586 view

08.12.2014

«ՀՀ մետաղական օգտակար հանածոների պոչամբարների` շրջակա միջավայրի վրա ազդեցության վտանգների նվազեցմանն ուղղված պահաջների և խնդիրների վերհանումը» թեմայով կլոր սեղանի ամփոփում

KZK_Grigoryan

ԵՊՀ Կայուն զարգացման կենտրոնը (ԿԶԿ) 2014 թվականի նոյեմբերի 18-ին, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի նիստերի դահլիճում կազմակերպել էր կլոր սեղան – հանդիպում նշված թեմայով կենտրոնում կատարված աշխատանքների ամփոփման և արդյունքների քննարկման նպատակով: Միջոցառմանը մասնակցում էին ԵԱՀԿ փորձագետներ` գիտությունների դոկտոր Ջիովանի Պարդինին (Giovanni Pardini) Իսպանիայի Ջիրոնայի համալսարանի Քիմիական ինժեներիայի և ագրոտնտեսության բաժանմունքից և Կանադայից Դյուկ Հիկմանը (Doug Hickman) Խորհրդատվական ասոցացիայի անդամ, ՀՀ բնապահպանության նախարարության, հասարակական և գիտական կազմակերպությունների (Օրհուս կենտրոն, Էկոդաշինք, ԵՊՀ էկոիրավունքի գիտակրթական կենտրոն և այլն) ներկայացուցիչներ և անհատներ, ինչպես նաև ԵՊՀ ֆակուլտետային և գիտական կենտրոնների աշխատակիցներն ու ուսանողները: Ընդհանուր մասնակիցների թիվը գերազանցում էր 60-ը: Հանդիպումը լուսաբանվել է ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության կողմից Երևանի համալսարան ամսաթերթում, ԵՊՀ կայքում և “ԷկոԼուր” լրատվատեղեկատվական պորտալում: Միջոցառումը կազմակերպվել էր Կայուն զարգացման կենտրոնի կողմից ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:

Հանդիպմանը նախ զեկույցով հանդես եկան ԵՊՀ Կայուն զարգացման կենտրոնի ղեկավար, ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզման ամբիոնի վարիչ, երկրաբանա-հանքաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Մովսեսյանը և ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան, երկրաբանա-հանքաբանական գիտությունների թեկնածու Մարատ Գրիգորյանը: Նրանք խոսեցին նշված թեմայի շուրջ կենտրոնում կատարված աշխատանքների արդյուքների մասին, որը հիմնված էր կենտրոնի մասնագետների և ներգրավված փորձագետների կողմից կատարված ուսումնասիրությունների վրա: Զեկույցն ուղեկցվեց համապատասխան ցուցադրությամբ:
KZK_MovsisyanԲանախոսներն իրենց ելույթում հանդիսատեսների ուշադրությունն ուղղեցին շրջակա միջավայրի վրա պոչամբարների վնասակար ազդեցության և հնարավոր վտանգների կանխարգելման խնդիրներին: Այս առումով հատկապես կարևորվեցին պոչամբարների կառուցման նկատմամբ ինժեներական և սեյսմիկ շինարարության նորմերի պահպանումը: Զեկույցում խոսվեցին պոչամբարների վտանգավորության դասերի, նրանց անձնագրավորման և կադաստրի վարման, շրջակա միջավայրի վրա ազդեցության նպատակով մշտադիտարկումների պարտադիր կատարման և այլ հարցերի շուրջ: Առաջին անգամ խոսվեց լեռնահանքային արդյունաբերության օբյեկների շուրջը սանիտարապաշտպանական գոտիների ստեղծման և նրանց չափերի սահմանման, ինչպես նաև լեռնահանքային արդյունաբերության գործունեությունից բխող վտանգավոր օբյեկտի սեփականատիրոջ պատասխանատվության պարտադիր ապահովագրության պահանջների ներդրման մասին: Այս և մի շարք այլ հարցերի շուրջ տրված բավական մանրամասն տեղեկատվությունից հետո Ռ.Ս. Մովսեսյանը ներկայացրեց աշխատանքների կատարման արդյունքում ձևավորված հիմնական և կարևոր առաջարկությունները, որոնց իրականացման արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել հանքարդյունաբերության արդյունքում շրջակա միջավայրի վրա ունեցած բացասական ազդեցությունը: Դրան հաջորդեց ակտիվ քննարկում, հնչեցին հարցադրումներ և առաջարկություններ ինչպես գիտական ոլորտի, այնպես էլ Բնապահպանության նախարարության ներկայացուցիչների կողմից:

Հանդիպման ավարտին իրենց խոսքն ասեցին ԵԱՀԿ փորձագետներ Ջիովանի Պարդինին և Դյուկ Հիկմանը: Նրանք, բարձր գնահատելով ներկայացված աշխատանքը, ողջունեցին կլոր սեղան – հանդիպման և նման բուռն քննարկման կազմակերպման հանգամանքը: Փորձագետները ներկաներին հակիրճ ներկայացրեցին նաև իրենց երկրների լեռնահանքային արդյունաբերության ոլորտում ունեցած փորձն ու կիրառվող քաղաքականությունը:

Ծրագիրն իրականացվել է ԵՊՀ Կայուն զարգացման կենտրոնում, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:

ԵՊՀ Կայուն զարգացման կենտրոնի
ղեկավար, երկր.-հանք. գիտ. թեկ.՝ Ռ.Ս. Մովսեսյան