7,274 view

Թե ո՞ւմ է ձեռնտու մալականների ամրակուռ համայնքը վերացնելը

09.01.2015
Հունվարի 8-ին Ֆիալետովո համայնքի ներկայացուցիչներիը հանդիպում ունեցան ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Ան. Սորոկինի հետ: Օրեր առաջ նրանք դիմել էին Ստեփանավանի Օրհուս կենտրոն՝ գյուղի հարևանությամբ ոսկու հանքի հնարավոր շահագործման վերաբերյալ հավաստի տեղեկություններ և փորձագիտական օգնություն տրամադրելու խնդրանքով: Կենտրոնի համակարգողի օգնությամբ նրանք նամակով դիմել էին ԵԱՀԿ դեսպանին՝ ներկայացնելով իրենց մտահոգությունն ու մտավախությունները:
Համայնքի բնակիչները միայն անցած տարվա
նոյեմբերին են տեղեկացել, որ ինչ-որ կազմակերպություն մտադիր է ոսկու հանք շահագործել առանձնատներից ընդամենը 100մ հեռավորության վրա: Ինչը ենթադրում է, որ գյուղի վարելահողերի, հողահանդակների, արոտավայրերի զգալի մասը, անգամ բնակելի տների տարածքներ պետք է ծառայեցվեն հանքի շահագործմանը:

ԵԱՀԿ դեսպանն իհարկե արդեն ծանոթ էր խնդիրն, բայց հետագա քայլերը համատեղ պլանավորելու համար կարևորեց նաև իրավիճակի քննարկումը: Իրենց համայնքի բոլոր բնակիչների անունից հանդես եկող Ալ. Մորոզովը, Ն. Չիչովը, Ալ. Զադորկինն ու Ան. Դյակոնովը տեղեկացրին, որ հանքի շահագործման նախագծի պլանավորման ժամանակ, վաղ փուլում իրենք չեն տեղեկացվել, հաշվի չի առնվել իրենց կարծիքը, ավելին՝ երկու հասարակական լսում է անցկացվել առանց համայնքի մասնակցության: Եվ երբ համայնքը տեղեկացել է, թե ինչ է իրականում կատարվում, միահամուռ դեմ է արտահայտվել, ինչը, սակայն, հանքարդյունաբերողներին ետ չի պահել իրենց մտադրությունից:

Ֆիալետովո համայնքի ներկայացուցիչները խնդրեցին նախագծի վերաբերյալ անկախ փորձագիտական ուսումնասիրություն իրականացնել, ինչը հնարավորություն կտա հիմնավորել իրենց մտավախությունները: Ան. Դյակոնովը նշեց, որ գյուղի տարածքում կան բնական աղբյուրներ, այդ թվում բուժիչ հանքային ջուր, որին տեղացիներն «Թթու ջուր» են անվանում, որոնք կենսական նշանակություն ունեն համայնքի բնակիչների գոյության համար, մինչդեռ հանքի շահագործման արդյունքում դրանք ոչ միայն կորակազրկվեն, այլև իսպառ կցամաքեն: Հանքի շահագործումը էկոմիգրացիայի կենթարկի խաթարված գյուղի բնակչությանը, այն դեպքում, երբ սոցիալական, տնտեսական կամ մեկ այլ իրավիճակ գյուղից գոնե մեկ ընտանիքի հեռացման պատճառ առ այսօր չի դարձել:

Հայաստանի Հանրապետության մասշտաբով գուցե փոքրիկ թվացող այս խնդիրը սպառնում է իրենց երկրորդ հայրենիքը վերագտած, համախմբված կենսակերպ ունեցող այս ռուս ժողովրդի գոյությանը: Դարեր շարունակ այս գողտրիկ անկյունում իրենց իսկ ձեռքով հարմարավետ ու խաղաղ բնակավայր կառուցած, աշխատասեր ու կարգապահ այս մարդկանց կյանքի բնականոն ընթացքը հանկարծակիորեն կարող է բեկվել ոսկու տենդով տառապող ձեռներեցների ու որոշում կայացնողների անշրջահայաց գտնվելու պատճառով:

ԵԱՀԿ դեսպան Ան. Սորոկինը նշեց, որ խնդիրն իր անմիջական վերահսկողության տակ կլինի, քանի որ խոսքը ոչ միայն բնական ու մշակությաին ժառանգության պահպանությանն է առնչվում, այլև մարդկանց իրավունքների պաշտպանությանն ու գոյության անվտանգությանը: Խոստացավ մոտ ապագայում հանդիպում կազմակերպել ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվ. Վոլինկինի ու Բնապահպանության նախարար Ար. Գրիգորյանի հետ՝ հարցին ողջամիտ ու երկուստեք շահավետ լուծում տալու ակնկալիքով:


«Ֆիոլետովո գյուղ»

Մարի Չաքրյան
Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու
Էլ. փոստ aarhusnews@gmail.com