6,807 view

Լիմայում վերջին պահին է հաջողվել փրկել կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործընթացի տապալումը

18.12.2014

Դեկտեմբերի 1-12-ը Պերուի մայրաքաղաք Լիմայում կայացավ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմ երկրների 20-րդ համաժողովը: Ինչպես կառավարությունների, այնպես էլ ոչ կառավարական, հասարակական ու միջազգային կազմակերպությունների ավելի քան 12000 ներկայացուցիչ էր հյուրընկալել Լիման:
Քննարկված բազմաթիվ հարցերից կարևորագույնը հաջորդ՝ Փարիզում կայանալիք 21-րդ համաժողովում ընդունվելիք Կլիմայի փոփոխության մասին կոնվենցիային կից նոր արձանագրության բովանդակության հարցն էր:

Ի տարբերություն Կիոտայի արձանագրության, այս փաստաթղթում պետք է սահմանվեն բոլոր երկրների կողմից ջերմոցային գազերի կրճատման կամ աճի սահմանափակման պարտավուություններ կամ, ինչպես ընդունված է բանակցությունների ընթացքում ասել՝ ներդրումներ: Փարիզյան արձանագրությունն ընդգրկելու է պարտավորություններ 2020-2030թթ. համար և հավանաբար` մինչև 2050թ.: Մինչ այդ երկրները պետք է նախապատրաստվեն, որպեսզի 2020թ. հետո քանակական ցուցանիշներով վերցնեն համարժեք պարտավորություններ, որոնք կապահովեն գլոբալ ջերմաստիճանի բարձրացման սահմանափակումը 2◦C-ով, կամ 1.5◦C-ով:

Լիմայում զարգացած ու զարգացող երկրների միջև անզիջում բանակցություններ են ընթացել թե՛ ջերմոցային գազերի արտանետումների կրճատման, թե՛ կլիմայի փոփոխությանը հարմարվելու ֆինանսական ներդրումների, տեխնոլոգիաների փոխանցման ու կարողությունների ամրապնդման ուղղությամբ:

Համաժողովի ավարտին, ինչպես նախատեսված էր՝ դեկտեմբերի 12-ին, չի հաջողվել համաձայնության գալ Փարիզում ընդունվելիք արձանագրության տեքստի շուրջ: Միայն դեկտեմբերի 13-ի առավոտյան է հաջողվել ընդունել մի շարք տարբերակներով լի բանակցային փաստաթուղթ՝ արձանագրության ընդունման ապագա բանակցությունների համար: Բանը նրանում է, որ ՄԱԿ-ի կանոնակարգի համաձայն բանակցությունները կարող են սկսվել միայն բանակցային տեքստն ընդունելուց 6 ամիս անց: Բանակցային տեքստն էլ իր հերթին ընդունվում է միայն կողմերի համաժողովում: Ինչը նշանակում է, որ բանակցային տեքստի շուրջ համաձայնության չգալը գործընթացի տապալում կլիներ: Այսպիսով վերջնական փաստաթղթի ձևավորման շուրջ բանակցությունները կմեկնարկեն 2015թ. մայիսին: Այդ առումով չափազանց կարճ ժամանակ է մնում մինչև Փարիզյան համաժողով:

Ինչ վերաբերում է Կիոտոյի արձանագրությանը: Ինչպես գիտեք, Կիոտոյի արձանագրության երկրորդ ժամանակաշրջանն ընդգրկում է 2013-2020թթ.: Այս պահին պաշտոնական որևէ որոշում չկա 2020թ. հետո դրա շարունակվելու, կամ դուրս գալու մասին, չնայած այն ֆորմալ կարող է և շարունակվել, սակայն փորձագետների կարծիքով, հավանաբար, դրա կարիքը չի լինի:

Համաժողովին ընդունված որոշումների համաձայն երկրները պետք է իրենց դիրքորոշումն ու ներդրումների մասին պաշտոնական տեղեկատվությունը ներկայացնեն 2015թ. առաջին կեսին: Հայաստանը ևս պետք է նախապատրաստի ու հաջորդ տարվա առաջին կեսին ներկայացնի իր դիրքորոշումը ջերմոցային գազերի կրճատման կամ սահմանափակման ռեժիմի, հարմարվողականության պլանների, ինչպես նաև նշված բնագավառներում տեխնոլոգիաների զարգացման, փոխանցման ու ներդրման, ֆինանսավորման ու կարողությունների ամրապնդման վերաբերյալ:

Համաժողովին չափազանց կարևորվել է նաև այն, որ նշված բոլոր գործընթացները լինեն թափանցիկ ու հասանելի հանրության համար:

Մարի Չաքրյան
Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու