6,829 view
Քայլեր Օրհուսի կոնվենցիայով նախատեսված արդարադատության մատչելիության սկզբունքի իրացմանն ուղղված օրենսդրական առավել առանցքային հիմնադրույթների բացահայտման ուղղությամբ

18.12.2014
«Ուժեղացնել քաղաքացիական հասարակական կազմակերպությունների կարողություններն` ուղղված Օրհուսի Կոնվենցիայի մարտահրավերների իրականացմանը» ծրագրի շրջանակում իրականացվել են որոշակի աշխատանքներ միջազգային փորձն ու միջազգային իրավունքին առնչվող փաստաթղթերն ու միջազգային դատական ատյանների նախադեպային դատական ակտերն ուսումնասիրելու ուղղությամբ:
«Տնտեսաիրավական վերլուծությունների կենտրոն» ՀԿ-ն ծրագրի շրջանակում նպատակ է դրել բացահայտել Օրհուսի կոնվենցիայով նախատեսված արդարադատության մատչելիության սկզբունքի իրացմանն ուղղված օրենսդրական առավել

առանցքային հիմնադրույթները, հանգամանորեն գնահատել դրանց կենսունակությունը, առանձնացնել հիմնական թերություններն ու իրավակիրառ պրակտիկայում խնդրահարույց իրավական լուծումները, ներկայացնել կենկրետ եզրահանգումներ:

Բանը նրանում է, որ ներպետական օրենսդրության որոշ նորմեր խնդրահարույց իրավիճակ են ստեղծել կապված ՀԿ-ների կողմից բնապահպանության հարցադրումներով հայցեր ներկայացնելու հետ, մասնավորապես «Հասարակական կազմակերությունների մասին» ՀՀ օերնքի, նաև «ՀՀ վարչական դատավարության օերնսգրքի» որոշ նորմերի անկատարության համատեքստում դատական պրակտիկան ընթացել է միջազգային չափանիշներին ոչ այնքան համահունչ ուղղությամբ, ինչն արտացոլում է ստացել ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումներում:

«Տնտեսաիրավական վերլուծությունների կենտրոն» ՀԿ գրասենյակում տեղի ունեցած ծրագրի մասնակիցների վերապատրաստման 4 նիստերի ընթացքում մասնակիցները միմյանց են ներկայացրել իրենց նախնական ուսումնասիրությունների արդյունքները: Շեշտադրել, որ ինչպես տնտեսության, այնպես էլ էկոլոգիական կառավարման ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության համակարգում միջազգային փորձը հակված է այն մոտեցմանը, որպեսզի այդ կտրվածքով նախապատվությունը տրվի հնարավորինս անկախ հանրային իշխանության մարմնի:

Ծրագրի մասնակիցներից Ա. Մանասյանը, հանգամանորեն ուսումնասիրելով Շվեդիայի փորձը, ընդգծել է, որ այդ երկրում Մարդու իրավունքների պաշտպանն օժտված է անհամեմատ լայն լիազորություններով և արդարադատության մատչելիության յուրահատուկ երաշխիք է հանդիսանում նաև Օրհուսի կոնվենցիայի կտրվածքով:

Ծրագրի մասնակիցները այս հարցի առնչությամբ ծավալված քննարկումների արդյունքում եզրահանգել են, որ Մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակը վերանայելու հարցադրումն արդիական է նաև Հայաստանի պարագայում: Ծրագրի համակարգող, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գ. Դանիելյանը կարևորել է, որ առանձին դեպքերում բավարար ծավալով կիրառական անհրաժեշտ դրսևորումներ չունեն նաև արդեն իսկ ամրագրված լիազորությունները: Մասնավորապես. Մարդու իրավունքների պաշտպանը դեռևս կոնկրետ քայլեր չի ձեռնարկել գերատեսչությունների նորմատիվ իրավական ակտերի դատական կարգով վիճարկման իրեն վերապահված լիազորությունից համարժեք օգտվելու ուղղությամբ:

Վերապատրաստման 3-րդ դասընթացի շրջանակներում հանդես եկած Է.Շաթիրյանն ընդգծել է, որ էկոլոգիական հարցադրումներով արդարադատության մատչելիության խնդրի լուծման համատեքստում ներկայումս էական նշանակություն է ձեռք բերել հասարակական կազմակերպությունների իրավական կարգավիճակի հարցը: Ընդ որում, թեպետ Սահմանադրական դատարանն իր որոշումներով արդեն իսկ անդրադարձել է հասարակական կազմակերպություններին վարչական դատարան դիմելու իրավունք վերապահելու օգտին, գործնականում այդ խնդիրը պատշաճ լուծում չի ստացել:

Գ.Դանիելյանն իրազեկել է, որ այդպիսի խնդիրների առկայությունն արձանագրել է նաև արդարադատության նախարարության նորանշանակ ղեկավարությունը և արդեն իսկ պաշտոնական շրջանառության մեջ են գտնվում նախագծեր, որոնք միտված են նշված խոչընդոտների վերացմանը:

Դասընթացների ընթացքում պատրաստվել ու կիրառվել են նաև հատուկ հարցաթերթիկներ Էկոլոգիական հարցադրումներով իրավական գործընթացի առնչությամբ գործնական աշխատանքում ներգրավված, ինչպես նաև տեսաբան իրավագետների դիրքորոշումը բացահայտելու մասին:

Ծրագրի մասնակիցներն առաջիկայում կներկայացնեն ծրագրի դասընթացների ընթացքում քննարկված հարցադրումների կապակցությամբ հետազոտության վերջնական արդյունքները:

Մարի Չաքրյան
Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու
Էլ. փոստ aarhusnews@gmail.com