6,773 view

Բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի վերակառուցման նախագծի հասարակական լսումներ Վանաձորում և Ալավերդիում

18.01.2015
Հունվարի 14-ին Վանաձորի մարզպետարանում և հունվարի 15–ին Ալավերդու քաղաքապետարանում՝ Վանաձորի և Աավերդու Օրհուս կենտրոնների աջակցությամբ տեղի ունեցավ հանրային լսում ՀՀ Լոռու մարզում գտնվող «Լոռի» (220կՎ), Թումանյան1 (110կՎ) և Թումանյան2 (110կՎ) բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի վերակառուցումը նախատեսող «էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» ծրագրի նախագծային փուլի վերաբերյալ: Ծրագիրը իրականացնելու է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի» ֆինանսավորմամբ, որի շրջանակում
Համաշխարհային Բանկի պահանջներին համապատասխան մշակվել են ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունը և վերաբնակեցման քաղաքականության շրջանակը:

«Ֆիիստներ» ընկերության սոցիալական մասնագետ Շտեֆան Շուլլեն երկու լսումների ժամանակ էլ քննարկման մասնակիցներին է ներկայացրել նախագծի նախնական տարբերակը՝ այն վերջնական տեսքի բերելու գործընթացքում կարևորելով բոլորի կարծիքներն ու առաջարկությունները: Նա նաև հավաստիացրել է, որ իրենց գործելակերպում առաջնայինը հանրային շահն է, ուստի հնարավորինս ջանացել են շրջանցել բնակելի տները կամ շինությունները՝ ավելացնելով, որ պատրաստ են վաղօրոք մշակված մեթոդաբանությամբ հաշվարկել և համարժեք փոխհատուցել այն հողատարածքների կամ շինությունների համար, որոնք կհայտնվեն վերակառուցվող բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի ճանապարհին: (Ինչպես մենք ծանոթացանք փոխհատուցման հաշվարկի նշված մեթոդաբանությանը, օրինակ այգիների դեպում հաշվի է առնվում ծառերի առկայությունը, քանակը, տարիքը, այգին գործող է, թե՝ ոչ, ապա ստացված գործակիցը բազմապատկվում է այն տարիների թվով, որոնք անհրաժեշտ են նման այգի ստեղծելու համար):

Վանաձորում Շտեֆան Շուլլեն լսումներին մասնակցող մարզպետի տեղակալին, մարզպետարանի բաժնի վարիչներին, համայնքների ղեկավարներին, Օրհուս կենտրոնի համակարգողին ու ՀԿ-ների ներկայացուցիչներին է ներկայացրել ծրագրի բնապահպանական և սոցիալական մասը՝ նպատակ ունենալով տեղեկանալ, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ ինչպես նախնական փուլում, այնպես էլ՝ հետագայում և խնդրել դրանց մասին անպայման տեղեկացնել բոլոր դեպքերում:

Մասնակիցները հարցեր են բարձրացրել հատկապես Գուլագարակի արգելավայրի տարածքով անցնող գծի վերաբերյալ: Բանախոսները տեղեկացրել են, որ նոր գիծն անցկացվելու է հնի տարածքով, հետևապես լրացուցիչ ծառեր չեն հատվելու, ուղղակի մաքրվելու են մոտեցման ճանապարհները:

Ապամոնտաժվող հին սյուների ճակատագրին վերաբերող հարցի առնչությամբ բանախոսները տեղեկացրել են, որ դրանք պահեստավորվելու են՝ մետաղները հետագայում կրկին օգտագործելու համար:

Լոռու մարզպետի տեղակալ Ա. Դարբինյանը նկատել է, որ նախագծում բացակայում է հատվող ծառերի, դրաց պահեստավորման ու վերականգնման վերաբերյալ տեղեկատվությունը: Չնայած բանավոր մեկնաբանություններին, ներկաները խնդրել են նախագծում ներառել նաև այդ հարցերը: Մարզպետի տեղակալը նաև նշել է, որ նման դեպքերում առավել շատ հարցեր ու խնդիրներ առաջանում են հետագայում՝ շինարարության և շահագործման ընթացքում և կարևորել նաև հետագա համագործակցությունը:

Ալավերդիում հասարակական լսումներին մասնակցել են համայնքների ղեկավարներ, մասնագետներ, համայնքային ծառայողներ և Օրհուս կենտրոնի համակարգողը: Բարձրացվել են մի շարք հարցեր, որոնց շուրջ ծավալվել է քննարկում: Հարցերը մասնավորապես վերաբերել են քարտեզով կոնկրետ տարածքների հանգամանորեն ներկայացմանը, ապամոնտաժման աշխատանքների ընթացքում համայնքների հնարավոր հոսանքազրկմանն ու ժամանակացույցին, ծրագրում ազդակիր և ոչ ազդակիր համայնքների ներգրավմանը, հողատեսքերի փոփոխությանը: Այստեղ ևս անդրադարձել են ծառահատումների խնդրին, թե ինչ հիմքո՞վ են իրականացվելու և ինչպիսի՞ն է լինելու հատված ծառերի ճակատագիրը, հարց է բարձրացվել ծառահատումներից հետո օրենքով սահմանված վերականգնողական ծառատնկումը տվյալ համայնքում իրականացնելու վերաբերյալ:
Համայնքների ղեկավարները հետաքրքրվել են նաև, թե երկարատև մագնիսական ազդեցությունը ինչ ազդեցություն կարող է թողնել, օրինակ, դաշտում աշխատող մարդկանց վրա, սակայն այս հարցի վերաբերյալ կոնկրետ պատասխան չի հնչել համապատասխան գիտական հիմնավորումների բացակայության պատճառաբանությամբ:

Հասարակական լսումների մասնակիցներին հետաքրքրել է նաև, թե ով է ապահովելու հետագա հետևողականությունն ու վերահսկողությունը: Բանախոսները կոչ են արել զարկ տալ նաև հասարակական մոնիթորինգին, սոցիալական ու բնապահպանական անցանկալի հետևանքներից հնարավորինս խուսափելու համար:

Մասնակիցները իրենց գոհունակությունն են հայտնել ծրագրի նախնական փուլում տեղեկանալու համար, պատրաստակամությունն հայտնել համայնքներին վերաբերող ծրագրային խնդիրներում աջակցության համար:

Անուշ Էվոյան
Ալավերդու Օրհուս կենտրոնի համակարգող
Էլ. փոստ. info_alaverdi@aarhus.am, anushevoyan@rambler.ru
Պերճ Բոջուկյան
Վանաձորի Օրհուս կենտրոնի համակարգող
Էլ. փոստ. info_vanadzor@aarhus.am, bojukyanp@mail.ru