7,066 view

«Մենք ու մեր Մոլորակը» գրքույկների ներկայացում Օրհուս կենտրոններում

21.11.2014
«Քաղաքացիական հասարակության էկոլոգիական իրազեկության բարձրացումը Հայաստանի մարզերում «Մենք ու մեր Մոլորակը» վերահրատարակված գրքույկների միջոցով» ծրագրի շրջանակում դասընթացներ տեղի ունեցան նաև Դիլիջանի, Գյումրիի, Գավառի, Ապարանի Օրհուս կենտրոններում: «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ նախագահ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի դասախոս Ա. Համբարցումյանն ու գեոէկոլոգ, էկոլոգիական տեղեկատվության փորձագետ Մ. Չաքրյանը միջոցառումների մասնակիցներին ներկայացրեցին «Մենք ու մեր Մոլորակը» գրքույկները:

«Մենք ու մեր Մոլորակը»14 անուն գրքույկները վերաբերում են բնապահպանական գրեթե բոլոր հիմնախնդիրներին՝ բնության դեմ առաջին դավադրությունից մինչև վերականգնվող էներգետիկայի հարցերը: Առաջին անգամ կազմվել ու տպագրվել են 2006 թ., տրամադրվել բազմաթիվ կրթօջախների ու գրադարանների ու որպես լրացուցիչ ուսումնական նյութ պահանջված են առ այսօր: Դրանք երաշխավորված են ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի և Բնապահպանության նախարարության կողմից՝ որպես լրացուցիչ ուսումնական գրականություն հանրակրթական դպրոցի համապատասխան դասընթացների համար:

Քանի որ 2006թ. ի վեր շատ փոփոխություններ են տեղի ունեցել, առաջացել էր գրքույկները լրամշակելու անհրաժեշտություն: Գրքույկների լրամշակումն ու վերահրատարակումը հնարավոր դարձավ ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհի շրջանակներում:

Միջոցառումների մասնակից դպրոցների, մանկապարտեզների ու գրադարանների ղեկավարներին, աշխատակիցներին, ուսուցիչներին, ՀԿ ներկայացուցիչներին ու ավագ դպրոցի սաներին հետաքրքրեցին ոչ միայն գրքույկներն, այլև դրանցում զետեղված թեմաները, որոնց շուրջ ծավալվեցին հետաքրքիր քննարկումներ:

Գրքույկները տրամադրվեցին թե միջոցառումների մասնակիցներին, թե Օրհուս կենտրոններին, որպեսզի դրանցից կարողանան օգտվել նաև նրանք, ովքեր գրքույկների շնորհանդեսներին անմիջական մասնակցություն չեն ունեցել:

Մարի Չաքրյան
Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու
Էլ. փոստ. aarhusnews@gmail.com