7,433 view

«ՀՀ կայուն զարգացման գերակա ուղղությունները» և «ՀՀ բնապահպանական առաջնահերթ խնդիրները» թեմաներով կազմակեպված կլոր սեղանի ամփոփում

20.12.2014
ԵՊՀ Կայուն զարգացման կենտրոնը (ԿԶԿ) 2014 թվականի դեկտեմբերի 9-ին, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի նիստերի դահլիճում կազմակերպել էր կլոր սեղան “ՀՀ կայուն զարգացման գերակա ուղղությունները” և “ՀՀ բնապահպանական առաջնահերթ խնդիրները” թեմաներով կենտրոնում կատարված աշխատանքների ամփոփման և արդյունքների քննարկման նպատակով: Հանդիպմանը մասնակցում էին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներ Թոմաս Դեմբսկին և Գոհար Ղազինյանը, Սպառողների աջակցման կենտրոնից Աշոտ Միրզոյանը, Համահայկական բնապահպանական ճակատից Լևոն Գալստյանը,

Թեղուտի նախաձեռնություն ՀԿ-ից Արթուր Գրիգորյանը, Օրհուս կենտրոնից Սիլվա Այվազյանը և փորձագետ Գրետա Գաբրիելյանը, ԵՊՀ էկոիրավունքի գիտակրթական կենտրոնից Աիդա Իսկոյանը, հասարակական և գիտական կազմակերպությունների այլ ներկայացուցիչներ և անհատներ, ինչպես նաև ԵՊՀ ֆակուլտետային և գիտական կենտրոնների աշխատակիցներն ու ուսանողները: Ընդհանուր առմամբ միջոցառման մասնակիցների թիվն անցնում էր 60-ից: Հանդիպումը լուսաբանվեց ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության կողմից Երևանի համալսարան ամսաթերթում, ԵՊՀ կայքում և “ԷկոԼուր” լրատվատեղեկատվական պորտալում: Միջոցառումը կազմակերպվել էր Կայուն զարգացման կենտրոնի կողմից ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:

Կլոր սեղան-քննարկմանը բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ Կայուն զարգացման կենտրոնի ղեկավար, ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզման ամբիոնի վարիչ, երկրաբանա-հանքաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Մովսեսյանը: Նա համառոտ ներկայացրեց կենտրոնի գործունեությունը և հանդիպման հիմնական նպատակները:

Այնուհետև ԵՊՀ Կայուն զարգացման կենտրոնի փորձագետ, ԵՊՀ Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը հանդես եկավ “ՀՀ կայուն զարգացման գերակա ուղղությունները” թեմայով զեկույցով: Ա. Մարգարովը ներկայացնելով նշված թեմայով կատարված աշխատանքները, անդրադարձավ ինպես կայուն զարգացման ուղղություններին՝ ընդհանուր առմամբ, այնպես էլ ՀՀ-ում վերջիններից կիրառման հնարավորություններին, առանձնացնելով հատկապես հինգ գլխավոր ուղղություններ: “Կայուն զարգացումն այնպիսի զարգացում է, որը համապատասխանում է ժամանակի պահանջներին, սակայն վտանգի տակ չի դնում ապագա սերունդների՝ սեփական կարիքները բավարարելու հնարավորությունը: Յուրաքանչյուր պետություն ինքն է պատասխանատու իր երկրի տնտեսական և սոցիալական զարգացման համար և այստեղ անհնար է գերագնահատել ազգային քաղաքականության և բնական ռեսուրսների դերը կայուն զարգացման գործում:”, – նշեց Ա. Մարգարովը: Նա ընդգծեց կայուն զարգացման բնապահպանության ոլորտի մի քանի առաջնահերթություններ. 1) Պետությունն իրավունք ունի ինքնուրույն մշակել սեփական ռեսուրսները ազգային քաղաքականության և բնապահպանական պահանջներին համապատասխան, միևնույն ժամանակ նա պատասխանատվություն է կրում, որպեսզի իր իրավասությամբ կատարվող գործունեությունը չբերի վնասների ազգաբնակչության համար; 2) Կապված է բաց և բարենպաստ տնտեսական համակարգի հետ, որի ձևավորումը և զարգացումը կարող է բերել տնտեսական աճի և կայուն զարգացմանն ինչպես Հայաստանում, այնպես էլ տարածաշրջանում: Անհրաժեշտ է լուծել աղքատության հետ կապված խնդիրները և նվազեցնել սոցիալական շերտերի միջև կտրուկ տարբերությունները; 3) Սոցիալական տարբեր խմբերի մասնակցության ապահովումը կայուն զարգացման գործընթացին. անհրաժեշտ է գիտակցել քաղաքացիական հասարակության դերը և այդ հասարակության յուրաքանչյուր անդամի ակտիվ մասնակցությունը կայուն զարգացմանը; 4) Քաղաքականապես բավականին անկայուն տարածաշրջանում ազատության և անվտանգության ապահովումն է; 5) Անցումը դեպի կայուն զարգացման պետք է իրականացվի միջազգային համագործակցության գլոբալ գործընկերության շրջանակներում: Նշված հինգ առաջնահերթ ուղղություններն ուսումնասիրելիս հնարավոր եղավ ընդգծել Հայաստանում կայուն զարգացման հետևյալ տասը ուղղությունները՝
1. Արմատախիլ անել աղքատությունը:
2. Կատարել ուսումնասիրություններ գյուղատնտեսության ոլորտում: Կազմակերպել այդ գիտելիքների արդյունավետ օգտագործումը և փոխանցումը:
3. Ուսումնասիրել էներգիայի սպառվող և անսպառ աղբյուրները:
4. Ուսումնասիրել զբոսաշրջության ոլորտը:
5. Ապահովել բնակչության զբաղվածությունը և բոլոր խավերի ինտեգրումը հասարակությանը, ինչը կնպաստի աղքատության նվազեցմանը:
6. Անհրաժեշտ է մշակել քիմիական նյութերի օգտագործման և թունավոր թափոնների արտանետման համար ռացիոնալ մոտեցումներ: Քիմիական միջոցների ռացիոնալ օգտագործումը կարևոր նշանակություն ունի հասարակության առողջության և շրջակա միջավայրի անվտանգության ապահովման գործում:
7. Անհրաժեշտ է ամրապնդել միջազգային համագործակցությունը կրթության բնագավառում բարեփոխումներ կատարելու համար: Որակյալ կրթության հասանելիությունը և մատչելիությունը կայուն զարգացման հիմնաքարերից մեկն է:
8. Անհրաժեշտ է ապահովել իրավահավասարությունը հասարակության մեջ: Տարբեր խմբերի, այդ թվում կանանց մասնակցությունը երկրի քաղաքական և տնտեսական կյանքին վերաբերվող որոշումների կայացմանը:
9. Կարևորել տարբեր կառույցների համագործակցությունը կայուն զարգացման գործում:
10. Նպաստել խաղաղասեր և բաց հասարակության ձևավորմանը:
Առաջադրված նպատակները ենթադրում են և պահանջում տնտեսության, բնապահպանության, սոցիալական, պետական կառավարման, կրթության և դաստիարակության ոլորտներում առկա խնդիրների լուծում:

Հանդիպման երկրորդ հատվածում “ՀՀ բնապահպանական առաջնահերթ խնդիրները” թեմայով զեկուցեցին ԵՊՀ Կայուն զարգացման կենտրոնի ղեկավար Ռուբեն Մովսեսյանը և կենտրոնի փորձագետ, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը: Զեկուցման ընթացքում հիմնականում շեշտադրվեցին հետևյալ խնդիրներն ու ուղղությունները, որոնք արժանի են հատուկ ուշադրության և ուսումնասիրման կարիք ունեն:

Բանախոսների կողմից առաջ քաշվեցին երեք կարևոր հարցեր, որոնք վերաբերվում էին ընդերքի արդյունավետ օգտագործմանը և նրա բնապահպանական ռիսկերի նվազեցմանը, ջրային ռեսուրսների կառավարման խնդիրներին և սողանքային երևույթների կանխարգելմանը:

Մ. Գրիգորյանը նշեց, որ ՀՀ ընդերքի ակտիվ շահագործումն հիմնականում իրականացվում է արտասահմանյան ընկերությունների կողմից, որի արդյունքում հանրապետությանը մնում են չնչին տոկոսագումարներ՝ ստացված բնապահանական և բնօգտագործման վճարների դիմաց և/կամ գանձված հարկային մարմինների կողմից և, որ ամենագլխավորն ու ամենաբացասականն է, հանրապետության հողատարածությունները ծածկվում են լեռնարդյունաբերական ձեռնարկությունների գործունեության հետևանքով առաջած մեծածավալ թափոններով: Հանքավայրերը շահագործվում են անբարեխղճորեն, իսկ պոչամբարներում կուտակված հարստապոչերը վտանգ են ներկայացնում շրջակա միջավայրի համար:

Երկրորդ կարևորագույն հարցը, որին անդրադարձավ բանախոսը, վերաբերվում էր ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը: Այս տարի Սևանա լճից ոռոգման նպատակով բաց է թողնվել 240 մլն խոր.մ ջուր, որը չի բավականացրել գուղական համայնքներին: Արաքս գետի վրա Թուրքիայի կողմից կառուցված ջրամբարների պատճառով ՀՀ Ախուրյանի ջրամբարն այս տարի ունեցել է ջրի դեֆիցիտ, որի հետևանքով ոռոգման ամենօրյա ջրթող չի իրականցվել: Մյուս կողմից լուրջ խնդիրներ են առաջացնում Արարատյան դաշտի խորքային հորատանցքերը, որոնք օգտագործվում են ձկնաբուծության համար: Հայաստանում ջրի կառավարման ոլորտը թերի է, արդյունքում հողօգտագործողները հրաժարվում են հողի նպատակային օգտագործումից, արարատյան դաշտում հողերի 35% անմշակ է, իսկ շատ ավելի հողատարածքներ օգտագործվում են ոչ նպատակային, այն է` վարելահողերը վերածվել են խոտհարքների և արոտավայրերի:

Երրորդ հարցը վերաբերում էր ՀՀ տարածքում սողանքային առաջացումներին, նրանց վտանգներին, ռիսկերի գնահատմանը և կանխարգելմանը: Մ. Գրիգորյանն իր ելույթում խոսեց մի քանի տարի առաջ Հայաստանի տարածքում Ճապոնական Ջայկա ընկերության կողմից իրականացված ուսումնասիրությունների և առանձնացված սողանքային օջախների մասին, համաձայն որի առանձնացվել են 250 սողանքային տարածքներ: Հայաստանում իրականում կան 200 սողանքավտանգ տարածքներ, որոնցից պետք է առանձնացնել երեքը` Ողջաբերդի, Դիլիջանի և Ուղեձորի սողանքները: Իրականում այդ հոսքերը դասական սողանքներ չեն, այլ փլուզումներ են և ունեն տեխնածին ծագում: Շատ կարևոր է և անհրաժեշտ, որպեսզի սողանքների ուսումնասիրությամբ զբաղվեն կառավարությանը կից մասնագիտական կազմակերպությունները, այլ ոչ թե դա տրվի տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնք չունեն համապատասխան մասնագետներ և սարգավորումներ:

ԵՊՀ Կայուն զարգացման կենտրոնի ղեկավար Ռ. Մոսեսյանն իր ելույթում ամփոփեց 2012-2014 թթ. կենտրոնի գործունեությունը, ներկայացրեց հիմնական ուղղություններն ու կատարված ուսումնասիրությունների արդյունքները: Բերելով ձևավորված առաջարկությունները, Ռ. Մովսեսյանը կարևորեց, որ կենտրոնի կողմից մշակված հիմնական առաջարկությունները, որոնք վերաբերվում են ոլորտի բարելավմանն ուղղված օրենսդրական փոփոխություններին, ընդգրկվել են Բնական պաշարների կառավարման ազգային ռազմավարության և ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատերելու մասին հայեցակարգային մոտեցումների մշակման գործընթացում կազմված նախագծային փաստաթղթերում և «ՌԻՈ+20» վեհաժողովի որոշումների իրականացման 2015-2025 թթ. ազգային ռազմավարական ծրագրի հայեցակարգերի «Հանքարդյունաբերության գործունեություն, բնապահպանություն և մարդկանց առողջություն» բաժնում: Ռ. Մովսեսյանն անդրադարձավ նաև կենտրոնի առաջիկա ծրագրերին:

Զեկուցումներն ուղեկցվեցին համապատասխան լուսացուցադրություններով (պրեզենտացիա), ինչն էլ առավել մատչելի դարձրեց նյութի մատուցումը:

Հիմնական զեկուցումներին հաջորդեց բուռն քննարկումը, հնչեցին բազմաթիվ հարցադրումներ և առաջարկություններ կայուն զարգացման, բնապահպանության և ընդերքի հարստությունների ռացիոնալ օգտագործման տարբեր խնդիրների, ջրային և էներգետիկ ռեսուրսների կառավարման և այլնի վերաբերյալ:

Հանդիպման ավարտին առանձին ելույթներով իրենց խոսքն ասեցին Աշոտ Միրզոյանը, Լևոն Գալստյանը, Աիդա Իսկոյանը և Գրետա Գաբրիելյանը:

Ծրագիրն իրականացվել է ԵՊՀ Կայուն զարգացման կենտրոնում, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:

ԵՊՀ Կայուն զարգացման կենտրոնի
ղեկավար, երկր.-հանք. գիտ. թեկ.՝ Ռ.Ս. Մովսեսյան