8,476 view

2015 թվականի խորհրդանիշը Ներկարար թռչունն է

22.01.2015

Tarva trchunՀայաստանի թռչունների պահպանման միությունն անց է կացրել «Տարվա թռչուն» ամենամյա հասարակական քվեարկությունը: «Տարվա թռչուն» նախաձեռնության նպատակն է սևեռել Հայաստանի բնակչության ուշադրությունը թռչունների և նրանց բնադրավայրերի պահպանման խնդիրներին:

«Տարվա Թռչուն» 2015 թեքնածու թռչունները հինգն էին` Տնային բվիկը, Գիշանգղը, Սև կեռնեխը, Ներկարարը և Սև մանգաղաթևը: Հարցմանը մասնակցել է 2123 հոգի՝ ինչպես Երևանից, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերից: Հարցման մասնակիցներին Հայաստանի թռչունների պահպանման միության էլեկտրրոնային կայքում առցանց քվեարկելու հնարավորություն է տրվել, իսկ համացանցի անհասանելության պատճառով որոշ մարզերում բաժանվել են քվեաթերթեր:
Արդյունքում, հավաքելով 1037 ձայն, 2015 տարին խորհրդանշող թռչնատեսակ է ընտրվել ներկարարը (Coracias garrulus):

Ներկարարն իր կառուցվածքով շատ նման է ագռավազգիներին, սակայն տարբերվում է վառ երկնագույն գունավորմամբ (երկնագույն և կանաչ գույների գերակշռությամբ), որի շնորհիվ նրան կարելի է նկատել անգամ մեծ հեռավորությունից: Ներկարարն իր չափերով աղավնու մեծության թռչուն է: Ունի հզոր կտուց, ուժեղ ոտքեր և մեծ թափահարիչներ: Մարմնի ընդհանուր երկարությունը` 30-32 սմ է, թևերի բացվածքը՝ 66-73 սմ, ընդհանուր զանգվածը կազմում է՝ 110-160 գ: Գարնան կեսերից այս թռչնատեսակի մոտ սկսվում է բնադրման շրջանը` հարսանեկան պարերը, և այդ ժամանակահատվածում արուն էգի ուշադրությանն արժանանալու համար սկսում է օդում իրականացնել բարդ շարժումներ, որոնք իրենց հերթին ուղեկցվում են ձայնային ելևէջներով: Դնում են 4-5 ձու, ձագերի կերակրմամբ զբաղվում են երկու ծնողները` կերակրելով նրանց մոտ մեկ ամիս: Լայնորեն տարածված է Եվրոպայում և ձմեռում է Աֆրիկայի հարավում:

Հայաստանում այս թռչնատեսակին կարելի է հանդիպել ապրիլ ամսվա երկրորդ կեսից: Ներկարարը չի խուսափում մարդու ներկայությունից, սակայն ցուցաբերում է որոշակի զգուշավորություն:

Այս թռչնատեսակը աչքի է ընկնում նաև իր գյուղատնտեսական նշանակությամբ, քանի որ ոչնչացնում է բզեզներին և այլ միջատներին, որոնք հանդիսանում են անտառների և գյուղատնտեսական տարածքների վնասատուներ: Ներկարարը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում, գնահատվում է որպես «Խոցելի»: Պահպանվում է «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքով:

Հայաստանի թռչունների պահպանման միությունը նախատեսում է ամբողջ տարվա ընթացքում անցկացնել հանդիպումներ դպրոցականների հետ, ներդպրոցական մրցույթներ, տարածել տպագրանյութեր այս թռչնատեսակն առավել ճանաչելի դարձնելու նպատակով:

Ինչպես թռչունի, այնպես էլ նախատեսվող միջոցառումների մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ միության կայք էջից՝ www.aspbirds.org:

Մարի Չաքրյան
Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու
Էլ. փոստ aarhusnews@gmail.com