7,227 view

Շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված գործողությունների ամփոփում

05.12.2014
Դեկտեմբերի 2-5-ը Ծաղկաձորում Հայաստանի Օրհուս կենտրոնները, ԵՊՀ կայուն զարգացման կենտրոնը, «Թռչնասերների կենտրոն» ՀԿ, «Տնտեսաիրավական վերլուծությունների կենտրոն» և «Սինջար» Եզդիների Ազգային Միավորում ՀԿ-ների ներկայացուցիչները ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի բնապահպանական ազգային ծրագրերի շրջանակում մի հարկի տակ էին մեկտեղվել՝ ներկայացնելու 2014թ. իրենց ծավալած գործունեությունն ու քննարկելու ապագա գործողությունները: Միջոցառմանը ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի Տնտեսական և բնապահպանական հարցերով պատասխանատու Տ. Դեմբսկու գլխավորությամբ մասնակցում էին նաև Շրջակա միջավայրի հարցերով ազգային ծրագրերի պատասխանատու Գ. Ղազինյանն ու բաժնի մյուս աշխատակիցները:

Հայաստանի Օրհուս կենտրոնների ներկայացուցիչները մեկառմեկ ներկայացրին իրենց ծավալած աշխատանքը, ընդգծեցին ձեռքբերումներն ու անելիքները: Բոլոր կենտրոնների համատեղ աշխատանքը ներկայացվեց տեսաֆիլմի միջոցով, որտեղ ոչ միայն ներկայացվեցին ընթացիկ տարվա վիճակագրական տվյալները, այլև համակարգողները յուրովի ներկայացրեցին կենտրոնների որդեգրած ուղղությունների նրբությունները: Մասնավորապես շեշտադրվեց, որ Օրհուս կենտրոններն արել են հնարավորը վաղ իրազեկման, հանրային կարծիքի ձևավորման, հետադարձ կապի պահպանման, վերջնական որոշման մասին հանրության իրազեկման ուղղությամբ, սակայն հասարակության լիարժեք մասնակցությունն ապահովելու համար դեռևս անելիքներ կան, որոնք պայմանավորված են ոչ միայն Օրհուս կենտրոնների գործունեությամբ:

Ընթացիկ տարում կենտրոնները մեծ աշխատանք են տարել օրենսդրական նախագծերի մասին հանրությանն իրազեկման ու վերջնական որոշման կայացմանը մասնակցության ապահովման ուղղությամբ: Ձեռքբերում էր Սևանից հավելյալ ջրբացթողնման մասին օրենսդրական նախագծի փոփոխությունը, որին հասնելու համար Օրհուս կենտրոնները ևս մեծ ակտիվություն են ցուցաբերել:

Կարևորելով իրենց կողմից վճարվող գումարների արդյունավետ օգտագործման մասին հարկատուների տեղեկացվածությունը՝ կենտրոններն աշխատանք են տարել համայնքի բյուջեի կազմման ու հաշվետվությունների վերաբերյալ հանրության պատշաճ տեղեկացվածությունն ապահովելու ուղղությամբ: Նոր մակարդակի վրա է դրվել պետական կառավարման մարմինների ու ՏԻՄ-երի հետ համագործակցությունը:

ՕԿ-ները կարևորում են էկոդաստիարակության և էկոլոգիական մտածելակերպին վերաբերող հարցերը և իրենց գործունեությամբ այս տարի ևս փորձել են նպաստել այնպիսի հասարակության ձևավորմանը, որի յուրաքանչյուր անդամ ոչ միայն իրազեկ է բնապահպանական խնդիրներին, այլև անհատապես կամ համատեղ ջանքերով ցուցաբերում է ցանկություն և ակտիվություն ապագա խնդիրները կանխելու ուղղությամբ: Ամրապնդել համագործակցությունը ՀԿ-ների ու քաղաքացիական նախաձեռնությունների հետ:

Տեղեկատվության մատչելիության ապահովմանն ուղղված գործողությունների շրջանակում ոչ միայն աջակցել են ՀԿ-ների, քաղաքացիական նախաձեռնությունների անդամներին ու անհատ քաղաքացիներին՝ կազմելու հարցումներ, այլև, պահանջարկից ելնելով, կենտրոններն իրենք են տեղեկատվություն տնօրինող պատկան մարմիններին հղել 100-ից ավելի տեղեկատվության ստացման հարցումներ:

Օրհուս կենտրոնների կայքի այցելուների թիվն արդեն խոսքում է տեղեկատվության պահանջված լինելու մասին՝ տարվա կտրվածքով ավելի քան 33000 այցելու և ավելի քան 93000 դիտված էջ: Ի լրումն նաև այս տարվա կեսից գործի դրված օնլայն հեռուստատեսության 5000-ից ավելի դիտումները:

Միջոցառման մասնակիցները առողջ քննարկումների միջոցով փորձեցին վերհանել նաև բացթողումներն ու դրանց հիման վրա ուրվագծել ապագա պլանները:

Միջոցառման վերջում Հայաստանի Օրհուս կենտրոնների գործունեությունը համակարգող ծրագրի ղեկավար Լ. Ասոյանը բոլորի անունից շնորհակալություն հայտնեց ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ամբողջ անձնակազմին և հատկապես Տ. Դեմբսկուն՝ անձնվեր աջակցության ու համագործակցության համար:

Մարի Չաքրյան
Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու
Էլ. փոստ aarhusnews@gmail.com