13,243 view

Երկրաշեն արժեքներ

29.12.2014

07-14.06.10 086_tnԱնտառում կապույտ մշուշներ կային, ամպի ծվեններ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին, սակայն անտառի քունը չէր տանում:
Համո Սահյան

 

Հայաստանի «անտառներում» այլևս կապույտ մշուշներ չկան, իսկ աշունը չի հասցնում օրորել անտառին՝ ամառային ջերմությանն անմիջապես խստաշունչ ցրտերն են փոխարինում: Աղքատ է Հայաստանի անտառների աշնան բերքը, և հատուկենտ անտառաբնակները չեն հասցնում այդ բերքից ձմռան պաշար ամբարել: Ինչու ?
– Հայաստանի Հանրապետությունը չոր ցամաքային կլիմայով, խիստ կտրտված լեռնային ռելիեֆով բնութագրվող սակավահող, սակավանտառ փոքր երկիր է: Սակայն համեմատելով տարբեր տարիների անտառտնտեսական ցուցանիշերը, հարկ է նշել, որ անտառահատումները շարունակվում են՝ մոռանալով անտառային էկո-համակարգի թանկարժեք հատկությունների մասին, երբ անտառը ոտքի վրա գործ է անում՝ բնություն պահպանելու, հարստացնելու գործ.

1. Հողապահպանություն – արմատային հզոր համակարգի շնորհիվ անտառը պահպանում է հողը, կանխելով հողատարման ու հողմահարման երևույթները, հատկապես՝ բարձր թեքությունների վրա, ջրային հոսքերի ափերին:
2. Անտառը հումուսով հարուստ բերքատու հող է ստեղծում՝ մշակելով հողին թափված հսկայական քանակությամբ օրգանական հարուստ հումքը:
3. Անտառը ջրային ռեժիմ է կարգավորում – առաջացող հսկայական թափուկի շնորհիվ անտառը ֆիլտրում է անձրևաջրերն ու ձնհալը, արմատային համակարգի միջոցով դրանք ուղղորդելով դեպի ընդերք, կարգավորելով ստորգետնյա հոսքերը:
4. Անտառը միջավայր է կենսաբազմազանության բազմաթիվ տեսակների համար – ֆլորայի, ֆաունայի բազմաթիվ ներկայացուցիչներ անտառում հարմարավետ գոյության պայմաններ ունեն, որի շնորհիվ բնությունն ավելի է հարստանում:
5. Անտառը պահպանում է մթնոլորտային հավասարակշռությունը – սաղարթաշատ անտառն արևի լույսի միջոցով ածխաթթու գազ է կլանում՝ արտադրելով թթվածին (մեկ լայնատերև ծառը մեկ օրվա ընթացքում սինթեզում է 120-230 կգ թթվածին)
6. Անտառը բարելավում է կլիման – տերևային հսկայական զանգվածով անտառում կուտակված խոնավությունը գոլորշանում է՝ նպաստելով օդի հարաբերական խոնավության կարգավորմանը, իսկ խիտ ծառաշարքերի միջոցով անտառը նաև նվազեցնում է քամիների արագությունը:
7. Առողջարար բազմաթիվ հատկությունների շնորհիվ անտառը նպաստում է մարդու հանգստին և առողջությանը (փշատերև ծառատեսակներն <արտադրում են> ֆիտոնցիդներ, որոնք մաքրում են օդը, իսկ եթերային նյութերի, թթվածնի միջավայրում կարգավորվում են մարդու շնչառությունը, արյան շրջանառությունը, …)
8. Անտառը հրաշալի վայր է բնասերների, զբոսաշրջիկների բազմաբնույթ արշավների կազմակերպման համար:
9. Անտառն արագ է վերականգվում (հատկապես՝ եթե համեմատենք օրգանական, հանքային օգտակար հանածոների հետ), անտառը ոտքի վրա գործ է անում՝ արմատներով, սաղարթով պայմաններ է ստեղծում բնական այլ ռեսուրսների կարգավորման, բնության հարստացման համար: …
Dilijan_antar
Անտառների վերը թվարկված երկրաշեն հատկությունները տնտեսական օգտակարություն են երաշխավորում սոցիալ-տնտեսական բազմաթիվ ոլորտներում, բայց … իսկապես քաղաքակիրթ երկրներում, որի շնորհիվ այդ երկրները հարուստ են նաև այլ բնական պաշարներով, իսկ ժողովուրդը պանդուխտի հոգեբանություն չունի:
Թեև բազմադարյան մշակույթ ունենք, մեր երկիրը բաց թանգարան է երկնի տակ՝ ժայռափոր եկեղեցիներով ու հինավուրց համալսարաններով, բայց տնտեսական օգտակարությունը հայերը տեսնում են տապալված անտառի, աղտոտված հողերի, չորացած գետահուների տեսքով: Նոր տարին էլ տոնի նման չի, եթե տանը սոճու տոնածառի բնական խեժաբույր չկա:

2010 թ. կատարված հետազոտությունների համաձայն Հայաստանն ուներ 370հազ.600 հեկտար անտառածածկ, իսկ այսօր այն կազմում է 334հազ.100 հեկտար (minagro.am/գյուղատնտեսությունը-հայաստանում/անտառային-տնտեսություն/ ՝ 2014 թ. դեկտեմբերի 26-ի դրությամբ): Հայաստանի անտառածածկի բաշխվածությունը խիստ անհամաչափ է: Անտառների գերակշռող մասը՝ 62 %-ը տարածված է երկրի հյուսիս-արևելյան մասում, 36 %-ը հարավ-արևելյան մասում, կենտրոնական ընդարձակ մասում, այդ թվում նաև՝ Սևանի ավազան և Շիրակի սարահարթ, անտառները 2 % են կազմում:

Հայաստանի անտառներում հադիպում են 274 տեսակի ծառեր ու թփեր, որոնցից էնդեմ տեսակներ են 25-ը, ռելիկտներ են 31-ը: Բնական անտառ կազմավորող հիմնական տեսակներն են հաճարենին, կաղնին, բոխին, սոճին, որոնք կազմում են ամբողջ անտառածածկի 89,1 %-ը և անտառների ընդհանուր պաշարի 97,2 %-ը: ՀՀ անտառների արդյունավետության միջին ցուցանիշը 3,6 բոնիտետ է, միջին լրիվությունը՝ 0,55 (1- լրիվ միակցված տնկարկներ), բնափայտի միջին պաշարը կազմում է 125 մ3/հա, տարեկան միջին աճը՝ 1,3 մ3/հա:

2010 թ. 370,6հազ.հա-ի և այսօրվա պաշտոնական 334,1հազ.հա-ի տարբերությունը կազմում է 36,5 հազ.հա անտառածածկի կորուստ, անտեսելով երկրի աշխարհագրական դիրքը, բնակլիմայական բնութագրերը և դրանցով թելադրվող անտառածածկի ընդլայնման անհրաժեշտությունը, տարեց տարի անտառահատումներն աննահանջ տեմպերով զրկում են երկիրն անտառներից:
БелочкаՀնագիտական սկզբնաղբյուրները վկայում են, որ հայոց նախնիք ճիշտ են կարևորել անտառի դերը երկրագործության, երկրի պահպանության ու պաշտպանության համար:
1. Հայկ Խաչատրյանն իր Սոսյաց պուրակ գրքում պատմում է, որ Հայոց աշխարհի մի մասում հողը փխրուն էր և ամենաթույլ անձրևից սահում էր՝ անհնար դարձնելով հողագործությունը: Հայկ Նահապետը հանձնարարեց Արամանյակին՝ հայոց աշխարհի տարբեր վայրերից ծառեր տանել և այնտեղ տնկել, քանի որ միայն այդպես հնարավոր կլինի խուսափել հողերի սահքից: Արամանյակը լավ կատարեց իր հանձնարարությունը, բարգավաճեց երկրամասը, որի բնակիչներն այն անվանեցին Արամանյակի ցախեր (հետագայում աստիճանաբար ձևափոխվելով մեզ հասել է Արցախ տարբերակը):
2. Նույն գրքում Հ.Խաչատրյանը պատմում է Ավարայրի ճակատամարտից հետո ինչպես են հայ ռազմիկները նահանջել դեպի Արցախ՝ պարսից բազմահազար զորքերին ուղղորդելով դեպի Արցախի Թանձր անտառ, որտեղից նրանք այլևս դուրս չեն եկել:
3. Պատմահայր Մովսես Խորենացին <Հայոց պատմություն>-ում պատմել է հայոց Խոսրով Կոտակ թագավորի անտառաշինության մասին: Նրա հիմնադրած անտառում երեները բազմաթիվ էին, պպմանները նպաստավոր՝ զորքի զինավարժության ու թշնամյաց պարտության համար: Այնուհետև բնական վերաճ ապահովելով Խոսրովի անտառը մեզ է հասել ավելի ընդարձակ, բայց ….
4. Կարևորելով անտառի, հատկապես ծառի դերը բնության, երկրի համար՝ հայոց Սմբատ Բագրատունի թագավորն իր նշանավոր Դատաստանագրքում պատիժ է սահմանել – եթե որևէ մարդ սխալմամբ մի ծառ կտրի, ապա կփակվի մութ զնդանում՝ ամեն օր ստանալով ամենայն ուտելիք, բայց՝ առանց հացի:…
Իսկ ինչպես են Հայաստանում <կարևորում> անտառի դերը մարդկությանը լուսավորող քսաներորդ և ճեպընթաց քսանմեկերորդ դարերում ?
- Վերջին հարյուրամյակի ընթացքում անտառները Հայաստանում կրճատվել են երկու անգամ: Անտառածածկի կորուստը հանգեցրել է բնական մյուս համակարգերի հավասարակշռության խախտումների: Փորձագիտական գնահատումներով ապօրինի անտառահատումները բնափայտի տարեկան ընթացիկ աճը գերազանցել են երեք անգամ (Կենսաբազմազանության 4-րդ ազգային զեկույց, ՀՀբնապահպանության նախարարություն, 2009թ):
Ամենուր իրավիճակը բնութագրվում է բացասական փոփոխություններով.
1.Անտառների տարածման ուղղաձիգ սահմանների կրճատում – Անասունների արածեցման, խոտհնձի, անկանոն հատումների պատճառով անտառային վերին գոտին տարածման բնական սահմաններից իջել է 100-500 մ, փոխարինվելով մերձալպյան, առանձին վայրերում՝ լեռնա-մարգագետնային բուսածածկով: Անտառային ստորին գոտում անտառ-տարածքների կրճատման հաշվին ընդարձակվել են գարնանային արոտները, վարելահողերը: Ուղղահայաց տարածման բնական սահմանները կորցնելով, անտառները երիզում են լեռնալանջերը նեղ ժապավենով, ինչը չի նպաստում հողերի պահպանությանը, ակտիվանում են հողատարման գործընթացները:
2.Անտառային էկո-համակարգերի կազմալուծում – գերհատումները հանգեցրել են անտառների վերականգնման հատկության կորստին՝
• առաջացնելով անտառային հողերի էրոզիա և անապատացում,
• ակտիվացել են բնական աղետները՝ սելավները, սողանքը,
• խախտվել է անտառի հիդրոլոգիական ռեժիմը, խորացվել է ջրային դեֆիցիտը,
• անտառային գետերն ու ջրամբարները տղմակալում են,
• բուսատեսակների քանակ-որակային փոփոխություններ՝ ծառուտները կորցրել են բնական վերականգնման ունակությունը,
• կենդանիների բնադրավայրերն անհետանում են, ապրելու պայմանները նվազում են, հետևաբար կենդանական աշխարհն աղքատանում է,
• խախտվում է բնական հավասարակշռությունը՝ հանգեցնելով անտառային էկո-համակարգի ամբողջական դեգրադացիայի և կազմալուծման:
3.Անտառային էկո-համակարգերի կազմալուծումը խիստ բացասական երկարատև ազդեցություն է  թողնում անտառի բարիքներից օգտվող մարդկանց կենսագործունեության, շրջակա բնական միջավայրի, հատկապես՝ գյուղատնտեսական հողատեսքերի բերքատվության վրա:
Ամեն ընկնող ծառի հետ անտառը հառաչում է, ափսոսելով տապալված արժեքը: Որքան հզոր ծառեր են տապալվում, այնքան հառաչանքը հնչեղ է որպես բողոք, որը շառաչելով վերածվում է զայրույթի, որովհետև՝
- երկիրն ի վիճակի չէ դիմանալ մեր սխալներին, մենք խախտել ենք Ի ՎԵՐՈւՍՏ սահմանված բնական կարգը և ամեն տապալվող ծառով մենք հատուցում ենք հող ու ջուր կորցնելով, անապատացման ակտիվացմամբ:

Արդեն 20 տարի Հայաստանում հասունացել է անտառ-տնտեսական գործունեության խելամիտ՝ կանխարգելիչ վերահսկողության պահանջարկը: Եթե ցանկանում ենք մեր երկրում իսկապես նպաստել բնապահպանական արժեքների պահպանությանը, հարկ է հանրային վերահսկողության միջոցով աչքի լույսի պես պահել-պահպանել Հայաստանի անտառները՝
• պատասխանատու և արձագանքող պահելով իրավասու պետական կառույցներին,
• կանխելով վայ-գործարարների «օրինական» խախտումները:
Ինչ, որտեղ, երբ հարցերի պատասխանները ներկայացվում են հավելվածով:

Սրբուհի Հարությունյան
Էկո-փորձաքննության խորհրդատու