609 view

Հատուկ կարծիք Գյումրի քաղաքի Արագած ճեմափողոցի թիվ 5/3 հասցեի հողամասում բացօթյա սրճարան կազմակերպելու նախագծային առաջարկության մասին հանրային քննարկման վերաբերյալ

05.10.2014
Gyumri_05_10

Գյումրի քաղաքի Արագած ճեմափողոցի թիվ 5/3 հասցեի հողամասում բացօթյա սրճարան կազմակերպելու նախագծային առաջարկության մասին Սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած հանրային քննարկման մասին Գյումրու Օրհուս կենտրոնի համակարգողը գրավոր հատուկ կարծիք է հայտնել Գյումրու քաղաքպետին՝ խնդրելով այն կցել այդ օրվա համապատասխան արձանագրությանը:

Քաղաքապետին ուղղված նամակում մասնավորապես ասվում է, որ Գյումրի քաղաքում քաղաքաշինական բիզնեսը վաղուց արդեն չի ենթարկվում պատշաճ վերահսկողության համապատասխան կառույցների կողմից և քաղաքի պատմական կենտրոնի ավիրումն ու ապօրինի կառուցապատումը վերածվել է պաշտոնյաների անձնական հայեցողությամբ տարածքներ բաշխելու և երկարաժամկետ վարձակալությամբ տրամադրելու մոլուցքի: Կենտրոնի համակարգողը քաղաքպետին տեղեկացրել է, որ դեռևս 2010թ. մայիսի 15-ին Գյումրի քաղաքի Արագած ճեմափողոցի թիվ 5/3 հասցեի հողամասում սկսված կառուցապատման աշխատանքները դադարեցվել են հասարակության և ԶԼՄ-ների բուռն արձագանքի և պետական լիազոր մարմնի եզրակացության արդյունքում: Տեղեկացրել է նաև, որ ՀՀ քաղաքաշինության նախարարությունը, հիմք ընդունելով գործող նորմատիվաիրավական մի շարք ակտերի պահանջներ, կառուցապատման իրավունքով հողամասի տրամադրման վերաբերյալ Գյումրու քաղաքապետի 2009 թվականի փետրվարի 26-ի N 300-Ա որոշումը ճանաչել է ոչ իրավազոր, իսկ 2011 թ. մարտի 25-ի N 1065-Ա որոշմամբ Գյումրու քաղաքապետը չեղյալ է համարել իր իսկ կողմից կայացված որոշումը:

Բանը նրանում է, որ հանրային քննարկումն անց է կացվել Գյումրու քաղաքապետարանի Քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի պետի տեղակալի աշխատասենյակում, ոտքի վրա, որտեղ նույնիսկ մասնակիցների քանակի համապատասխան աթոռներ չեն եղել: Գյումրու Օրհուս կենտրոնի համակարգող Գ. Պետրոսյանի կարծիքով . «Նախագիծը չի ներկայացվել ներկաներին, այլ ուղղակի նախագծային նյութերը դրվել են սեղանին: Քաղաքապետարանի կայքում նախապես չեն հրապարակվել փաթեթի նյութերն ամբողջությամբ, ներկայացվել է միայն խզբզված մի ուրվանկար, որը չէի կարելի կոչել քննարկվող նախագծային փաստաթղթերի հրապարակում»:

Օրհուս կենտրոնի համակարգողն իր գրավոր հատուկ կարծիքում կետ առ կետ հիմնավորել է նաև, թե ինչու է պետք մերժել ներկայացված նախագծային փաթեթը:

Մարի Չաքրյան
Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու
Էլ. փոստ aarhusnews@gmail.com
Լուսանկարը` http:// www. mygyumri.com կայքի