12,141 view

Հանրության մասնակցության «էկոլոգիան» Հայաստանում

15.12.2014

Pordzageti ankyun_15_12Հանրության մասնակցությունը ժողովրդավարական սկզբունք է, որին հետևելով մարդիկ հնարավորություն են ստանում մասնակցել իրենց կենսագործունեության վրա ազդող խնդիրների լուծմանը, իսկ որոշում կայացնողները հանրային աջակցություն են ստանում որոշումների նախապատրաստման, նաև՝ դրանց իրագործման ընթացքոմ: Հանրության մասնակցության շնորհիվ որոշումների կայացման գործընթացներում հաշվի են առնվում առանձին մարդկանց, բնակչության խմբերի հայացքները, դիրքորոշումը, կարծիքները:
Հանրության մասնակցության միջոցով քաղաքացիները հնարավորություն են ստանում ներգործել էկոլոգիական ազզդեցություն ունեցող որոշումների վրա՝ տեղեկանալով այն խնդիրների մասին, որոնք կարող են ազդել իրենց առողջության, կենսամակարդակի վրա:
Հանրության մասնակցության միջոցով պետական կառույցները հնարավորություն են ստանում իրենց աշխատանքի ընթացքում հաշվի առնել տնտեսական, իրավական, գիտական, սոցիալական գործոնները, ուսումնասիրել ստացված կարծիքները, հիմնավորումները և համապատասխան եզրահանգումներ կատարել: Հանրության ներգրավումը որոշումների նախապատրաստման, մասնագիտական քննարկումների և իրագործման ժամանակ, նպաստում է պետական կառույցների հեղինակության աճին ու հավատին: Հարկ է նշել, որ նախկին ԽՍՀՄ տարածքի բազմաթիվ երկրներում պետական քաղաքականության առաջնահերթություններն են տնտեսական ու սոցիալական հիմնախնդիրները, հաճախ հակասելով ու անտեսելով էկոլոգիական գործոնները: Իսկ հանրության մասնակցության սկզբունքներին հետևելով պետական էկոլոգիական կառույցները կարող են ամրապնդել իրենց դիրքերը:
Վավերացնելով Էսպո Կոնվենցիան, ՌԷԳ Արձանագրությունը և Օրհուսի Կոնվենցիան, Կողմերը (այդ թվում նաև՝ Հայաստանը) որոշակի պարտավորություններ են ստանձնել որոշումների կայացման գործընթացներում նախագծերի էկո-անվտանգության ապահովման և հանրության մասնակցության ապահովման վերաբերյալ: Հանրության մասնակցության նվազագույն պարտադիր պահանջներն են.
• հետաքրքրվող հանրության իրազեկումը որոշակի նախաձեռնության մասին,
• քննարկումը նախաձեռնության հնարավոր ազդեցության վերաբերյալ,
• կարծիքների, առաջարկների հավաքագրումը հանրային խմբերից,
• կարծիքների, առաջարկների քննարկումը, հիմնավոր մերժումների ներկայացումը հեղինակներին՝ ողջամիտ ժամկետներում,
• առաջարկների հաշվառման տեղեկագրի և վերջնական որոշման նախագծի քննարկումը:
Հանրության մասնակցությունն արդյունավետ է հատկապես նախագծման աշխատանքային խմբում հանրային կառույցների մասնագետների ներգրավմամբ: Օրինակ՝ հասկանալի և ընդունելի է, որ որևէ օրենքի նախագծի մշակման աշխատանքային խմբում ներգրավվեն տվյալ ոլորտում գործունեության հարուստ փորձ ունեցող մասնագետներ (ովքեր նման աշխատանքներ են կատարել տարիներ շարունակ՝ տվյալ նախագծի հետ կապ չունեցող տարբեր պատվիրատուների հաշվին): Այս դեպքում կարելի է օգտվել նրանց մասնագիտական կարողություններից ու հարուստ փորձից: Դրա շնորհիվ նախագծերը կլրամշակվեն գործնական հիմնավոր առաջարկներով՝ արդյունքում ստանալով հիմնավորված, հանրային կարիքներին համահունչ, հետևաբար նաև՝ հանրային աջակցություն հայցող ծրագրեր: Այս դեպքում է, որ պլաններն ու ծրագրերն աշխատում են հօգուտ իրական զարգացման, քանի որ նախաձեռնողներն այդ ձգտումն են ունեցել՝ ի սկզբանե:
Այսպիսով միջազգային համաձայնագրերը մարդուն հնարավորություն են ընձեռում մասնակցել առողջ շրջակա միջավայրում ապրելու իր էկոլոգիական իրավունքի իրացմանը: Դեռևս նախագծման փուլերում առավել օբյեկտիվ ու համապարփակ տեղեկատվություն մատուցելու շնորհիվ հանրային աջակցությունն ավելի կառուցողական է՝ ավելի օգնող, իսկ իրագործման վերահսկողությունը՝ նպատակային: Նման գործելակերպով հանրային խմբերը կարողանում են օգնել, ինչպես նաև՝ պատասխանատու և արձագանքող պահել և պետական, և գործարար կառույցներին:
Հայաստանում հակառակ պատկերն է արձանագրվում: Հանրության մասնակցության պահանջների կոպիտ խախտումներ են արձանագրվում հատկապես էկոլոգիական նշանակություն ունեցող որոշումների կայացման գործընթացներում: Մինչդեռ՝ էկոլոգիական նորմերը թելադրված ու պարտադրված են Ի ՎԵՐՈւՍՏ՝ ազգային անվտանգության և երկրի տնտեսական կայունության առաջնահերթ, հրատապ կարևորությամբ:
Հայաստանում բազմաթիվ են դեպքերը, երբ բնապահպանության նախարարությունը էկոլոգիական փորձաքննության ընթացքում չի կանխարգելում, չի նվազեցնում նախագծերի բարձր ազդեցությունը՝ նախաձեռնողներին հանձնելով «կանաչ ուղեգրեր»՝ ոչ բնապահպանական, հետևաբար՝ անիմաստ փորձաքննական եզրակացություններ: Որպես կանոն այդ նախագծերն իրականացվում են բնական կորուստների, էկոլոգիական հավասարակշռության խախտումների գնով: Դրանք են Թեղուտի հանքարդյունահանման, Հրազդանի երկաթաքարի հանքի շահագործման և բարձր ազդեցությամբ բնորոշվող այլ գործունեությունները, որոնց վերաբերյալ որոշումներ են կայացվել անտեսելով հանրային կարծիքը, ազգային շահն ու միջազգային պահանջները, բայց պատճառաբանելով երկրի օրենսդրության թերությունները (սույն հոդվածին կից ներկայացվում են մեկնաբանություններ՝ 2006 թ. հաստատված Թեղուտի հանքարդյունահանման եզրակացությունների վերաբերյալ):
Սակայն … եթե ազգային օրենսդրությունը որևէ մասով թերանում է, ապա ուղղակի գործում են երկրի վավերացրած միջազգային պայմանագրերը՝ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի ուժով: Իսկ Հայաստանը վավերացրել է Էսպո Կոնվենցիան, ՌԷԳ Արձանագրությունը և Օրհուսի կոնվենցիան: Հետևաբար ՀՀ պետական կառույցներն էլ, նախաձեռնող գործարարներն էլ պարտավոր են կատարել միջազգային պարտավորությունները՝ ինչպես էկոլոգիական խախտումների կանխարգելման, այնպես էլ՝ հանրության մասնակցության վերաբերյալ, հատկապես՝ նախաձեռնությունների էկոլոգիական անվտանգությանը վերաբերող օրենքի նախագծի դեպքում:
Էկո-փորձաքննության օրենսդրության բարեփոխման նպատակով Հայաստանի կառավարությանը եզրակացություն և խորհրդատվություն է ներկայացրել Էսպո կոնվենցիայի իրագործման Կոմիտեն՝ քննարկելով Կողմերի 4-րդ խորհրդակցությունում (Բուխարեստ, 2008 թ. մայիսի 19-21): Համաշխարհային Բանկն իր հերթին պարբերաբար առաջարկում է բարեփոխել ՀՀ օրենսդրությունը, այդ թվում նաև՝ էկո-գնահատման մասով: Միջազգային գործընկերների արդարացի պահանջները կատարելու և էկո-փորձաքննության ՀՀ օրենսդրությունը բարեփոխելու նպատակով Հայաստանի կառավարությունը քննարկման է ներկայացրել՝
• Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին ՀՀ գործող օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը (ԱԺ լսումներ 2011թ.դեկտեմբերի 2-ին)
• Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքի նախագիծը (2013 թ. ընդգրկվել է ԱԺ օրակարգ, առանց քննարկումների եռաստիճան քվեարկություն է կատարվել 2014 թ. հունիսի 21-ին, ՀՀ նախագահն այն վավերացրել է 2014 թ. հուլիսի 23-ին՝ անտեսելով բազմաթիվ բողոքներ),
Սակայն երկու նախագծերն էլ միջազգային պարտավորություններն ապահովել են մասնակիորեն՝ չվերացնելով և նույնիսկ կրկնելով գործող օրենքի թերությունները: Հետևաբար մասնագետներն ու հանրային խմբերը բացասական կարծիքներ ու հիմնավոր առաջարկներ են ներկայացրել նշված նախագծերի վերաբերյալ:
Հարկ ենք համարում ներկայացնել Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքի անցած ճանապարհը և մեր ներկայացրած առաջարկների «հաշվառումը».
2013 թ. մայիսի 31-ին բնապահպանության նախարարությունում փակ դռներով <հանրային լսումներ> կազմակերպեցին Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ (այսուհետ՝ ՇՄԱԳՓ օրենքի նախագիծ)՝ խախտելով Հայաստանի Սահմանադրության 3, 27, 33.2, 43 հոդվածներով սահմանված նորմերը, Օրհուսի կոնվենցիայի 7րդ, 6-րդ (3,4,8 մասերով) և 8-րդ հոդվածները:
Հարկ է նշել, որ 2013 թ. մայիսի 16-ին www.mnp.am կայքում տեղադրված ՇՄԱԳՓ օրենքի նախագիծը զուրկ էր էկո-անվտանգության երաշխիքներից, էկո-գնահատման ընթացակարգերը սահմանված չէին, իսկ հանրության մասնակցության պահանջներն առավել նվազեցված էին, քան գործող օրենքում էր, քան՝ սահմանված է միջազգային պարտավորություններով: Ուստի Սոցիալ-էկոլոգիական ասոցիացիայի Ե-13-046 նամակով բնապահպան նախարար Ա.Հարությունյանին առաջարկեցինք վերացնել ՇՄԱԳՓ օրենքի նախագծի նշված թերությունները՝ ներկայացնելով նաև համապատասխան առաջարկներ: Նույն առաջարկներն ավելի մանրամասն հիմնավորեցինք ՀՀ բնապահպանության փոխնախարար Ս.Պապյանի առաջարկով՝ 2013թ. հուլիսի 3-ին ՇՄԱԳՓ օրենքի նախագծի աշխատանքային խմբի խորհրդակցությունում:
Բայց անտեսելով և թերությունները, և դրանց վերացմանն ուղղված առաջարկները՝ ՇՄԱԳՓ օրենքի նախագիծը 2013 թ. օգոստոսին ներկայացվել է ՀՀ Ազգային Ժողով, իսկ սեպտեմբերի 30-ին ընդգրկվել է ՀՀ ԱԺ օրակարգում և համբերատար սպասել քննարկման իր հերթին՝ ութ ամիս շարունակ:
Հարկ է նշել, որ ութ ամիսը հսկայական ժամանակ էր մասնագետներից ու տարբեր կառույցներից կարծիքներ, դիտողություններ ստանալու և ՇՄԱԳՓ օրենքի նախագիծը հիմնավոր լրամշակելու համար: Այդ ութ ամսվա ընթացքում բազմաթիվ առաջարկներ ու հիմնավորումներ ենք ներկայացրել ԱԺ գյուղատնտեսության և բնապահպանության մշտական հանձնաժողովի նախագահ՝ Մարտուն Գրիգորյանին՝ ՇՄԱԳՓ օրենքի նախագծի վերը նշված թերությունները վերացնելու նպատակով (նամակներ Ե-13-047 և Ե-048/13): Մեր առաջարկներն անտեսել են նաև ՀՀ ԱԺ հանձնաժողովում, թեև ողջամիտ ժամկետներում որևէ մերժման որևէ հիմնավորում չեն ներկայացրել: Կարևորելով ՀՀ նախագահին կից Հանրային խորհրդի դերը «իշխանության վարած քաղաքականության վրա հանրությանն ազդելու հնարավորություն տալու և իշխանության գործողությունները հանրային պահանջներին համընթաց ուղղորդելու նպատակով», Ե-049/2014 նամակով դիմել ենք նաև ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի նախագահ՝ Վ.Մանուկյանին: Սակայն ՇՄԱԳՓ օրենքի նախագծի վերաբերյալ հանրային խարհրդի որևէ նախաձեռնության մասին որևէ տեղեկություն չկա:
Հարկ է նշել նաև, որ էկո-փորձաքննության ՀՀ օրենսդրությունն <աշխատել է> տասնութ տարի շարունակ՝ ի հայտ բերելով և թերություններ, և առավելություններ: Եվ եթե որպես բարեփոխում ինչ որ բան է արվում այս օրենսդրության հետ, հարկ է նախ և առաջ հաշվի առնել՝
• երկրի բնական միջավայրի գոնե համառոտ նկարագիրը,
• գործող օրենսդրության գործադրման և դրական, և բացասական փորձը,
• ինչպես նաև` երկրի ստանձնած միջազգային պարտավորությունները:
Սակայն 2013 թ. սեպտեմբերի 30-ից ՀՀ ԱԺ օրակարգում ընդգրկված ՇՄԱԳՓ նախագծի դեպքում վերը նշված պահանջներն անտեսվել են: Ուստի ևս մեկ անգամ Ե-053/05.6.14 նամակով 2014 թ. հունիսի 5-ին ՀՀ բնապահպանության նախարար Ա. Գրիգորյանին ներկայացրել ենք Հայաստանի բնական միջավայրի համառոտ նկարագիրը, գործող օրենսդրության և ՇՄԱԳՓ օրենքի նախագծի համառոտ համեմատական վերլուծությունը, նկատի ունենալով Հայաստանի վավերացրած ՇՄԱԳ Կոնվենցիայի, ՌԷԳ Արձանագրության և Օրհուսի Կոնվենցիայի պահանջները: Այդպիսով մենք հիմնավորել ենք ԱԺ օրակարգում ընդգրկված ՇՄԱԳՓ օրենքի նախագծի անորակությունը, որը շտկելու համար նաև առաջարկել ենք՝
1. ջանքեր գործադրել ՇՄԱԳՓ օրենքի նախագիծը ՀՀ ԱԺ օրակարգից հետ կանչելու նպատակով,
2. կազմել իսկապես աշխատանքային խումբ՝ ընդգրկելով էկո-փորձաքննության ոլորտի փորձառու և անկախ մասնագետներ,
3. ովքեր տարիների փորձով հիմնավորված առաջարկներով կլրամշակեն ու կկարգավորեն ՇՄԱԳՓ օրենքի նախագիծը, որն իսկապես կնպաստի բնապահպանությանը՝ առանց արգելակելու տնտեսական զարգացումը, որից հետո
4. կազմակերպել իսկապես հանրային լսումներ՝ հետաքրքրվող հանրությանն ընձեռելով ողջամիտ ժամկետներում առաջարկներ, դիտողություններ ու կարծիքներ ներկայացնելու հնարավորություն, իսկ նախագծի հեղինակներին պարտադրելով ժամանակին առաջարկների մերժումների հիմնավորումներ ներկայացնել հեղինակներին,
5. արդյունքում ՀՀ ԱԺ քննարկմանը ներկայացնել էկոլոգիական անվտանգության իրական երաշխիքներով ու հավասարակշռված իրավական հարաբերություններով բարեփոխումն իսկապես ապահովող և հանրային դրական վերաբերմունքով ուղեկցվող օրինագիծ
(նամակն ամբողջությամբ՝ http://aarhus.am/Expert_PDF/Srbuhi_EIA+E%20law-project.pdf:):
Բայց այս ամենի փոխարեն բնապահպանության նախարարը հակառակ քայլեր է նախաձեռնել՝ 2014թ. հունիսի 19-ին որպես լրամշակում ՀՀ կառավարություն ներկայացնելով ՇՄԱԳՓ օրենքի նախագծի նույն անորակ, բայց խմբագրված տարբերակը (http://www.mnp.am/?p=217 -Նախագիծ), որտեղ առկա են նույն թերությունները, քանի որ այս դեպքում նույնպես անտեսվել են վերը նշված պահանջները, կրկին անտեսելով նաև ՀՀ Սահմանադրության 3, 27, 33.2, 43 հոդվածներով սահմանված նորմերը և Օրհուսի կոնվենցիայի 7, 6 (3, 4, 8 մասերով) և 8 հոդվածները:
Փաստորեն ութ ամսվա անգործությունից հետո, ստվերային քայլերով՝ 2014 թ. հունիսի 21-ին ՀՀ ԱԺ պատգամավորներն արագորեն քվեարկել են ոչ էկո-խախտումների կանխարգելման, ոչ նախագծերի էկո-անվտանգության, ոչ էլ՝ զարգացման օգտին, այլ՝ բնական ռեսուրսների հյուծմանը հանգեցնող՝ բնության շահագործմանը նպաստող նախագծի օգտին, որտեղ նախկին օրենքի նման բացակայում են էկո-գնահատման ընթացակարգերը, իսկ հանրության մասնակցության պահանջները նվազեցված են (http://aarhus.am/Expert_PDF/Verlutsutyun_SHMAG.pdf ): Սպասելի է, որ ՇՄԱԳՓ օրենքի գործադրման յուրաքանչյուր քայլ առաջացնելու է միջազգային ու սահմանդրական նորմերի խախտումներ, այդ թվում հակասելով ՝ ՀՀ Սահմանդրության 10-րդ հոդվածով սահմանված «պետությունն ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը ևվերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը» պահանջին:
ՀՀ ԱԺ քվեարկությունից հետո միայն՝ 2014 թ. հունիսի 25-ին ստացել ենք բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի ստորագրած (Գ.Սարոյանի նախապատրաստած) նամակը՝ որպես պատասխան մեր 2014 թ. հունիսի 5-ի Ե-053/05.6.14 նամակին: Սակայն ստիպված ենք արձանագրել, որ պարզ և տրամաբանական որևէ կապ այս երկու գրությունների միջև չկա: Այդ պատճառով կրկին Ե-054/09.7.14 նամակով դիմեցինք ՀՀ բնապահպան նախարար Ա.Գրիգորյանին՝ սպիտակ թղթի վրա հայերեն հասկանալի և պարզ բառերով ներկայացնելով իր ղեկավարած գերատեսչության խախտումների անընդունելի բնույթը: Այս անգամ էլ մեր գրության պատասխանը ստացվեց ….. 2014 թ. հուլիսի 24-ին՝ ՇՄԱԳՓ օրենքը ՀՀ նախագահի կողմից հուլիսի 23-ին վավերացնելուց անմիջապես հետո: Այս անգամ էլ բնապահպան նախարարության աշխատակազմի ղեկավարը ստորագրել էր Ա.Վարդանյանի նախապատրաստած թուղթը:
Ակնհայտ է, որ մինչ որոշում կայացնելը միջազգային համաձայնագրերով պահանջվող ՈՂՋԱՄԻՏ ԺԱՄԿԵՏՆԵՐՈւՄ ՀԻՄՆԱՎՈՐ ՀԵՐՔՈւՄՆԵՐ ներկայացնելու պահանջը ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմը հետևողականորեն գործադրում է հակառակ իմաստով՝ որոշում կայացնելուց անմիջապես՝ մեկ վայրկյան, երեք ակնթարթ կամ կես օր հետո՝ ներկայացնելով որքան հնարավոր է անկապ «հերքումներ»:
Ուստի տրամաբանական հարցեր են առաջանում՝
1. Ինչի՞ համար են հանրության ներկայացուցիչները ջանքեր վատնել ՇՄԱԳՓ օրենքի նախագծի բարելավման ուղղությամբ, եթե օրենքը չի բարեփոխվել, իսկ բնության շահագործումը Հայաստանում ընթանում է ավելի ահագնացող տեմպերով:
2. Ի՞նչ նպատակով է Հայաստանը միանում ու վավերացնում միջազգային համաձայնագրերը, եթե պետական մակարդակով անտեսվում են այդ համաձայնագրերի պահանջները, իսկ բնության շահագործումը Հայաստանում ընթանում է ավելի ահագնացող տեմպերով:
3. Ինչո՞ւ աննպատակ վատնել ՀՀ հարկատուների միջոցները, եթե բնության շահագործումը Հայաստանում շարունակվում է ավելի ահագնացող տեմպերով: 

Սոցիալ- էկոլոգիական ասոցիացիայի նախագահ
Սրբուհի Հարությունյան
Էկո-փորձաքննության խորհրդատու
2014 թ. դեկտեմբերի 11.