6,882 view

Համատեղ քայլեր Լոռու մարզի թունավոր թափոնավայրերի վնասազերծման ուղղությամբ

24.11.2014
Լոռու մարզի թունավոր թափոնավայրերն ուսումնասիրելու և դրանց կառավարման, վնասազերծման արդյունավետ լուծումներ առաջարկելու նպատակով, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հրավերով Հայաստան են ժամանել միջազգային փորձագետներ Դ. Հիկմանն ու Ջ. Պարդինին: Փորձագետները մասնագիտացած են հենց պոչամբարների ու թունաքիմիկատների գերեզմանոցների հետ աշխատանքներում: Բոլորովին վերջերս ուսումնասիրել ու համապատասխան գործողություններ են առաջարկել հարևան Վրաստանի Հանրապետության բարձրադիր վայրերում (ծովի մակարդակից 1000-2000մ)
տեղադրված մկնդեղի երեք պոչամբարների վնասազերծման ուղղությամբ, սակայն այնտեղ իրավիճակն այլ էր, հետևաբար Ալավերդու մկնդեղի գերեզմանոցի դեպքում լուծման այլ տարբերակ է պետք:

Նոյեմբերին 18-ին նրանք Երևանի Օրհուս կենտրոնում հանդիպում ունեցան ոլորտի փորձագետների հետ՝ լսելու նրանց կարծիքն առկա իրավիճակի ու արդեն եղած ուսումնասիրությունների վերաբերյալ: Դիտեցին Ալավերդու մկնդեղի գերեզմանոցի խնդիրը ներկայացնող «Անվտանգ» միջավայր ֆիլմը:

Այն ուսումնասիրվել է 2010թ., երբ «Անահիտ» կանանց աջակցության տեղական ՀԿ-ն վերհանեց խնդիրն ու ԵԱՀԿ ՔԳԱՇՄ փոքր դրամաշնորհային ծրագրի շրջանակներում փորձեց հիմնավոր պատկերացում տալ իրավիճակի վերաբերյալ, գտնել արդյունավետ լուծման տարբերակներ՝ ներգրավելով թե՛ ՏԻՄ-ին, թե՛ Արտակարգ իրավիճակների նախարարությանը, թե՛ գիտական ու մասնավոր սեկտորներին:

Քիմիկոս Ս. Մինասյանը նշեց, որ եղած ուսումնասիրությունները բավարար չեն Ալավերդու մկնդեղի գերեզմանոցի վերաբերյալ լիարժեք պատկերացում կազմելու համար, հայտնի չէ, թե թունավոր նյութն ինչքանով և որտեղ է տարածված, ինչ արագությամբ է տարածվում, ուստի լրացուցիչ հետազոտական աշխատանքների անհրաժեշտություն կա: Խնդրի վերաբերյալ իրենց տեսակետները հայտնեցին Գ. Գաբրիելյանն ու Ե. Մանվելյանը: Ա. Գաբրիելյանն էլ առաջարկեց ուշադրություն դարձնել իրավական հարցերի վրա, պարզել, թե ինչպե՞ս է ստացվել, որ մկնդեղի գերեզմանոցը հայտնվել է Ալավերդու քաղաքապետարանի բալանսում:

Իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով փորձագետները նոյեմբերի 19-ին հանդիպում ունեցան նաև Լոռու մարզպետ Ա. Նալբանդյանի հետ, ներկայացրին իրենց այցելության նպատակը: Մարզպետն էլ իր հերթին տեղեկացրեց, որ իրավիճակին քաջատեղյակ է, որ իրենք նույնպես, որպես կառավարող մարմին, ներդրում ունեն սառույցը տեղից շարժելու ուղղությամբ:

Այնուհետև Ալավերդու Օրհուս կենտրոնում քննարկում տեղի ունեցավ՝ քաղաքապետի, համայնքի բնապահպանական հանձնաժողովի, ԱԻՆ տեղական ներկայացուցչի, «Անահիտ» կանանց աջակցության ՀԿ, «Վալլեքս» խմբի ընկերությունների ներակացուցիչների, «ԷՅ-ՍԻ-ՓԻ» ՓԲԸ տնօրենի և խնդրով մտահոգ ակտիվ երիտասարդների մասնակցությամբ:

Գերեզմանոցի հարցը քննարկվեց համայնքային անվտանգության տեսանկյունից: Շահագրգիռ բոլոր կողմերը համաձայնություն հայտնեցին ընդհանուր լուծում գտնելու վերաբերյալ: Ապա փորձագետներն այցելեցին մկնդեղի գերեզմանոց, որտեղ հողի, ջրի և բուսականության նմուշառում իրականացրին: Հետազոտության արդյունքները պատրաստ լինելուն պես, մինչև տարեվերջ փորձագետները կներկայացնեն խնդրի լուծման արդյունավետ տարբերակը:

Մարի Չաքրյան
Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու
Էլ. փոստ aarhusnews@gmail.com