7,830 view

Սևանա լճի ափերին նկատվում է ջրաճահճային թռչունների քանակի աճ

22.01.2015
Սևանա լճի ճահճացած հատվածներում կամ ափերին մոտիկ օրվա ամենատարբեր ժամերին կարելի է անզեն աչքով նկատել ջրլող թռչունների հոծ երամներ, որոնց հիմնական մասը բնավորվել ու մնում են տեղում, իսկ քիչ մասը մինչև այս տարվա փետրվարի կեսերը պատրաստվելու են չուի: Ինչպես տեղեկացա «Բյորդլայֆ» (թռչունների պահպանության համաշխարհային միություն) կազմակերպության Գեղարքունիքի մարզի խնամակալ, «Սևան Ազգային պարկ»-ի օպերատիվ խմբի տեսուչ Արտակ Սարգսյանից, Գեղարքունիքի մարզի ջրլող և ցամաքային թռչունների 157 տեսակներին այս դեկտեմբերից ավելացել են ևս 8-ը՝ սպիտակ կարապը, մոխրագույն և գումաննիկ տեսակի սագերը,

մեծ և փոքր ջրցողերը, մեծ սպիտակ և մեծ մոխրագույն ու փոքր սպիտակ տառեխները: Առաջին երեք տեսակները՝ սպիտակ կարապները և մոխրագույն ու գումաննիկ սագերը եկել են դեկտեմբեր-հունվարի ընթացքում և, հանգիստ առնելուց ու սնվելուց հետո, չվելու են փետրվարի կեսերից: Սպիտակ կարապների խմբերը նկատվել են Հայրավանքում, սագերը՝ Գեղամասար գյուղի հատվածից մինչև Գիլի լիճ ընկած տարածքներում: Իսկ ահա վերը թվարկված ջրցողերն ու տառեխները աստիճանաբար բնավորվում են և տեղում հիմնավորվելու նշաններ են ցույց տալիս:

«Եղել է ժամանակ, որ նրանք բնավորվել ու բազմացել են Սևանի և Գիլիի ափերի ճահճուտներում, ինչպես ցույց են տալիս մեր ուսումնասիրությունները: Հիմա, երբ Սևանի մակարդակի որոշակի բարձրացման հետևանքով առաջացել են նոր ճահճուտներ, որոնք այս տեսակի թռչունների համար կարող են ծառայել որպես բնադրավայր, չի բացառվում, որ նրանք չչվեն և համալրեն տեղում բազմացող թռչնաշխարհի շարքերը»,- նշեց Արտակ Սարգսյանը:

Նույն աղբյուրի հավաստմամբ՝ վերջին մեկ-երկու տարվա ընթացքում Գեղարքունիքի մարզում նկատվել է ջրաճահճային թռչունների քանակական աճ: Առավել նկատելի են սև փարփարի, խայտաբադի, լայնակտուց, կռնչան, բզապոչ բադերի երամները, որոնք հանդիպում են Սևանի ափերի ամենատարբեր բնադրավայրերում, լճի ամենատարբեր հատվածներում:

Խոսրով Խլղաթյան
Գավառի Օրհուս կենտրոնի փորձագետների խորհրդի անդամ
Բջջ. (+374) 94 02 26 92
E:mail. khosrov1@rambler.ru