6,763 view

Պահպանենք մեր շրջակա միջավայրը

28.11.2014

Նոյեմբերի 28-ին Վորլդ Վիժն Հայաստանի Երևանի տարածքային զարգացման ծրագրի կողմից իրականացվող` «Տեղական մակարդակում քաղաքականության վրա ազդեցուցություն հաղորդակցության միջոցով» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ դասընթաց` «Կոշտ կենցաղային թափոնները և դրանց ազդեցությունը շրջակա միջավայրի վրա» թեմայով: Վերոնշյալ ծրագրի ղեկավարի հրավերով Երևանի թիվ 117 և թիվ 103 դպրոցների 6-8_րդ դասարանի թվով 70 աշակերտներին թեման ներկայացրեց Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող Ս. Այվազյանը:

Դասընթացի նպատակն էր հաղորդել ընդհանուր գիտելիքներ կենցաղային թափոնների, շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա դրանց ազդեցության վերաբերյալ, ինչպես նաև աճող սերնդին իրենց շրջակա միջավայրի հանդեպ հոգատար վերաբերմունք սերմանել:

«Միջազգային փորձագետների գնահատմամբ տարեկան 6 մլն 300 հազար տոննա աղբ է լցվում համաշխարհային օվկիանոս, որի մեծն են կազմում պլաստիկները, որոնք պատճառ են դառնում 1 մլն թռչունների, 100 հազար ծովային կաթնասունների և բազմահազար ձկնային վտառների ոչնչացման»,- նշեց Ս. Այվազյանը: Նա անդրադարձավ կենցաղում լայն կիրառություն ունեցող պլաստիկ ապրանքներին և հորդորեց հնարավորինս զերծ մնալ դրանց կիրառությունից՝ նշելով դրանց վնասակար ազդեցությունները: Ներկաները տեղեկացան նաև աղբի այրման վնասակար հետևանքների մասին, մասնավորապես այն փաստի, որ աղբը այրելու միջոցով ոչնչացնելու ընթացքում արտաքին միջավայր են թափանցում բազմաթիվ վնասակար միացություններ` ածխածնի, ազոտի, ծծմբի օքսիդները, ծանր մետաղների օքսիդները, ցիանիդները, դիոքսինները: Վերջիններս համարվում են ԿՕԱ(Կայուն օրգանական աղտոտոիչներ)-ներ, որոնք քիմիական և կենսաբանական քայքայման չեն ենթարկվում և մարդկանց մոտ մի շարք հիվանդությունների` ընդհուպ մինչև քաղցկեղի առաջացման պատճառ են հանդիսանում:

Մասնակիցների հետ քննարկվեցին նաև Երևան քաղաքի աղտոտվածության, մասնավորապես` ջրային օբյեկտների և աղբահանության խնդիրները, ինչպես նաև քննարկվեցին դրանց լուծման հնարավոր ուղիները` աղբահավաքություն, վերամշակում, վերօգտագործում: Նկարների միջոցով ցուցադրվեցին, թե ինչպես կարող են թափոնները նոր կյանք ստանալ` սեփական ձեռքերով վերածվելով գեղեցիկ, անհրաժեշտ իրերի:

Դասընթացն ուղեկցվեց նաև թեմատիկ տեսանյութերի ցուցադրմամբ, ինչն էլ ավելի դյուրըմբռնելի դաձրեց ներկայացված նյութը, ինչի ապացույցն էր աշակերտների բուռն և խանդավառ մասնակցությունը:

Ուսուցիչները հայտնելով իրենց շնորհակալությունը՝ կարևորեցին նմանատիպ միջոցառումները, նշեցին, որ իրենք նույնպես նոր տեղեկություններ ստացան և թարմացրեցին իրենց գիտելիքները արծարծված թեմայի վերաբերյալ:

Սիլվա Այվազյան
Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող
Էլ. փոստ info@aarhus.am