիրներ – օդի աղտոտում փոխադրամիջոցների և ստացիոնար աղբյուրների վնասակար արտանետումներով, խմելու ջրի անբավարար որակ, աղմուկի բարձր մակարդակ, ճառագայթման բարձր ֆոն, կենցաղային աղբավայրերի և տոքսիկ թափոնների չլուծված խնդիրներ, հողում ծանր մետաղների բարձր պարունակություն, անորակ սնունդ … Ի լրումն՝ բնակավայրերի գերակշիռ մասը չունեն մարդու առողջության նվազագույն պահանջները բավարարող կանաչ տարածքներ: Նշված վնասակար գործոնները շարունակաբար և բացասաբար են ազդում բնակչության վրա՝ խաթարելով մարդկանց առողջությունը: Վիճակագրության ազգային ծառայության տարբեր տարիների տվյալների համադրությամբ՝ տարեց տարի ավելանում են վերին շնչառական ուղիների, սիրտ-անոթային, մաշկային հիվանդությունները, երիտասարդանում են նորագոյացությունները: Իսկ հարմարվողականության սուղ պայմաններում Կլիմայի Փոփոխությունը վտանգում –խորացնում է մարդու առողջության բոլոր խնդիրները:

Երկրի բնական միջավայրի նկարագիրը և էկոլոգիական խնդիրները հրատապ կարգով թելադրում-պարտադրում են օրենսդրության կանխարգելիչ բնույթը (ՀՀ Սահմանադրությունը, ստանձնած միջազգային պարտավորությունները և օրենքները՝ նույնպես), նախաձեռնությունների ազցդեցության գնահատման, կարգավորման և էկո-անվտանգության ապահովման առաջնահերթությունը: Սակայն 18-ամյա ակնհայտ փաստ է, որ ՀՀ վավերացրած միջազգային կոնվենցիաների դրույթները չեն ներդրվում ՀՀ իրավական-տնտեսական ոլորտներում, Էսպո-Կոնվենվիայի և ՌԷԳ Արձանագրության ընձեռած հնարավորությունները ՀՀ-ում չեն նպաստում էկո-խախտումների կանխարգելմանը և նախաձեռնությունների էկո-անվտանգության ապահովմանը: Հետևաբար՝ ՀՀ սահմանների մաքրում տեղի չի ունենում և երկիրը չի կատարում ստանձնած միջազգային պարտավորությունները:
ՀՀ Սահմանդրության 10-րդ հոդվածի համաձայն՝ պետությունն ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը {7.}:

ՀՀ Հողային օրենսգրքի նախաբանի համաձայն՝ հողի տիրապետումը, օգտագործումը և տնօրինումը չպետք է վնաս պատճառի շրջակա բնական միջավայրին, երկրի պաշտպանունակությանն ու անվտանգությանը, չպետք է խախտի քաղաքացիների և այլ անձանց իրավունքներն ու օրենքով պաշտպանվող շահերը: Հողային օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված են հողերի պահպանության պահանջները, ըստ ՀՕ 9-րդ հոդվածի 3-րդ մասի գյուղատնտեսական հողատեսքերը հատուկ պահպանության ենթակա են {7.}:

ՀՀ Անտառային օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն ՀՀ անտառների մեծ մասը պաշտպանական նշանակություն ունեն՝ ջրապահպան գոտիներ են, գտնվում են 30օ ավել թեքությունների վրա, անտառատափաստանային, տափաստանային, կիսաանապատային գոտիներում, դենդրոպարկերի շրջակա անտառներ են, … որտեղ արգելվում են նույնիսկ անտառավերականգնման հատումները:

Այնուամենայնիվ ….. տնտեսական նախաձեռնությունների թույլատրման վերաբերյալ Հայաստանի կառավարությունը կայացնում է գյուղատնտեսական, անտառային հողերի կորստյան կամ որակի բացասական փոփոխության հանգեցնող որոշումներ, որոնք հակասում են ՀՀ Սահմանդրությանը, օրենսդրությանը, առողջ միջավայրում ապրելու մարդու իրավունքին:

Այդ որոշումների իրագործմամբ՝
• երկրին կերակրող գյուղատնտեսությունը <արտադրական> տարածք է կորցնում,
• առաջանում են նորանոր խնդիրներ, որոնք հրատապ լուծումներ և հսկայական միջոցներ են պահանջում, որոնց բացակայության պատճառով
• էկոլոգիական խնդիրները շարունակաբար խորացվում են՝ ավելի երկարատև ընթացքում վնասելով մարդու առողջությանը, քայքայելով բնական տարածքները:
Իսկ ինչ նպատակով են բնապահպանության, գյուղատնտեսության նախարարությունները նախօրոք մասնակցում կառավարության այն որոշումների համաձայնեցմանը և կայացմանը ?, որոնց իրագործման հետևանքով հենց իրենք էլ տարածքներ են կորցնում, նեղանում են նրանց ազդեցության ոլորտները, ավելանում են հրատապ լուծումներ հայցող խնդիրները: Ճիշտ կլինի, որ այս հարցերին հենց իրենք պատասխանեն:
Ամենակարևորը մնաց վերջում. – 1996 թ-ից ի վեր՝ նույնիսկ Էսպո-կոնվենցիայի վավերացումից հետո և հատկապես՝ էկո-փորձաքննության օրենսդրության <բարեփոխումից> հետո էլ Հայաստանը
• չունի նախագծերի ազդեցության նախնական գնահատման չափորոշիչներ,
• չունի ՇՄԱԳ և ՌԷԳ ընթացակարգեր, որի պատճառով ազդեցության գնահատումը լիարժեք չէ,
• ռիսկերի սահմանումների, էկո-մոնիթորինգի պահանջները հստակ չեն,
• անկախ փորձագետներն անկախության որևէ երաշխիք չունեն, փոխարենը լիազոր մարմինը անորոշ հիմքերի վրա որոշումներ կայացնելու իրավասություն ունի, ….

Որակ-քանակային հստակություն ապահովող պահանջների բացակայությունն էկո-փորձաքննության օրենսդրությունում հենց այն չքավորությունն է, որը նպաստելով պաշտոնական չարաշահումներին՝ հարմարավետ միջավայր է ձևավորում մի քանի պաշտոնյաների համար, ովքեր ողջամիտ ժամկետներում անտեսեցին հանրային կառույցների առաջարկներն ու պահանջները և խախտելով Սահմանդրությունն ու ստանձնած միջազգային պարտավորությունները՝ թողարկեցին, ընդունեցին ու վավերացրին Շրջակա Միջավայրի վրա Ազդեցության Գնահատման և Փորձաքննության մասին արատավոր օրենքը (www.aarhus.am/Փորձագետի անկյուն/Հանրության մասնակցության էկոլոգիան Հայաստանում): Հենց այս օրենքի գործադրմամբ էլ հարմարավետ «օրինականությամբ» կշարունակվի երկրի բնական ռեսուրսների հյուծումը՝ ամենևին չնպաստելով տնտեսական զարգացմանը:

Սրբուհի Հարությունյան Էկո-փորձաքննության խորհրդատու
2015 թ. հունվարի 25.

Սկզբնաղբյուրներ
1. RIO+10 Ազգային գնահատման զեկույց – ՀՀ, Կայուն Զարգացման համաշխարհային գագաթաժողով, Յոհաննեսբուրգ, 2002 թ.
2. Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Չորրորդ Ազգային Զեկույց, ՀՀ բնապահպանության Նախարարություն, 2009 թ.
3. Հայաստանի բնական տարածքների խոցելիությունը, Սոցիալ-էկոլոգիական ասոցիացիա, 2011 թ. www.envi_sec.livejournal.com
4. www.unece.org/env/eia – Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կոնվենցիա, ՄԱԿ ԵՏՀ, 1991 թ. Ֆինլանդիա, Էսպո; Ռազմավարական Էկոլոգիական Գնահատման Արձանագրություն, Ուկրաինա, Կիև, 2003 թ
5. Assessment of Effectiveness of Environmental Impact Assessment (EIA) System in Armenia – CENN, 2004.
6. Էկոլոգիական փորձաքննություն – Ձեռնարկ միջազգային նորմերի, էկոլոգիական գնահատման ընթացակարգերի և էկո-փորձաքննության ՀՀ համակարգի վերաբերյալ, Ս.Հարությունյան, 2010 թ.
7. www.parliament.am, www.gov.am, www.mnp.am/իրավական
8. Հայաստանի ալպիական բուսական ծածկույթը – Ս.Ա.Բալոյան, 2005 թ.
9. Հայաստանի Հանրապետություն Կլիմայի փոփոխությունը և գյուղատնտեսությունը – Երկրի մասին զեկույց, հունիս, 2012 թ. ՀՀ, ՀԲ, www.worldbank.org/eca/climateandagriculture
10. Կլիմայի փոփոխության հետևանքով խոցելիության գնահատում – ՀԱՅԱՍՏԱՆ, հեղ-կ Ա.Գաբրիելյան, Կլիմայի արևելյան հարթակ, ՀԿԽԸ, 2014թ.
11. Հայաստանի գյուղատնտեսական ռեսւրսների կառավարման մրցունակության ծրագրի կառավարման պլան, ԳԾԻԳ ՊՀ, 2010թ. www.arspiu.com