5,467 view

Ֆիխտներ» ընկերության ներկայացուցիչները Երևանի Օրհուս կենտրոնում

15.01.2015
«Ֆիխտներ» ընկերության սոցիալական ու վերաբնակեցման հարցերով մասնագետ-խորհրդատու Շտեֆան Շուլլեն ու շրջակա միջավայրի մասնագետ Դր Դետլեֆ Փաուլշը հունվարի 13-ին այցելեցին Երևանի Օրհուս կենտրոն` «Ֆիխտներ» ընկերության հայաստանյան գործընկեր կազմակերպության տեղական ծրագրի համակարգող Պավել Հովհաննիսյանի ուղեկցությամբ:
Գերմանացի մասնագետներին հետաքրքրում էր Օրհուս կենտրոնների գործունեությունը, թե կենտրոններն ինչ աշխատանք են տանում սոցիալական ու բնապահպանական առավել հրատապ խնդիրների բարձրաձայնման ու լուծման

տարբերակների բացահայտման ուղղությամբ: Քանի որ Շտեֆան Շուլլենը նախկինում էլ էր Հայաստանում եղած ժամանակ հանդիպում ունեցել Օրհուս կենտրոնների աշխատակիցների հետ, հետաքրքրվեց, թե ինչ առաջընթաց կա այն ժամանակ քննարկված հարցերի լուծման ուղղությամբ:

Նրանք Հայաստան են ժամանել ՀՀ Լոռու մարզում գտնվող «Լոռի» (220կՎ), Թումանյան1 (110կՎ) և Թումանյան2 (110կՎ) բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի վերակառուցումը նախատեսող «էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» ծրագրի շրջանակներում, ուստի քննարկում ծավալվեց նաև այդ նախագծի խոցելի կողմերի շուրջ:

Մասնավորապես Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող Սիլվա Այվազյանը հետաքրքրվեց, թե ինչ նորմատիվներով են իրենք առաջնորդվում բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի անցկացման ժամանակ: Շտեֆան Շուլլենը տեղեկացրեց, որ դրանց երկու կողմերում առնվազն 50 մ հեռավորության վրա պետք է լինեն բնակելի տները, իսկ այգիների ու գյուղատնտեսական հողերի առկայության դեպքում բարձրավոլտ հաղորդալարերը պետք է անցնեն նվազագույնը 7 մ բարձրության վրա:

Նրանք կարևորեցին Օրհուս կենտրոնների աջակցությունը սույն ծրագրի շրջանակներում կազմակերպվող հասարակական լսումների անցկացման վերաբերյալ հարությանն իրազեկելու առումով: «Ֆիխտներ» ընկերության սոցիալական ու վերաբնակեցման հարցերով մասնագետ-խորհրդատու Շտեֆան Շուլլենը կարևորեց նաև Օրհուս կենտրոնների դերը ինչպես ծրագրի ընթացիկ աշխատանքների, այնպես էլ իրականացումից հետո տեղական մակարդակում հասարակական մոնիթորինգի իրականացման առումով: Խոստացավ այդ մասին առաջարկ ներկայացնել պատվիրատուներին: Նրա խոսքով Օրհուս կենտրոնները տեղական հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ մեծ աշխատանք կարող են տանել ինչպես այս, այնպես էլ Համաշխարհային բանկի աջակցությամբ կամ վարկային միջոցներով իրականացվող նմանատիպ այլ ծրագրերի բողոքների ընդունման մեխանիզմի վերաբերյալ, ինչը հնարավորություն կտա հնարավորինս բացառել սոցիալական անարդարությունները:

Մարի Չաքրյան
Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու
Էլ. փոստ aarhusnews@gmail.com